Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Մեր մեծերը, Մշակույթ

Ստորջրյա աշխարհի հմայքները հասանելի են նաև մեզ

Հունվար 26, 2017թ. 00:18

Այս օրերին Թեքեյան կենտրոնի սրահում շարունակվում է Ռուսաստանում բնակվող մեր հայրենակից Սերգեյ Գասպարյանի մեզ համար բացառիկ ֆոտոցուցահանդեսը, որը հնարավոր եղավ իրականություն դարձնել <<Թեքեյան կենտրոն>> հիմնադրամի և Photopodium.com համացանցային հարթակի աջակցությամբ: Ցուցահանդեսը բացառիկ է, քանի որ ծով չունեցող հասարակությանը լուսանկարների հեղինակը մի ամբողջ ստորջրյա աշխարհ է ցուցադրել` իր 66 ֆոտոաշխատանքների միջոցով: Եթե ուզում եք իմանալ, թե ինչ կենդանական ու բուսական բազմազանություն է բնակվում ստորջրյա աշխարհում և ինչպիսի վտանգավոր իրավիճակներում են հայտնվում ջրասուզակ  լուսանկարիչները այդ աշխարհը հավերժացնելու ընթացքում, ապա ցուցահանդեսը ձեզ համար է:

Անձամբ ինձ համար` որպես սկսնակ լուսանկարչի և հետաքրքրասեր լրագրողի, Սերգեյ Գասպարյանի լուսանկարչական աշխարհն իսկական բացահայտում էր`  թե իր բովանդակությամբ և թե աշխատանքների կուռ կառուցվածքով, հետաքրքիր հորինվածքով ու նյութի արտասովոր մատուցմամբ` ճիշտ այն դիտանկյոնից, որն ամենից գեղատեսիլն է: Ինձ լուսանկարչական այբուբենին ծանոթացնող վարպետս միշտ հիշեցնում է` լուսանկարների մեջ պետք է երևա քո տրամադրությունը ու դրա միջոցով պետք է փորձես դիմացինին ցուցադրել այն գեղեցկությունը, որն այդ պահին տեսել ու ֆիքսել ես ու նաև տրամադրությունդ հաղորդել, հոգի տալ աշխատանքներին: Այլապես նկարը չի շնչի, հույզեր չի առաջացնի: Սերգեյ Գասպարյանի նկարները պարզապես շնչում են այդ տրամադրությամբ ու աչքերդ դրանց վրայով սահեցնելիս` տարատեսակ հույզեր են առաջանում` հիացմունք, վախ, ջերմություն, սեր, կարոտ, անհանգստություն…

 

весенее мгновение           подводная экибана

 

 

 

 

 

 

 

Ի դեպ, որքան էլ զարմանալի է, Սերգեյ Գասպարյանը մասնագիտությամբ լուսանկարիչ չէ և նկարում է զուտ ինքն իր համար: Իսկ բուն մասնագիտությամբ նյարդավիրաբույժ է, դեռ 1977թ. Ավարտել է Ն. Ի. Պիրոգովի անվան 2-րդ բժշկական ինստիտուտը և արդեն 35 տարի է աշխատոմ է Ռուսաստանի առաջատար և համաշխարհային ճանաչում ունեցող ՌԲԳԱ-ի Ն. Ն. Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտում` ղեկավարելով վիրահատության բաժինը: Բժշկական գիտությունների դոկտոր է:

Բայց պարզվում է, որ լուսանկարչությունը նրան հրապուրել է շատ ավելի վաղ, քան նա կընտրեր նեյրովիրաբույժի մասնագիտությունը: Ամսագրերից մեկին տված իր հարցազրույցում վապետը խոստովանել է, որ առաջին անգամ լուսանկարչական սարքն իր ձեռքում հայտնվել է, երբ նա 6 կամ գուցե 8 տարեկան էր: Այդքան վաղ տարիքում նրան լուսանկարչությամբ վարակել է հորեղբայրը, ով երկար տարիներ լրջորեն զբաղվում էր դրանով: Սեգեյ Գասպարյանը հիշում է, որ նա մեծ հաճույքով երկար ժամեր նստում էր  կարմիր լապտերով լուսավորված սենյակում, որտեղ հորեղբայրն իր լուսանկարներն էր արտատպում թղթի վրա և դանդաղ թերթում լուսանկարչությանը նվիրված ամսագրերը` յուրացնելով ֆոտոհնարքներն ու տպագրության գաղտնիքները: Այն ժամանակ դեռ թվային տեխնիկա գոյություն չուներ, և Սերգեյը իր առաջին լուսանկարչական քայլերը սկսել է ֆոտոժապավենով աշխատող <<Լյուբիտել-2>>, <<Սմենա>>, հետո <<Զենիթ>> լուսանկարչական սարքերով: Այն ժամանակ նա հիմնականում լուսանկարում էր իր շրջապատի մարդկանց` ծնողներին, բարեկամներին, ընկերներին: Բայց երբ դպրոցն ավատելուց հետո գնալով ծնողների հետքերով` ընդունվեց բժշկական ինստիտուտ, լուսանկարչությունը մղվեց հետին պլան մինչև 2005թ: Վարպետը լուսանկարչական սարքը նորից ձեռքն առավ իր համար բավականին ծանր ժամանակաշրջանում, երբ կյանքից հեռացան իր սիրելի, հարազատ մարդիկ` որդին և ծնողները: Տրտում ու հոռետեսական մտքերից նրան փրկեց իր երբեմնի մանկական հրապուրանքը: Այդպես երկար տարիներ անց նա վերադարձավ իր սիրելի նախասիրությանը, որը նորից ու ավելի մեծ ուժով պարուրեց նրան և արդեն թվային ձևաչափով: Տարիներ պահանջվեցին, որպեսզի նա յուրացնի արդեն թվային լուսանկարչության գաղտնիքներն ու հմտությունները և լուսանկարները մշակելու, վերջնական տեսքի բերելու հնարքները` համակագչային խմբագրական ծրագրերով:

в своей стихии

дракоша

Արդեն երկար տարիներ է բժիշկն իր ամբողջ ազատ ժամանակաը տրամադրում է լուսանկարչությանը և կարելի է ասել, որ այդ ոլորտում հասել է արհեստավարժության մակարդակի: Ճամփորդելիս, գործուղման մեկնելիս կամ թեկուզ մոտակա ջազ ակումբ այցելելիս ֆոտոխցիկը միշտ վարպետի հետ է, նկարում է այն ամենը, ինչն իր կարծիքով կարող է հետաքրքիր լինել մարդկանց, սովորեցնել նրանց այս կյանքին այլ դիտանկյունից նայել: Իսկ հետո էլ այնքան շատ նյութ է հավաքվում, որ հերթական ֆոտոցուցահանդեսը կազմակերպելը պարզապես աններելի կլիներ: Սերգեյ Գասպարյանն արդեն հասցրել է մի շարք անհատական և խմբային ցուցահանդեսների մասնակցել Ռուսաստանի տարբեր քաղաքներում: Ընդ որում, Հայաստանում վապետն արդեն հասցրել է ճանաչվել իր լուսանկարներով` 2014, այնուհետև 2016թթ. Երևանում և Գյոմրիում մասնակցելով Photopodium.com համացանցային հարթակի կազմակեպած <<Պատուհան դեպի աշխարհ>> խմբային ցուցահանդեսին:

Լուսանկարչությունն այն մատույցն է, որտեղ Սերգեյ Գասպարյանը կարողանում է լիցքաթափվել նյարդավիրաբույժի խիստ լարված, դժվարին աշխատանքից հետո: Այդ արվեստի միջոցով է բժիշկը վերականգնում հոգեկան հավասարակշռությունը և ներքին կենսաուժը, նորից իր մեջ ուժ գտնում` մարդկային կյանքեր փրկելու համար: Եվ եթե որպես վիրաբույժ նա բժշկում է մարդկային մարմինները, ապա որպես լուսանկարիչ ապաքինում է հոգիները, լույս ու ջերմություն ավելացնում մարդկանց սրտերում: Սերգեյ Գասպարյանի լուսանկաները դիտելիս` չես կարող չվարակվել այն ջերմությամբ, որով դրանք շնչում են: Կարծում եմ այդ նկարները դիտելիս` ամեն մարդու մեջ էլ մի կտոր լույս է ավելանում, մի կտոր լավատեսություն ու բարություն: Իսկ նա ստեղծագործում է ամենատարբեր ժանրերում` բնանկարից սկսած, մինչև …. մինչև այն ամենը, ինչ կարող է այս կյանքում պատահել: Ինչպես նշում է երևանյան ցուցահանդեսի համադրող, Photopodium.com-ի հայաստանյան ներկայացուցիչ, լուսանկարիչ Արմեն Ենգոյանը` <<իր լուսանկարիչ գործընկերը շատ է ճամփորդում, նկարում է ու ամեն նկարին լիրիկական մոտեցում է ցույց տալիս: Հատկանշական են լուսանկարների անվանումները, որոնք խոսում են նրա երեւակայության, կատակասիրության, աշխարհի մարդ լինելու մասին>>:

цирк зажигает огни

весенние хлопоты

 

 

 

 

 

 

 

Իր նկարների վերնագրերը լուսանկարիչն ընտրում է ամենայն մանրակրկիտությամբ, որպեսզի դրանք նկարի բովանդակությունը, էությունը հաղորդելուց զատ նաև պատկերավոր լինեն, երբեմն նաև հումորային: Նրա վերնագրերը կարճ են ու դիպուկ և միևնույն ժամանակ շատ բովանդակալի: Վարպետը համզված է` վերնագրով կարելի է և սպանել լավ լուսանկարը և նոր հնչեղություն տալ դրան: Ահա ինչու պետք է ամեն լուսանկարի համար արժանի վերնագիր ընտրել:

 

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

 

 

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Մեր մեծերը, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն