Գլխավոր » Society, Իրան, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան, Տնտեսություն

Մեդվեդևը կարևորել է Իրանի հետ սահմանակից հատվածում ազատ տնտեսական գոտու ստեղծումը

Հունվար 24, 2017թ. 18:05
Կարապետյան, Մեդվեդև

ՀՀ վարչապետի Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում, ՌԴ վարչապետի կեցավայրում  տեղի է ունեցել Դմիտրի Մեդվեդևի և Կարեն Կարապետյանի հանդիպումն ընդլայնված կազմով՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ: Աշխատանքային նախաճաշի շրջանակում, երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար կարևորություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Համագործակցության ավանդական ուղղություններից բացի, կողմերը քննարկել են նոր ուղղություններով գործակցության ընդլայնմանը նոր թափ հաղորդելու, ռուսական կապիտալը համատեղ նախագծերի միջոցով հայաստանյան բիզնեսում ներգրավելու հետ կապված հարցեր:

Երկու երկրների կառավարությունների ղեկավարները, որպես օրակարգային առանցքային կետեր, առանձնացրել են համատեղ ներդրումային նախագծերի իրականացումը և ԵԱՏՄ ձևաչափով  առևտրատնտեսական հարաբերությունների  ամրապնդումը: Ընդլայնված ձևաչափով հանդիպման ժամանակ, մասնավորապես, քննարկվել է հայկական կողմի առաջարկը՝ հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ հիմնելու վերաբերյալ, որը հնարավորություն կտա ֆինանսավորելու Հայաստանի համար առաջնահերթ համարվող տնտեսական ճյուղերը: Ռուսական կողմն առաջարկը դրական է գնահատել:

Կողմերն անդրադարձել են  նաև Հայաստանում՝ Իրանի հետ սահմանակից հատվածում ազատ տնտեսական գոտու ստեղծմանը և դրանում ռուսական ընկերությունների ակտիվ մասնակցությանը: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կարևորել է առաջարկը և կարծիք հայտնել, որ ռուսական ընկերություններն այդ հարցում հետաքրքրություն կդրսևորեն: Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել նաև լիզինգային կամ այլ հիմունքներով Հայաստանին գյուղտեխնիկայի տրամադրման հարցին, կարևորվել է գյուղատնտեսության ոլորտում համատեղ ձեռնարկությունների հիմնման գաղափարը: Պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպման ավարտին, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համագործակցության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր են ստորագրվել:

Մասնավորապես, ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիայի (ՌԴ) միջև՝2015 թ. հոկտեմբերի 7-ի՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև միջուկային վթարի վերաբերյալ օպերատիվ իրազեկման ու միջուկային և ռադիացիոն անվտանգության բնագավառում տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարմանն ուղղված գործնական միջոցառումների իրականացման մասին» արձանագրությունը, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև միջտարածաշրջանային համագործակցության 2016-2021 թթ.» ծրագիրը, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության միջև համագործակցության հուշագիրը: Կողմերը հայտագրեր են փոխանակել 2000թ. սեպտեմբերի 25-ի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրերի փոխադարձ այցելությունների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև համաձայնագիր: Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության վարչապետները հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարությամբ:

ՀՀ կառավարություն

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Իրան, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն