Գլխավոր » Politics, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն

Անհեռանկար, կարճ ուղեղի խաղ, որը մեծ հաշվով ոչինչ չի տալու Ադրբեջանին

Փետրվար 10, 2017թ. 22:11
արտակ զաքարյան

Հարցազրույց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ

Ալեքսանդր Լապշինին արտահանձնելով Ադրբեջանին Բելառուսը խախտեց միջազգային բոլոր պայմանագրերը, հետևաբար, ի՞նչ քայլեր պետք է անի Հայաստանը. խորհրդարանում տարբեր առաջարկներ հնչեցին՝ ՀՀ դեսպանին հետ կանչել Բելառուսից, Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, որն ի դեպ, համարվեց տաքգլուխ քայլ, փոխարենն առաջարկվեց՝ այդ կառույցներում քննարկման առարկա դարձնել <<գործընկեր>> պետության վարքն ու հասնել այդ կառույցներից Բելառուսի հեռացմանը:
-Հայաստանը ոչ մի կառույցից դուրս գալու անհրաժեշտություն չունի, առավել ևս ՀԱՊԿ-ից: Իսկ տարբեր քայլեր, իհարկե, կարելի է անել, բայց նախ պետք է մտածել, թե ո՞ր քայլը կարող է տվյալ իրավիճակում գործին օգուտ տալ: Այսինքն՝ քայլ անելիս հաջորդ քայլդ ևս պետք է հաշվարկես, որպեսզի չարժեզրկվի արածդ: Անշուշտ, ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում մենք պետք է դատապարտենք այաստանի ու Ռուսաստանի նկատմամբ Բելառուսի կատարած ոչ բարեկամական քայլերը, որոնք հետևությունների տեղիք են տալիս: Եվ առհասարակ, այն բոլոր հարցերում որտեղ կոտնահարվի Հայաստանի Հանրապետության շահը մենք չպետք է լռենք: Իրավական առումով, իհարկե, Հայաստանը մեծ աջակցություն ցուցաբերել չի կարող, այստեղ ավելի շատ անելիք ունեն Ռուսաստանն ու Իսրայելը, որովհետև Լապշինը այս երկու երկրների քաղաքացի է:

Մեր անելիքը հիմնականում քաղաքական, բարոյական ու քարոզչական դաշտերում է, որովհետև Լապշինի ձերբակալման ու արտահանձման ամբողջ պատմությունն ուղղակիորեն կապ ունի նրա Արցախի Հանրապետություն կատարած այցի հետ: Ադրբեջանը փորձում է միջազգային հանրության մոտ ստեղծել իրավական պատասխանատվության նորմ, որպեսզի ԼՂՀ տարածքը համարվի անցելությունների համար վտանգավոր: Այստեղ Հայաստանը լուրջ անելիք ունի: Նաև պետք է շարունակենք մեր դիվանագիտական աշխատանքը ռուս և իսրայելացի գործընկերների հետ, որպեսզի պատասխանատվության մեխանիզմներ չկիրառվեն Լապշինի նկատմամբ:
-Քաղաքական տեսանկյունից, որո՞նք պետք է լինեն մեր առաջնահերթ քայլեր:
-Այստեղ մեր անելիքը պետք է լինի առավել գործնական դաշտում: Հայտարարությունները, բոյկոտները, պիկետներն իհարկե որոշակի ազդեցություն կարող են թողնել, բայց դրանք ժամանակի ընթացքում արագ կմոռացվեն: Ադրբեջանական այս քայլին մենք պետք է հակադրենք մերը. պետք է մեր ջանքերն ուղղենք տարբեր պետություններում հայտնի հասակական, քաղաքական, մշակութային գործիչներին հրավիրելով Արցախի Հանրապետություն: Իսկ դրա համար կան տարբեր առիթներ. դա զբոսաշրջությունն է, ԼՂՀ-ում տեղի ունեցող ընտրական գործընթացները, մակութային համագործակցությունը, Արցախի ժողովրդավարական հաստատությունները ներկայացնելը, անվտանգության հետ կապված տարբեր հարցերի քննարկում և այլն: Առիթները շատ-շատ են, որոնց ժամանակ կներկայացվի ԼՂՀ բանակչության իրական պահանջն ու պայքարը, կբացատրվի, որ այն ազատության, անվտանգության ու ինքնության պահպանման համար մղվող պայքար է, ոչ թե տարածքային վեճ, ինչպես Ադրբեջանն է ցանկանում ներկայացնել: Արցախցու պայքարը միջազգային սկզբունքերով ու իրավունքներով ամրագրված պայքար է, որն ամբողջությամբ տեղավորվում է միջազգային իրավունքի շրջանակներում: Նաև Մինսկի խումբն է իր բազմաթիվ հայտարարություններով ու պաշտոնական փաստաթղթերում ամրագրել ԼՂ բնակչության ինքնորոշման իրավունքն ու դրա իրացումը:
Հետևաբար, հայտնի դեմքերն ու հայտնի մարդիկ Արցախ գալով պետք է տեղում համոզվեն, թե ի՞նչ կեղծիք է քարոզում Ադրբեջանը ու ինչպիսի՞ն է իրական պատկերը Արցախում: Դրանով Լապշինի դեմ իրակայացվածը կդառնա Ադրբեջանի հակահայակական քարոզչության դեմքը ի ցույց դնելու ու հակամարտության բուն էությունը ներկայացնելու հնարավորություն:
Այժմ իմ սեղանին դրված է մի փաստաթուղթ, այն ներկայացնում է մի պատվիրակության կազմ, որն առաջիկայում կգա Հայաստան ու կայցելի Արցախ: Դեռ չեմ հրապարակի պատվիրակների անունները՝ հասկանալի պատճառներով, բայց շուտով բոլորը, նաև Ադրբեջանը կիման այդ մասին:
Բացի այս, Լապշինի հետ կատարվածը պետք է դառանա մեր խորհրդարանական պատվիրակությունների ու բարեկամական խմբերի քննարկման առարկա: Մենք պետք է կարողանանք մանրամասնորեն ներկայացնել, թե իրականում ո՞րն է Ադրբեջանի կազմակերպված խաղի իրական բովանդակությունը:
Ինչ վերաբերում է Բելառուսին, կարծում եմ, այդ երկրի ոչ հասարակությունը, ոչ էլ համապատասխան հաստատություններն առանձնապես շահագրգիռ չէին Լապշինի արտահանձման հարցում, այնպես որ, դա մեկ մարդու՝ Բելառուսի նախագահի կողմից Ադրբեջանի նախագահի հանդեպ ստանձնած պարտավորության կատարում էր, որն իրականացվեց միջազգային բոլոր նորմերի, իրավունքների խախտումով, վնասվեց ու անտեսվեց և՛ ՌԴ, և՛ Իսրայելի հորդորներն ու պահանջները: Թե ինչպե՞ս կանդրադառնա այս գործընթացը Բելառուսի վրա, ինձ չի հետաքրքրում, իրենց նախագահը պետք է պատասխան տա իր երկրի արտաքին իմիջի համար: Մեր խնդիրը պետք է լինի մեր գործողություններն ավելի արդյունավետ դարձնելը:
Բելառուսը դարձավ երկրորդ Հունգարիա. անհանգստացնող է այն, որ Ադրբեջանին ռեվերանս անող երկրների թիվը մեկով էլ ավելացավ, հետևաբար, Բելառուսը միջազգային հարթակներում իր վրա պետք է զգա այս խայտառակ գործարքի վատ հետևանքներն իր վրա, ու այստեղ մեծ անելիք ունի ՀՀ ԱԳՆ-ն: Մինչդեռ խորհրդարանում հնչեց կարծիք, թե վերջինս արդյունավետ չի աշխատում ու չի օգտագործում անհրաժեշտ <<կանալները>>:
-Մեր դիվանագիտական կորպուսն իր լիազորությունների ու կարողությունների շրջանակներում իրականացրել է այն բոլոր մեխանիզմները, որոնք կարող էր իրականացնել: Եթե ոմանց թվում է, թե ՀՀ ԱԳՆ-ն հրաշքներ պետք է գործի, այդպես չէ: Դիվանագիտական դաշտում ամեն ինչ չէ, որ հրապարակային արվում ու ասվում է: Պետք է հասկանալ նաև, որ այս գործում հայկական դիվանագիտությունը միջնորդավորված է գործել՝ համագործակցելով ռուսական դիվանագիտության խողովակներով ու Իսրայելի հետ: Նաև աշխատանք է գնացել Բելառուսի համապատասխան կառույցների հետ: Բայց դիվանագետները չունեն այս կամ այն պետության կայացրած քաղաքական որոշման վրա ազդելու լծակներ, մանավանդ որ այդ կեղտոտ գործարքն ի սկզբանե էր որոշված:   Պարզապես մեր դիվանագետների անելիքը պետք է լինի կատարվածից հետևություն անելն ու հետագայում Բելառուսի հանդեպ համապատասխան վերաբերմունք ցուցաբերելը՝ նրա շահերին վերաբերվող հարցերում: Եթե մեկ այլ դեպքում մենք կարող էինք միջազգային տարբեր հարթակներում աջակցել Բելառուսին որպես դաշնակից երկրի, ապա այս խայտառակ գործարքը հայկական կողմին լիովին հիմք է տալիս հետայսու անտեսել Բելառուսի շահերը: Բելառուսն ինքն իր քայլով Հայաստանին դրդեց նման հետևության: Մեր դիվանագետները պետք է սա հասկանան և համապատասխան վերաբերմունք ցուցաբերեն բոլոր միջազգային հարթակներում: Կարծում եմ, որ ՌԴ-ն ու մյուս պետությունները ևս հետևություն կանեն:
Կյանքը այս դեպքով կանգ չառավ, պատասխանը կլինի ժամանակին, և ամեն ինչ իր տեղը կընկնի: Խորհրդարանական վեհաժողովներում՝ ԵԽԽՎ-ում, ԵԱՀԿ-ում և Եվրոպառլամենտում, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում և ՀԱՊԿ-ում ու ԱՊՀ-ում, այսինք, բոլոր այն տեղերում, ուր կա խնդիրը ներկայացնելու, պարզաբանումներ տալու, տեսակետներ ձևավորելու անհրաժեշտություն և աջակցություն ստանալու ակնկալիք, պետք է անպայմանորեն բարձրացվի այս հարցը:
-Խոսք կա նաև այն մասին, որ ԱԺ-ն պետք է հանդես գա պաշտոնական հայտարարությամբ, հակառակ դեպքում կստացվի, որ Հայաստանի խորհրդարանը լռում է: Ի դեպ, առաջարկ եղավ, որ հայտարարության տեքստը կազմվի ձեր հանձնաժողովի կողմից:
-Դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ դրանով որևէ խնդիր չի լուծվելու: Իսկ Հայաստանի խորհրդարանը չի լռում. նախօրեին գրեթե բոլոր խմբակցությունները հանդես եկան հայտարարություններով, արտահայտեցին իրենց զայրութն ու վրդովմունքը: Եթե մեզ թվում է, որ ընդամենը մեկ հայտարարություն արեցինք ու գնացինք տուն և դրանով հարցը լուծվեց՝ այդպես չէ: Խորհրդարանականները լուրջ անելիք ունեն ու դա հիմա է սկսվում: Շատ գործ կա անելու, ու պետք է անել այնպես, որ հասցեատերը հասկանա, որ դա այս կեղտոտ գործարքի պատասխանն է:
-Ի՞նչ ընթացք կստանա ադրբեջանա-բելառուսական կեղտոտ ու ցինիկ սցենարը. ըստ լուրերի, Ադրբեջանը Լապշինից ակնկալում է հրապարակավ ու պաշտոնական ներողության հայցում, որից հետո նա կուղարկվի Իսրայել:
-Ադրբեջանն այդ կերպ իր կեղտոտ խաղի շարունակությունն է իրականացնում, թերևս որոշ հայտարարությունների դիմաց Լապշինին ազատ կարձակի: Բայց այստեղ ամբողջ հարցն այն է, թե ինչպիսի՞ հայտարարություն նրանք կպոկեն Լապշինից ու հետո քաղաքական առումով ինչպե՞ս այն կշրջանառեն:

Ադրբեջանի խաղն ունի երկու ուղղություն: Նախ, միջազգային հանրությանը ցույց տալ, որ մարդիկ սխալվում են ու ստիպված են լինում ներողություն խնդրել: Հետո սեփական հասարակությանը ցույց տալ, որ ինքն այնքան ուժեղ պետություն է, որ կարող է յուրաքանչյուր երկրի քաղաքացու պատասխանատվության ենթարկել: Սա անհեռանկար, կարճ ուղեղի խաղ է, որը մեծ հաշվով ոչինչ չի տալու Ադրբեջանին: Դրա մասին է վկայում այն, որ բազմաթիվ եվրոպացի պատգամավորները, որոնք եղել են Արցախում ու դրա արդյունքում հայտնվել Ադրբեջանի ՙսև ցուցակում՚՝ սա համարում են Ադրբեջանի հիմար քաղաքականությունը:
Ի դեպ, որպես պատասխան այս գործարքի տարբեր ժամանակներում Արցախ եկած բլոգերներն այժմ պատրաստվում են Ստեփանակերտում մեծ երեկույթ կազմակերպել, որին մասնակցելու համար կհրավիրվեն աշխարհահռչակ մարդիկ:
-Այո, առաջիկայում շատ ավելի մեծ ուշադրություն է լինելու Արցախի Հանրապետության նկատմամբ, որովհետև ժամանակակից աշխարհում մարդկանց տեղաշարժը սահմանափակելն այդքան հեշտ գործ չէ: Ու եթե մարդը հնարավորություն ունի այցելել մի տեղ, ուր իր համար կան մեծ հետաքրքրություններ, կան բացահայտելու մեծ ռեսուրսներ, նաև վայելելու, բնության ու մշակույթի բացառիկը տեսնելու, արժեքները գնահատելու հնարավորություն և, եթե ինչ-որ երկիր փորձում է սահմանափակել նման հետաքրքրություն դրսևորած մարդկանց տեղաշարժը, նրա քայլերը չեն կարող հակազդեցության չարժանանալ: Ադրբեջանը չի կարող սեփական ցանկությունները բոլորին պարտադրել:
Դրա համար ես ասում եմ, որ այսօր մենք պետք է մեր ջանքերն ուղղենք ոչ թե Բելառուսի հարցեր լուծելուն՝ վատնելով մեր էներգիան և ռեսուսը, այլ այն պետք է ուղղել միջազգային հանրության հայտնի հասարակական գործիչների ուշադրությունը դեպի Արցախի Հանրապետություն սևեռելու համար: Մեր խորհրդարանականներն այստեղ է, որ աշխատելու մեծ տեղ ունեն: Եվրոպացի խորհրդարանականներն ազատ ու անկաշկանդ մարդիկ են, հատկապես նրանց տեղաշարժը սահմանափակելը խիստ վտանգավոր կլինի Ադրբեջանի համար:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն