Գլխավոր » TOP, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Ռեյտինգային ցուցակները չարիք ե՞ն լինելու կուսակցությունների համար

Հունվար 27, 2017թ. 16:24
ընտրություններ 1

Ընտրական օրենսգրքում ներդրված, այսպես կոչված՝ռեյտինգային ցուցակների կարգը քաղաքական ուժերի ու գործիչների կողմից շարունակում է մնալ լիարժեք չընկալված ու անհասկանալի: Իսկ քիչ, թե շատ գլուխ հանածները մի կողմից պնդում են, թե այն իրականում վտանգավոր ընտրակարգ է, քանի որ ներկուսակցական պառակտումների պատճառ է դառնալու, մյուս կողմից հավաստում՝ այն մեկ քայլ առաջ է նախկին ընտրակարգի համեմատությամբ:
Թեմայի շուրջ զրուցեցինք սահմանադրական իրավունքի մասնագետ, ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ
– Նոր ընտրական օրենսգրքի ընդունման փուլում շատ խոսվեց ռեյտինգային քվեարկության մասին, չնայած դրան այդ ընտրակարգը շատերի կողմից շարունակում է մնալ չհասկացված, թերևս պատճառը օրենքի խրթին լինելն է: Ներկայացրեք, խնդրեմ, ի՞նչ ասել է ռեյտինգային կարգ և ո՞րն է այս համակարգի առանձնահատկությունը:
-Իրոք, բարձրագույն մաթեմատիկային հատուկ ինչ-որ անորոշ ու ոչինչ չասող բանաձևեր, խրթին ձևակերպումներ, այսպիսին է ըստ իս օրենքը: Եվ մարդիկ մեղավոր չեն, որ չեն հասկանում օրենքի պահանջը կամ դժվար են պատկերացնում այն: Որպես մասնագետ ինձ համար ևս ամբողջովին պարզ չէ, թե ինչպե՞ս են, օրինակ, ամփոփվելու ռեյտինգային կարգով առաջադրվածների ձայները: Նոր ընտրակարգը նաև բավականին նորամուծություններ ունի տեխնիկական առումով, ինչը դեռ մեր ընտրողները պետք է կարողանան մինչ ընտրությունները տիրապետել ու մարսել:
Նախկինում մենք համադրում էինք համամասնական ու մեծամասնական ընտրակարգերը, այսինքն՝ քաղաքացին ընտրության ժամանակ իր ձայնը տալիս էր կոնկրետ թեկնածուի օգտին, իսկ առանձին քվեաթերթիկով քվեարկում կոնկրետ կուսակցության համար: Նախկին համակարգով քաղաքացին կարող էր իր ձայնը տալ մեծամասնական ընտրակարգով առաջադրված և իր համակրելի թեկնածուին, բայց չքվեարկել այն կուսակցություն օգտին, որի անդամն էր իր թեկնածուն: Եվ ստացվում էր այնպես, որ սիրված թեկնածուն մեծամասնական համակարգով կարող էր ստանալ 20 000 ձայն, մինչդեռ իր կուսակցությունը՝ 2000 ձայն:
Սակայն այլ իրավիճակ է նոր ընտրակարգի պարագայում: Նախ, այժմ ունենք մեկ քվեաթերթիկ, որը բաղկացած է երկու էջից: Ընդ որում, ընտրողին կտրվի մասնակից կուսակցությունների թվով քվեաթերթիկ: Այն կուսակցությունը, որին ուզում եք տալ ձեր ձայնը՝ կառանձնացնեք նրա քվեաթերթիկիկը, իսկ մյուսների քվեաթերթիկները կնետեք քվեախցիկում տեղադրված աղբարկղը:
Քվեաթերթիկի երկրորդ էջը նախատեսված է ռեյտինգային քվեարկության համար: Ռեյտինգային թեկնածուների առումով հանրապետությունը բաժանված է 13 տարածքների՝ 9-ը՝ մարզերում, 4-ը՝ Երևան քաղաքում:
Ո՞րն է ռեյտինգային ընտրակարգի առանձնահատկությունը, իմաստը. կոնկրետ ընտրատարածքում առաջադրված ձեր համակրելի ռեյտինգային թեկնածուն որքան շատ ձայներ ստանա, դրանք մեխանիկորեն փոխանցվելու են այն կուսակցությանը, որի անդամ է նա: Հետևաբար, տվյալ կուսակցության ռեյտինգային ցուցակում առաջադրված ամեն մի թեկնածու պետք է իր բոլոր ջանքերը ներդնի շատ քվեներ ստանալու և ռեյտինգային ցուցակում անցողիկ տեղ գրվելու համար:
Կա նաև մեկ այլ խնդիր. x կուսակցության ռեյտինգային կարգով առաջադրված թեկնածուն կարող է ջախջախիչ առավելություն ունենալ մյուսների նկատմամբ, բայց եթե տվյալ կուսակցությունը կամ դաշինքը չկարողացավ հաղթահարել համապատասխանաբար 5 կամ 7 տոկոսը, ապա ի չիք կդառնան նաև ռեյտինգային թեկնածուի հավաքած ձայները:
– Յուրաքանչյուր կուսակցություն ցանկացած ընտրատարածքում պետք է ունենա նվազագույնը 5 թեկնածու, իսկ առավելագույնը այնքան, որպեսզի յուրաքանչյուր թեկնածուին հասնի առնվազն 15 հազար ընտրող: Ենթադրվում է, որ առավելագույն թեկնածուների քանակը կլինի 10-15 հոգի: Փաստորեն, ստացվում է, որ նույն ընտրատարածքում առաջադրված կուսակիցները պայքարելու են մեկմեկու դեմ: Սա չի՞ հանգեցնի ներկուսակցական լարվածության:
-Անշուշտ, կուսակցությունների ներսում մրցակցությունը, լարվածությունը կմեծանա և նույն ընտրատարածքի նույն կուսակցական թեկնածուների միջև կլինի սուր պայքար: Բայց սա նաև ինքնաբերաբար կհանգեցնի կուսակցության ձայների ավելացմանը, քանի որ այդ բոլոր ձայները փոխանցվում են տվյալ կուսակցությանը: Սա է ռեյտինգայինի իմաստը:
Եթե նախկինում յուրաքանչյուր կուսակցություն իրավունք ուներ մեծամասնական ընտրակարգով միայն մեկ թեկնածու առաջադրել և այդ թեկնածուն պայքարում էր մեկ այլ կուսակցության թեկնածուի դեմ, ապա նոր ընտրական օրենսգրքի համաձայն կուսակցությունը կարող է առաջադրել մինչև 15 հոգի նույն կուսակցության անդամներ, որոնք, այո, պայքարելու են իրար դեմ՝ սեփական ձայների համար:
Մյուս կարևոր հանգամանքը. այդ 15 թեկնածուները լինելով նույն կուսակցության անդամներ, փաստորեն, ընտրողի առաջ հանդես են գալու նույն նախընտրական ծրագրով: Նրանցից ամեն մեկը նոր բան ասել չի կարող, որովհետև կուսակցության նախընտրական ասելիքը հենց կուսակցությունն է որոշում, իսկ թեկնածուն պետք է շարժվի իր քաղաքական ուժի նախընտրական պյատֆորմով: Ի՞նչ է ստացվում. ռեյտինգային 15 թեկնածուների ծրագիրն էլ նույնն են լինելու, ուրեմն նրանցից ամեն մեկը պետք է փորձի ընտրողին հավատացնել, համոզել, հիմնավորել, թե ինչո՞վ է ինքն առավել իր մյուս կուսակիցներից և ինչո՞ւ պետք է ընտրողը հատկապես հենց իրեն ձայն տա: Սա, իրոք, շատ դժվար է, ու նաև վտանգավոր, քանի որ կարող է դառնալ ներկուսակցական լարվածության, պայքարի առիթ:
-Կան քաղաքական ուժեր, որոնք խոստովանում են, որ հանրապետությունով մեկ ընկած ռեյտինգային ցուցակի թեկնածուներ են փնտրում: Իսկ նման մարդկանց գտնելը հեշտ գործ չէ, նրանք պետք է լինեն մեծ հեղինակություն վայելող անձինք, որպեսզի կարողանան մեծաքանակ ձայներ բերել թե՛ իրենց, թե՛ հարազատ կուսակցությանը:
-Իսկապես սա շատ լուրջ խնդիր է դառնում: Ընտրական օրենքի համաձայն կուսակցությունը պարտավոր է նվազագույնը 5 ռեյտինգային թեկնածու առաջադրել 13 ընտրատարածքներում: Հիմա՝ 13-ը բազմապատկեք 5-ով, ստացվում է, որ կուսակցությունը նվազագույնը 65 ռեյտինգ ունեցող մարդ պետք է գտնի, որպեսզի կարողանա լցնել իր ռեյտինգային ցուցակը: Սա այսօր կուսակցությունների առաջ ծառացած լուրջ խնդիրներից մեկն է: սա մի համակարգ է, որտեղ վճռորոշ է լինելու անձնական գործոնը:
Բայց այս ամենով հանդերձ, նաև ուզում եմ ասել, որ նոր ընտրակարգը ես առաջընթաց քայլ եմ համարում: Ինչո՞ւ, որովհետև, ըստ էության, այն նպաստելու է քաղաքական ուժերի կայացմանը, նրանց դերակատարման մեծացմանը:
-Բայց մյուս կողմից, ռեյտինգային ընտրակարգն արդյոք դուռ չի՞ բացում թաղային հեղինակությունների առաջ, հեշտացնում նրանց մուտքը խորհրդարան:
-Չեմ կարծում, որ թաղային հեղինակությունների համար սրանով լավ պայմաններ են ստեղծված: Թաղային հեղինակություների դեպի խորհրդարան մուտքն արգելքը ոչ թե որոշվում է ռեյտինգային համակարգի ներդրմամբ, այլ ժողովրդի կիրթ գրագետ լինելով:Եթե ժողովուրդը չունի տարրական գիտելիքներ պետության, ընտրական գործընթացների վերաբերյալ, չի գիտակցում Ազգային ժողովի դերը, կգնա և 10 000 դրամով կվաճառի իր ձայնը: Ուրեմն, նախ պետք է մտածողություն փոխվի, որպեսզի թաղային հեղինակությունների փոխարեն խորհրդարան մտնեն նորմալ, գրագետ մարդիկ:
Մինդեռ այսօր, մեր հասարակության համար պատգամավորն իր լույսի պարտքերը փակողն է ու ասֆալտ անողը: Քանի դեռ այս մոտեցումը չի փոխվել, քանի դեռ չի բարձրացել ժողովրդի քաղաքական մտածողությունը, ինչ տեսակի ընտրական համակարգ էլ ներդնենք, միևնույն է՝ ոչ մի առաջընթաց չի լինի:
Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն