Գլխավոր » TOP, Ադրբեջան, Լրահոս, Ով է թուրքը, Տարածաշրջան, Քաղաքականություն

ԵԽԽՎ-ում Նաիրա Զոհրաբյանը խոսել է Լապշինի ու Ադրբեջանի ՙՙսև ցուցակիՙՙ մասին

Հունվար 23, 2017թ. 21:36
Նաիրա Զոհրաբյան

Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ լիագումար նիստի իր ելույթում Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է.

Հարգելի գործընկերներ, մինչև մեր օրակարգի հաստատումը ես պահանջում եմ, որ մենք անդրադառնանք մի աննախադեպ երևույթի, հատկապես, որ այս նստաշրջանի օրակարգի հիմնական թեմաներից մեկը լրագրողների և խոսքի ազատության պաշտպանությունն է: Խոսքը Բելառուսում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինի մասին է:

Հիշեցնեմ, Լապշինը երկքաղաքացի է՝ ունի Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն, նրան ձերբակալել են Մինսկում՝ Ադրբեջանի նախագահ Ալիևի հրահանգով՝ այն բանի համար, որ բլոգերը 2011 և 2012թթ. այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ լրագրողական հետաքննություն անցկացնելու համար:

Կարծում եմ՝ ժամանակն է, որ մեր Վեհաժողովը վերջապես անդրադառնա այնպիսի ամոթալի և խայտառակ մի երևույթի, ինչպիսին Ադրբեջանի «սև ցուցակն» է, որտեղ այս պահին ներառված է 600 «persona non grata», որոնցից 180-ը լրագրողներ են, պրոֆեսիոնալներ, ովքեր այցելել են Լեռնային Ղարաբաղ՝ իրենց լրագրողական պարտականությունը կատարելու համար:

Հարգելի գործընկերներ, ուզում եմ ձեզ մի պարզ հարց տալ.  քանի՞ հազար մարդ պետք է ավելանա Ադրբեջանի «սև ցուցակում», որպեսզի մեր Վեհաժողովը, վերջապես, դրան անդրադառնա, քանի՞ լրագրող, զանգվածային լրատվության ներկայացուցիչ ԼՂՀ այցելելու համար Ադրբեջանի պահանջով պետք է հետախուզվի Ինտերպոլով, որպեսզի մենք հասկանանք, որ մեր լռությունն ուղղակի դատապարտելի է:

Ժամանակն է, որ մեր կազմակերպությունը վերջապես զարթնի  իր Լեթարգիական քնից  և արձագանքի Ադրբեջանի այս խայտառակ քաղաքականությանը՝ ուղղված խոսքի, խղճի, մամուլի ազատության դեմ: Եվ առնվազն տարակուսելի է, որ ի տարբերություն բազմաթիվ լրագրողական միջազգային կազմակերպությունների, Եվրոպայի խորհրդի՝ Լրագրողների Պաշտպանության Պլատֆորմն որևէ կերպ չարձագանքեց Լապշինի ձերբակալությանը և արտահանձման պահանջին:

Մամուլի, խոսքի, խղճի ազատությունը բացարձակ արժեք է, և որևէ երկիր իրավունք չունի խոչընդոտելու և արգելելու լրագրողներին՝ կատարելու իրենց մասնագիտական պարտականությունը: Ես կոչ եմ անում մեր խորհրդարանին, ինչպես նաև ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին անհապաղ արձագանքել բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործին և թույլ չտալ, որ Լապշինին արտահանձնեն Ադրբեջանին:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Ադրբեջան, Լրահոս, Ով է թուրքը, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն