Գլխավոր » TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

«Ադրբեջանը ուզում էր փուլային տարբերակը, բայց փուլային տարբերակը մեզ համար անընդունելի էր և մերժվեց պաշտոնապես». ԼՂՀ նախագահականից պատասխանում են Լիպարիտյանին

Հունվար 26, 2017թ. 23:33
դավիթ բաբայան

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանել է 1991-97թթ. ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ավագ խորհրդական, պատմաբան Ժիրայր Լիպարիտյանի «Փաթեթային, փուլային և այլ պահեր» հոդվածը «Առավոտ»-ում, որտեղ հեղինակը շարադրել էր իր հիշողությունները ԼՂ հիմնախնդրի կարգավորման փուլային և փաթեթային տարբերակների շուրջ եղած զարգացումների և, մասնավորապես, 1997թ. հունիսին Երևանում ՀՀ և ԼՂՀ ղեկավարների միջև կայացած խորհրդապահական մի հանդիպման մասին:

Լիպարիտյանը, մասնավորապես, գրում է, թե Արցախի այն ժամանակվա ղեկավարությունը՝ ի դեմս վարչապետ և նախագահի պաշտոնակատար Լեոնարդ Պետրոսյանի, պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի, արտաքին գործերի նախարար Արկադի Ղուկասյանի, հայտարարել է հանդիպման ժամանակ, որ իրենք կողմ են խնդրի փուլային, ոչ թե փաթեթային լուծմանը, որից հետո Տեր-Պետրոսյանը արձանագրել է. «Հրադադարից ի վեր առաջին անգամ է, որ ԼՂ-ն և ՀՀ-ն լիովին համաձայն են խնդրի լուծման ձևին: Գնում ենք փուլայինով, ու բոլորս էլ հասկանում ենք, թե դա ինչ է նշանակում»:

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, սակայն, պնդում է, որ Արցախի ղեկավարությունը 97-ին դեմ է եղել փուլային տարբերակին:

– Պարոն Բաբայան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ժիրայր Լիպարիտյանի հոդվածը փուլային և փաթեթային տարբերակների մասին: 

– Այդ տարբերակները իրոք քննարկվում էին, և առաջարկվել էին համանախագահների կողմից բոլոր կողմերին: Ադրբեջանը ուզում էր փուլային տարբերակը, բայց փուլային տարբերակը մեզ համար անընդունելի էր և մերժվեց պաշտոնապես: Այնուհետև բանակցությունները զարգացան, նոր առաջարկներ եղան՝ Քի Ուեսթ, Ռամբույե, Մադրիդյան սկզբունքներ և այլն: Սա ցույց է տալիս, որ փուլային տարբերակը արդեն վաղուց անցել է պատմության գիրկը, բայց Ադրբեջանը շարունակում է պնդել այդ տարբերակը: Սա է այս տարբերակի յուրահատկությունը, որ ինքը մերժվել է, բայց քանի որ ըստ ԵԱՀԿ-ի, այդ թվում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի կանոնադրության՝ ցանկացած որոշում պետք է ընդունվի կոնսենսուսի հիման վրա, եթե կողմերից որևէ մեկը դեմ է, այդ որոշումը չի ընդունվում: Նույնը կարելի է ասել այս տարբերակների մասին, պարզապես Ադրբեջանը շարունակում է հետամուտ լինել այդ տարբերակին, որովհետև չունի հիմնախնդիրը կարգավորելու նպատակ, նա ուզում է վերականգնել Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքային ամբողջականությունը: Նա հակամարտությունը դիտարկում է որպես տարածքային ամբողջականության վերականգնման մի ձև, որը որևէ հեռանկար չունի:

– Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղը 1997-ին պաշտոնապես դե՞մ էր արտահայտվել փուլային տարբերակին:

– Իհարկե, դեմ էր: Դրանից հետո մի այլ տարբերակ առաջարկվեց, որը կոչվում էր «ընդհանուր պետություն»: Դա հենց այդ փուլայինից հետո է եղել: Ըստ այդ ծրագրի՝ այսպես ասած՝ ադրբեջանա-ղարաբաղյան ընդհանուր պետություն պիտի լիներ, որտեղ երկու սուբյեկտներն էլ կունենային լիահավասար իրավունքներ, լիազորություններ, այսինքն՝ կոնֆեդերատիվ պետության նման մի բան էր առաջարկվում: Մենք ընդունեցինք դա որպես բանակցությունների հիմք, ոչ թե ընդունեցինք այդ տարբերակը, Ադրբեջանը մերժեց, բայց մերժելու ժամանակ էլ պարտվեց իր մոտեցումներում: Ասեմ՝ ինչու: Քանի որ ես նույնպես մասնակցել եմ այդ գործընթացներին՝ որպես փորձագետ, կարող եմ ինչ-որ բաներ ասել: Ադրբեջանը ասում էր հետևյալը, որ Արցախն ու Ադրբեջանը չեն կարող լինել հավասար, որովհետև Ադրբեջանը տարածքով և բնակչությամբ մի քանի անգամ մեծ է, քան Արցախը: Որպեսզի ցույց տանք, որ դա ճիշտ մոտեցում չէ, մենք, իհարկե, ասել ենք, որ տարածքը, բնակչությունը կապ չունեն: Բացի այդ, երկրագնդի վրա կան տարբերակներ, որտեղ ավելի մեծ տարբերություն կա տարածքի և բնակչության, բայց նրանք, փաստորեն, լիահավասար սուբյեկտներ են: Ամենավառ օրինակը Տանզանիան է Աֆրիկայում, որը բաղկացած է Տանզանիկայից և Զանզիբարից: Տարբերությունը հսկայական է: Եթե այնտեղ խորհրդարանը ինչ-որ որոշում է ընդունում, և խորհրդարանում Զանզիբարի պատգամավորները դեմ են արտահայտվում, որոշումը չի անցնում, չնայած նրանք կազմում են ընդհանուր խորհրդարանի թվի ընդամենը 1 տոկոսը:

Դրանից հետո Ադրբեջանը մերժեց, բայց իր փաստարկները, իհարկե, որևէ ձևով արդարացված չէին: Այդ տարբերակը նույնպես մերժվեց և անցավ պատմության գիրկը: Այնուհետև եղան այլ մոտեցումներ, և հիմա բանակցությունները, ըստ երևույթին, նորից պիտի շարունակվեն, և թե ինչ տարբերակ կլինի՝ ցույց կտա ժամանակը: Բայց մի բան պարզ է՝ չի կարող կարգավորումը լինել փուլային տարբերակով: Իհարկե, կարող է լինել փուլ, բայց փուլը միայն մեկը լինի՝ անվերապահորեն Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը՝ որպես բանակցությունների սկիզբ, բայց Ադրբեջանը չի ուզում դրան գնալ և ասում է՝ «Արցախը երբևիցե չի լինելու անկախ պետություն, մենք թույլ չենք տալու երկրորդ հայկական պետության ստեղծում»: Սա է խնդիրը:
– Եկեք կենտրոնանանք այն շրջանի վրա, որին անդրադարձել է Ժիրայր Լիպարիտյանը: Նա գրում է, որ 97-ին Մինսկի խումբը կարգավորման երկու տարբերակ է առաջարկել….

– Տեսեք, ես ձեզ ասում եմ՝ եթե այդ առաջարկներն ընդունված լինեին, չէր լինի «ընդհանուր պետության» առաջարկը, որը եղել է դրանից հետո: Իսկ այն, որ դա եղել է, դա հաստատ է: Ես ներգրավված եմ եղել այդ ամենի մեջ՝ որպես փորձագետ, արտգործնախարարությունում աշխատող վարչության պետ, և կարող եմ հստակ ասել, որ դա չի ընդունվել: Եթե Լիպարիտյանը նման բան պնդում է, հարցրեք Լիպարիտյանին և այն մարդկանց, ովքեր եղել են այնտեղ: Տեսեք՝ այդպե՞ս է, թե՞ չէ:

– ԼՂ հիմնախնդրի լուծման փուլային և փաթեթային տարբերակների մասին շատ են խոսում, բայց շատերի համար այնքան էլ պարզ չէ՝ որն է փուլայինը, որը՝ փաթեթայինը:

– Ադրբեջանը փուլային տարբերակը դիտարկում է հետևյալ ձևով՝ ներկայիս ԼՂՀ սահմանների վերածումը նախկին ԼՂԻՄ-ի, Շուշին նորից պետք է դառնա ադրբեջանական, Խոջալուն՝ ադրբեջանական, իրենք պետք է վերադառնան և այլն, և այլն: Դրանից հետո նոր կտեսնեն՝ համաձա՞յն են, որպեսզի լինի հանրաքվե, թե՞ ոչ: Ավելին՝ առաջարկում են, որ հանրաքվեն Արցախի ապագայի վերաբերյալ տեղի ունենա ողջ Ադրբեջանի տարածքում, այսինքն՝ Աղդաշի բնակչությունը նույնպես քվեարկի՝ համաձա՞յն են, որ Արցախը անկախ լինի, թե՞ ոչ: Սա արդեն տրագիկոմեդիայի ժանրից է, անհեթեթություն: Եվ այդ ամենը եղել է Ադրբեջանի փուլային տարբերակում: Ինչպե՞ս կարող է դա ընդունելի լինել, ո՞վ կարող է դա ընդունել:

– Դուք խոսեցիք կարգավիճակի մասին: Հոդվածում խոսելով 97-ի տարբերակի մասին՝ Լիպարիտյանը նշում է, որ կարգավորման հիմքում, ըստ էության, դրված էր «հող խաղաղության դիմաց» բանաձևը…

– Հասկացեք, տարբեր ձևով կարելի է մեկնաբանել: Ի՞նչ է նշանակում՝ «հող՝ խաղաղության դիմաց»: «Հող-խաղաղությունը» դառնալու է մեզ համար «հող՝ գերեզմանի համար»՝ այն, ինչ ուզում է Ադրբեջանը: Եթե պարոն Լիպարիտյանը այդ գաղափարի ջատագովն է, դա իր խնդիրն է: Ես չեմ ուզում քննադատել, անձնական ինչ-որ բաներ ասել, բայց խնդիրն այն է, որ սա է իրավիճակը: Ի՞նչ փուլային տարբերակի մասին է խոսքը, ինչպե՞ս կարող ենք մենք վերադառնալ ԼՂԻՄ-ի սահմաններին և սպասենք-տեսնենք՝ Բաքվի բնակչությունը կո՞ղմ է Արցախի անկախության հանրաքվեին, թե՞ դեմ: Դա ոչ թե հող է՝ խաղաղության դիմաց, դա հող է՝ գերեզմանի համար, պետականության, ժողովրդի, ապագայի, անվտանգության գերեզմանոցի համար:

Ինչ տարբերակ էլ որ քննարկվում է, նախևառաջ՝ Արցախը մասնակից չէ գործընթացին 1997-98-ից՝ Ադրբեջանի մեղքով: Կարծում եմ՝ պարզ ճշմարտություն է, որ հակամարտությունը չի կարող համապարփակ ձևով կարգավորվել առանց լիարժեք ձևաչափի վերականգնման:

Երկրորդը՝ մենք միշտ ասել ենք, որ չի կարող լինել վերադարձ 1988 կամ 1991 թվականի սահմաններին: Այդ սահմանները ոչ թե անվտանգություն են մեզ համար, այլ գայթակղիչ բաղադրամաս, որպեսզի հակառակորդը փորձի մեկընդմիշտ լուծել հարցը ուժի միջոցով: Սխա՞լ ենք ասում: 22 տարի պատրաստվել են, որ հարձակվեն: Ապրիլ ամսին հարձակվել են մեզ վրա: Պատկերացրեք՝ ունենայինք ԼՂԻՄ-ի սահմանները: Ինչպե՞ս պիտի պաշտպանվեինք, եթե իրենք հարվածեին Շուշիից, Մարտակերտից: Հիմա ինձ բացատրեք՝ էդ ո՞նց է լինում «տարածքներ՝ խաղաղության դիմաց»: 1988-ին՝ շարժման ժամանակ, որևէ տարածքի խնդիր չկար, 1991-ին որևէ տարածքի խնդիր չկար: Իրենք են դարձրել տարածքային խնդիրը հրամայական, որովհետև մենք ստիպված պետք է ապահովեինք մեր անվտանգությունը: Շուտով կլրանա Արցախյան շարժման 30-ամյակը: Այս 30 տարվա մեջ մենք ունեցել ենք բազմաթիվ նախադեպեր՝ Սումգայիթի ցեղասպանությունը, այնուհետև Բաքվի ջարդերը, ոչնչացրին Հյուսիսային Արցախը, հետո 91-ին պատերազմ սկսեցին Արցախի դեմ. այդ ողջ տարիներն խախտում էին հրադադարի ռեժիմը, հետո՝ ապրիլյան պատերազմ, հերոսացնում էին սաֆարովներին, գլուխ կտրող մարդկանց: Ի՞նչ պիտի մտածենք՝ այսքան նախադեպեր ունենալով: Ինչի՞ մասին է խոսքը, կամ ինչո՞ւ են հիմա դրա մասին խոսում: Կա ողջամիտ մոտեցում, և մենք ապագայի համար պիտի մտահոգվենք, հարցը պիտի այնպես կարգավորվի, որ վաղը ավելի ծանր պատերազմ չլինի:

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն