Գլխավոր » Politics, Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն

Սեյրան Օհանյանը հեռանալու դիմում չի ներկայացրել, ԵԿՄ-ն էլ նրան չի հեռացրել

Փետրվար 2, 2017թ. 17:20
Արա Կետիկյան

Հարցազրույց Երկրապահ կամավորականների միության փոխնախագահ ԱՐԱ ԿԵՏԻԿՅԱՆԻ հետ
Համապետական ընտրություններից մեկ ամիս առաջ՝ մարտ ամսին Երկրապահ կամավորական միությունը պատրաստվում է հրավիրել համագումար: Արդյոք սա ուղղակիրորեն պայմանավորված չէ՞ սպասվող ընտրություններով:
-Ոչ, քաղաքական ենթատեքստեր պետք չէ փնտրել, քանի որ ԵԿՄ 11 համագումարը լինելու է մեր հերթականը: Եթե հետևեք՝ կհամոզվեք, որ մշտապես մեր բոլոր համագումարները տեղի են ունեցել փետրվար, մարտ ամիսներին: Ու այնպես չէ, որ մենք համագումար ենք հրավիրում հատուկ ընտրությունների համար: Առաջիկա ուրբաթ օրը կկայանա ԵԿՄ վարչության ընդլայնված նիստը, որին կմասնակցեն մեր բաժանմունքների նախագահները, նիստում էլ կորոշենք համագումարի օրն ու ժամը և այդ մասին կհայտարարենք:
-Այնուհանդերձ, դժվար է պատկերացնել, որ ԵԿՄ համագումարը կշրջանցի երկրում տեղի ունենալիք թիվ մեկ քաղաքական իրադարձությունը՝ ընտրությունները: Իսկ մամուլում արդեն գրվում է, որ ԵԿՄ-ն իր համագումարում կհայտարարի խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ին սատարելու մասին:
-Այս անգամ ստացվեց այնպես, որ մեր հերթական համագումարին, այո, հաջորդելու է երկրում տեղի է ունենալիք քաղաքական կարևոր իրադարձությունը: Մենք երբեք չենք թաքցրել ԵԿՄ-ՀՀԿ համագործակցության մասին: ՀՀԿ-ն մի կուսակցություն է, որի հետ ԵԿՄ-ն երկար ճանապարհ է անցել ու պատմություն կերտել: Չմոռանանք, որ Հանրապետական կուսակցության բոլոր առաջնորդները՝ Աշոտ Նավասարդյան, Վազգեն Սարգսյան, Անդրանիկ Մարգարյան, Սերժ Սարգսյան, երկրապահներ են: Ինչ վերաբերում է ընտրություններին ՀՀԿ-ին սատարելու մասին հայտարարությամբ հանդես գալուն, ապա գիտեք, որ համագումարը հայտարարություն է անում այն ժամանակ, երբ տեղի են ունենում բոլոր նիստերը, հնչում են բոլոր ելույթներն ու առաջարկները, և ամփոփվում են աշխատանքները: ԵԿՄ տարածքային կառույցների մասնակցությամբ մենք կքննարկեն այս բոլոր հարցերը, կամփոփենք ու դրանից հետո միայն կկայցնենք համապատաասխան որոշում, որից հետո հանդես կգանք հայտարարությամբ: Այնպես որ, այսօր դեռ վաղ է այդ մասին խոսելը:
Տպավորություն կա, որ ԵԿՄ-ն այս ընտրություններին շատ ակտիվ է մասնակցելու:
– Գիտեք, որ ԵԿՄ-ն քաղաքական կառույց չէ, բայց միշտ՝ այս կամ այն չափով եղել է քաղաքականության մեջ, ու դա պայմանավորված է նրանով, որ ԵԿՄ-ում քիչ չեն քաղաքական գործունեությամբ զբաղվող անդամները, որոնք մշտապես մասնակցել են նաև խորհրդարանական ընտրություններին: Ուզում եմ հիշեցնել Սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերը՝ ես զբաղվում եմ քաղաքականությամբ, որպեսզի ՙԵրկարապահը՚ քաղաքականությունից հեռու մնա: Այս տրամաբանությամբ, այս անգամ ևս մի շարք երկրապահներ տարբեր մարզերում, քաղաքաներում կառաջադրվեն որպես պատգամավորության թեկնածուներ: Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք նախկինում եղել են կա՛մ պատգամավորներ, կա՛մ պետական կառավարման փորձ ունեն: Եվ ես վստահ եմ, որ ԵԿՄ անդամները հաղթելու են:

-Իսկ հստակեցրե՞լ եք ձեր ցուցակը: Ի դեպ, դուք ևս եղել եք պատգամավոր, ունեք օրենսդրական աշխատանքի փորձ, հնարավոր է՞, որ ձեր անունը ևս կարդանք  առաջադրվողների ցանկում:
-Ոչ, ես չեմ առաջադրվելու որպես պատգամավորության թեկնածու, այսօր ես Երևանու ավագանու անդամ եմ, այստեղ շատ կարևոր աշխատանք կա անելու ու ես փորձում եմ օգտակար լինել այդ դաշտում: Ցուցակը դեռ ամբողջությամբ պատրաստ չէ, ժամանակը կգա և մենք պաշտոնապես կհայտարարենք մեր թեկնածուների անունները: Սակայն այսօր ես կարող եմ թվել նրանցից մի քանիսի անունը՝ Ղուկաս Ուլիխանյան, Համլետ Հայրապետյան, Վարդան Պետրոսյան, Գրիշա Դավթյան և իհարկե, Սեյրան Սարոյան: Էլի կան պատգամավորության թեկնածուներ, որոնց անունները առաջիկայում կհրապարակենք, այսօր ավելին չեմ կարող ասել, քանի որ ներքին քննարկումների փուլը դեռ չի ավարտվել և վերջնական որոշում չի կայացվել:
-Փաստորեն, ԵԿՄ թեկնածուները ընտրություններին կմասնակցեն Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակներով:
-Այո, ուզում եմ հատուկ շեշտել, որ ԵԿՄ թեկնածուներին աջակցելու է Հանրապետական կուսակցությունը և մենք ներկայացված կլինենք ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակներում: Մենք մեր շարքերին կոչ ենք անում լինել մեր կողմից առաջադրված թեկնածուների կողքին, որոնք ՀՀԿ-ի հետ ցուցակներով կմտնեն խորհրդարան: Այս հանգամանքը դարձյալ փաստում է այն մասին, որ շարունակվում է ԵԿՄ-ՀՀԿ համագործակցությունը:
Դառնանք վերջին շրջանում հաճախ շրջանառվող այն լուրեին, թե ԵԿՄ-ում կան ներքին խմորումներ, ինչի արդյունքում կառույցը հայտնվել է կազմալուծման շեմին: Այս հարթության մեջ խոսվում է նաև ՊՆ նախկին նախարար, ԵԿՄ անդամ Սեյրան Օհանյանին կառույցից հեռացնելու մասին: Կա՞ հեռանալու, կամ հեռացվելու գործընթաց:
– Երկրապահի ստեղծման առաջին իսկ օրից տարբեր մարդիկ, թերևս ինչ-ինչ պատճառներով թելադրված՝ խոսում են կառույցի քանդման մասին: Այդ բոլորը ընդամենը խոսակցություններ են, քանի որ ԵԿՄ-ն ոչ միայն չի քանդվում, այլ ավելի ու ավելի է հզորանում: Ինչ վերաբերում է հեռանալ-հեռացվելու գործընթացին, որպես ԵԿՄ փոխնախագահ հայտարարում եմ՝ նման գործընթաց չկա: Մենք չունենք գեթ մեկ դիմում, որով ԵԿՄ անդամը կհայտնի շարքերից հեռանալու մասին: Վերջին շրջանում մենք որևէ մեկին չենք հեռացրել մեր շարքերից ու չենք պատրաստվում հեռացնել: Եթե կլինեն նման դիմումներ կամ քննարկումներ՝ այդ մասին տեղյակ կպահենք: Այնպես որ, Սեյրան Օհանյանը դիմում չի ներկայացրել իր հեռանալու մասին, Երկարպահն էլ նրան չի հեռացրել:
-Իսկ ի՞նչ կասեք այն մասին, թե Սեյրան Օհանյանը վաղուց՝ դեռ 2008-ից ԵԿՄ անդամ չէ: 
– Իմ տեղեկություններով Սեյրան Օհանյանը ԵԿՄ անդամ է, որովհետև Հայաստանի Հանրապետության բոլոր նախագահներն ու գրեթե բոլոր ՊՆ նախարարները եղել են ԵԿՄ անդամներ: Ուզում եմ շեշտել, որ ՙԵրկարապահ՚-ում հակառակ գործընթաց է ծավալվում, մեր շարքերն անընդհատ համալրվում են: Եթե արցախյան ազատամարտի մասնակից, կռված տղաները վաղուց են ԵԿՄ-ին անդամակցել, ապա այսօր մեզ են միանում մտավորականներ, ՙԵրկրապահ՚-ի ծրագրերն իրականցնելու պատրաստ քաղաքացիներ: Մեզ առանձնապես ոգևորում է երիտասարդների անդամակցությունը: Ապրիլյան իրադարձությունները որպես չավարտված պատերազմի մի փուլ ևս փաստեցին երկրապահների սերնդափոխության մասին. հարյուրավոր երիտասարդ երկարապահներ մեր կոչով առաջին իսկ օրից մեկնեցին առաջնագիծ՝ պաշտպանելու մեր հայրենիքի սահմանները: Եվ մենք հպարատանում ենք դրանով:
-Սեյրան Օհանյանի՝ իշխանությունից հեռանալն ու ընդդիմադիր դաշտ տեղափոխվելը ինչպե՞ս ընդունվեց  <<Երկրապահ>>-ում:
-Մենք հատուկ քննարկում չենք արել, թե ո՞վ, ի՞նչ դիրքորոշում ունի: Տարբեր քաղաքական ուժեր, գործիչներ օրական դիրքորոշում են փոխում, և դա ՙԵրկրապահ՚-ի հետ ոչ ի առնչություն չունի, մեր դիրքորոշումը կայուն է, այն կա ու մնում է նույնը՝ լինել պետության, ժողովրդի կողքին: ԵԿՄ-ն լինելով քաղաքական կայունության կողմնակից կառույց իր բոլոր հնարավորություններն օգտագործել է դրան հասնելու համար, քանի որ մենք շատ լավ գիտակցում ենք, որ ներքին անկայունությունն ուղղակիորն ազդում է սահմանների ամրության վրա:

-Ճի՞շտ է, որ Օհանյանը ԵԿՄ-ում ունի մեծ թվով համախոհներ, հետևաբար, հեռանալու դեպքում նա իր հետ կարող է տանել նաև ոչ քիչ թվով ԵԿՄ անդամների, ինչը կարող է կառույցի ներսում խառնաշփոթի պատճառ դառնալ:
-Զարմանում եմ, որ մեզանում շրջանառվում են նման կարծիքներ: Նախ, ինչպես ասացի՝ Սեյրան Օհանյանը հեռանալու մասին որևէ դիմում չի ներկայացրել ու նման խոսակցություններ չկան: Մյուս կողմից, երբ որևէ մեկը դուրս է գալիս <Երկրապահ>-ից դա չի նշանակում, թե կառույցը քանդվեց կամ խառնաշփոթ իրավիճակ եղավ: Նման լուրեր շրջանառողները թող իմանան, որ Երկրապահն ամուր կառույց է ու նման իրավիճակներն ամենևին չեն կարող անդրադառնալ նրա վրա: Հիշեցնեմ նաև, որ Երկրապահը ստեղծվել է մեր անկախ հանրապետության ստեղծումից առաջ՝ 89-90 թթ., երբ ձևավորվեց Երկրապահ միասնական շտաբը: Տարիների ընթացքում կառույցն ավելի ու ավելի ամրացավ իր ավանդույթներով: Այնպես որ, որևէ անձի փոփոխությամբ ԵԿՄ-ն չի կարող քանդվել, անկախ նրանից, թե կառույցից դուրս եկողը ո՞վ է՝ ե՞ս, ընկերներիցս որևէ մեկը՞, թե՞ Սեյրան Օհանյանը: Նաև նշեմ, եթե այս կամ այն պատճառով ինչ-որ մեկը լքել է Երկրապահը, հավատացեք, վաղ, թե ուշ կրկին վերադարձել է:
-Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը , Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ևս ՀՀԿ-ից հեռանալու դիմում են ներկայացրել, նրանք ԵԿՄ անդամներ են, ի՞նչ է նրանց սպասվում: Հաշվի առնելով՝ ԵԿՄ-ՀՀԿ համագործակցությունը հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ից դուրս գալն ու այլ քաղաքական դաշտ տեղափոխվելը անդրադառնա նրանց ԵԿՄ անդամակցության վրա:
-Ինչպես ասացի, ՙԵրկրապահ՚-ից որևէ մեկը հեռանալու դիմում չի ներկայացրել, այդ թվում նաև ձեր նշած անձինք: Չնայած քաղաքականությամբ զբաղվող երկրապահների մեծամասնությունը ՀՀԿ-ականներ են, բայց դա չի նշանակում, որ եթե նրանցից որևէ մեկն այլևս ՀՀԿ-ական չէ, ուրեմն մենք նրա հետ կապված այլ եզրահանգումներ պետք է անենք: Մենք հարգում ենք բոլորի իրավունքները, այլ բան է, որ պետք է նաև տեղյակ լինենք, թե մեր ո՞ր անդամը, ի՞նչ կուսակցության է հարում:

Ուզում եմ, որ բոլորի համար պարզ և հստակ լինի՝ Երկրապահը մարդկանց հավաքել է մեկ գաղափարի շուրջ, դա երկիրը, նրա սահմանները ամուր պահել- պահպանելու գաղափարն է: Հետևաբար, Երկրապահի շարքերում կարող են նաև լինել տարբեր կուսակցության անդամներ, և այդպիսիք կան, պարզապես նրանք մեծ թիվ չեն կազմում: Ասելիքս այն է, որ պայմանավորված կուսակցական գործունեությամբ որևէ մեկը ԵԿՄ-ից ոչ հեռանում է, ոչ հեռացվում: Մենք հեռացնում ենք միայն այն մարդկանց, որոնք մեր պետության, մեր ժողովորդի ու Երկրապահի դեմ ուղղված անպարկեշտ գործողություններ են կատարում, մեր ծրագրերը չեն իրականացնում, դեմ են գնում մեր դիրքորոշումներին, դավաճանական քայլեր են կատարում:

Բարեբախտաբար, այսքան ժամանակ նման դեպքեր չեն եղել:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն