Գլխավոր » NKR, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Վիկտոր Սողոմոնյան. Լիպարիտյանի պատմածն իրականության հետ առնչություն չունի

Հունվար 27, 2017թ. 00:02
Վիկտոր սողոմոնյան

Պրն Սողոմոնյան. երեկ (25.01.2017թ.) «Առավոտ» օրաթերթի կայքում հրապարակվել է Ժիրայր Լիպարիտյանի «Փաթեթային, փուլային եւ մոռացված պահեր» վերտառությամբ հոդվածը, որտեղ պրն. Լիպարիտյանը հանրությանն է ներկայացրել մինչ օրս անհայտ մի պատմություն, ըստ որի, 1997թ. Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը, Սամվել Բաբայանը եւ Վազգեն Սարգսյանը կողմ են եղել արցախյան խնդրի փուլային այն տարբերակին, որ առաջարկել է Լեւոն Տեր-Պետրոսյանը (որն այնուհետ, ըստ էության, շարադրել է «Պատերազմ, թե՞ խաղաղություն» հոդվածում, եւ հենց նշված անձանց հետ տարաձայնությունների արդյունքում հրաժարական տվել): Ծանո՞թ եք այդ հրապարակմանը եւ ինչպես կմեկնաբանեք:
– Այո, ես ծանոթ եմ հրապարակմանը: Ավելին, ընթերցելուց հետո այն քննարկել եմ ՀՀ երկրորդ նախագահի, ինչպես նաեւ որոշ այլ անձանց հետ: Ասեմ միանգամից. պրն Լիպարիտյանի պատմածն իրականության հետ որեւէ առնչություն չունի: Բացի հիշատակված անուններից եւ ազգանուններից, մնացածը սուտ է: Ոչ այդ կազմում Արցախի հարց է քննարկվել, ոչ էլ Լիպարիտյանի հիշատակած լողավազանի շուրջ՝ անվտանգության խորհրդի նիստ, թեկուզ եւ ոչ պաշտոնական, ոչ էլ ընդհանրապես՝ փուլային տարբերակի ողջունման հավաք: Յուրաքանչյուր ոք, ով տեղյակ է իրողություններին եւ ճանաչում է Լիպարիտյանի ներկայացրած պատմության գործող անձանց, կհաստատի, որ դրա բովանդակությունը, մասնակիցների ասելիքը, իրար դիմելու ձեւը, բառապաշարը՝ այս ամենն աղերս չունեն իրականության հետ:
Այնպես որ, միակ հարցը, որ ծագում է այս հրապարակումից հետո այն է, թե ինչ է սա՝ հիշողության աղճատում, թե՞ պատմական իրողությունները սեփական սխալներին հարմարացնելու փորձ: Ցավոք, երկու տարբերակն էլ ավելի քան հնարավոր են:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել NKR, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն