Գլխավոր » TOP, Լրահոս, Քաղաքականություն

Նեղանալ չկա ՝ գնում ենք քաղաքական սերնդափոխության

Փետրվար 15, 2017թ. 10:32
ընտրություններ 1

Հարցազրուց քաղաքագետ ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ
-ՀՀԿ-ն հրապարակեց իր համամասնական ցուցակի առաջին տասնյակը. նախորդ տարիների համեմատությամբ ակնհայտ տարբերությունը նախ այն է, որ այս ցուցակը չեն գլխավորում երկրի առաջին, երկրորդ, երրորդ դեմքերը՝ նախագահը, ԱԺ նախագահն ու վարչապետը: Սա փաստում է նոր մարտավարությա՞ն մասին:
-Այո և գաղտնիքը հետևյալում է. ՀՀԿ-ն հայտարարել է, որ գնում է բարեփոխումների ճանապարհով: Հետևաբար, այդ բարեփոխումների գաղափարախոսությունը պետք է նաև արտացոլվի կուսակցության համամասնական ցուցակի կազմում, ու պետք է խորհրդանշի քաղաքական սերնդափոխություն: Ինչո՞ւ ցուցակում բացակայում է առաջին դեմքի՝ նախագահ Սերժ Սարգսյանի անունը: Այստեղ պետք է հիշենք նախագահի հայտարարությունը, թե նոր Սահմանադրության ընդունումից հետո ինքը որևէ պաշտոն այլևս չի ստանձնելու: Ու որպեսզի այդ հարցում կասկածներ, խոսակցություններ, նաև շահարկումներ չլինեն հենց սկզբից նախագահը նախընտրեց չմասնակցել այս գործընթացին: Փաստորեն անձնական օրինակով փորձում է ցույց տալ, որ քաղաքական սերնդափոխությունը սկսվում է հենց իրենից. ինչպես սիրում է ասել Սերժ ՍԱրգսյանը՝ նեղանալ չլինի:
Բայց եթե Սերժ Սարգսյանի անունը ցուցակում չկա, դա չի նշանակում, որ նա զերծ է մնում գործընթացներից ու ոչինչ չի անելու: Տեսեք, ՀՀԿ շտաբը Գերագույն մարմինն է, բայց ԳՄ-ն ունի ղեկավար, Սերժ Սարգսյանն է, ու նա էլ դե ֆակտո կլինի կուսակցության նախընտրական շտաբի պետը:
Իշխանության երկրորդ անձը Գալուստ Սահակյանը, ինչպես տեսնում ենք, առնվազն տասնյակում բացակայում է, և դա լավ է: Այսինքն, չկան այն մարդիկ, որոնք հոգնեցրել են հասարակությանը ու իրենք էլ, կարծում եմ, բավականին հոգնել են քաղականությունից: Դրա համար ոմանք աստիճանաբար, ոմանք էլ կտրուկ ձևով հեռացվում են ակտիվ քաղաքականությունից:
-Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ցուցակում չլինելը պետք է, որ զարմանալի չլինի, քանի որ, այստեղ առկա է օրենքի պահանջը. պատգամավոր կարող է առաջադրվել վերջին չորս տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող, մշտապես բնակվող անձը: Մինչդեռ վարչապետը վերջին չորս տարիներին, փաստորեն, Հայաստանում չի բնակվել:
-Այո, Կարեն Կաարպետյանի առնչությամբ ամեն ինչ շատ պարզ է: Չընդգրկելով նրան ցուցակում ՀՀԿ-ն քաղաքական մեսիջ է հղում հասարակությանը, որ փոխվում են խաղի կանոնները, և իշխանությունն այլևս չի գնում իր ավանդական ճանապարհով, այսինքն, թղթեր չեն կեղծվելու, զարտուղի ճանապարհներով փորձ չի արվելու ապահովել օրենքի պահանջները: ՀՀԿ-ն զերծ է մնում Կարեն Կարապետյանի քաղաքական լեգիտիմությունը կասկածի տակ դնող քայլեր կատարելուց: Սա նաև փաստում է, որ Կարապետյանն իրավիճակային ղեկավար չէ ու նրա իր հետ կան երկարաժամկետ քաղաքական ծրագրեր:
-Ինչո՞ւ որոշվեց, որ տասնյակը պետք է ղեկավարի ՊՆ նախարար Վիգեն Սարագսյանը,արդյոք, ո՞չ այն պատճառով, որ նա 2018-ից հետո վարչապետի նախընտելի թեկնածուն կարող է լինել:
-Ոչ, այստեղ մեկ այլ խնդիր կա: Վիգեն Սաարգսյանն այն քաղաքական գործիչներից է, որը թեպետ երկար տարիներ պետական համակարգում է, առաջին նախագահի պաշտոնավարման շրջանից սկսած, մշտապես կարևոր պաշտոններ է զբաղեցրել, բայց նա քաղաքական դաշտում չի ընկալվում որպես հին գործիչ: Վիգեն Սարգսյանը մարմնավորում է ինտելեկտ և երիտասարդություն: Այսինքն՝ քաղաքական սերնդափոխության գաղափարախոսության տեսակետից նա լավ թեկնածու է: Ես չեմ հիշում, որ Վիգեն Սարգսյանի անունը հիշատակվի ինչ-որ կոռուպցիոն տհաճ պատմությունների մեջ: Բացի այդ, Վիգեն Սարգսյանը նախագահ Սերժ Սարգսյանի վստահելի անձն է:
Այնուհանդերձ, եթե չլիներ իրավական այդ հայտնի խոչընդոտը, ապա քաղաքական գլխավոր ֆիգուրն ու լոկոմոտիվը՝ վարչապետ Կարեն Կարապետյանը կգլխավորեր ցուցակը, այդ ժամանակ մենք Վիգեն Սարգսյանին կտեսնեինք ցուցակի երկրորդ տեղում: Այժմ Վիգեն Սարգսյանն է լինելու է պաշտոնական առաջին դեմքը, բայց կարծում եմ, որ հիմնական շոգեքարշը, այնուհանդերձ, ներկայիս վարչապետ Կարապետյանն է, որն ունի իր հստակ վարկանիշը հասարակության մեջ, ր ինչպես ասացի նա իրավիճակային պաշտոնյա չէ:
-Այդ դեպքում, ինչո՞ ւ Կարեն Կարապետյանի թիմակիցները տեղ չեն գտել ցուցակի տասնյակում, որոնք նաև մեկ ամիս առաջ անդամակցեցին ՀՀԿ-ին:
-Ես կուզանայի ուշադրություն դարձնենք Էդուարդ Շարմազանովի այն խոսքին, թե ներկայացված ցուցակի երկրորդ հնգյակը վերջնական չէ ու ենթակա է փոփոխման: Չի բացառվում, որ այս երկու օրում լինեն որոշակի փոփոխություններ: ՀՀԿ ազդեցիկ դեմքերն իրենց քվոտաները կունենան, թե ի՞նչ համամասնությամբ՝ հիմա դեռ դժվար է ասելը: Նույնիսկ անբնական կլինի, որ վարչապետը, որն ամենայն հավանականությամբ առնվազն 2017-2018թթ. լինեու է այդ պաշտոնին՝ չունենա քվոտաներ: Կարծում եմ, որ ցուցակի մոտավորապես 30 տոկոսը կլինեն վարչապետի մարդիկ: Իսկ ընդհանրապես, շատ հարաբերական է, թե ո՞վ, ո՞ւմ մարդն է, քանի որ իշխանական վերնախավում շատ արագ են դրանք փոխվում: Օրինակ, շատերը մտածում էին, որ Արփինե Հովհանիսյանը Հովիկ Աբրահամյանի կադրն է, բայց նաև ասվում է, թե Դավիթ Հարությունյանի կադրն է: Հետևաբար, այսօր խիստ հարաբերական է խոսել սրա կամ նրա թիմերի մասին:
Մի դիտարկում ևս. ցուցակի առաջին հնգյակից առնվազն 4-ը ամենայն հավանականությամբ տեղ կզբաղեցնեն կառավարության կազմում, օրինակ Տարոն Մարգարյանը կլինի ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն առաջիկա քաղաքապետի ընտրություններում: Վիգեն Սարգսյանը կմնա ՊՆ նախարար, Արմեն Ամիրյանն ու Արփինե Հովհաննսիյանը կարծում եմ ևս կպահպանեն իրենց պորտֆելները: Ցուցակի 4-րդ համարը զբաղեցրած Արա Բաբլոյանն է, որ կարող է մնալ Ազգային ժողովում: Ստացվում է, որ այս ցուցակի հնգյակից հետո միայն սկսվում են խոհրդարանի ապագա կադրերը, չեմ բացառում, նաև ղեկավարները: Այսինքն, Ազգային ժողովի ՀՀԿ պատգամավորների իրական ցուցակը կսկսվի ներքևից:
-Նկատելի է նաև, որ տասնյակի մեջ հիմնականում ՀՀԿ երիտասարդական թևի ներկայացուցիչներն են ներառված, փոխարենը չկան հները՝ Հերմինե Նաղդալյան, Գագիկ Մինասյան, Սամվել Նիկոյան, Դավիթ Հարությունյան: Ի դեպ, չեն լինի նաև հասարկության համար ոչ ընդունելի դեմքեր, ինչպիսիք են տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը:
-Իրոք, ակնհայտ է, որ ՀՀԿ երիտթևը լուրջ դիրքեր ունի այս ցուցակում: Նկատենք, որ նրանք Սերժ Սարգսյանի աճեցրած կադրերն են, և դա փաստում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը ցուցակի տասնյակում բավականին լուրջ վերահսկիչ փաթեթ ունի: ՀՀԿ այս ցուցակը ես կանվանեմ թարմացված, ավելի կոնկրետ՝ ապաքրեականացված, մականունավորներից մաքրված ու հնարավորինս ֆիլտրված ցուցակ: Միայն այն, որ ցուցակում բացակայում են ձեր թված վերջին անունները արդեն իսկ նշանակում է, որ քաղաքական սերնդափոխության նշանները նկատելի են: Եվ այդ առումով, այսօրվա ցուցակի գոնե թե տասնյակը անհամեմատելի է, օրինակ 2012- ցուցակի հետ, որն ուղղակի մառազմատիկ մի բան էր:
-Հասարակական կարծիքի առումով, ի՞նչ եք կարխում, տասնյակում ընդգրկվածներն այն անձիք ե՞ն, որոնք վայելում են ընտրողների վստահությունն ու ընդունված են նրա կողմից:
-Դժվար է ասել, թե այն մեր հասարակության երազանքի ցուցակն է, կամ իդեալական է: Համենայնդեպս, եթե ՀՀԿ համամասնական ցուցակի տասնյակը համեմատում եք ներկայիս ռեյտինգային ՀՀԿ ցուցակների հետ ու նաև անցած ընտրությունների համամասնական ցուցակի հետ, ապա առաջընթացն ակնհայտ է: Այս տասնյակը շատ ավելի լավ տեսք ունի: Ու ես կարծում եմ, որ մեր հանրության որոշակի շրջանակներ, այո, իրենց ձայնը կտան այս տասնյակին: Բայց ամեն ինչ համեմաատության մեջ պետք է դիտարկել: Շատ կարևոր է, թե ի՞նչ պատկեր կունենան մյուս կուսակցությունների, մասնավորաբար, այս ընտրություններում ՀՀԿ-ի հիմնական մրցակից ուժի՝ ՙԾառուկյան դաշինքի՚ ցուցակը: Երբ այն պատրաստ կլինի այդ ժամանակ արդեն կարելի է կոնկրետ համեմատություն կատարել ու հասկանալ, թե ո՞ր կուսակցության ցուցակն է առավել մրցունակը:
Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն