Գլխավոր » TOP, Լրահոս, Քաղաքականություն

Սփյուռքի ավանդական կուսակցություն ՌԱԿ-ը չի ուզում ներքաշվել ներքաղաքական պայքարի մեջ. ռամկավարները կոչ են անում Հակոբ Ավետիքյանին չօգտագործել իրենց անունը

Փետրվար 7, 2017թ. 22:09
ՌԱԿ 1

  Այսօր «Հայք» վերլուծական-տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցավ  ասուլիս՝ «Ռամկավար Ազատական կուսակցությունը ո՛չ դաշինքով, ո՛չ ուղղակի չի մասնակցի Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին» թեմայով:
Հյուրերն էին՝ ՌԱԿ փոխատենապետ Լևոն Բլխյանը, Կենտրոնական վարչության անդամներ Ալեքսան Քարադանայանը և Ջենի Գրիգորյան-Բարսեղյանը:

Ասուլիսն անցավ լարված մթնոլորտում. բանավիճող կողմերն էին սփյուռքյան ՌԱԿ-ի ու հայաստանյան ՌԱԿ-ի ներկայացուցիչները: Իսկ հնչող հիմնական հարցն էր, թե ո՞րն է, ի վերջո, իրական, ավանդական ՌԱԿ-ը:

 ՌԱԿ փոխատենապետ Լևոն Բլխյանն ու նրա համախոհներն այն համոզման են, որ Հայաստանի ՌԱԿ-ը, որի ատենապետն է Հակոբ Ավետիքյանը, իրավունք չունի հանդես գալ սփյուռքյան ՌԱԿ-ի անունից: Ինչ վերաբերում է Հայաստանյան ՌԱԿ-ի մասնակցությանը ընտրություններին, չնայած Լևոն Բլխյանը նկատեց, թե դա ՀԱյաստանյան ՀՌԱԿ-ի որոշելիքն է, բայց միաժամանակ հայտարարեց. <<Մենք այստեղ մեծ վտանգ ենք տեսնում, կգնա բևեռացում սփյուռքի ու հայրենիքի մեջ>>: 

Ստորև ներկայացնում ենք մի քանի լրատվամիջոցների անդրադարձն ասուլիսին: 

 

ՌԱԿ-ն ընդդեմ ՀՌԱԿ-ի. ավանդական կուսակցությունը չի ցանկանում ներքաշվել ընտրապայքարին

Այսօր «Հայք» տեղեկատվական կենտրոնում կազմակերպված ասուլիսի ընթացքում Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության անդամները հայտարարեցին, որ ավանդական կուսակցությունը չի աջակցում Հայաստանում գործող ՌԱԿ-ին և մաս չի կազմելու հայաստանյան ընտրական գործընթացներին:

«ՌԱԿ կենտրոնական վարչությունը որևէ պատասխանատվություն չի կրում հայաստանյան կուսակցական դաշինքներում մանևրող նույնանուն քաղաքական խմբի որոշումների համար: Այդ կուսակցությունը չի հովանավորվում սփյուռքի կառուցների շրջանակների և առավել ևս ՌԱԿ կենտրոնական վարչության կողմից»,– հայտարարեց կուսակցության վարչության անդամ Ջենի Գրիգորյան-Բարսեղյանը՝ հայտնելով, որ ՀՌԱԿ-ին աջակցում են միայն կուսակցությունից հեռացած կամ հեռացված մեկ տասնյակը չգերազանցող անհատներ:

Այնուհետև ՌԱԿ-ի փոխատենապետ Լևոն Բլխյանը հայտարարեց, որ որպես սփյուռքի կառույց իրենք գործակցում են տվյալ պահին երկրի իշխանության հետ և չեն ցանկանում, որ իրենց անունը փոխկապակցվի ընդդիմադիր դաշինքի հետ:

«Լինելով սփյուռքյան կառույց, մենք մեզ չենք արտոնել մասնակցել ընտրություններին կամ միանալ ինչոր դաշինքի: Մեր խնդիրը հետևյալն է. չենք ցանկանում, որ Հայաստանում գործող կուսակցությունը խոսի մեր՝ կենտրոնական վարչության անունից, և առավել ևս միանա ընդդիմադիր դաշինքի: Մեր կուսակցությունն ունի ուղեգիծ, իսկ ՀՌԱԿը շեղվել է այդ ուղեգծից»,- ասաց նա:

Մինչ բանախոսը կավարտեր իր խոսքը, մամուլի սրահ մտավ Հայաստանյան ՌԱԿ-ի ատենապետ Հակոբ Ավետիքյանը և հայտարարեց, որ իրենք են Հայաստանում ներկայացնում ՌԱԿ-ը, ունեն համապատասխան գրանցում Արդարադատության նախարարությունում և հետևաբար կարող են մասնակցել գալիք ընտրություններին:

«Մենք իրավահաջորդն ենք ՌԱԿի, և օրենքով էլ մեզ ամրագրված է իրենց դրոշը: Կենտրոնական վարչությունն է որոշում կայացրել Հայաստանում ունենալ գրասենյակ, և մենք էլ որպես կուսակցություն գրանցվել ենք: 2016-ի հոկտեմբերին տեղի ունեցավ ՀՌԱՀի համագումարը, որի ժամանակ էլ որոշում կայացվեց մասնակցել ընտրություններին»,- ասաց Ավետիքյանը:

Նա աղմկահարույց հայտարարություն արեց՝ ասելով, թե տեսնում է իշխանության միջամտությունն այդ հարցում, և մեղադրեց իշխանություններին՝ ՀՌԱԿ-ի դիրքերը թուլացնելու փորձերի մեջ: «Սա քաղաքականություն է, որ տկարեցվի մեր դիրքը»,- ասաց նա:

ՌԱԿ-ի կենտրոնական վարչության փոխատենապետ Լևոն Բլխյանն էլ նշեց, որ իրենք որևէ առնչություն չունեն տեղական կուսակցությունների հետ և չեն խառնվելու ընտրական գործընթացներին: «Մենք միայն ասում ենք, որ դուք իրավունք չունեք խոսելու սփյուռքի անունից»,- ասաց Բլխյանը:

-Մեր վարչությունում կան սփյուռքի ներկայացուցիչներ ևս, որոնք ընդգրկված են կուսակցությունում,- պատասխանեց Ավետիքյանը:

-Կուսակցության 19 շրջանակներից միայն 2-3-ի որոշ անդամներ են ձեզ աջակցել, հետևաբար չեք կարող խոսել բոլորի անունից,- հակադարձց Բլխյանը և հավելեց. «Թեև դուք կուսակցության իրավահաջորդ եք, բայց մենք ենք տերը»: Նա նշեց , որ եղել է ժամանակ, երբ իրենք աշխատել են միասին, համագործակցել, սակայն վերջին տարիներին ոչ մի համագործակցություն չկա:

ՌԱԿ-ի և ՀՌԱԿ-ի բանավեճը բավականին երկար տևեց: Ավետիքյանը հեռացավ դահլիճից՝ ասելով, որ իրենք էլ ասուլիս կկազմակերպեն և հայտարարություն կանեն:

Իսկ ՌԱԿ-ի վարչության անդամներն ամփոփեցին ասուլիսն՝ ասելով, որ ՌԱԿ-ին չփնտրեն քաղաքականության մեջ. այն չունի թեկնածուներ և չկա դաշինքներում:

Գոհար Ավետիսյան 

haymedia.am

 

Հակոբ Ավետիքյանի ՌԱԿը Սփյուռքի ՌԱԿի կենտրոնական վարչության անունից խոսելու իրավունք չունի. ներկայացուցիչներ

Հակոբ Ավետիքյանի կողմից ղեկավարվող Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցությունն իրավունք չունի հայտարարություններ հնչեցնել Սփյուռքի Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության անունից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին Սփյուռքի ՌԱԿ-ի ներկայացուցիչները` փոխատենապետ Լևոն Բլխյանի գլխավորությամբ:

Հայաստանում ՌԱԿ-ի կառույցը, սակայն, այս մեղադրանքների հետ չի համաձայնում՝ նշելով, թե ինքն էլ ավանդական ՌԱԿ-ի իրավահաջորդ է և այդ մասին վկայող փաստաթղթեր ունի:

«ՌԱԿ-ն իր ուղեգիծն ունի, որը մինչ օրս չէր շեղվել: Մենք ավանդական կուսակցություն ենք: Բայց Հայաստանի այսօրվա ՌԱԿ-ը շեղվել է այդ ուղեգծից»,- հայտարարեց Լևոն Բլխյանը՝ շեշտելով, որ ավանդական ՌԱԿ-ը Հայաստանում ներկայացվող քաղաքական կառույց չունի, իսկ դրա անվան տակ հանդես եկող ուժը, որը հայտարարել է, թե մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ուղեգծից շեղվել է:

Բլխյանն ասաց, որ Հակոբ Ավետիքյանի ղեկավարած կուսակցությունը, որը հանդես է գալիս որպես ՌԱԿ կենտրոնական վարչություն, հայտարարել էր, թե ապրիլի 2-ի ընտրություններում Գագիկ Ծառուկյանի դաշինքի հետ մասնակցելու բանակցություններ է վարում, սակայն իրենք, որպես «իսկական ՌԱԿ կենտրոնական վարչություն», նման որոշում չեն կայացրել:

Ավելին, վերջինս նշեց, որ Հակոբ Ավետիքյանն իրենց անունից էլ հայտարարություն է արել, թե Սփյուռքի ՌԱԿ-ի կառույցներն էլ Գագիկ Ծառուկյանի դաշինքի հետ համագործակցելու բանակցություններին համաձայնություն են տվել:
«Մենք Հայաստանի ներքին քաղաքական խաղերին չենք մասնակցում: Մենք Հայաստանում որևէ կառույցի հետ դաշինքներ չենք կազմում, ոչ էլ կուզենք ունենալ: Մենք Հայաստանի ներքին խնդիրներին չենք միջամտում: Տեղական ՌԱԿ-ի որոշելիքն է՝ մասնակցե՞ն ընտրություններին, թե ոչ, ում հետ գործակցեն: Մենք պարզապես պահանջում ենք, որ Հայաստանի մեջ ստեղծված կուսակցությունը մեր անունից հանդես չգա, թող հանդես գան որպես ՌԱԿ հայաստանյան կառույց, ոչ թե որպես կենտրոնական վարչություն կամ Սփյուռք: Սփյուռքը մենք ենք, կենտրոնական վարչությունը մենք ենք: Երբ Հայաստանում հայտարարում են, թե Սփյուռքը մեզ հետ է, թե Սփյուռքը աջակցում է Ավետիքյանին, այդպես չէ, մի երկու հոգի է, որ գուցե ուզում են, բայց մենք չենք»,- մանրամասնեց Բլխյանը:

Ասուլիսին ներկայացած Հակոբ Ավետիքյանը, ով ի դեպ հրավիրված չէր մամուլի ասուլիսին, ասաց, որ ինքն է ներկայացնում Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցությունը և շուրջ 3 ամիս առաջ կուսակցությունների մասին օրենքով գործունեություն ծավալելու պաշտոնական թույլտվություն է ստացել, գրանցվել է հենց որպես կենտրոնական վարչություն:

«Մի փոքր խմբակ իրեն հայտարարել է կուսակցության կենտրոնական վարչություն Սփյուռքում: Բայց դուք ի՞նչ գործ ունեք նրանց հետ: Լիբանանում խորհրդարանական ընտրություններ են առաջիկայում, Հայաստանի ՌԱԿ-ը հիմա իրավունք չունի Լիբանանի ՌԱԿ-ի փոխարեն որոշում անել՝ ում հետ մասնակցի, մասնակցի, թե չմասնակցի: Իրենք էլ որոշելու իրավունք չունեն, մենք ի՞նչ անենք: Մենք հստակ տեսնում ենք համապատասխան պետական կառույցների, ավելի շուտ՝ իշխանությունների միջամտությունն այս գործում, որ խանգարվի մեր մասնակցությունը ընտրություններին»,- հակադարձեց Հակոբ Ավետիքյանը:

Լևոն Բլխյանը չհամաձայնեց, ասաց, որ կուսակցության տերերը իրենք են, «իսկականները մենք ենք: Մենք ենք իսկականները»։ Ապա դիմելով Ավետիքյանին՝ նա ասաց. «Մենք ենք որոշել, որ Հայաստանում ՌԱԿ բացվի: Մենք: Բայց դուք իրավունք չունեք անունը որդեգրել»:

Հակոբ Ավետիքյանը հայտարարեց, որ խնդիրը Ծառուկյանին դաշինքին միանալու իր հայտարարությունն է:

Բլխյանը հակադարձեց. «Հանուն Հայաստանի, պետք է վարչախմբի հետ գործակցենք, որ ժողովուրդը օգտվի: Սա է մեր ուղղությունը: Երբ մենք տեսնում ենք, որ Հայաստանի ՌԱԿ-ը ընդդիմության հետ է գնում ու հայտարարում է, որ Սփյուռքը իրենց հետ է, մենք այստեղ մեծ վտանգ ենք տեսնում: Սա ոչ մեկին շահավետ չէ»:

Ավելին, Լևոն Բլխյանն ասաց, որ իրենք Հայաստանում չեն կարողանում ՌԱԿ կենտրոնական վարչությունը գրանցել, որովհետև «Ավետիքյանը թույլ չի տալիս» այդ անունով գրասենյակ բացել:

«Իրենք տպավորություն են ստեղծում, որ Սփյուռքի անունից են խոսում: Բայց այդպես չէ»,- ասաց նա:

Tert.am

ՌԱԿ-ում կռիվ է ընկել

 

Ռամկավար-ազատական կուսակցությունում կռիվ է ընկել։ Պատճառը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններն են։ ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանն ու կուսակցության կենտրոնական վարչության  անդամ, փոխատենապետ Լևոն Բլխյանը հրապարակավ էին փորձում պարզել, թե ով է իրական ռամկավարը։

Կռիվն սկսվեց այն պահից, երբ Հակոբ Ավետիքյանի ղեկավարած կուսակցությունը, որը հանդես է գալիս որպես ՌԱԿ կենտրոնական վարչություն, հայտարարեց Ծառուկյանի դաշինքին միանալու մասին։ Առաջին հայացքից  սա դիտարկվեց հերթական քաղաքական  հայտարություն, սակայն դա միայն  առաջին հայացքից։ Պարզվում է, որ Հակոբ Ավետիքյանի ղեկավարած Ռամկավար ազատական կուսակցությունն իրավունք  չունի հայտարարություններ հնչեցնել սփյուռքահայ կառույցի՝ ՌԱԿ կենտրոնական վարչության անունից:

Մենք Հայաստանի ներքին խնդիրներին չենք միջամտում և տեղական ՌԱԿ-ի որոշելիքն է՝ մասնակցե՞լ ընտրություններին, թե՞ ոչ, ում հետ գործակցել՝ այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեցին փոխատենապետ Լևոն Բլխյանը և խորհրդական Ալեքսան Գարատանյանը: Լևոն Բլխյանն ասաց, որ ավանդական ՌԱԿ-ը Հայաստանում ներկայացվող քաղաքական կառույց չունի, իսկ դրա անվան տակ հանդես եկող ուժը, որը հայտարարել է, թե մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ուղեգծից շեղվել է:

Կուսակցության 19 շրջանակներից միայն 3-ն են, որ կողմ են արտահայտվել ՀՌԱԿ-ին աջակցելու հարցում՝ ասում  էին բանախոսները։ Հենց այստեղ էլ  ասուլիսը  ստացավ բոլորովին այլ  ընթացք:

Ներս մտավ ՀՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը, ով հրավիրված չէր ասուլիսին, ասաց, որ  ինքն է ներկայացնում Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությունը և շուրջ 3 ամիս առաջ «Կուսակցությունների մասին» օրենքով գործունեություն ծավալելու պաշտոնական թույլտվություն է ստացել,  ու  գրանցվել է որպես կենտրոնական վարչություն: Հենց այստեղ սկսվեց հիմնական բանավեճը՝ ո՞վ է իսկական ՌԱԿ- ը թեմայով:

Հակոբ Ավետիքյանն այլևս  չցանկացավ խոսել կուսակցության ներսում տեղի ունեցող խմորումների մասին, այլ միայն նշեց, որ Ռամկավար ազատական կուսակցության Սփյուռքի կառույցներին ոտքի է  հանել Հայաստանի իշխանությունը, որպեսզի դրանք դուրս գան Հայաստանի ռամկավարների դեմ և թույլ չտան միանալ ընդդիմադիր որևէ ուժի, այս դեպքում` «Ծառուկյան դաշինքին»:

Հակոբ Ավետիքյանը հայտարարեց, որ խնդիրը Ծառուկյան դաշինքին միանալու իր հայտարարությունն է:  Բլխյանը հակադարձեց. «Հանուն Հայաստանի, վարչախմբի հետ գործակցենք, որ ժողովուրդը օգտվի»։

ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանն էլ  խոստացավ առաջիկա օրերին հանդես գալ մամուլի ասուլիսով և վերջնականապես պարզաբանել իրավիճակը: Ասաց ու հեռացավ ասուլիսի սրահից։ Սակայն ավանդական կուսակցության ներկայացուցիչները  շարունակեցին ասուլիսը՝ մեկ անգամ ևս շեշտելով, որ իրենք չեն ցանկանում խառնվել Հայաստանի ներքին քաղաքականությանը, պարզապես մեկ անգամ ևս շեշտում են, որ Հայաստանում  գործող ՌԱԿ- ը չի կարող հանդես գալ իրենց անունից:

Armradio.am

Միանա՞լ Ծառուկյանին, թե՞ ոչ. ՌԱԿ-ում կռիվ է ընկել

 

կուսակցությունը բաժանվել է երկու մասի։ Հայաստանյան կառույցը հայտարարել է ապրիլյան ընտրություններին «Ծառուկյան» դաշինքի հետ մասնակցելու մասին, Սփյուռքի ռամկավարները դեմ են այս որոշմանը։

«Կենտրոնական վարչությունը, լինելով սփյուռքյան կառույց, մենք մեզ չենք արտոնել ներքին հայաստանյան գործընթացներին միջամտել կամ ազդել մարդկանց այս կամ այն դաշինքին անդամակցելու»,- ասում է Կենտրոնական վարչության ատենապետ Լևոն Պըլըքյանը։

Սփյուռքի ռամկավարները հայտարարում են՝ իրենք չեն ուզում գործակցել հայաստանյան ընդդիմության հետ։ Ըստ այդմ՝ դեմ են նաև իրենց անունից «Ծառուկյան» դաշինքին աջակցություն հայտնելուն։

«Մենք միշտ գործակցած ենք մեր բոլոր այն կառույցների հետ, որ նույն ուղեգիծը ունեն և կշարունակեն այդ ուղղությամբ։ Այսօրվա Հայաստանի ՌԱԿ-ը մի քիչ շեղվել է այդ ուղեգծից»։

Անակնկալ կերպով ասուլիսի անցկացման վայր ժամանեց ՀՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը։ Նա պնդեց՝ 2016-ի հոկտեմբերին իրենք համագումարով կենտրոնական վարչություն են ընտրել, կուսակցությունը գրանցված է ըստ կարգի, և որևէ խոչընդոտ չկա ընտրությունների մասնակցության հարցում։

a1plus.am

ՌԱՄԿԱՎԱՐՆԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄ՝ ԹԵՔԵՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ  

Երեկ Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության անդամները՝ ՌԱԿ փոխատենապետ Լեւոն Բլխյանը, որը երեք տարի է՝ բնակվում է Հայաստանում, խորհրդականներ Ալեքսան Քարադանայանը եւ Ջենի Գրիգորյան-Բարսեղյանը, լրագրողներին հավաքել էին Թեքեյան կենտրոնում՝ նախօրեին տարածած հայտարարությունը կարդալու եւ լրագրողների հարցերին պատասխանելու համար։ Հյուրերը ներկայացնում են ՌԱԿ-ի լիբանանյան կառույցը, որը Սիրիայում ճանաչված է, սակայն գրանցված չէ որպես կուսակցություն, քանի որ այս երկիրը, ինչպես Խորհրդային Միությունը, միակուսակցական է։

Հայտարարության մեջ, որն ստորագրել են ՌԱԿ ատենապետ Սերխիո Նահապետյանը եւ ատենադպիր Սեւակ Հակոբյանը, ասվում է, որ 95-ամյա կուսակցությունը Հայաստանում իրեն իրավականորեն ներկայացնող կառույց չունի եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին չի մասնակցելու։ Ասուլիսին անսպասելի ներկայացավ նաեւ Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Հակոբ Ավետիքյանը, եւ նրա ու սփյուռքահայերի միջեւ թեժ վեճ սկսվեց «ո՞րն է իսկական ՌԱԿ»-ը հարցի շուրջ։  Ավետիքյանն ասում էր, որ Հայաստանում մի ռամկավար կուսակցություն կա, եւ դա իր ՌԱԿ-ն է, լիբանանցի հյուրերն էլ պնդում էին, որ իրենք են իսկական, այսինքն՝ 95-ամյա պատմություն ունեցող ՌԱԿ-ի ներկայացուցիչները, իսկ Ավետիքյանի կառույցն իրենց հետ կապ չունի եւ իրենց անունից ներկայանալու էլ իրավունք չունի։

«Դուք էլ, էսպես ասած, կայֆ եք բռնում»,- դիմեց «100 տարվա» լրագրող Ավետիքյանը մեզ՝ իր գործընկերներին, որոնք մի կերպ փորձում էին լուծել ՌԱԿ կոչվող գլուխկոտրուկը։ Ավետիքյանի կառույցի որոշումը՝ Գագիկ Ծառուկյանի հետ դաշինք կազմելու վերաբերյալ, դրսի ՌԱԿ-ի հետ կապ չունի։ «Իրենց որոշումն է դա, եւ իրենք ազատ են այն առնելու մեջ, մենք՝ դրսի ռամկավարները, կենտրոնական վարչությունը, լինելով սփյուռքյան կառույցներ, մենք մեզի չենք արտոնել, որ հայկական պետության ներքին հարցերին փորձենք միջամտել կամ ասել մարդկանց, որ այս դաշինքին կամ մյուս դաշինքին անդամակցեն»,- ասաց ՌԱԿ փոխատենապետը։ Սփյուռքի իր ընկերների հայտարարությունները եւ անգամ ասուլիսը Հակոբ Ավետիքյանը համարում է իշխանության կողմից կազմակերպված, քանի որ այդ ամենը եղավ, «հենց որ ՌԱԿ-ը որոշեց ու հայտարարեց, որ «Ծառուկյան դաշինքի» հետ աշխատանքներ է կատարելու»։

Ժամանակին նա լիբանանյան «Զարթոնք» թերթի խմբագիրն էր եւ, որպես իրական լրագրող, սկսեց «բացահայտող» հարցեր ուղղել իր նախկին ընկերներին՝ ապացուցելու համար, որ ինքն է իրական ռամկավարը։ «Մենք ենք Հայաստանում ներկայացնում Ռամկավար ազատական կուսակցությունը»,- ասաց Հակոբ Ավետիքյանը եւ ներկայացրեց իր կուսակցության իրավական գրանցման պատմությունը։ Լրագրողները երկար հետեւեցին բանավեճին, երկու կողմերին հարցեր ուղղեցին եւ, համադրելով պատասխանները, պարզեցին հետեւյալը․ ՌԱ կուսակցությունը ներկայացված է աշխարհի 19 երկրում, որոնցից 3-ը պաշտպանում են Ավետիքյանին, իսկ մյուս 16-ը, որոնց թվում են Սիրիան եւ Արգենտինան, ավանդական ՌԱԿ-ի հետեւորդներն են։ Տարաձայնությունները ռամկավարների միջեւ ի հայտ են եկել 2012 թվականին։ Հայաստանի ռամկավար կուսակցությունը, որի ղեկավարը Հարություն Առաքելյանն էր, պառակտվել է եւ դադարեցրել է գործունեությունը։ Ի պատասխան «Հրապարակի» հարցին, թե ինչու ավանդական ՌԱԿ-ը, որը ժամանակին ուներ այստեղ իր կառույցը, դադարեց գործել Հայաստանում, ո՞րն էր Հայաստանի ռամկավարների շեղումը կուսակցության գծից, Լեւոն Բլխյանը կարեւոր հայտարարություն արեց․ «Մենք գործել ենք «Հավետ հայրենիքի հետ» նշանաբանով։ Մենք համոզված ենք, որ օգտակար լինելու համար ժողովրդին, պետք է վարչաձեւի հետ աշխատենք։ Սա չի նշանակում մեղսակից լինել, ամենեւին։ Աշխատենք, գործակցենք, որպեսզի ժողովուրդն օգտվի։ Եթե մենք այդ ուղղության մեջ ենք եւ կտեսնենք, որ այստեղի կուսակցությունը դեպի ընդդիմություն կերթա եւ կփորձե սփյուռքի հայությունն էլ ընդդիմության տանելու, մենք այստեղ մեծ վտանգ կտեսնենք, որովհետեւ բեւեռացումը, որ կստեղծվի սփյուռքի եւ հայրենիքի ժողովրդի միջեւ, ոչ սփյուռքին շահ կբերե, ոչ էլ հայրենիքին»։

ՌԱԿ փոխատենապետը հայտարարեց նաեւ, որ Հայաստանի ՌԱԿ-ը, այսինքն՝ Ավետիքյանի կառույցը, շեղված է «իսկական» ՌԱԿ-ի ուղեգծից։ 2016-ին իրենք համագումար են անցկացրել Հայաստանում։ «Երբ որ մենք ընտրվեցինք, մեր առաջին այցելությունը տվինք ընկեր Ավետիքյանին եւ իր խմբին, որպեսզի գործակցության ձեռք մեկնենք իրենց, դժբախտաբար, չիրականացավ այդ գործակցությունը եւ այդպես վերջացավ մինչ այսօր»,- ասում է Լեւոն Բլխյանը։

Հակոբ Ավետիքյանին հարցրինք, թե ինչու ներկա չի եղել այդ համագումարին, նա պատասխանեց․ «Ես հրավիրված չեմ եղել»։ Ասուլիսում մի կարեւոր փաստ էլ բացահայտվեց․ Ավետիքյանը խոստովանեց, որ ընդամենը երեք ամիս առաջ գրանցել է «Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչություն» կառույցը, որը, փաստորեն, նմանակում է ՌԱԿ կենտրոնական վարչության անվանումը։ Փաստորեն, սկզբում ՌԱԿ անունն է վերցրել, հետո՝ ՌԱԿ կենտրոնական վարչության։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ ` hraparak.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն