Գլխավոր » Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Ո՞ւմ հետ դաշինք կազմել, ո՞ւր մտնել կամ չմտնել. մի կողմ թողած ամոթ ու քաղաքագիտություն մարդիկ իրենց շպրտում են ամենուր

Հունվար 25, 2017թ. 23:43
Ստյոպա Սաֆարյան

Հարցազրույց քաղաքագետ ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԻ հետ
-Խորհրդարանական ընտրություններին մասնակցել ցանկացող ուժերն ու անձինք գաղափարախոսության մասին իսպառ մոռացած՝ գլխակորույս զբաղված են դաշինքներ կազմելով: Այս իրավիճակը քաղաքագիտական պատկերացումներից, կանոններից ներս է՞, թե՞ դուրս:
-Այն, որ քաղաքական ուժերը ընտրությունների մասին սկսեցին մտածել միայն անցած տարեվերջին և այսօր, իսկ մինչ այդ ապրում էին ճպուռի ու մրջյունի տրամաբանությամբ, և այն, որ այժմ իրենց թույլ են տալիս գնալ նման միությունների ստեղծման ճանապարհով, մի բան է ցույց է, որ այդ քաղաքական գործիչներն ու ուժերը պարզապես մուտք են փնտրում դեպի խորհրդարան, և ոչ ավելի: Մնացածը, թե եկել են իշխանափոխություն անելու՝ բլեֆ է, լուրջ չէ, կամ իրենք առնվազն լուրջ չեն վերաբերվում քաղաքականությանը: Քանի որ աշխարհում ոչ մի երկրում չի լինում իշխանափոխություն առանց նախապատրաստության, չի լինում ինչ-որ մեկի մատի շարժումով:

Այս առումով, իշխանությունը որքան էլ անհանգստանալու հիմքեր ունի, որ ձայներ բերելու գործընթացը դժվար է լինելու, այնուհանդերձ, վախ չունի ու չի էլ կարող ունենալ նման ոչ պրոֆեսիոնալ վարքագիծ դրսևորող քաղաքական ուժերից և գործիչներից, որովհետև նրանք չեն կարող իշխանափոխության լուրջ հայտ ներկայացնել: Հետևաբար, մի կողմ թողնելով ամոթը, քաղաքագիտությունը, և այսպես ասած՝ սեփական դեմքը կորցնելու վտանգը, մարդիկ իրենց շպրտում են ամենուր: Ես ավելի ազնիվ կհամարեմ, եթե կանգնեն ու հայտարարեն, որ շա՜տ են ուզում լինել խորհրդարանում, շա՜տ են ուզում մանդատ ունենալ, քան մոլորեցնեն հանրությանն ու հույսեր ներշնչեն, թե իրենք հեղափոխականներ են: Այս մարդիկ հեղափոխականներ չեն:
Ամեն օր մեկը մյուսին հաջորդող տեղեկատվություն ենք ստանում, թե այս կամ այն կուսակցապետը թակել է այս կամ այն դաշինքի կամ նրա հովանավորի դուռը՝ վերջինիս տանիքի տակ իր տեղը գտնելու: Եթե մեկից մերժվում են՝ շուռ են գալիս ու թակում մյուսի դուռը, և այսպես շարունակ: Ու ամենևին կապ չունի, թե այդ դռնից այն կողմ հավաքվածները ովքե՞ր են, ի՞նչ գաղափարներ, անցյալ ունեցող ուժեր են:
-Ինձ համար համոզիչ չեն այդպիսինների հայտարարությունները, թե նման դաշինքներ են կազմում, քանի որ իրենց ռեսուրսները բավարար չեն: Այդ կերպ ակնարկում են, թե իրենք ամեն ինչ ունեն՝ և՜ ստրատերգիա, և՜ խելք, և՜ մարդկային ռեսուրսներ, բայց, ա՜յ, իրենց միայն փողն է պակասում: Իրականում Հայաստանում քաղաքականությունը ոչ պակաս բիզնես է, փող աշխատելու միջոց: Մնացածը սեթևեթանքներ են: Սկզբից թակում են մի ընդդիմադիր դաշինքի դուռը, հետո այնպիսի պահանջներ են նրա առաջ դնում, որը չի կարող կատարվել և թեքվում են փողատիրոջ դուռը, սա վաղուց նրբորեն մշակված տեխնոլոգիա է: Որպեսզի իրենց ընդդիմադիր դեմքը չկորցնեն՝ չիրականացվող պահանջներ են դնում բանակցողների առաջ, օրինակ, եկեք միանանք, բայց մեզ պետք է միանա նաև Չինաստանի կոմունիստական կուսակցությունը, լավ իմանալով, որ դա չի կարող լինել: Բայց հետո ընտրողին կներկայացնեն՝ դե, քանի որ չստացվեց այն լայն դաշինքը, մեզ ոչինչ չէր մնում անել, քան մտնել մեկ այլ դաշինքի մեջ: Եկեք հասկանանք, որ այս ամենի ներքո Հայաստանում մեկ այլ բան է կատարվում՝ բացառապես համախմբվում են օլիգարխների, փողատեր մարդկանց շուրջ, կնշանակի քաղաքականությունը Հայաստանում վերածվել է բիզնեսի:
-Անգաղափար դաշինքներ ստեղծողները նաև այսպես են մեկնաբանում իրենց քայլը. միավորվում ենք հանուն իշխանափոխության, հաղթելուց հետո կանցկացնենք նոր ընտրություններ, որից հետո միայն ամեն մեկս կգնա իր գաղափարների հետևից:
-Սա հակաքաղաքագիտական վարքագիծ է, խոշոր հաշվով՝ հիմարություն է, որովհետև ընտրողը քեզ հարցնում է՝ եթե սա գնա, ո՞վ կգա, դու ե՞ս փոխարինելու: Այնպիսի տպավորությունն է, թե իրենք պորֆեսիոնալ իշխանափոխիչներ են ու սրան-նրան իշխանությունից հեռացնելու մեծ փորձ ունեն: Հարց եմ ուզում տալ. ի՞նչ երաշխիք, որ այն ուժերը, որոնք ուզում են իշխանափոխություն անել ու գալ իշխանության ավելի լավն են լինելու, քան եղածներն են:

Ի վերջո, այդ մարդկանց մեծ մասն այս իշխանության օրոք աշխատել ու ցուցադրել է իր ողջ ներուժը, իսկ ավելի ստույգ՝ դրա սնանկությունը: Հետևաբար, ընդդիմադիր դաշտում շատ քիչ մարդիկ կան, որոնք իշխանությունից հեռացվել են բարձր որակներ ունենալու համար, իրականում հեռացվել են, որովհետև իրենց գործը կատարել են և այլևս որևէ դերակատարում չեն ունեցել իշխանության ներսում, ուրեմն, նրանք այլևս պետք չեն: Հետևաբար, խոսել, թե իրենք գալիս են իշխանափոխություն անելու, նոր, լավ պայմաններ ստեղծելու՝ հակաքաղաքագիտական է հենց այն պատճառով, որ ոչ ոք նման ծրագրի չի հավատա: Ընտրողը, որքան էլ փոփոխություն է ուզում, բայց նաև որոշակիություն է պահանջում: Ինչի՞ համար են գրվում ընտրական ծրագրերը, գրվում են, որպեսզի ընտրողը համոզվի՝ ո՞վ է ուզում գալ և ինչո՞ւ: Ո՞ր ընտրողը կարող է այնքան խելագար լինել, որ առաջնորդվի անորոշությունների շղթայով, այսինքն՝ մտածի, եկեք մի անորոշություն ստեղծենք այս իշխանությանը հեռացնելով, մյուս անորոշությունը ստեղծենք, թե ո՞վ է գալու, մի անորոշություն էլ ստեղծենք՝ ինչ-որ անցումային շրջան ձևավորելով: Սա քաղաքագիտական առումով անթույլատրելի վարքագիծ է, որովհետև այսքան անորոշություններին ոչ մի ընտրող չի հավատա, որովհետև ոչ մի ընտրող չի ուզում ընկնել նման անորոշությունների շղթայի մեջ:

Դրա համար եմ ասում, որ սա հակաքաղաքագիտական պահվածք է, այն տպավորությունն է, որ այս քաղաքական ուժերից ու գործիչներից որևէ մեկն իր կյանքում որևէ քաղաքագիտական դասագիրք ծայրից ծայր չի կարդացել:
Ընդդիմադիր ուժերը ժողովրդի վստահությունը ձեռք բերելու համար հիմնականում գնացել են հեշտ ճանապարհով՝ իշխանության հասցեին հայհոյախոսելով, ողջ նորուժը միայն քննադատության վրա ծախսելով, մինչդեռ առաջ չեն քաշվել իրատեսական, նոր գաղափարներ, ծրագրեր: Այն, որ այս գործելաոճն այլև չի աշխատելու, այդ մասին չի՞ հուշում տարիներ շարունակ նման ձեռագրով աշխատած ՙՙԺառանգության՚՚ ու ՀԱԿ-ի լուսանցքում հայտնվելու փաստը:
– Այո, պարզ հռետորաբանությունը նախընտրեցին տաժանակիր, խորքային աշխատանքից, քանի որ ավելի հեշտ էր հրապարակներ դուրս գալը, ելույթներ ունենալը, երևալը, քաղաքական ՙտուսովկայի՚ մեջ մնալը: Բայց պետք է հասկանալ, որ մարդիկ ուզում են տեսնել արդյունք, ուզում են տեսնել՝ դու կապիտալ ունե՞ս, ու իսկապես հաջողվե՞լ ես: Եթե քո կենսագրության մեջ իշխանություն տապալելու անհասկանալի ու ձախողված փորձեր են, նման քաղաքական ուժը կամ լիդերն այլևս չի ընկալվի: Եթե քո քաղաքական կենսագրության մեջ դու անդադար սխալվում ես, երբեք չես կարող լինել մյուսների առաջնորդը: Սա է լիդերության բանաձևը, ինչը թերևս շատերը չեն հասկանում: Նա, ո՞վ Ազատության հրապարակ է դուրս գալիս հեղափոխության համար, իսկ մյուսները գնում, կանգնում են նրա կողքը, պետք է հասկանան՝ արդյո՞ք այս գործընթացը շանս ունի՞, արդյոք հեռանկարայի՞ն է, թե՞ այլևս ծիծաղելի է: Ու այդ ամենից հետո կանգնել և ընտրողին ասել՝ մենք ամեն ինչ փորձեցինք՝ չստացվեց, կներեք՝ ոչ մեկին նման խոսքով չես համոզի: Մարդիկ սիրում են, երբ աշխատանքն արդյունք է տալիս, երբ կապիտալ է ստեղծվում: Իսկ երբ ծավալում ես անստրատեգիա, անտեսլական, անհեռանկար գործունեություն, ապա ստիպված ես լինում վերջում խուճապահար մտածել՝ ո՞ւմ հետ դաշինք կազմել, ո՞ւր մտնել կամ չմտնել:
Այսինքն՝ մենք ընդդիմադիր դաշտում կայացած, լուրջ լիդերի պակաս ունենք:
-Այո, ես խորհուրդ կտամ մեր քաղաքական գործիչներին գոնե ծանոթանան լիդերության պահանջներին և գործեն ըստ այդմ, որովհետև իշխանափոխության կոչ անել դեռ չի նշանակում, թե մարդիկ պետք է հմայլվեն-զմայլվեն քեզանով, բազում սխալ որոշումների կայացման շարան ունենալը երբեք չի գնահատվի ընտրողի կողմից, որովհետև ընտրողը մտածում է, եթե ինքն ավելի քիչ է սխալվում, քան տվյալ քաղաքական ուժը կամ գործիչը, ինչո՞ւ պետք է ինքը գնա նրա հետևից: Այս առումով, այո, մենք դաշտում ունենք դատարկություն, ունենք վակում: Ցավոք, քաղաքական ուժերը չեն գիտակցում՝ որքան շարունակում են հին մեթոդով աշխատել ընտրողի հետ, այնքան իրենց տապալումները շատանում են:
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշում է կայացրել Հանրապետականից դուրս գալու մասին: Սա է՞լ քաղաքականության հետ աղերս չունեցող երևույթ է:
-Այսինքն՝ Աբրահամյանը դուրս է եկել, որովհետև չի կիսո՞ւմ ՀՀԿ-ի քաղաքականությունը, սա զավեշտ է: Այս ամենը ցույց է տալիս մեկ բան՝ ո՜չ իշխանությունն է ուզում քաղաքական լինել, ո՜չ էլ ընդդմությունը: Ու այն տարաձայնությունները, որոնք իհայտ են գալիս թե՜ ընդդիմության, թե՜ իշխանության մեջ, շատ քիչ աղերսներ ունեն քաղաքականության հետ: Դրանք առավելապես ոչ քաղաքական խնդիրներ են, ինչպիսին է օրինակ՝ կերակրատաշտից օգվելը, բարձր դիրք ունենալը: Գիտեք, ես չեմ ուզում քննադատել այն, որ մարդն ուզում է բարձր պաշտոն զբաղեցնել, բայց եթե դա արվում է ոչ թե հանուն քաղաքական գաղափարների, ներեցեք, ուրեմն այն նեղ անձնական, ընտանեկան շահագրգռությունների դաշտում է, և ոչ ավելի: Հովիկ Աբրահամյանն, իհարկե, չի լքի քաղաքականությունը, ու թերևս կմիանա Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվելիք դաշինքին:
-Փաստորեն այստեղ կտեսնեք և՜ իշխանությունից հեռացածների, և՜ հին ու նոր օլիգարխիկ դեմքերի:
-Նաև ընդդիմությունից հեռացածների:
-Ակնակում եք <<ժառանգությա՞նը>>:
– Ոչ միայն <<ժառանգության>>-ը, այնքան մարդ կա, այնքան անուններ են տրվում, որոնք նախկինում ընդդիմադիր դաշտում են գործել և պատրաստվում են այդ դաշինքում տեղ գտնել: Այս իրավիճակում անգամ մեղմ է ասել, թե խաղաքարտերն անհասկանալիորեն են խառնվում, կարծում եմ, այս ամբողջ տեղաշարժերը մեծապես կապված են հետևյալ գործընթացների հետ՝ նոր խորհրդարանի կողմից ո՞վ կընտրվի նոր նախագահ և այդ ՙսուոսի՚ տակ ո՞վ, ո՞ւմ հետ կմտնի կոալիցիայի մեջ: Ենթադրում եմ, որ այս ոչ բացահայտ պրոիշխանական միավորները փաստացի ստեղծվում են այդ խնդիրը լուծելու համար: Նրանք այն սուբյեկտներն են, որոնք չունեն բավարար ազատություն՝ իշխանությանը որպես այլընտրանք ներկայանալու, նման քաղաքական օրակարգ մեջտեղ բերելու համար, և դա չունեն թե՜ օբյեկտիվ, թե՜ սուբյեկտիվ պատճառներով: Օբյեկտիվ՝ այն իմաստով, որ շատ խոցելի են նման ազատ գործունեություն իրակացնելու համար, իսկ սուբյեկտիվ՝ քանի որ սահմանափակված են, որովհետև կան քաղաքական առանցքային խնդիրներ, որոնց շուրջ իրենք արդեն հայտնել են այնպիսի դիրքորոշումներ, որոնք չեն տարբերվում իշխանության դիրքորոշումներից:
-Առանձնապես ակտիվացել են նաև թաղային հեղինակությունները, հանցագործ անցյալ ունեցողները, թերևս սրանց մի նոր հոսք կլինի դեպի խորհրդարան: Եթե այս անկանխատեսելի ՙձնագունդը՚ նման տեմպերով շարունակի պտտվել, ի՞նչ արդյունք ենք ստանալու՝ ի՞նչ պատկեր կարող է ունենալ ապագա խորհրդարանը:
-Երբ մի կողմից թաղային խուլիգաններն են, մյուս կողմում՝ ձախողված քաղաքական գործիչներն ու դեմքերը, երկուսից մեկի կամ երկուսի խառնուրդը շատ վտանգավոր կլինի Հայաստանի համար: Խնդիրն այն է թե մեծ լիազորություններ ստացած խորհրդանական կառավարման պայմաներում, արդյոք, այս մարդիկ ի վիճակի կլինե՞ն այդ բեռը ստանձնելու:
Արդյունքում կունենանք միգուցե ավելի վատ խորհրդարան, քան ունեցել ենք նախկինում՝ ցավոք: Կունենանք պարազիտացած մի դաս՝ կազմված քաղաքական ուժերից, թաղային հեղինակություններից, որն ուղղակի չի գիտակցում քաղաքականության հիմնական պահանջներն իրենից, իսկ իր պատկերացրածն էլ ամենևին քաղաքականություն չէ:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն