Գլխավոր » Politics, Ադրբեջան, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

Խորհրդարանական ընտրությունները և քաղաքական կոնսենսուսի անհրաժեշտությունը

Փետրվար 1, 2017թ. 16:26
սեղան

Քանի որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները ժամանակային առումով համընկնելու են գարնանային ամիսներին անխուսափելի դարձող Ադրբեջանի ռազմաքաղաքական սադրանքների ակտիվացման հերթական հանգրվանի հետ, Հայաստանի քաղաքական ուժերն ու ողջ հասարակությունը նախապես հարկ է, որ պատրաստ լինեն դիմագրավելու հակառակորդի «սյուրպրիզներին»։
Բաքուն տորպեդահարում է Ղարաբաղյան բանակցային գործընթացի վերաշխուժացման բոլոր փորձերը, ուստի Հայաստանի քաղաքական գործընթացները դիտարկում է իբրեւ մեր երկրի համար նոր բարդություններ ստեղծելու պատեհ առիթ։
Նման հեռանկարի գոյությունը մեծագույն պատասխանատվության տակ է դնում առաջիկա ընտրապայքարի բոլոր մասնակիցներին, որոնց քաղաքական ծրագրերի մասն են կազմում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ պատկերացումները։
Նախապես հարկ է շեշտադրել, որ այս հարցում իշխանության եւ հիմնական ընդդիմադիր ուժերի դիրքորոշումների միջեւ խորքային տարբերություններ չկան։ Անշուշտ Ղարաբաղի հարցը միշտ էլ հարմար խաղաքարտ է եղել մեր բոլոր ընտրություններին մասնակցած ուժերի համար։
Բայց այս անգամ բանավեճի առարկա կարող է դառնալ ոչ այնքան նրա արտաքին՝ դիվանագիտական կողմը, որքան, այսպես ասած, ներքին բովանդակությունը։ Այսինքն՝ երկրի զարգացման համապատասխան մոդելի ընտրության միջոցով Ղարաբաղի հարցում մեր դիվանագիտության թիկունքն ամրապնդելու խնդիրը։
Բանակցային գործընթացը փակուղում հայտնվելու պայմաններում հայ դիվանագիտությունն այժմ արտաքին լսարանի համար կառուցողականություն ցուցադրելու առանձնակի պատճառ չունի։ Ո՞վ է ստեղծել ներկա փակուղին՝ միջնորդներին հայտնի է, ուստի նրանք նույնպես Հայաստանի վրա ճնշում գործադրելու առիթ ու պատճառ չունեն։ Ամեն ինչ ասված է։ Ավելի քան պարզ է, թե որ կողմն է խանգարում փոխադարձ վստահության մեխանիզմների ձեւավորման եւ բանակցություններում առաջընթաց արձանագրելու գործին։ Ուրեմն առաջիկա ամիսներին՝ մինչեւ ընտրությունների ավարտը, միջնորդներից նույնպես առանձնակի անակնկալներ չեն սպասվում։
Մինչդեռ բոլորովին այլ մտադրություններ ունի Ադրբեջանի ղեկավարությունը։ Դատելով նրա նյարդային պահվածքից՝ դժվար չէ ենթադրել, որ 2017-ի գարնանը՝ եղանակի տաքացմանը զուգընթաց, Բաքուն կփորձի աշխուժացնել ռազմական շփման գծի երկայնքով պարբերաբար գործի դրվող իր սադրանքները։ Դրանք պատերազմի վերածելու համար Ադրբեջանը ներկայումս մեծածավալ աշխատանք է տանում աշխարհի ազդեցիկ երկրների մայրաքաղաքներում։
Սակայն, դատելով Ռուսաստանի արտգործնախարարի ու ԱՄՆ նոր պետքարտուղարի վերջին հայտարարություններից, միջազգային հանրությունը ամուր է կանգնած խնդրի խաղաղ, բանակցային կարգավորման ելակետի վրա։ Ընդ որում՝ այս հարցում պահպանվող միջազգային կոնսենսուսը խարխլելու հնարավորություն Ադրբեջանը չունի։
Ուրեմն խնդիրն այն է, թե խորհրդարանական ընտրապայքարի մեջ մտած մեր քաղաքական ուժերին կհաջողվի՞ ձեւավորել նույնպիսի եւ նույնիմաստ կոնսենսուս նաեւ երկրի ներսում։
Դրա համար խիստ կարեւոր է Հայաստանի իշխանության նախընտրական դիրքորոշումը, որը հստակորեն ներկայացված է Բանակի օրվա կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթում։ Պատկերավոր համեմատության միջոցով՝ Ս.Սարգսյանը հիշեցրեց, որ 1992 թվականի հունվարին՝ Քարինտակի հերոսամարտի ժամանակ, մի գյուղացի, պաշտպանելով իր սեփական տունը, կռվել է նրա բոլոր սենյակներում՝ պատշգամբում, որտեղից նահանջել է խոհանոց, ապաեւ ճաշասենյակում, որից հետո հակառակ հաջորդականությամբ դուրս է մղել թշնամուն իր տնից։
Նման համեմատությունից բխող հետեւությունը հետեւյալն է՝ 2016 թվականի ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, թե «որքան կենսական եւ անփոխարինելի նշանակություն ունի Արցախի շուրջ ստեղծված անվտանգության գոտին։ Մենք չենք պատրաստվում եւս մի տեւական պատերազմ վարել մեր սեփական պատշգամբում եւ խոհանոցում։ Մենք դա արդեն արել ենք»։ Այսինքն՝ ազատագրված տարածքները մեզ համար կենսական տարածքներ են՝ մեր տան պատշգամբը, որը չպաշտպանելու դեպքում կկորցնենք խոհանոցն ու մյուս սենյակները։
Նման հստակ հարցադրումը փակում է Ղարաբաղի հարցի շուրջ նախորդ տարիներին տեղի ունեցած բանակցությունների ընթացքում առաջ քաշված՝ ազատագրված տարածքների զիջման խնդիրը ներքաղաքական նպատակներով շահարկելու փորձերի ճանապարհը։ Ակնհայտ է դառնում, որ ներկայումս խնդիրը այդ տարածքները պահելու համար անհրաժեշտ՝ ներուժ-կարողականության ստեղծման մեջ է։ Այսինքն՝ բանավեճի առարկա կարող է լինել ոչ թե «ինչ»-ը, այլ «ինչպես»-ը ։
Այս առումով միակ քաղաքական ուժը, որն իր առաջնորդի բերանով դեռեւս համառում է, ՀԱԿ-ն է։ Նա էլ իրականում շատ տուրք է տալիս ոչ թե ռեալ իրականության հետ հաշվի նստելու, այլ Տեր-Պետրոսյանի «անսխալականությունն» ապացուցելու նպատակին։
Ուրեմն՝ եթե մի կողմ դնենք նման վերապրուկային-ատավիստական բնույթ ունեցող զիջողականությունը, ապա ակնհայտ կդառնա, որ Ղարաբաղի հարցում մեզանում գոյություն ունի հստակ քաղաքական կոնսենսուս։ Սա լուրջ քաղաքական նախադեպ է, որը ձեռք է բերվել շուրջ 2 տասնամյակ տեւած բուռն բանավեճերի ընթացքում եւ վերջնականապես բյուրեղացել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի հետեւանքով։
Առաջիկա ներքաղաքական պայքարից առաջ Հայաստանի իշխանությունները որոշակի մեսիջ են ուղղում բոլոր քաղաքական ուժերին, որը բաղկացած է երկու կետից.
ա) Ղարաբաղի հարցում քաղաքական կոնսենսուսը առաջիկայում եւս պետք է հիմնվի վտանգի պահին համախմբվելու անվերապահ պատրաստակամության վրա, որի հիմքը մեր տունը պաշտպանելու վճռականության մասին իշխանության ավելի քան հստակ հավաստիացումն է,
բ) առաջիկայում քաղաքական բանավեճը պետք է կենտրոնանա Հայաստանի զարգացման այնպիսի մոդելի ընտրության վրա, որն ապագայում թույլ կտա հայ դիվանագիտությանը իրեն ավելի վստահ զգալ բանակցությունների սեղանի շուրջ։
Սա նշանակում է նաեւ, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները պետք է արդար ու թափանցիկ լինեն, իսկ դրանցից հետո սովորաբար ծավալվող ներքաղաքական գործընթացները պառակտելու փոխարեն՝ պետք է համախմբեն երկիրը արտաքին նոր մարտահրավերներին դիմակայելու համար։
Ղարաբաղի հարցում քաղաքական կոնսենսուսի ձեւավորման անհրաժեշտությունը Հայաստանի քաղաքական ուժերին որոշակի շրջանակների մեջ դնելու մտադրություն չէ, այլ արտաքին վտանգի մեծացման պայմաններում պատշաճ մակարդակով ընտրություններ կազմակերպելու եւ միաժամանակ՝ հարկ եղած դեպքում թշնամուն հակահարված հասցնելու ավելի քան լուրջ նպատակների շուրջ քաղաքական ուժերի ու երկրի հասարակության համախմբման առաջարկ։

Վարդան Գրիգորյան

<<Հայոց Աշխարհ>>

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Ադրբեջան, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն