Գլխավոր » Politics, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն

Լապշինի արտահանձնումը կդառնա վտանգավոր նախադեպ

Հունվար 25, 2017թ. 00:48
16174392_1369028503142305_6596703865264707068_n

Օրերս <<Հայք>> վերլուծական-տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցավ քննարկում բլոգեր, լրագրող Ալեքսանդր Լապշինին Բելառուսի կողմից Ադրբեջանին արտահանձնելու թեմայով: Հիշեցնենք` դեռ հունվարի 18-ին հայտնի էր դարձել, որ բլոգեր Ալեքսանդր Լապշինը Բելառուսում Իսրայելի հյուպատոսի ներկայությամբ Ադրբեջանի նախագահին ուղղված նամակ է ստորագրել, որում ներողություն է խնդրել իր գործողությունների համար` դրանք որակելով իբրև չմտածված արարքների հետևանք: Հյուպատոսը հաստատել է նամակը և Բաքվում Բելառուսի դեսպանատան միջոցով հանձնել Ադրբեջանի նախագահի աշխատակազմին: Դիվանագետը նշել է նաև, որ Լապշինի մայրը, ով Իսրայելի քաղաքացի է և բնակվում է այնտեղ, խնդրել է Իլհամ Ալիևին ներում շնորհել իր որդուն:

Մինչ այդ էլ հայտարարվել էր, թե Բելառուսի դատախազությունը որոշում է կայացրել Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ` այդպիսով բավարարելով Ադրբեջանի պահանջը:
Ալեքսանդր Լապշինը, ով Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի քաղաքացի է ու հայտնի է որպես բլոգեր-զբոսաշրջիկ, 2011 և 2012 թթ. ընթացքում այցելելով Արցախի Հանրապետություն` իր տպավորություններն էր հրապարակել բլոգում և նշել, որ հարկ է ճանաչել Լեռանային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Բնականաբար Ադրբեջանի իշխանությունները չէին կարող հանդուրժել թե նրա այցը Արցախ և թե դրանից հետո արված հայտարարությունները և Լապշինին ներառել էին իրենց տխրահռչակ ՙսև ցուցակում՚` նրա նկատմամբ հետախուզում հայտարարելով: Հետաքրքիր է, որ Ադրբեջանի հայտարարած հետախուզումից Լապշինը կարողացել էր խուսափել այցելելով աշխարհի տարբեր երկրներ, որտեղ ոչ ոքի մտքով անգամ չէր անցել ռուս բլոգերի նկատմամբ որևէ ոտնձգություն ցուցաբերել և նրան Ադրբեջանի պահանջով արտահանձնել իրենց: Եվ միայն 2016թ. հայտնվելով Բելառուսում՝ նա ձերբակալվել էր` Ադրբեջանի պահանջով: Նրա Արցախ կատարած այցը որակվում է որպես ապօրինի սահմանահատում, իսկ վերջինիս հայտարարությունները՝ որպես սահմանադրական կարգի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողություններ՝ հանցակազմի հատկանիշներով:
Փաստաբան, փաստաբանական դպրոցի տնօրեն ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆՆ անդրադառնալով Լապշինի և նրա մոր` Ադրբեջանից ներում հայցելու քայլին` ասում է, որ բլոգերն այդ նամակը կարող է ստորագրած լինել բռնաճնշման ենթարկվելով` կտտանքներից ազատվելու նպատակով. ՙԵս ինքս հետևում եմ Լապշինի կնոջ կողմից` ամուսնու գլոգում այս օրերին արվող գրառումներին: Դրանցում բլոգերի կինը նշում է, որ Բելառուսի կալանավայրում իր ամուսնում բռնության են ենթարկում, պարտադրում ինչ-ինչ փաստաթղթեր ստորագրել, հոգեբանորեն ներազդում են նրա վրա` համոզելով խոստովանել իր մեղավորությունը քրեական հանցավորության մեջ և ներողություն խնդրել Ադրբեջանից: Ամենայն հավանականությամբ նրան այնքան են կտտտանքների ենթարկել, որ ի վերջո այդ տղան նամակը ստորագրել է: Մյուս կողմից էլ քանի դեռ մենք այդ նամակը չենք տեսել և չենք համոզվել, որ դրա տակ իրոք բլոգերի ստորագրությունն է, պետք չէ շտապել որևէ հետևություն անել՚:
Ինչ վերաբերում է Ալեքսանդրին Ադրբեջանին արտահանձնելու մասին Բելառուսի դատախազության կայացրած որոշմանը, ապա Սիմոն Բաբայանն այդ որոշումը իրավաչափ չի համարում: Ըստ նրա` արտահանձնման գործընթացները նախատեսված են իրավական փոխօգնության մասին երկկողմանի պայմանագրերով, քիշինևյան կոնվենցիայով, ինչպես նաև Բելառուսի քրեական օրենսգրքով: Կոնվենցիայի դիտանկյունից խնդիրը իրավաչափ չէ: Դրանում հստակ դրույթներ կան, որոնց համաձայն` անձը չի կարող իր քաղաքական հայացքների համար հետապնդվել, ուստիև անթույլատրելի է մի հանրապետությունում նրան ձերբակալելով` արտահանձնել մեկ այլ հանրապետությանը:
Բելառուսի քրեական օրենսգիրքն էլ Լապշինի պարագայում թույլ չի տալիս նրան երրորդ հանրապետությանը հանձնել, քանի որ նա նաև ՌԴ քաղաքացի է և Բելառուսի տարածք այդ երկրի քաղաքացու կարգավիճակով է մուտք գործել: Իսկ ՌԴ-ի ու Բելառուսի միջև գոյություն ունի պայմաբագիր, որտեղ նշված է` երկու պետությունների քաղաքացիներն օգտվում են հավասարազոր իրավունքներից, և նրանց իրավունքները չեն կարող նսեմացվել` ի շահ մեկ այլ պետության: Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունն էլ արգելում է իր քաղաքացիների արտահանձնումն` այլ պետության պահանջով: Այս տեսանկյունից, փաստաբանի հավաստիացմամբ Բելառուսի դատախազության կողմից կայացրած որոշումն առնվազն կասկածելի է, իրավական տեսանկյոնից էլ` խնդրահարույց:
ՙԲացի դա, պետք է դիտարկել այն հարցը` արդյո՞ք Արցախ մուտք գործելը Ադրբեջանի քրեական օրենսդրության տեսանկյունից հանցագործություն է որակվում: Նրանց քրեական օրենսգրքի պահանջով Լապշինի գործողությունները կարող են հանցավոր դիտարկվել, եթե նա հատած լիներ Արդբեջանի կողմից հսկվող սահմանը: Այնինչ Լապշինը Արցախ է մուտք գործել բոլորովին այլ սահմանային կետից, որը Ադրբեջանը չի վերահսկում: Ի վերջո ԼՂՀ-ն չի կարող դիտարկվել որպես Ադրբեջանի տարածք՚,- ասում է Սիմոն Բաբայանը:
Փաստաբանը զգուշացնում է, որ Լապշինի հետ պատահածը կարող է նախադեպ դառնալ ու շարունակվել այլ պետությունների կողմից, ինչն իրավական շատ լուրջ խնդիր է. ՙ Մենք ունեն Ղրիմի, Հյուսիսային Օսեթիայի, Աբխազիայի դեպքերը և կարծում ենք, որ այս երկրների ինքնորոշման հետ խնդիր ունեցող պետություններն իրենց քաղաքական նպատակների իրականացման ակնկալիքով կարող են դիմել Ադրբեջանի կողմից գործի դրած իրավական միջոցին, և հետագայում այլ պետությունների քաղաքացիներ նույնպես կարող են ենթարկվել հետապնդումների՚:

16195013_1369028699808952_6885130224696607063_n

Միջազգային իրավունքի փորձագետ, իրավապաշտպան ԱՐԱ ՂԱԶԱՐՅԱՆԻ բնորոշմամբ` Լապշինի նկատմամբ բռնություն գործադրելն ու նրան Ադրբեջանին արտահանձնելը մարդու իրավուքնների և ազատ արտահայտվելու իրավունքի կոպիտ խախտում է, ինչը պետք է հայտնվի միջազգային կառույցերի ուշադրության կենտրոնում. ՙԵթե անձը հրապարակավ հայտարարություն է անում` քննադատելով որևէ երկրի կառավարության քաղաքականությունը, ապա դա չպետք է դիտվի որպես տարածքային ամբողջականության դեմ, սահմանադրական կարգը տապալելու կամ ատելության կոչ: Ի վերջո ամեն մարդ, մասնավորապես լրագրող կամ հետազոտող, քաղաքական գործիչ, իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը, և եթե դրանում բացահայտ կոչեր ու ուղղորդումներ չկան, ապա դա քրեորեն հետապնդելի արարք չէ:
Մինչդեռ Ադրբեջանը, ինչպեսև Թուրքիան փորձում են բռնանալ մարդու ազատ արտահայտվելու իրավունքի վրա` դրանք քրեորեն պատժելի արարք համարելով և հետապնդելով մարդկանց, ովքեր համարձակվում են իրենց կամքն արտահայտել: Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածը շատ նման է Թուրքիայի քրեական օրենսգրքի տխրահռչակ 301 հոդվածին, որի վերարեբերյալ միջազգային դատարաններում տասնյակ դատական ակտեր կան: Դրանցից են Դինքի գործը, Փամուկի գործը: Ողջ միջազգային հանրությունը քննադատում է այդ հոդվածը:
Արդբեջանը նույն քաղաքականությունն է որդեգրել, ինչ Թուրքիան բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր քրդերի, հայերի հարցն են բարձրացրել: Հետևաբար միջազգային հանրության արձագանքը չի ուշանա: Ադրբեջանը իր 281-րդ հոդվածը կիրառելով` դուրս է գալիս աշխարհակարգի դեմ: Սա ազատ խոսքի բռնությանն ուղղված քայլ է: Ադրբեջանը պետք է իրեն հաշիվ տա, որ դուրս է եկել Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի կողմից սահմանված ազատ խոսքի կարգի դեմ և այս առումով իմ կանխատեսմամբ Լապշինի գործի առացքում դրվելու է հենց ազատ խոսքի դեմ բռնության կիրառումը, և Ադրբեջանը պատասխանատվության է ենթարկվելու այդ հիմքով՚:

Իրավապաշտպանը Ադրբեջանի իշխանությունների կողմից արվող քայլերը նաև հայատյացության, ռասիզմի դրսևորում է համարում, ինչը նույնպես պակաս դատապարտելի չէ եվրոպական հեղինակավոր իրավական կառույցների կողմից. ՙՄենք բազմաթիվ գործեր ունենք Ադրբեջանի դեմ, որոնք քննվում են Եվրոպական դատարանում: Այդ գործերից շատերի հիմքում ռասիզմն է ընկած, հայատյացությունը: Դրանցից մեկն էլ Սաֆարովի գործն է: Լապշինինը կարող է դառնալ հերթական նման գործերից մեկը, քանի որ ըստ էության նա ենթարկվում է քրեական հետապնդման ոչ թե նրա համար, որ հանցագործություն է կատարել, այլ նրա համար, որ հայերի նկատմամբ բարյացակամ կարծիք է արտահայտել: Այսինքն քրեական հետապնդումը ընդամենը քաղաքական դրդապատճառներ ունի և իրավաչափ չէ՚:

16178861_1369028516475637_3634648494313593024_o
Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ Լապշինի հանդեպ սկսված հետապնդումների հիմքում ավելի շատ տնտեսական դրդապատճառներ է տեսնում: Նրա համոզմամբ` Բելառուսը փորձում է հաճոյանալ Ադրբեջանին` նրա նավթի նկատմամբ որոշակի հավակնություններից ելնելով. ՙԲելառուսն ավտորիտար ռեժիմով պետություն է, հետևապես առանց այդ երկրի նախագահի գիտության այնտեղ ոչինչ չի կատարվում: Այդ պետությունը Լուկաշենկոյի կառավարման տարիներին երկար ժամանակ շանտաժով ապրեց Ռուսաստանի գազի նավթի և Ռուսաստանի` Ուկրաինայի ու Արևմուտքնի հետ ունեցած հակասությունների և զգալիորեն շահեց շահեց: Հիմա նույնն անում է Ադրբեջանի հետ մերձենալով, քանի որ այդ երկրի հետ կապված տնտեսական հետաքրքրություներ ունի` նավթի ու զենքի վաճառքը:
Ադրբեջանի քայլերը քաղաքագետը քաղաքական իմաստով ռասիզմի, ֆաշիզմի ու պանթուրքիզմի դրսևորում է համարում, որում այդ երկիրը փորձում է ներքաշել նաև այլ պետությունների: Քաղաքագետը հիշեցնում է 1960թ. դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի կողմից ընդունված՝ Անկախություն ստացած գաղութացված պետությունների և ժողովուրդների ազատության մասին կոնվենցիան, համաձայն որի վերջիններիս անկախության, ինքնորոշման դեմ ուղղված քայլերի դեպքում կարող են կիրառվել պատժամիջոցներ: Հետևաբար, Արցախն ունենալով անկախ պետականություն՝ կարող է որոշակի քայլերի միջոցով հասնել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման:

Մյուս կողմից քաղաքագետը նկատում է, որ Ադրբեջանը հենվելով իր նավթային ռեսուրսների վրա` իրեն թույլ է տալիս ոտնահարելու ցանկացած միջազգային իրավունք` տնտեսական կաշառքով իր խաղի մեջ ներքաշելով սկզբունքայնություն չունեցող պետություններին. ՙԱդրբեջանը Թուրքիայի նման հետևողականորեն սեփական պետական շահն է ռեալիզացնում` առանց հաշվի նստելու որևէ պետության շահի հետ և այն միջազգային կառույցների, որոնց անդամ է ինքը: Հիմա նույն հաջողությամբ նա Իսրայելի դեմ է դուրս եկել` անկախ նրանից, որ այդ պետության հետ որոշակի շահեր ունի: Ադրբեջանը քաջ գիտացում է, որ նավթի հոտն առնելով` այդ պետությունը, ինչպես նաև միջազգային հանրությունը հանդուրժելու են իր կամայականությունները: Հենց սա էլ ազատում է նրա ձեռքերը: Հիշեք, ժամանակին Հունգարիան Ադրբեջանի հետ գործարքի մեջ մտավ Սաֆարովին արտահանձնելով նրան: Դա այն նախադեպն էր, որին հաջորդեց նաև Լապշինի գործը: Այս հացում իր մեղքի մեծ բաժինն ունի նաև Հունգարիան՚:
Այդուհանդերձ Լևոն Շիրինյանն ասում է, որ հայկական կողմը չպետք է նավթային քաղաքականությանը տանուլ տա և բոլոր հնարավոր ձևերով ու ատյաններով պետք է իր իրավունքները պաշտպանի` խելացի դիվանագիտությամբ և միջազգային օրենքների իմացությամբ:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն