Գլխավոր » Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Ո՛չ միտք ունեն, ո՛չ գաղափար, բայց մեկ ցանկություն ունեն՝ լցվել խորհրդարան

Փետրվար 9, 2017թ. 17:33
հայկ-բաբուխանյան

Հարցազրույց ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ

-Քաղաքական ուժերի գերակշիռ մասը նախընտրեց դաշինքով մասնակցել ընտրություններին, իսկ ի՞նչ ձևաչափով է ՍԻՄ-ը պատրաստվում մասնակցել:
-Անցած տարվա ավարտին տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության ներկայացուցիչների խորհրդի նիստը, ընդունվեց բանաձև, որում ամրագրվեց մեր հստակ որոշումը, այն է՝ վերջին 5 տարիներին ՍԻՄ կուսակցությունը դաշինքով հանդես է եկել Հանրապետական կուսակցության հետ և այժմ էլ շարունակելու է երկրի նախագահի քաղաքական հենարանը լինել: Սա փաստում է այն մասին, որ մենք որևէ նոր ու այլ դաշինքի ստեղծման անհրաժեշտություն, այլ քաղաքական դիրքորոշում արտահայտելու խնդիր չունենք, մեր դիրքորոշումը շատ պարզ ներկայացրել ենք:

Ընդհանրապես, ՍԻՄ-ը հետևողական կուսակցություն է, անում է հիմնավոր քայլեր, և երբեք քաղաքական դաշտում տեղից տեղ փոխվել չի սիրում: Դա է նաև ապացուցում մեր կուսակցականների անցած ուղին, բոլորս, նաև անձամբ ես, երբեք չենք եղել այս կամ այն կուսակցության անդամ, երբեք չենք եղել այլ գաղափարախոսության կրողներ. մենք նույն գաղափարախոսության կրողներն ենք արդեն 27, 28 տարի: Ու բնական է, որ մեզ տեսնում ենք նույն քաղաքական դաշտում:
ՍԻՄ-ը գաղափարախոսությունն ունեցող քաղաքական ուժ է: Այսօր, կարծես թե, մոդայիկ չէ գաղափարախոսության մասին խոսելը, ինչի մասին վկայում են ստեղծվող դաշինքները, որոնցում ընդգրկված ուժերն ու անձինք բացարձակապես որևէ գաղափարախոսական ընդհանրություն չունեն իրար հետ: Բայց ի տարբերություն նման ուժերի մեր կուսակցությունն ունի իր գաղափարախոսությունը, դա ազգային պահպանողական գաղափարախոսությունն է: Եվ այս առումով, մեր ամենամոտ քաղաքական գործընկերը Հանրապետական կուսակցությունն է:
Ինչպե՞ս կարտահայտվի ՍԻՄ-ՀՀԿ համագործակցությունը, որքա՞ն պատգամավորական տեղեր կունենա ՍԻՄ-ը ՀՀԿ ցուցակում:
-Մենք համագործակցել ենք ու շարունակելու ենք համագործակցել բոլոր դաշտերում՝ լինի քարոզչական, գաղափարական, թե կազմակերպչական: Ինչ վերաբերում է նախընտրական ցուցակներին, նախորդ ընտրությունների ժամանակ ՍԻՄ-ն իր երեք թեկնածուներով ներկայացված էր ՀՀԿ ցուցակում: Թե ինչպե՞ս կլինի այս անգամ, կտեղեկանանք այն ժամանակ, երբ օրենքով սահմանված կարգով կհրապարակվեն ցուցակները: Դեռ ժամանակ կա:
Քաղաքական դաշտի առողջացման մասին խոսելիս, հաճախ է շեշտվում այն միտքը, թե դրան կնպաստի կուսակցությունների խոշորացումը, այսինքն, երբ փոքրերը կմիաձուլվեն գաղափարակից մեծ կուսակցությունների մեջ: ՀՀԿ-ի հետ հաճախ դաշինքով հանդես եկող ՍԻՄ-ը կարո՞ղ է գնալ այդ ճանապարհով:
-Քաղաքական դաշտի առողջացման համար, կարծում եմ, առաջնայինը ոչ թե խոշորացումն է, այլ գաղափարախոսությունը: Իհարկե, եթե խոշորացում տեղի է ունենում գաղափարական հենք ունեցող, իրար մոտ կանգնած կուսակցությունների միջև, որոնք իրար հետ ստեղծում են դաշինքներ, նաև միաձուլվում են, ինչո՞ւ ոչ, դա լավ է: Բայց երբ մենք տեսնում ենք, որ խոսքը զուտ ժամանակավոր միավոր ստեղծելու մասին է, որը ապագաղափարական է, որտեղ միաժամանակ կան և՛ կոմունիստական կուսակցության գաղափարախոսություն ունեցողներ, և՛ հակակոմունիստներ, կան լիբերալներ ու այլ գաղափարների մարդիկ: Եվ երբ այս ամենը մեկ կաթսայում է եփվում՝ ծիծաղելի է:
-Ծիծաղելի՞, թե՞ մտահոգիչ, ի վերջո, սա վկայում է բարոյազրկված քաղաքական դաշտի մասին:
-Ե՛վ մտահոգիչ է, և՛ ողբերգական մեր ազգի համար: Եթե ազգային էլիտան ինքնամոռաց ամոթ-աբուռ կորցրած քցվում է պայքարի հանուն մանդատի ու աթոռի, և այդ ճանապարհին գաղափար է կորցնում՝ ամեն ինչ վերածելով շիլաշփոթի, իհարկե, սա ազգային առումով ողբերգություն է: Ես այս իրավիճակն ավելի շուտ քաղաքական կրկես կանվանեմ: Ու վստահ եմ, որ մեր ժողովուրդը կտարանջատի քաղաքական դաշտի ծաղրածուներին գաղափարական մարդկանցից, ովքեր երբեք չեն շեղվել իրենց գաղափարական ուղուց: Դա արդեն մեր ընտրողի գործն է և նա իր խոսքը կասի ընտրությունների ժամանակ: Ու այդ դեպքում արդեն ողբերգություն կլինի այն անձանց համար, որոնք ինքնամոռաց տրվեցին այս՝ հանուն մանդատի, պայքարին: Իսկ ժողովրդի համար կլինի կրկես, և մենք դուրս կգանք ավելի հաղթանակած, որովհետև կմաքրվի քաղաքական դաշտը, կփոխվի քաղաքական էլիտան, ուր տեղ կգտնեն այն մարդիկ, ովքեր իսկապես անելիք ունեն քաղաքականության մեջ, և ոչ թե մարդիկ, ովքեր քաղաքականությունն օգտագործում են սեփական շահերի համար:
Դառնալով ՍԻՄ-ին տրված՝ փոքր կուսակցություն բնորոշմանը, ուզում եմ հարցնել, իսկ ինչպե՞ս է որոշվում, ո՞րն է փոքրը ու ո՞րը՝ մեծը:
-Չափանիշները տարբեր են՝ քանակով, որակով, նաև տվյալ կուսակցության կատարած գործունեությամբ: Այդպես չէ՞:
-Եթե խոսքը քանակի մասին է, ապա կարելի է դնել փողի տոպրակ՝ մեկ մլն դոլար, ու ասել՝ ժողովուրդ հավաքվեք այս տոպրակի շուրջ: Գիտե՞ք որքան մարդ կհավաքվի՝ լի՜քը: Իսկ երբ տոպրակը հանեք մեջտեղից, կտեսնեք՝  4 հոգի մարդ են մնացել, այն էլ իրար բարեկամ, որոնք պարապությունից չգիտեն ի՞նչ անել: Դրա համար կուսակցության մեծն ու փոքրը պետք է չափել գաղափարով, սա է կարևորը: Այդ առումով, ՍԻՄ-ը ես համարում եմ մեծ կուսակցություն: Եթե մի կուսակցություն շուրջ 30 տարի ամեն օր տալիս է իր գաղափարական ուղերձը ժողովրդին և հանդես է գալիս գաղափարական առաջարկներով, ուրեմն՝ մեծ է:

Նույն կերպ ես վիրավորվում եմ, երբ հայ ժողովրդին համարում են փոքր ժողովուրդ, մենք փոքրաթիվ ենք, բայց փոքր չենք, մենք հզորագույն ժողովուրդ ենք, գլխաքանակով չէ, որ չափում են ժողովուրդների մեծությունը: Նույնը նաև կուսակցությունների պարագայում է, եթե գլխաքանակով սկսենք չափել, ուրեմն կարող է անցնենք հոտի, երամի, նախիրի մակարդակի: Ես դեմ եմ նման մոտեցմանը, դեմ եմ մեծ համարել այն կուսակցությանը, որն ունի շատ փող և ունի զրո գաղափար: Եթե ինչ-որ մեկը ժամանակին փոխանակ զբաղվեր ազգային գործով զբաղվել է փող դիզելով ու այսօր ասում է՝ ժողովուրդ եկեք էս փողի շուրջ հավաքվեք, այսինքն՝ գյադեք էս կողմ, գյադեք էն կողմ, ինչպե՞ս կարող է նրա շուրջ ստեղծված միավորը մեծ կուսակցություն համարվել:
-ՙՙԳյադեք էս կողմ, գյադեք էն կողմ՚՚ հրահանգի վրա էլ դաշտում իհայտը են եկել անձնավորված դաշինքներ, որոնք որդեգրել են այսպիսի մարտավարություն. ամեն ինչ անել, որ ՀՀԿ-ն քիչ ձայներ ստանա այս ընտրություններում, իսկ գաղափարական հարցերի մասին կմտածեն խորհրդարան մտնելուց հետո: Եթե նման մարտավարություն ունեցող ուժերն ու անձերն են հավակնում պատգամավորական մանդատի, ապա սրա արդյունքում ինչպիսի՞ խորհրդարան կարող ենք ունենալ:
-Ազգակործան, որովհետև ստացվում է՝ ո՛չ միտք ունեն, ո՛չ գաղափար, ո՛չ պատրաստվածություն, ո՛չ փորձ, ո՛չ էլ գիտեն ի՞նչ են անելու, ո՞ւմ հետ են անելու, բայց մեկ ցանկություն ունեն՝ լցվել խորհրդարան: Բայց սա ազգի խորհրդարանն է: Կան մարդիկ, որոնց թվում է, թե խորհրդարան գալով կարող են անձնական հարցեր լուծել: Իհարկե, որոշ ժամանակ առաջ որոշ մարդկանց համար այդպես է եղել: Բայց այսուհետ այլևս այդպես չի լինելու: Երկրի նախագահը հռչակեց քաղաքականության ու քաղաքական մարմինների փոփոխության ծրագիր, ու մենք տեսանք իշխող կուսակցության ներսում տեղի ունեցող լուրջ փոփոխություններ: Սրա արդյունքում իշխող կուսակցությունն առավել կքաղաքականանա ու զերծ կմնա օլիգարխիկ, կրիմինալ դրսևորումներից, անձնավորված մոտեցումներից:

Տեսեք, այսօր իշխանությունն ասում է՝ ընկեր օլիգարխներ, եկեք հարկերը վճարեք, իսկ օլիգարխները պատասխանում են՝ պետք է փոխենք իշխող ուժին, նախագահին, հետո տեսնենք ի՞նչ ենք անելու: Սրա թարգմանությունը հետևյալն է՝ իշխանությունը մեզ խանգարում է, հարկերն է ուզում, չի թողնում, որ աջ ու ձախ լափենք, գռփենք, չի թողնում բյուջեն դնենք գրապաններս, ուրեմն՝ բերեք հեռացնենք մեզ խանգարողին, իսկ երկրի հետ ի՜նչ ուզում է թող լինի: Այդպիսինների գաղափարախոսությունը սեփական գրպանն է: Մենք նաև տեսնում ենք, որ մի կողմից ՀՀԿ-ն մաքրվում է օլիգարխներից, մյուս կողմից նրանք տեղավորվում են ընդդիմություն կոչվող խմբերի մեջ: Ովքե՞ր են այսօրվա ընդդիմադիրները, նրանք կա՛մ օլիգարխներ են, կա՛մ նախկին պաշտոնյաներ, որոնք թալանել ու կողոպտել են մեր երկիրը, այսպիսինները հավաքվում են ընդդիմադիր կոչվող տարբեր բևեռներում:

Մենք ներկայիս խորհրդարանում արդեն տեսել ենք գաղափարազուրկ դաշինքների տխուր ավարտը. ՀԱԿ-ն իր շուրջ հավաքեց, իբր թե, գաղափարական հայացքներ ունեցող մարդկանց, բայց ընդամենը մեկ ամիս անց սկսեցին տարանջատվել: Հիշեք ՙՙԺառանգություն՚՚ կամ ԲՀԿ խմբակցություններում կատարվածը: Մասնավորաբար, ԲՀԿ-ում, երբ մի հոգի մեջտեղից դուրս եկավ իր գումարներով՝ այդ կուսակցությունը բաժանվեց կտորների, և նեղացածներ եղան և ամբիցիոզներ: Դրա համար համախմբումների հիմում պետք է լինի գաղափարախոսություն, և մեր ընտրողը պետք է այդ միավորումներից պահանջի հետևյալ հարցերի պատասխանները՝ ո՞րն է ձեր գաղափարախոսությունը, ինչպե՞ս եք տեսնում ԼՂ հարցի լուծումը, հայ-թուրքական փոխհարաբերությունները, մեր արտաքին քաղաքականությունը, ՀՀ-ի ինտեգրացիոն գործընթացները՝ ԵԱՏՄ շրջանակներում, ՀՀ-ԵՄ փոխարահաբերությունները: Մինչդեռ այս հարցերի պատասխանները լսելու փոխարեն խոսում են՝ Պողոսը գնաց Պետրոսի մոտ, սա էլ կռվեց ու գնաց Կիրակոսի մոտ, նորից կռվեցին ու էլ չբարիշեցին: Այսպիսի՝ ճահճային, քաղքենիական ու անլուրջ մակարդակով պետություն չենք կառուցում:
-Ի դեպ, ի՞նչ կասեք քիչ, թե շատ գաղափարական համարվող ՙՙԵլք՚՚ դաշինքի քայլի մասին, ինչը շատերին զարմացրեց. բանն այն է, որ այդ ուժն իր քարոզչության մեկնարկը տվեց ԱՄՆ-ից, մինչդեռ հայ ընտրողի համար շատ ավելի հասկանալի կլիներ, եթե նրանք գային, օրինակ՝ Արցախից, կամ Շիրակի մարզից:
-Ես շատ եմ կարևորում, որ դաշիքներն ստեղծվում են արտաքին քաղաքական կողմնորոշումների հիմքի վրա, բայց դա չի նշանակում լինել խամաճիկ: Այսօր ում գրպանը փող են դնում՝ տարբեր գրանտների տեսքով, հայտարարում է՝ գնանք ՆԱՏՕ, համասեռամոլներին բերենք Հայաստան ու տանք ազատություն, և նման բաներ: Ինչո՞ւ ՙՙԵլք՚՚-ը գնացել ԱՄՆ, գուցե փո՞ղ էին հավաքում՝ հա՛մ փող, հա՛մ պատվեր ստանում, գուցե իրենց համար տե՞ղն էին նախապատրաստոմ, որովհետև շատերը, երբ հայտարարում էին իրենց հայրենասեր լինելու մասին, բայց տակից կոչ էին անում գնալ, փաթաթվել ԱՄՆ-ին ու սորոսների փողերը բերել այստեղ, և հետո մենք տեսանք, որ այդպիսիք հանգրվանեցին այդ նույն ԱՄՆ-ում կամ եվրոպական այլ մայրաքաղաքներում: Այնպես որ, լավ կլինի լրագրողներդ ՙՙԵլք՚՚ դաշինքի անդամներին հարցնեք՝ ի՞նչ էիք անում ԱՄՆ-ում, որտեղ ընտրողներ չկան, չէ՞ որ նրանք այլ պետության քաղաքացիներ են:
Արմինե Սիմոնյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն