Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Ոչ թե ՙՙնավն՚՚ է խորտակվում, այլ բնականոն սերնդափոխություն է կատարվում

Փետրվար 4, 2017թ. 19:00
Արտակ Դավթյան

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ հետ
Մի շարք Հանրապետականների հեռանալը կուսակցությունից թերևս երկու բացատրություն ունի. կամ ընթանում է կուսակցության շարքերի մաքրում կամ հեռացողները նկատելով, որՙՙնավը՚՚ խորտակվում է՝ այլևս մնալու հեռանկար չեն տեսնում։
-Ոչ մեկն է, ոչ էլ մյուսը, երկուսն էլ ծայրահեղ մեկնաբանություններ են: Ինչպես միշտ՝ ճշմարտությունը մեջտեղում է: Այն, ինչ կատարվում է Հանրապետականում, այսինքն՝ նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի, Մհեր Սեդրակյանի ու Վարդան Ղուկասյանի հեռանալը, ինչպես նաև Իշխան Զաքարյանի տիկնոջ՝ Գայանե Սողոմոնյանի հնարավոր հեռանալն այլ բան չեն, քան սերնդափոխության հետևանք: Իսկ դա բնականոն գործընթաց է, որն անխուսափելի է ցանկացած կուսակցության համար: Սերնդափոխության գործընթացի մասին է վկայում նաև վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնում ընտրվելը, երիտասարդ գործընկերներով ՀՀԿ գործադիր մարմինը համալրելը: Նման փոփոխությունները առանց ցավի չեն լինում, որքան էլ ցանկանաս դրանք հնարավորինս հարթ անցկացնել:

Իսկ նրանց կայացրած որոշումը պայմանավորված է հետևյալով. իհայտ եկան որոշակի հակասություններ ոմանց ինքնագնահատականի և կուսակցության որդեգրած ուղղության միջև: Այնպես որ, ոչ թե նավն է խորտակվում, այլ մենք բնականոն փոփոխության հետ գործ ունենք:
Այնուհանդերձ՝ ներկուսակցական փոփոխությունների  ՙՙքամին՚՚ երբեք չի սասանում իրական գաղափարակիրներին, համաձայն չե՞ք, որ կուսակցությունից պոկվում, հեռանում են նրանք, որոնք տվյալ քաղաքական ուժի շարքերն են մտել զուտ պաշտոն ստանալու, բարեկեցիկ կյանքով ապրելու հաշվարկով, ու երբ իրենց համար ցանկալին չեն ստանում՝ լքում են կառույցը:
-Որքան շուտ պոկվեն պաշտոնով կամ որոշակի եսակենտրոն ցանկություններով առաջնորդվողները, որքան շուտ հեռանան այդպիսիք, այնքան ավելի լավ: Բոլորը պետք է գիտակցեն, որ պաշտոն ասածը ժամանակավոր է, ինչպես ժամանակավոր է ցանկացած նյութական բան: Մնայուն է հոգևորը, մնայուն են գաղափարական արժեքները, իսկ դա ՀՀԿ-ի համար պահպանողականությունն է: Անկախ այն քաղաքական գործիչների ցանկություններից, որոնք նաև առանցքային դերակատարում են ունեցել են Հանրապետական կուսակցության գործունեւության տարբեր փուլերում, մեզ համար առաջնայինը մեր կուսակցության գաղափարաբանությունն է: Եվ այս տեսակետից լիովին համակարծիք եմ ձեր դիտարկման հետ՝ փոփոխություների քամին երբեք չի սասանում գաղափարակիցներին:
-Կատարվող փոփոխությունների արդյունքում հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ում գերակշռեն նոր որակները՝ ինտեկելտուալները, իսկ եթե լինեն գործարարներ, ապա միմիայն սպիտակ դաշտում աշխատող մարդիկ։
– ՀՀԿ-ն ժամանակի պահանջներով առաջ ընթացող քաղաքական ուժ է ու փոփոխություններից չպետք է հետ մնա: Աշխարհն արագ փոփոխվում է, նոր մարտահրավերներ են մեզ ուղղվում ու մենք պետք է կարողանանք, պետք է պատրաստ լինենք դրանց դիմակայելու և ժամանակին արձագանքելու: Եվ վերջապես, մեր հանրությունը ևս փոփոխությունների է ենթարկվում, դառնում քաղաքականապես ավելի գրագետ: Իսկ մենք չենք կարող հաշվի չառնել մեր քաղաքացու պահանջները, չենք կարող դրանք անտեսել: Եվ այն, ինչ այսօր տեղի է ունենում մեր երկրում՝ տնտեսության ոլորտից մինչև քաղաքական դաշտ, մեր հանության պահանջով տեղի ունեցող փոփոխության հետևանք է: ՀՀԿ-ում արդեն իսկ եկել են նոր մարդիկ, նոր դեմքեր ու դա լավ է: Ինչպես ցանկացած կուսակցություն, ՀՀԿ-ն էլ կենդանի օրգանիզմ է, և բնականաբար, մեր շարքերն էլ համալրվելու են նորերով:
Կենսունակ են այն քաղաքական ուժերը, որոնք ժամանակին համընթաց անցնում են ինքնամաքրման ճանապարհ: Դրա կարիքն առավելապես ունի իշխանական ցանկացած ուժը: Այնպես որ, ինքնամաքրման գործընթացն այսօր ի շահ ՀՀԿ-ի է: Բայց այն, որ դա տեղի է ունենում վճռորոշ ընտրություններից ընդամենը երկու ամիս առաջ, չի՞ կարող վտանգել կուսակցությունը՝ դառնալով ներքին ցնցումների պատճառ:
-Իհարկե՝ ոչ: Նախ, ինչո՞ւ են այսօր կատարվում այս փոփոխությունները, պատճառը շատ պարզ է, որովհետև հեռացողներն այսօր կայացրին նման որոշում: Սա փաստում է այն մասին, որ ոչ ոք իրենց չի ստիպել հեռանալ կուսակցությունից: Մենք չենք կարող որևէ մեկին պարտադրել՝ անել այն, ինչը դեմ է իր համոզմունքներին ու խղճին: Եվ երբ իրենք համոզվեցին, որ իրենց քաղաքական ապագան տեսնում են մեկ այլ դաշտում, ուր կարող են նաև իրենց ավելի լավ դրսևորել, քան ՀՀԿ-ում, հեռացան: Դա իրենց իրավունքն է ու իրենց որոշելիքը: Ես անձամբ, շատ հանգիստ եմ վերաբերվում այս ամենին: Ու կարծում եմ նման գործընթացներ առաջիկայում ևս կլինեն: Պարզապես, ընտրությունները արագացուցիչի կամ կատալիզատորի դեր ունեցան: Որքան մոտենում են ընտրությունները, այնքան այս կամ այն կուսակցական գործիչ փորձում է հստակեցնել ապագայի հետ կապված իր ծրագրերը, փորձում է տեսնել, թե ինչպիսի՞ն կլինի այս գործընթացում իր դերակատարումը: Ու եթե հեռացածներն իրենց դերը չտեսան ՀՀԿ-ում, ապա դա իրենց խնդիրն է: Բայց նաև պետք է ասեմ, որ ցանկացած ՀՀԿ-ական, ով որոշում է կայացնում դադարեցնել իր անդամակցումը ՀՀԿ-ին, ես ափսոսանք եմ զգում:
Ձեր խոսքում ասացիք, թե առաջիկայում նույնպես կլինեն հրաժարականներ. գուցե դա կլինի շղթայական ռեակցիայո՞վ, այսինքն, ՀՀԿ-ից դուրս կգան Աբրահամյանի ՙՙմարդիկ՚՚, որոնք նրա շնորհիվ են հայտնվել կուսակցությունում ու զբաղեցրել բարձր պաշտոններ:
– Այո, դեռ կարող են լինել հեռացողներ: Գիտեք, եթե մենք առաջնորդվեինք այն մոտեցմամբ, որ պետք է անպայման ու ամեն գնով պահպանենք ՀՀԿ-ի իշխող դերը ապագա խորհրդարանում՝ միգուցե չլինեին հեռացողներ: Բայց մեզ համար առաջնայինը պետական շահն է, հետևաբար, որևէ կուսակցականի շահը չի կարող վեր դասվել երկրի շահից: Սակայն ես պետք է նաև հատուկ շեշտեմ, որ ՀՀԿ-ն գնահատում է բարձր պաշտոններ զբաղեցրած անձանց աշխատանքը, կատարած գործը, որոնք հեռացան կուսակցությունից: Բայց անհատներին կարևորելով՝ մեզ համար առավել առաջնային է այն, որ կուսակցությունը ծառայի պետության զարգացմանն ու կայացմանը, նպաստի քաղաքական համակարգի կայացմանը:
-Բարձր պաշտոններ ունեցող անձանց հեռացումը ՀՀԿ-ից նաև չի նշանակո՞ւմ, որ նրանք ունեն մտավախություն, թե ընտրություններից հետո կուսակցությունը կարող է խորհրդարանում չունենալ բացարձակ մեծամասնություն:
-Չեմ կարծում, որ իրենք այդ կերպ մտածելով են հեռանում ՀՀԿ-ից: Ես միայն լավն եմ մտածում մեր այլևս նախկին կուսակցական գործընկերների մասին: Ես չեմ ուզում անգամ մտածել, որ նրանց հեռանալու պատճառը եղել է այդ մտավախությունը, կամ պաշտոններից զրկվելու վախը: Հեռացողներին լավ եմ ճանաչում, մասնավորաբար խոսքս նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասին է, նա երբեք չի խուսափել իր վրա ծանրություն վերցնելուց, չի խուսափել պատասխանատվությունից: Հետևաբար, ինչի մեջ նրան մեղադրելու լինեն, գոնե համարձակ չլինելու կամ անգործության մեջ իրավունք չունեն մեղադրել:
Ընդդիմությունը մի կողմ դրած գաղափարական տարբերությունները, աշխարհաքաղաքական տարբեր ընկալումները, ձգտում է հասնել նրան, որ ընտրությունների նախաշեմին ձևավորի ընդդիմադիր լայն ճակատ՝ ՀՀԿ-ի դեմ: Եթե նրանց հաջողվի դաշտը սևի ու սպիտակի բաժանել սա ձեզ չի՞ անհանգստացնում:
-Նախ ճակատ բառը ես կխուսափեմ օգտագործել: Մենք պատերազմի մեջ չենք մտնում մեր քաղաքական հակառակորդների հետ: Իսկ քաղաքական ցանկացած պայքարի մենք պատրաստ ենք: ՀՀԿ-ն ներկայացնելու է իր ծրագրերը: Անկախ ամեն ինչից այս տարիներին իր աշխատանքով ամենից տեսանելի ուժը եղել է ՀՀԿ-ն: Եվ ընտրողն ինքը պետք է որոշի, թե ո՞ւմ տա իր ձայնը,՝ ՀՀԿ-ի՞ն՝ իր բոլոր թերություններով, բացթողումներով ու դրական քայլերով հանդերձ, թե՞ մեր մրցակիցներին՝ իրենց արած-չարածով: Կարծում եմ, որ մեր ընտրողը մեր քաղաքացին այնքան է հասունացել, որ ավելի քիչ կհավատա հնչող խոստումներին և ավելի շատ իր ձայնը կտա կատարված գործերին ու ճանապարհ անցած մարդկանց:
Ինչ վերաբերում է կհաջողվի՞ ընդդիմությանը միավորվել, ասեմ հետևյալը՝ ես չեմ կարծում, որ նման համախմբման անհրաժեշտությունը կա, որովհետև յուրաքանչյուրը ով իր մեջ ուժ կգտնի հաղթահարել անցողիկ շեմը, արդեն իսկ կլինի հաղթանակած: Բանն այն է, որ այս ընտությունները տարբերվում նախորդներից հենց նրանով, որ այս ընտրություններում այլևս չի գործի հայտնի սկզբունքը՝ հաղթողը ստանում է ամեն ինչ, պարտվողը՝ ոչինչ: Ուրեմն, ըմնդդիմության նպատակը պետք է լինի ոչ թե ՀՀԿ-ի դեմ պայքարելը, կամ ճակատ կազմելը, այլ Հայաստանի համապետական միակ ընտրություններին մասնակցելն ու պատասխանատվություն ստանձնելը՝ մեր պետության ու ժողովրդի հանդեպ:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն