Գլխավոր » Politics, Լրահոս, Քաղաքականություն

Ի՞նչ պատկեր կունենա ՀՀԿ ցուցակը

Փետրվար 8, 2017թ. 16:55
Սամվել Նիկոյան

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՀՀԿ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ
-Մեկնարկել է խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների ընտրացուցակները ԿԸՀ ներկայացնելու ժամկետը. ՀՀԿ ցուցակի կազմումն ի՞նչ փուլում է, վերջնական տեսքի բերվե՞լ է:
-ՀՀԿ ցուցակը դեռ ձևավորման ընթացքում է, օրենքով սահմանված կարգով մենք դեռ ժամանակ ունենք: Գիտեք, որ ցուցակը պետք է հաստատվի ՀՀԿ ղեկավար մարմնի կողմից, մեծ հավանականությամբ ուրբաթ օրը տեղի ունենալիք նիստում այդ հարցը կլուծվի ու մենք այդ մասին կտեղեկացնենք մամուլին:
Այս ընթացքում բավական շատ խոսվեց այն մասին, թե ՀՀԿ-ն նորացվում է, թարմացվում ու ինքնամաքրվում է: Բայց շատ կարևոր է, թե ինքնամաքումը ի՞նչ չափով կազդի ցուցակների բավանդակության վրա, նոր դեմքեր կտեսնե՞նք:
-Ճիշտ նշեցիք, քանի որ գրեթե մեկ տարի առաջ՝ անցած տարվա փետրվարի 12-ին նախագահն իր հայտնի ելույթում հռչակեց անհրաժեշտ բարեփոխումների իրականացման մասին՝ և՜ իշխանական համակարգում, և՜ կուսակցության մեջ: Սերժ Սարգսյանը սահմանեց հստակ նշաձող: Այդ մասին նախագահը խոսեց նաև ՀՀԿ համագումարում: Ու գործընթացը շարունակվում է, արդյունքները դուք դեռ տեսնելու եք: Հիշենք, որ այս մեկ տարում փոփոխվեց կառավարության կազմը՝ նրանում ընդգրկվեցին նոր մարդիկ, որոնց շուրջ արդեն իսկ մեր հանրության մեջ դրական իմիջ է ձևավորվել: Կարծում եմ, որ այդ դրական միտումը իր շարունակությունը կունեն ու անպայմանորեն իր արտացոլումը կգտնի նաև մեր ցուցակներում, ի դեպ, և՜ բաց՝ ՙվարկանիշային՚, և փակ՝ համամասնական ցուցակներում:
Մշտապես ականատեսն ենք եղել այսպիսի երևույթի, երբ իշխող կուսակցության շուրջ՝ ինչպես ՙբոռը՚ մեղվի փեթակի, հավաքվել են թաղային հեղինակություններ, քերաօլիգարխիկ անցյալ ունեցող անձինք, այդպիսինների նպատակը եղել է մեկը՝ ՀՀԿ-ն իրենց համար տանիք ծառայեցնել: Կհաջողվի՞ այս անգամ ազատվել նմաններից:
-Համակարծիք եմ ձեր դիտարկման հետ այն առումով, որ ցանկացած կառավարող կուսակցության շուրջ, այո, տարիներոի ընթացքում հավաքվում են նման մարդիկ: Այստեղ շատ կարևոր է, որ իշխող կուսակցությունը պահպանի իր զգոնությունը: Իսկ երբ այդ զգոնությունը թուլանում է ՝ լսվում է հասարակության գնահատականը: Եվ այդ գնահատականը հնչեց. մենք զգացինք հասարակության ներսում իշխանությանն ուղղված աճող պահանջը: Եվ մեր կողմից իրականացվող բարեփոխումները փաստում են հասարակության պահանջին՝ մեր ականջալուր լինելու մասին: Իշխող կուսակցության ներսում կա հստակ գիտակցում, որ մեր երկրի դեմ ուղղված տարաբնույթ մարտահրավերներին պատասխանելու, դրանց անհրաժեշտ հակահարված տալու համար մեզ անհրաժեշտ է գնալ սկզբունքային բարեփոխոււմների ճանապարհով: Եվ այն գործը, որն այսօր իրականացնում է ՀՀԿ-ն հենց՝ ձեր հարցի պատասխանն է:
Վերջին տարիներին հաճախ է խոսվում ՀՀԿ-ում առկա երկու թևերի՝ հների ու երիտասարների միջև առկա պայքարի մասին: Հիմա էլ կա կարծիք, թե նորեկներն էլ եկել ու մի նոր թև են ստեղծել ներսում: Կուսակցությունում նման թևերի բաժանում կա՞:
-Ոչ, նման բան չկա: Թևերի բաժանվածության մասին խոսակցությունը արհեստականորեն շրջանառվող մի բան է: Բայց կուզենամ հետևյալ կերպ արձագանքել ձեր հարցին: Յուրաքանչյուր կուսակցություն կենդանի օրգանիզմ է, որը կարող է փոփոխվել՝ սերանդափոխվել: Սակայն դա չի նշանակում, որ մեզանում գերագնահատվում է տարիքը՝ երիտասարդ լինել-չլինելն ու անտեսվում տարիների փորձը, վաստակը: ՀՀԿ-ի համար կարևոր է սերնդափոխությունը, բայց այն պետք է շատ սահուն կերպով տեղի ունենա: Երբ ինձ հարցնում են կուսակցության երիտասարդացման մասին, ես պատասխանում եմ, ովքեր շատ են ուզում տեսնել միմիայն երիտասարդների, ուրեմն թող գնան գիշերային ակումբ:
Մեր կուսակցության ներսում կուսակցականները բաժանվում են ոչ թե տարեցների ու երիտասարդների, առավել ևս ինչ որ թևերի, այլ մարդիկ տարբերվում են իրենց կերպարով, անցած ճանապարհով: Ի վերջո, յուրաքանչյուր կուսակցություն նաև իր անդամների անցած ուղու պատմությունն է: Պատկերացրեք՝ մի կողմում կուսակցական է, որն իր ամբողջ կյանքը մաքուր է ապրել, եղել է նվիրված, հավատարիմ իր կուսակցությանը, երբեք չի շեղվել նրա գաղափարախոսությունից, նա այդ կուսակցության հին սերնդի նեկայացուցիչն է: Մյուս կողմից, գալիս է մեկը, ով առավել երիտասարդ է, բայց հասցրել է քաղաքական դաշտում մի քանի պտույտ պտտվել՝ ցույց է տվել իր անսկզբունքայնությունը, մի խոսքով՝ կարիերիստի մեկն է: Հիմա սրանցից ո՞րն է ձեռնտու տվյալ կուսակցությանը: Տարիքով առաջանորդվենք ու մերժե՞նք նվիրյալ անձին, դա ինչպե՞ս կարող է ընդունելի լինել: Այնպես որ ՀՀԿ-ում առավելությունը տրվում է ոչ թե տարիքին, այլ անհատի ունեցած կշռին, նրա օգտակարությանը, նվիրվածությանն ու խելքին:
-ՀՀԿ-ն չնայած հայտարարեց, որ ընտրություններին մասնակցելու է միայնակ, սակայն այժմ տեղի է ունենում փոքր կուսակցությունների միավորում ՀՀԿ-ի շուրջը. օրերս այդ մասին հայտարարեց ՀԺԱՄ-ը, նաև ՍԻՄ-ն է խոսում այդ մասին: Սա նշանակո՞ւմ է, որ ՀՀԿ-ն գնում է քաղաքական դաշտը խոշորացնելու ճանապարհով՝ իր մեջ ձուլելով փոքրերին:
-Նախ, հայաստանյան քաղաքական դաշտի ապագան ես հետևյալ կերպ եմ տեսնում. փոքր կուսակցությունները պետք է միաձուլվեն մեծերի մեջ, քանի որ դա կարող է նպաստել կուսակցական դաշտի կայացմանը: Իսկ 80-90 կուսակցություններով՝ դա անհնարին է: Իսկ հիմա դառնամ ձեր հարցին՝ այն, ինչ ասացիք, անկեղծ ասած, առաջին անգամ ձեզանից տեղեկացա, ինձ հայտնի չէ փոքր կուսակցությունների հետ ՀՀԿ-ի համագործոկցության մասին, քանի որ մեր կուսակցության ղեկավար մարմնում փոքր կուսակցությունների հետ համախմբման, համագործակցության հարց չի քննարկվել: Նաև չմոռանանք, որ ՀՀԿ-ն ինքնաբավ կուսակցություն է:
-Շարունակում են մտահոգիչ մնալ <<վարկանիշային>> կոչվող ցուցակները, դրանց վտանգի մասին շատ է խոսվում, թե այն դուռ է բացում մականունավորների, թաղային հեղինակությունների առաջ՝ դեպի խորհրդարան: Միայն այն, որ ինչ-որ մեկն իր թաղում, ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված հեղինակություն է վայելում, սա բավարար է՞, որ հավակնի պատգամավորության թեկնածուի հայտ ներկայացնել:
-Դուք ասում եք տվյալ թաղում, բայց ընտրատարածքները մեծացված են ու պայքարը գնալու է ոչ թե թաղային կամ քաղաքային մակարդակներում, այլ մարզային, այդ դեպում այլևս թաղային հեղինակությունը նման հավակնություն ունենալ չի կարող: Այնպես որ, X թաղային հեղինակության համար միայն իր թաղի բերած ձայները բավարար չեն լինի, որ նա դառնա պատգամավոր: Մյուսը՝ յուրաքանչյուր կուսակցություն հնարավորություն ունի իր ցուցակում ներառել հասարակական լայն խավերի ներկայացուցիչների: Մեր ցուցակում դուք կարող եք տեսնել մշակութային գործիչների, գիտական, կրթական ոլորտների մարդկանց: Ընտրությունը հասարակությանն է, ինքը պետք է որոշի, թե ո՞ւմ է տալիս իր ձայնը: Եթե նախկինում ասում էինք՝ կոնկրետ ընտրատարածքում միայն մեկին ենք առաջադրում և մեր բոլոր ջանքերն ուղղում ենք նրան աջակցելու համար, այժմ այդպես չէ: Մենք հիմա ամեն ընտրատարածքում առաջարկելու ենք 10- 15 մարդու թեկնածություն:
-Եվ նույն թիմի մարդիկ սկսելու են պայքարել իրար դե՞մ:
-Այո, դա կոչվում է առողջ մրցակցություն, ու թող ամեն մեկն իրականացնի գրագետ ընտրապայքար: Պատկերավոր ասած՝ կուսակցությունն առաջարկում է պատգամավորության թեկնածուների ՙլայն տեսականի՚: Ուզում ե՞ք խորհրդարանում տեսնել դոկտորների, մտավորականների, գիտանականների, պետական գործիչների՝ խնդրեմ, ձեր ձայնը տվեք նրանց: Այսինքն՝ ինքներդ որոշեք ու կատարեք ձեր ընտրությունը: Մեր հանրության է տրված լուծման բանալին, թե ո՞ւմ կուզի տեսնել խորհրդարանում:
-Ընտրապայքարի են դուրս գալիս դաշինքներ, որոնք անձերի շուրջ համախմբված ուժեր են, և այդ մասին են փաստում անգամ նրանց անվանումները՝ ՙՙԾառուկյանի դաշինք՚՚, ՙՙՕհանյանի դաշինք՚՚: Նման անձնավորված դաշտում, ուր բացակայում են գաղափարները կարող ե՞ն իրական քաղաքական գործընթացներ ծավալվել:
-Սա մտահոգիչ է այն առումով, որ մենք գնում ենք քաղաքական դաշտի կայացման ճանապարհով, մինչդեռ նման դաշինքները քաղաքականին հակադրում են ոչ քաղաքական միավորներ, այսինքն՝ նրանք անձնավորված միավորումներ են: Եվ դա իրոք լավ չէ: Բայց դա մեզ առանձնապես չի մտահոգում: Այդ դաշինքներում հավաքվում են մարդիկ, որոնք միմյանց գենետիկորեն են մերժում, հակառակ դիրքորոշումների կրողներ են, մշտապես եղել են հակադիր դաշտերում, ի վերջո, հակադիր են թե՜ իրենց անցյալով, թե՜ ներկայով և թե ապագայի հանդեպ ունեցած իրենց պատկերացումներով: Մի խոսքով այդ մարդիկ ամեն ինչով են տարբեր: Անհասկանալի է, թե նրանք ինչպե՞ս կարող են միավորվել:
Ես համոզված եմ, որ այդ միավորումները շատ կարճ կյանք են ունենալու՝ մինչև ցուցակների վերջնական կազմումն ու հրապարակումը: Երբ ցուցակները վերջնական կձևավորվեն ու ԿԸՀ-ին կհանձնվեն շատ քաղաքական գործիչներ, որոնք իրենց՝ այս կամ այն դաշինքում լինելը հիմնավորում էին վեհ գաղափարներով, նույնպիսի վեհ գաղափարներով կհիմնավորեն, թե ինչո՞ւ պետք է իրենք լքեն տվյալ դաշինքը:

Ա. Սիմոնյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն