- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - http://armarlur.com -

Հայ-իրանական հարաբերությունների ջերմացումից Բաքուն ցայտնոտի մեջ է

Հարցազրույց իրանագետ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԻ հետ

Հայ-իրանական հարաբերությունների մասին խոսելիս առավելապես շեշտվում է տնտեսական բաղադրիչը, ու գրեթե չի խոսվում  երկու հարևան երկրների միջև ռազմական համագործակցության մասին: Այս առումով, Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի այցը կարո՞ղ ենք աննախադեպ համարել:

-Այո, այցը և՛ աննախադեպ էր,  ինչու ոչ, նաև պատմական: Դատելով ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի ունեցած հանդիպումներից և Հայաստան-Իրան ռազմական ոլորտում քննարկվող օրակարգից, ակնհայտ է, որ երկու երկրները գնում են հարաբեությունների աննախադեպ խորացման ճանապահով: Ուզում են նաև հատուկ շեշտել, որ այցն ընթացել է չափազանց լավ մթնոլորտում:

Պաշտոնական այցն ուներ երկու բաղադրիչ. առաջին՝ ռազամական-պաշտպանական, երկրորդ՝ քաղաքական:

Ռազմական-պաշտպանական համագործակցության հարթության մեջ պետք է ակնկալել, որ Հայաստանն ու Իրանը  կհամագործակցեն մի շարք ոլորտներում, հակաօդային պաշտպանության, նաև թիկունքի խնդիրիների շուրջ, կաշխատեն ժամանակակից  տեխնոլոգիաները ռազմական արդյունաբերության մեջ կիրառելու ուղղությամբ: Պաշտպանական ոլորտի վերաբերյալ տեղեկատվությունը սուղ է ու դա բնական է, որովհետև  անվտանգությանն առնչվող խնդիրները չեն  բարձրաձայնվում ու չեն հանրայնացվում:

Ակնհայտ է, որ թե՛ Հայաստանը, թե՛ Իրանը պաշտպանական առումով տարածաշրջանում կանգնած են այնպիսի մարտահրավերների կամ վտանգների առաջ, որոնք բխում են Ադրբեջանի Հանրապետությունից: Հետևաբար, այս դաշտում  համագործակցությունը ձեռնտու է Հայաստանին ու Իրանին:

Ինչ վերաբերում է այցի քաղաքական բաղադրիչին, ապա չափազանց կարևոր է այն հանգամանքը, որ Հայաստանի պաշտպանության նախարարը հանդիպեց Իրանի խորհրդարանի նախագահի, ԱԳ նախարարի հետ: Մենք գործ ունենք բավական լուրջ գործընթացի հետ, որը պայմանավորված է թե՛ օբյեկտիվ հանգամանքով, թե  նոր նախարարի ակտիվությամբ:

Պաշտոնական լրահոսից տեղեկացանք, որ Վիգեն Սարգսյանը ծանոթացել է Իրանի ռազմական արդյունաբերությանն ու պայմանավորվել համատեղ ծրագրեր իրականացնել, իսկ Իրանի զինված ուժերի նախարար Հոսեյն Դեհղանին  հայտարարել է երկու երկրների միջև ռազմական փոխգործակցության պայմանագրի ստորագրման մասին:

-Այս  տեղեկատվության հիման վրա կարելի է այսպիսի եզրահանգման գալ. հիշյալ  քայլերը միտված են իրանական ներդրումները Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանն ուղղելուն: Իսկ պայմանագրի ստորագրումը տեղի կունենա Հայաստանում՝ Իրանի նախարարի փոխայցելության ընթացքում: Կարծում եմ, պայմանագրի քաղաքական հատվածը հասանելի կլինի ավելի մեծ լսարանի, բայց շատ մանրամասներ հասկանալիորեն չեն  հանրայնացվի, քանի որ դրանք  առնչվում են անվտանգության ոլորտին:

Նկատենք, որ տարածաշրջանում Հայաստանի ու Իրանի հանդեպ թշնամական  դիրքորոշում որդեգրած որոշ երկրներ նման համագործակցությունից, առավել ևս Հայաստանի ու Իրանի միջև ռազմական փոխգործակցության պայմանագրի ստորագրումից խիստ անհանգստացած են:

Այդ մասին են վկայում ադրբեջանական մամուլում հրապարակվող վերլուծությունները, որոնցում հայ-իրանական ռազմական համագործակցությունը դիտվում է ոչ միայն ընդդեմ Ադրբեջանի, այլև Իսրայելի դեմ կատարվող քայլ: Արդյոք Բաքուն  փորձ չի՞ անում տարածաշրջանը բաժանել երկու  հակադիր ճամբարների,  մի կողմում Հայաստանն ու Իրանը, մյուսում՝ Ադրբեջանն ու Իսրայելը:

-Նախ, Հայաստանի ՊՆ նախարարի այցի արձագանքը ադրբեջանական մամուլում մեկ բառով կարելի է բնութագրել հիստերիա, նրանք խիստ նյարդայնացած են: Բաքվում տիրող անհանգստությունը ներկայացվում է տարածաշրջանում դաշնակից փնտրելու համատեքստում, իսկ Ադրբեջանը Իսրայելին է համարում իր դաշնակիցը: Գաղտնիք չէ, որ Իսրայելը Իրանի լուրջ հակառակորդներից մեկն է, և Իսրայելի հետ Ադրբեջանի գործակցությունն ուղղված է ոչ միայն Հայաստանի, այլ հենց Իրանի դեմ: Իրանական մամուլը  ճշգրիտ ու դիպուկ բնորոշեց՝ Ադրբեջանը կոչելով  <<Իսրայելի ետնամաս>>:

Իսկ ադրբեջանական կողմը բանեցնում է պարզունակ քարոզչական հնարք հետ, որն առաջին հերթին ուղղված է սեփական հասարակությանը: Միգուցե, Ադրբեջանում հավատում են այն թեզերին, թե իբր Հայաստանն ու Իրանը գործակցում են Ադրբեջանի ու Իսրայելի դեմ: Ադրբեջանական կողմը հայտնվել է ցայտնոտային վիճակում, հաշվի առնելով, որ հայ-իրանական հարաբերությունները բոլոր ոլորտներում աննախադեպ զարգացում և աճ են գրանցում, Բաքուն փորձում է դա ծածկել քարոզչական տարբեր հնարքներով ու  մոլորեցնել սեփական հասարակությանը: Բաքվում նաև կարծում են, թե ադրբեջանական մամուլի նման հրապարակումները լրջորեն կընկալվեն Իսրայել պետության կողմից: Բայց ես չեմ կարծում, որ Իսրայելում կգտնվի որևէ լուրջ քաղաքական գործիչ կամ վերլուծաբան, որը կհավատա Բաքվի այս բացահայտ հիմարությանը:

Իսկ Հայաստանն ու Իրանը  քաղաքական ու տնտեսական,  ռազամական ու պաշտպանական ոլորտներում իրացնում են իրենց սեփական օրակարգը և առաջնորդվում միմիայն սեփական շահերով: Հայաստանի ու Իրանի գործակցությունն ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ, այն ուղղված է ի շահ երկու պետությունների ու երկու ժողովուրդների: Եվ մեր երկու երկրները շարժվելու են առաջ: Կա նախաձեռնողականություն և բոլոր ոլորտներում կողմերն իրացնելու են սեփական ողջ ներուժը:

Հայաստանի անվտանգության պահպանումը մեր արդարացի իրավունքն է, ինչն ուղղակիորեն վտանգում է Ադրբեջանը: Տարբեր երկրներ ռազմատեխնիկական օժանդակություն են  տրամադրում Ադրբեջանին: Հայտնի է, որ Իսրայելն ու Ադրբեջանը համագործակցում են պաշտպանական ոլորտում, Իսրայելը համարվում է Ադրբեջանին զենքի լուրջ մատակարարը, ինչը պատիվ չի բերում հենց Իսրայելին: Հաշվի առնելով, որ Ադբեջանում իշխում է բռնապետական վարչակարգ, նման երկրին տրամադրվող ցանկացած օգնություն չի կարող համաշխարհային քաղաքակիրթ հանրության կողմից դրական քայլ համարվել:

Ադրբեջանական հիստերիայի շարքից հիշենք Հասան Գուլիեվ անունով պատգամավորի հաթաթան՝ ուղղված Իրանին. <<Եթե Իրանը  մտքին դնի հարձակվել Ադրբեջանի վրա, ապա կդադարի գոյությոն ունենալ որպես պետություն ու նրա տեղը կստեղծվի 5 նոր պետություն>>: Իրանում ինչպե՞ս են  ընդունում նման հայտարարությունները:
-Իրանցիները հստակ արձանագրում են ցանկացած նման ելույթ: Արտաքուստ թվում է, թե դրանց լուրջ չեն անդրադառնում, բայց իրականում իրանական քաղաքականությունը հարյուրամյակներ առաջնորդվում է նույն սկզբունքով՝ չմոռանալ և՛ բարեկամներին, և՛ թշնամիներին:  Եվ Իրանում շատ լավ գիտեն, որ Ադրբեջանը բացահայտ թշնամական դիրքորոշում ունեցող երկիր է: Այդ երկրում հակաիրանականությունը երբեմն դրսևորվում է բացահայտ, բայց հիմնականում այն թաքնված է, ու այդ իմաստով հակաիրանականությունը Ադրբեջանում մրցակցում է հակահայկականության հետ: Շատ դեպքերում դժվար է որոշել, արդյոք, ադրբեջանական հասարակությունը թունավորվում է հակահայակակա՞ն, թե՞ հակաիրանական քարոզչությամբ: Ընդորում, կա մի կարևոր հանգամանք ևս, քանի որ այսօրվա Ադրբեջան կոչված արհեստածին կառույցը ստեղծվել է պատմականորեն իրանական ինքնություն ունեցող տարածքի վրա, հետևաբար, Ադրբեջանում ժխտում են  այն ամենը ինչ առնչվում է իրանականության հետ: Այսինքն՝ հակաիրանականությունը Ադրբեջանի  ինքնության բաղկացուցիչ մասն է: Հետևաբար, պատահական չէ, որ ավելի բարձր պաշտոնյաներ, հիշենք՝  90-ականներին Ադրեբեջանի նախագահի մակարդակով  իրականացվում էր հակաիրանական քարոզչություն: Այսօր, ադրեբջանական քաղաքաաակն վրանախավը Իրանի հարոցւմ ուենոլով որոծակի վախեր, բացահայտորեն չի արտահայտում իր հակաիրանական  դիրքորոշումները, բայց  դա  չի նշանակում, թե այդպիսիք չկան:

Արցախյան հիմնահարցի հետ կապված  նախարար Սարգսյանը Իրանում  մի կարևոր  շեշտադրում արեց,  թե խնդիրը  միայն Հայաստանին  չպետք է  անհանգստացնիցանկացած լարվածություն  ձևավորում  է միջավայրիսկ դրանից բխող ապագա վտանգները շատ ավելին են տարածաշրջանի համար, քան միայն Հայաստանի անվտանգային շահերը: Նախարարը եզրահանգեց՝  մենք պետք է աշխատենք բոլոր գործընկերների  հետ՝  տարածաշրջանում լարվածություն  թույլ չտալու համարԻ՞նչ կասեք  Հայաստանի նախաձեռնողական նման  քաղաքականության մասին:

-Հիշենք, որ մինչ Իրան այցելելը Վիգեն Սարգսյանն այցելեց հարևան Վրաստան, ապա Հունաստան, ՆԱՏՕ-ի անդամ այս երկիրը Հայաստանի հետ ունի չափազանց  սերտ բարեկամական հարաբերություններ: Այսինքն՝ Հայաստանը խորացնում է իր գործակցությունը ու փորձում ավելի բարելավել իր դիրքերն անվտանգության առումով:

Նաև հիշեցնեմ, որ չափազանց կարևոր էր իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի՝ ՊՆ նախարարի շուրթերից հնչեցվածը, թե Իրանը կողմնակից չէ տարածաշրջանում ուժի կիրառման ու լարվածության մեծացման: Այն ուղղված էր Ադրբեջանին, քանի որ բոլորի համար պարզ է, թե ո՞վ է պարբերաբար սպառնում ուժով  լուծել  արցախյան խնդիրը և ո՞վ է այդ ուժը առաջինը կիրառողը: Իրանի կողմից հնչեցվածը լուրջ ազդակ էր ու այն առավել նյարդայնացրեց Բաքվին:

Վերջին շրջանում Հայաստանի ձեռնարկած քայլերը ցույց են տալիս, որ մեր երկիրն ընթանում է համագործակցությունների նոր ուղով. մի կողմից՝  Իրան-Հայաստան-Վրաստան եռակողմ համագործակցությունն է, մյուս կողմից՝ Ռուսաստան-Վրաստան-Իրան-Հայաստան, նաև՝ Թուրքմենստան-Իրան-Հայաստան-Վրաստան համագործակցությունը, որը կուղղվի դեպի Արևելյան Եվրոպա: Այսպիսի նախաձեռնողական քաղաքականությունը լրջորեն մեծացնում է մեր երկրի հնարավորությունները ոչ միայն տնտեսական ու պաշտպանական տիրույթներում, այլ ընդհանրապես, բարձրացնում է ՀՀ աշխարհաքաղաքական դերակատարությունը տարածաշրջանում՝ մեր երկրին տալով բոլորվին նոր կարգավիճակ: Եվ դա ուրախալի է: Եթե մեզ հաջողվի բոլոր դաշտերում առկա ներուժը  արդյունավետորեն իրացնել, ապագայում, որակական ու ազդեցության առումով, կունենանք նոր ու ավելի հզոր երկիր:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ