Գլխավոր » Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն

Ավանդական ընտրության եւ նորացված քվեարկության արանքում

Փետրվար 15, 2017թ. 22:51
Շահան

Հայաստանի Հանրապետությունը համապետական հերթական ընտրությունների շեմին է: Հերթականը այս դեպքում, պարզապես խորհրդարանի ժամկետի ավարտին, իր ժամանակին ընտրություններ կազմակերպելու բնութագիր է, ըստ կարգի եւ ըստ ձեւի, քան ըստ էության: Խորքում նոր համակարգի` խորհրդարանական համակարգի առաջին ընտրություններն են, որ կազմակերպվում են: Այս խորհրդարանը հետզհետե կստանձնի նորացված Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները:

Այլ խոսքով, ընտրվող Ազգային ժողովը մինչեւ 2018 կիրականացնի այն բոլոր գործառույթները, որոնք հետզհետե գործող Սահմանադրության վերածվող գերագույն իրավաթղթով վերապահվել են իրեն. այն բոլորը, որոնք չեն հակասում գործող նախագահի լիազորություններին: Խորհրդարանական անցում կատարած մեր երկրի առաջին խորհրդարանն է, որը ընտրվում է այս ձեւով, հետեւաբար քաղաքական գիտակցությունը գերակա պիտի լինի այս առումով: Այն բոլոր ուժերը, որոնք կտրուկ դեմ էին կառավարման համակարգի փոփոխությանը, որոնք գործող իշխանությունների վերարտադրության միակ շարժառիթն էին տեսնում այս բոլորի մեջ, այսօր արդեն շատ աշխույժ մասնակցում են ընտրություններին:

Եթե մի կողմից կա այն տեսակետը, որ համակարգի փոփոխության դեմ եղած ուժը չի կարող կրավորական դիտել ընտրական գործընթացները, եթե ուզում է ազդեցիկ դառնալ քաղաքականության վրա, մյուս կողմից կա նաեւ գիտակցական մոտեցում, որը նոր Սահմանադրությամբ ճշտված ընդդիմությանը տրվող դերով գոյանում է հնարավորություն ազդելու երկրի թե՜ ներքին եւ թե՜ արտաքին քաղաքականությունների վրա: Ներկա պայմաններում բացառված է այլեւս միակուսակցական կամ միանձնյա ղեկավարումը: Համախոհական կառավարության կազմությունը գրեթե անխուսափելի է եւ քաղաքագիտական ընկալումով պարտադիր-օրինաչափ: Անկախ այն իրողությունից, որ կազմվող-քանդվող դաշինքների մեջ երբեմն բացակայում է սկզբունքայնությունը եւ հաճախ ընդգծվում է քաղաքական ծրագրի բացակայությունը եւ անկախ դրանից մանավանդ, որ ռեյթինգային բաժնի ներառումը ընտրակարգում, ըստ էության խախտում է հարյուր առ հարյուր համամասնական դրությունը, այսուհանդերձ պետք է կենտրոնանալ ստեղծված եռուզեռի վրա:

Բանակցությունները, համաձայնությունները, բանավեճերը եւ ընտրական պայմանավորվածությունները` ընդգծում են նորացված Սահմանադրության բերած նորարարությունը, ընտրական նոր մշակույթը, ինչը նաեւ նպատակ էր կառավարման համակարգի փոփոխությունը առաջադրող ուժերի համար: Համամասնական ընտրացանկերի հետզհետե հրապարակումը այն տպավորությունն է թողնում, որ կուսակցական եւ առ այդ այս դեպքում խորհրդարանական դաշտի գրագիտացման գործընթացը իրագործելի առաջադրանք է հատկապես իշխող կուսակցության եւ ընդհանրապես ընտրություններին մասնակցող ուժերի համար:

Ռեյտինգային ընտրակարգը ստվերում է այդ միտումը, այն պարզ պատճառով, որ այդ ընտրակարգով առաջադրվողների քվեահավաքի դերը չի կարող իրականանալ զուտ գաղափարական-քաղաքական աշխատանքներով, բնականաբար տեղի տալով լծակային գործոնի գերակայությանը: Այս բոլորվ հանդերձ սակայն, անպայման, պետք է տեսնել բաժակի կիսալեցուն բաժինը եւ հաստատել, որ մենք իբրեւ Հանրապետություն, մի քայլ  առաջ ենք դեպի ժողովրդավարական ընտրություններ կայացնելու ուղու վրա: Անշուշտ, գործընթացը ունի քաղաքական հնչեղություն եւ պատահական չէ, որ ԵՄ կառույցները դրական գնահատականներ տալով փուլ առ փուլ զուգահեռ շարժումի մեջ են տեղադրել ԵՄ-ի հետ նոր փաստաթղթի ստորագրման գործընթացը` ընտրական յուրաքանչյուր նորարար  միջոցի որդեգրման հետեւելով եւ համապատասխան արձագանք ունենալով պաշտոնապես: Պետության ճիգը ակներեւ է ընտրության օրը աշխարհին ներկայանալու ժամանակակից, թափանցիկ եւ առավելագույն չափով անառարկելի: Մինչեւ քվեատուփ հասնելը սակայն ստվերի գործարկման եւ զանգվածային քվեն ուղղորդելու ավանդական միջոցները բանելու նախադրյալները համոզում են, որ բուն ընտրությունը այս պայմաններում կարող է կայանալ մինչեւ քվեարկությունը:

Սահմանադրության փոփոխությունը, նորացված ընտրակարգը հիմնականի մեջ հետապնդում են համակարգային փոփոխություն, իսկ համակարգային փոփոխության կայացման համար անհրաժեշտ է նաեւ արմատական փոփոխություն ըստ էության ընտրական մշակույթի եւ ոչ թե սոսկ քվեարկության միջոցառման:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն