Գլխավոր » TOP, Ադրբեջան, Լրահոս, Ռուսաստան, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

Բելառուսական վտանգավոր նախադեպը ԼՂՀ-ի համար

Հունվար 26, 2017թ. 14:29
Աննա Փամբուխչյան

Հունվարի 20-ին Բելառուսի Գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել, Բաքվի պահանջով, Ադրբեջանին հանձնել Մինսկում ձերբակալված հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին: Հիշեցնենք, որ Ադրբեջանը պահանջում է Լապշինին հանձնել՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու համար (Ադրբեջանը որակում է, որպես իր պետական սահմանի ապօրինի հատում):Լապշինը և նրա փաստաբանները որոշման պահից սկսած ունեն 10 օր այն բողոքարկելու համար: Ու թեև բլոգերը դեռևս Բելառուսում է և կա հավանականություն, որ իր իսրաելական ու ռուսական անձնագրերը կփրկեն իրեն Ադրբեջան արտահանձնվելուց, սակայն որոշակի եզրահանգումներ արդեն կարելի է անել:

Դեպի ապահո՞վ Բելառուս

Մինսկի՝ Լապշինին Բաքու արտահանձնելու որոշումը ցույց է տալիս, որ Բելառուսի համար Ադրբեջանի հետ համագործակցությունը ավելի կարևոր է, քան իր միջազգային հեղինակությունը՝ որպես երկիր, որտեղ, եթե ոչ տեղացիների, ապա օտարերկրյա քաղաքացիների իրավունքները պաշտպանված են: Փաստորեն, եթե Բելառուսը ՌԴ և Իսրայելի քաղաքացիություն ունեցող անձին կարող է հանձնել Բաքվին, ապա կարող է նույնն քայլն անել նաև Լեռնային Ղարաբաղ այցելած ցանկացած անձի հանդեպ:

Նաև ՀՀ քաղաքացինե՞րը

Ըստ երևույթի՝ նմանօրինակ իրավիճակում կարող են հայտնվել նաև Ղարաբաղ այցելած Հայաստանի քաղաքացիները: Ի՞նչ տարբերություն Ղարաբաղ այցելած Իսրայելի ու Ռուսաստանի քաղաքացի բլոգերի և Ղարաբաղ այցելաց որևէ այլ անձի միջև: Երկուսն էլ փաստացի հատում են Ղարաբաղի սահմանը, որը, ըստ Բաքվի, հանդիսանում է հայ-ադրբեջանական սահմանի ապօրինի հատում:Այսինքն, այսուհետ ԼՂՀ այցելած ցանկացած անձ Բելառուս այցելելիս հայտնվում է Ադրբեջան արտահանձնվելու վտանգի տակ: Նմանօրինակ իրավիճակում Հայաստանի ԱԳՆ-ն առնվազն պիտի ջանք չխնայի, որպեսզի տեղյակ պահի Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնված կամ երբևէ ԼՂՀ այցելած բոլոր մարդկանց, որ Բելառուս այցելելը նրանց համար այլևս ապահով չէ:

Ավելին, ԱԳՆ-ն պետք է առաջին հերթին նման վտանգի մասին տեղեկացնի ՀՀ քաղաքացիներին (որոնցից շատերը եղել են Արցախում): ԼՂՀ այցելած բոլոր քաղաքացիները պետք է իմանան, որ Բելառուս այցելելը վտանգավոր է և կարող է ավարտվել ադրբեջանական բանտում:
«Բարեկամներ»
Ստեղծված իրավիճակում Հայաստանի համար անհանգստության տեղիք տվող ամենակարևոր հանգամանքը պիտի լինի այն, որ Մինսկը չնայած պաշտոնապես Հայաստանի դաշնակիցը լինելուն՝ ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում, պարբերաբար հակահայկական քայլեր է ձեռնարկում:
Լապշինի արտահանձումը բնականաբար քաղաքական պատճառաբանում ունի՝ պայմանավորված Բելառուս-Ադրբեջան սերտ հարաբերություններով: Ոչինչ չի բացառում, որ Մինսկի օրինակին հետևեն Ադրբեջանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող այլ երկրները:Այս պարագայում, խոսքը Թուրքիայի, Պակիստանի ու Ղազախստանի մասին է, որոնք ևս կարող ենք սկսել Բաքվից ստանալ ու բավարարել «Ադրբեջանի սահմանը ապօրինի հատած» անձանց արտահանձնման դիմումներ:
Աննա Փամբուխչյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում»
Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Ադրբեջան, Լրահոս, Ռուսաստան, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն