Գլխավոր » TOP, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան, Տնտեսություն

Մեր երկրի բնակիչները կկարողանան Հայաստան այցելել նաև ներքին քաղաքացիական անձնագրերով.Դ. Մեդվեդև

Հունվար 24, 2017թ. 19:01
ՀՀ և ՌԴ վարչապետներ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում: Վարչապետեր Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը հանդես են եկել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարությամբ:

Ստորև ներկայացվում է Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերի հայտարարությունների տեքստն ամբողջությամբ.

ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդև

Հարգելի Կարեն Վիլհելմի, Զանգվածային լրատվության միջոցների հարգելի ներկայացուցիչներ, Գործընկերներ, Մեր հայ ընկերների հետ հանդիպումները, ինչպես միշտ, կառուցողական էին, հագեցած և բարեկամական: Հենց այդ տրամադրվածությունն է մեզ օգնում լուծել ամենատարբեր խնդիրներ, առավել ևս, որ այս տարի լրանում է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը, իսկ մեր ժողովուրդների միջև բարեկամության պատմությունը չափվում է դարերով:

Ինչպես հայտնի է, Ռուսաստանը Հայաստանի առաջատար արտաքին տնտեսական գործընկերն է: Նրա բաժինն արտաքին առևտրում կազմում է մոտավորապես 25 տոկոս, և չնայած բավական բարդ կոնյունկտուրային, ինչի մասին մենք այսօր խոսում էինք իմ գործընկերոջ հետ, փոխադարձ առևտրաշրջանառության ցուցանիշները լավն են մնում: Նախորդ տարի այդ թիվն ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար էր, բայց հարցը միայն բացարձակ թվերի մեջ չէ: Բանն այն է, որ չնայած  էներգակիրների և  առանձին ապրանքների գների իջեցմանը, որոնք մատակարարվում են մեր երկրներից, ապրանքների ընդհանուր թիվը չի նվազում, այլ ավելանում է: Եվս  մեկ հանգամանք. նախորդ տարի էականորեն աճել է Հայաստանից սննդամթերքի ներմուծումը, ինչը կապված է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միություն մտնելու հետ և արտացոլում է մեր ընդհանուր նպատակը  դեպի ինտեգրում:

Խոսելով  գյուղատնտեսության մասին, պետք է ասեմ, որ  այստեղ կա զարգացման շատ լավ ներուժ՝ ոչ միայն ապրանքների կամ գյուղատնտեսական տեխնիկայի փոխադարձ գնման, այլև համատեղ արտադրությունների կազմակերպման տեսանկյունից: Այժմ կան մի շարք նախագծեր, այդ թվում՝ նաև ջերմոցային տնտեսությունների, պտուղ-բանջարեղենի վերամշակման հետ կապված, որոնք ռուսաստանյան առևտրային ցանցեր են մտնում: Մեր շուկան մեծ է, և կարծում եմ՝ առաջիկայում պետք է կենտրոնանալ նաև այս ուղղությամբ: Մենք քննարկել ենք համագործակցության մի շարք այլ ուղղություններ, նաև ներդրումային համագործակցությունը և այդ նպատակով հատուկ հիմնադրամ ստեղծելու գաղափարը:

Իմ գործընկերոջ հետ պայմանավորվել ենք համապատասխան գերատեսչություններին հանձնարարական տալ՝ վերլուծելու նման հիմնադրամ ստեղծելու հնարավորությունը, ներդրումային համագործակցության ուղղությունները և ֆինանսավորման աղբյուրները: Եվրասիական տնտեսական միության շրջանակում մենք այժմ խաղի միասնական կանոններ ունենք: Դրանք հասկանալի են և´ ռուսաստանյան, և´ հայաստանյան բիզնեսին: Մենք կարծում ենք, որ մաքսային և այլ բյուրոկրատական ընթացակարգերն ավելի քիչ կլինեն, այդ պատճառով պետք է առաջ շարժվել մեր շուկաներն ավելի բաց դարձնելու համար: Ակնհայտ է, որ կան մի շարք այլ ուղղություններ ևս: Այսօր ստորագրվեց Միջտարածաշրջանային համագործակցության ծրագիրը առաջիկա 5 տարվա համար, համագործակցության հուշագիր ՌԴ արդյունաբերության նախարարության ու ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության միջև: Դրանք նաև այն փաստաթղթերն են, որոնց հիման վրա կարելի է կառուցել տնտեսական համագործակցությունը մոտակա տարիների համար: Իհարկե, շատ կարևոր է նաև հումանիտար ասպեկտը, մեր քաղաքացիների միջև ուղիղ կապերի ընդլայնումը:

Այստեղ մեզ մոտ ամեն ինչ կարգին է, բայց, այնուամենայնիվ, մենք պայմանավորվել ենք, և դա ևս ընթացիկ այցի արդյունք է, որ մեր երկրի բնակիչները կարողանան Հայաստան այցելել նաև ներքին քաղաքացիական անձնագրերով, ինչի մասին նույնպես փաստաթուղթ ստորագրվեց: Դա կամրապնդի համագործակցությունն այնպիսի կարևոր ոլորտում, ինչպիսին հումանիտար, մարդկային հարթության վրա համագործակցությունն է: Չնայած մեր երկրների միջև տնտեսական կապերը համընդգրկուն բնույթ ունեն և  Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի առաջատար գործընկերը, այնուամենայնիվ, կա ոլորտ կամ նշաձող, որտեղ այդ համագործակցությունը կարելի է զարգացնել գործնականում զրոյից: Դա շատ կարևոր է մեր հարաբերությունների ապագայի համար: Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Կարեն Վիլհելմի Կարապետյանին, մեր մյուս հայ բարեկամներին՝ համատեղ աշխատանքի համար:

 

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան

Հարգելի Դմիտրի Անատոլիի, ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Մոսկվա այցելելու հրավերի, մեր պատվիրակությանը ցուցաբերած ընդունելության, կառուցողական և բեղմնավոր հանդիպման համար: Մենք բոլորովին չենք թաքցնում, որ Մոսկվա այցը՝ դա այց է բարեկամական, եղբայրական, դաշնակցային երկիր: Ցանկանում  եմ հայտարարել ուղիղ, առանց ավելորդ դիվանագիտության, մենք շատ գոհ ենք այսօրվա բանակցություններից և այն արդյունքներից ու հանձնարարականներից, որոնք տրվել են համապատասխան կողմերին՝ հետագա համագործակցության առիթով:

Մենք Ռուսաստանի կառավարության նախագահի հետ քննարկել ենք կատարված աշխատանքի արդյունքները, արձանագրել ենք հարաբերությունների  շատ բարձր մակարդակ, սակայն միաժամանակ կարծում եմ, որ բոլորը համաձայն կլինեն՝ այդ հարաբերությունների զարգացման ներուժը շատ մեծ է: Քննարկել ենք մի շարք ուղղություններ, թե  ինչպես պետք է ընթանան  ռուս-հայկական հարաբերությունները և կարծում եմ, որ մենք ուղենշեցինք զարգացման ոլորտներն ու կոնկրետ միջոցառումները: Ինչ վերաբերում է նոր փաստաթղթերի ստորագրմանը, ես կարծում եմ որ դա ուժեղ թափ կհաղորդի մշակութային, հումանիտար հարաբերություններին: Ես կարծում եմ, որ Հայաստանը, որպես տուրիստական գոտի, Ռուսաստանի քաղաքացիների համար թերագնահատված է: Մենք այս տարի սպասում ենք սկզբունքային  նոր փոփոխություններ տուրիզմի ոլորտում՝ դրական առումով:

Դմիտրի Անատոլիի, օգտվելով առիթից, ցանկանում եմ Ձեզ պաշտոնական այցով հրավիրել Երևան,կարծում  եմ, որ ուղղությունները, որոնց մասին Դուք նշեցիք՝ ունեն հսկայական ապագա: Ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի: Շնորհակալություն:

ՀՀ կառավարություն

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն