Գլխավոր » TOP, Լրահոս, Քաղաքականություն

Սեյրան Օհանյան. «Ինչու ես դուրս եկա պետական համակարգից»

Հունվար 26, 2017թ. 18:31
Սեյրան օհանյան

ՀՀ  պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Ֆեյսբուքի իր  էջում տեսանյութով մեկնաբանում է, թե ինչու ինքը դուրս եկավ պետական համակարգից։

Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական, զինակից և գաղափարակից ընկերներ
Ուզում եմ անկեղծ և հրապարակայնորեն պատասխանել հանրության կողմից ինձ ուղղված կարևոր հարցերին.
-Ինչո՞ւ այնուամենայնիվ ես դուրս եկա պետական համակարգից, որին, ի դեպ, նվիրել եմ իմ գործունեության 25 տարին՝ զբաղեցնելով կարևոր ու բարձր պաշտոններ և խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական հայտ ներկայացնելու որոշում կայացրի:
-Ինչպիսի՞ն է իր բնույթով այդ հայտը:
Որպեսզի անկեղծ լինեմ, կցանկանայի բոլորիդ հայացքն ուղղել դեպի ոչ վաղ անցյալ՝ խորհրդային պետություն, և փորձել զուգահեռներ անցկացնել ներկայիս իրավիճակի հետ:
Որպես պրոֆեսիոնալ զինվորական՝ ես իմ ծառայությունը սկսել եմ ԽՍՀՄ զինված ուժերում: Մեզնից ոչ ոք չի կարող ժխտել, որ ԽՍՀՄ-ը ժամանակի հզորագույն ու կայացած պետություններից մեկն էր: Թե ինչ խորքային խնդիրներ ուներ այդ պետությունն ի սկզբանե, ինչը բերեց փլուզման, այլ քաղաքական վերլուծությունների դաշտից է, բայց ակնհայտ է, որ խորհրդային միության իշխող վերնախավի անհեռանկար գործելաոճը հանգեցրեց ներքաղաքական դրության սրման, ազգամիջյան բախումների, որն էլ բերեց ինքնափլուզման:
Խորհրդային բանակի սպան ապաքաղաքական միավոր էր և բազմազգ պետության կազմում իրավունք չուներ միջամտելու ներքաղաքական կամ ազգամիջյան խնդիրներին: Ու գաղտնիք չէ, թե միլիտարիստական նկրտումներ ունեցող պետության դեմ դուրս գալու դեպքում ինչպիսի հետապնդումների կարող էր նա ենթարկվել:
Որպես զինվորական՝ ես խորհրդային գաղափարախոսության կրողն էի և առաջամարտիկը, բայց դա չխանգարեց, որպեսզի ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիքի ժամանակ ճիշտ որոշում կայացնեմ: Ես և իմ համախոհները՝ խորհրդային բանակի շատ հայ սպաներ, ոտքի կանգնեցինք մեր ազգային արժանապատվության և Արցախի պաշտպանության համար: Այն ժամանակ էլ քննադատների, ընդդիմախոսների պակաս չկար: Իհարկե, որոշումը կայացվել էր բարոյական դաշտում՝ արհամարհելով ապագա բոլոր իրական սպառնալիքները: Ես չէի կարող հեռվից դիտել, թե անզեն ժողովուրդն ինչպես պիտի դիմակայի իրեն պարտադրված, ազգի ոչնչացմանն ուղղված բարբարոսական ոտնձգություններին:
Ես կանգնեցի ընտրության առաջ. ընտրել հե՞շտ ճանապարհը՝ որպես զինվորական չխառնվել ազգամիջյան բախումներին, հեռանալ Լեռնային Ղարաբաղում տեղակայված գնդի հետ՝ պահպանելով զինվորական հիերարխիայում իմ տեղը, թե՞ դժվարը՝ դուրս գալ ԽՍՀՄ զինված ուժերից, դառնալ շարքային ֆիդայի, վտանգել կյանքը՝ մասնակցելով ժողովրդի պայքարին սեփական հողում ապրելու իր իրավունքի համար: Ես ընտրեցի դժվարը:
Այսօր խնդիրը Արցախյան գոյամարտում իմ դերակատարումը շահարկելը չէ, բայց կարծում եմ՝ զուգահեռներ անցկացնելն այն ժամանակահատվածի հետ տեղին է, որովհետև այժմ էլ վտանգավոր պահեր են, և ես նորից կանգնելով ընտրության առաջ՝ ընտրել եմ դժվարինը:
Իմ նպատակը քաղաքական դաշտում ոչ թե թատերական ներկայացումների մասնակցելն է, այլ սահմանդրական իրավունքով Հայրենիքի համար մտահոգ, հայրենասեր ուժերին համախմբելը և ժողովրդի անվտանգության ապահովման համար ուղիներ փնտրելը:
Ես չեմ զղջում, որ հրաժարվել եմ ինձ առաջարկվող բարձր պաշտոններից. համոզված եմ՝ պետական համակարգում խնդիրներ լուծելու հնարավորությունն արդեն սպառվել էր: Իսկ իմ կյանքի այս որոշումը նույնպես կայացրել եմ ինքնուրույն՝ ապավինելով բարոյական բարձր արժեքներին:
Մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու, ամուր պետություն ունենալու ակնկալիքով՝ ես առաջնահերթորեն շեշտը դնում եմ քայքայված տնտեսության զարգացման վրա: Իսկ ի՞նչ է կատարվել Հայաստանի Հանրապետության տնտեսության հետ հետխորհրդային ժամանակահատվածում:
Կոմունիզմի` ծայրահեղ հավասարության ձգտող գաղափարախոսությունից հետո մենք բախվեցինք տնտեսության բացարձակ ազատականացմանը: Ու կարծես թե հայտնվեցինք Ադամ Սմիթի կողմից նկարագրված 18-րդ դարի տնտեսական հարաբերությունների ժամանակաշրջանում, երբ գրեթե բացակայում է պետության տեսանելի ձեռքը և հասարակական հարաբերությունների պետական կարգավորումը: Սոցիալիստական ապրելակերպից հետո ժողովուրդը բախվեց վայրի կապիտալիզմի անմարդկային դրսևորումներին: Այն երկրներում, որտեղ տիրում է այս մթնոլորտը, առաջանում են արյունոտ հեղափոխություններ կամ պետական հեղաշրջումներ:
Հետխորհրդային մի շարք երկրներում, այդ թվում Հայաստանում, կապիտալիզմը հաղթեց բոլշևիզմ–սոցիալիզմին, բայց դրա արդյունքում արդարություն չհաստատվեց։ Ճիշտ հակառակը: Մինչդեռ եվրոպական զարգացած երկրներում, Միացյալ Նահանգներում, Ճապոնիայում կապիտալիզմի և սոցիալիզմի միջև ընթացող կատաղի մրցակցությունը ավարտվեց խաղաղ պայմանագրով, որի հիմքում ընկած են մի կողմից լիբերալ տնտեսական հարաբերությունները, իսկ մյուս կողմից` սոցիալական կողմնորոշում ունեցող հասարակարգը, որն անընդհատ կատարելագործվում է: Ոմանք դա անվանում են դեմոկրատական սոցիալիզմ, մյուսները` ժողովրդական կապիտալիզմ. դա արդեն ճաշակի հարց է։
Տարբեր երկրներում կիրառվեցին լիբերալ տնտեսության և սոցիալական կողմնորոշում ունեցող հասարակարգի տարբեր մոդելներ, տարբեր անվանումներով` ճապոնական զարգացման ուղի, շվեդական սոցիալիզմ, անգլո-սաքսոնական բրիտանական ժողովրդական կապիտալիզմ, որտեղ հաստատված են խաղաղ պայմանագրի տարբեր ձևերը: Մոդելների ընտրությունը պայմանավորված էր ազգային առանձնահատկություններով։
Պարզ է, որ նորմալ հասարակարգում պետք է հաստատված լինեն արդար և օրինական հարաբերություններ, որտեղ հարուստներն իրենց ունեցածի մի մասը հարկային ողջամիտ համակարգի միջոցով զիջում են, սոցիալական պատասխանատվություն են ստանձնում հասարակության մյուս շերտերի առաջ, վայելում են հանրության հարգանքը ու չեն վախենում սեփականության կորստից: Այդ բանաձևը կոչվում է պետության բարօրության գաղափար, որն առկա է աշխարհի գրեթե բոլոր զարգացած երկրներում, և որի կառուցման ճանապարհով պետք է գնանք նաև մենք` ՀՀ քաղաքացիներս` դուրս գալով այսօրվա վայրի կապիտալիզմի ճիրաններից և կառուցելով մեր լիբերալ տնտեսության և սոցիալական կողմնորոշում ունեցող հասարակարգի հայկական մոդելը` համեմված, բնականաբար, առողջ, ազգային ավանդույթներով:
Ինչպես հին փիլիսոփաներից մեկն էր ասում, պետությունն ունի երեք գլխավոր առաքելություն.
-պաշտպանել իր քաղաքացիներին օտարներից
-ապահովել պետության զարգացումն ու քաղաքացիների բարեկեցությունը
-պետության մեջ ձևավորել արդարության մթնոլորտ:
Եթե այս երեք խնդիրներից գոնե մեկը չի լուծվում, ապա առաջանում է ճգնաժամ և վտանգում պետության գոյությունը: Վառ օրինակը Խորհրդային Միության ճակատագիրն էր, որն ուներ աշխարհի ամենահզոր բանակներից մեկը, սակայն իր գոյության վերջին տարիներին պետության զարգացումը կանգ առավ, անվստահության մթնոլորտ ձևավորվեց, խաթարվեցին արդարության, բարոյականության սկզբունքները, ինչի հետևանքով այդ երկիրը փլուզվեց:
Մենք պետք է հասկանանք հասարակ և կարևոր մի բան. եթե մենք չկարողանաք փոխել այսօրվա արատավոր համակարգը խաղաղ ճանապարհով և ընտրությունների միջոցով, ապա վաղը մենք կկանգնենք հեղաշրջումների կամ էլ արյունոտ հեղափոխական ցնցումների վտանգի առաջ:
Ցանկացած նման գործընթաց կհարվածի Հայաստանի, այդ թվում՝ Ղարաբաղի անվտանգությանը և արագ չկազմակերպվելու պարագայում կբերի Հարավային Կովկասում տնեսական և ռազմական ոչ բարենապաստ իրավիճակներում սեփական երկրի դիմակայության անկարողությանը:
Ահա թե ինչու ես բաց քաղաքական դաշտում հանդես գալու որոշում կայացրի և պատրաստվում եմ իմ գաղափարակից ընկերների հետ հանրությանը ներկայացնել այս համակարգը փոխելու առարկայական ծրագիր` այդ փոփոխության ժամանակացույցի հետ միասին:
Ավելորդ չեմ համարում նշել, որ դրական փոփոխությունների հասնելու ճանապարհը ոչ միայն ճիշտ մոդելի ընտրությունն է, այլ նաև իշխող էլիտայի՝ պարբերական բնույթ կրող փոփոխությունը։ Պետական կառավարման համակարգում ունեցած իմ փորձն ու գիտելիքներն օգնում են այդ փոփոխությունների իրականացման գործում։
Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ բարձր եմ գնահատում իմ շուրջը համախմբվող, իմ քաղաքական հայացքները կիսող և ընդհանուր դաշինքով հանդես գալու առաջարկ ներկայացնող բոլոր քաղաքական գործիչների, կուսակցության առաջնորդների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, անհատների ջանքերը: Նրանցից յուրաքանչյուրի խոսքը, մտահոգությունը, ներդրումը կարևոր է լինելու: Միասին ենք ընտրելու պայքարի ուղին՝ ի նպաստ մեր ժողովրդի և նրա ապագայի:
Անվերապահորեն իրավացի են այն քաղաքագետներն ու քաղաքական գործիչներր, որոնք գտնում են, որ միայն լայն կոնսոլիդացիայի դեպքում կունենանք ազգային համաձայնություն և կազմակերպված հայտ կներկայացնենք գալիք ընտրություններում:
Հերի՛ք է միայն խոսել համակարգային փոփոխությունների մասին, բայց կոնկրետ ոչինչ չառաջարկել։ Պետք է մարդկանց ցույց տալ, թե ինչը ինչով է փոխարինվելու և ինչպես է կյանքը փոխվելու։
Հաջորդ իմ ելույթներում ես անդրադառնալու եմ մեր երկրի կարևորագույն փոփոխությունների ծրագրին՝ ոլորտ առ ոլորտ:
Շնորհակալություն:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն