Գլխավոր » Regions, Թուրքիա, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան

Դինքի սպանությունից 10 տարի անց Թուրքիան ճշմարտություն փնտրող մարդկանց ձայները լռեցնելու գործիքներն է օգտագործում.Նաիրա Կարապետյան

Հունվար 23, 2017թ. 22:07
նաիրա Կարապետյան

Ինչպես կարելի է գնահատել Թուրքիայի պատգամավոր հայազգի Կարո Պալյանին ձայնի իրավունքից զրկելը` միմիայն այն պատճառով, որ նա հայտնի պատմական զանգվածային սպանությունները անվանել է Ցեղասպանություն:

ԵԽԽՎ-ում այսօրվա ելույթս:

Այս նստաշրջանի քննարկումների հիմնական թեման կարծես թե լրագրողների նկատմամբ իրականացվող ճնշումներն ու բռնություններն են, և ես նույնպես կուզենայի արտահայտել իմ խորին մտահոգությունը նման երևությների վերաբերյալ: Այն ծանր աշխատանքը, որ նրանք են կատարում միմիայն բարձր գնահատականի և հարգանքի է արժանի, չէ որ հասարակական բազմակարծությունը և ժողովրդավարությունը երկրում ձևավորվում է հենց նրանց աշխատանքի շնորհիվ: Ազատ խոսքը և ազատ կամարտահայտման իրավունքը մի արժեք է, որով մենք պետք է հպարտանանք:

Այս տարի հունվարի 19-ին լրացավ անվանի հայ-թուրքական մտավորական Հրանտ Դինքի հրեշավոր սպանության 10 տարին: Նա սպանվել էր 2007 թվականին 17-ամյա մի թուրք ազգայնականի կողմից, գրեթե անմիջապես այն բանից հետո, երբ ցուցադրվեց վավերագրական ֆիլմ, որտեղ Դինքը խոսում էր Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ժխտման, ինչպես նաև իր հանդեպ հետապնդումների մասին:

Մարդասպանի դատավարությունը այդպես էլ չբացահայտեց, թե ինչն է ոգեշնչել այս պատանուն: Երկար տարիներ տևած այս հետաքննությունը մասնակիորեն նշեց, որ քաղաքական տարբեր զարգացումներ այնուհանդերձ ունեցել են իրենց ազդեցությունը, բայց և այդպես էլ չտվեց կոնկրետ պատասխաններ` ով և ինչու:
Մենք իհարկե հիշում ենք, որ Հրանտ Դինքը պարբերաբար պիտակավորվում և անգամ հետապնդվում էր Հայոց Ցեղասպանության վերաբերյալ ունեցած իր կարծիքի համար:

Ցավոք, Թուրքիան այժմ էլ` Դինքի սպանությունից 10 տարի անց ճշմարտություն և արդարադատություն փնտրող մարդկանց ձայներ լռեցնելու նույնանման գործիքներն է օգտագործում: Այլապես ինչպես կարելի է գնահատել Թուրքիայի պատգամավոր հայազգի Կարո Պալյանին ձայնի իրավունքից զրկելը` միմիայն այն պատճառով, որ նա հայտնի պատմական զանգվածային սպանությունները անվանել է Ցեղասպանություն: Մեզ են հասել անգամ տեղեկություններ, որ որոշ քաղաքական կուսակցություններ ցանկանում են քրեական գործ հարուցել իր հրապարակային խոսքով ատելություն սերմանելու համար:

Ես խորապես համոզված եմ, որ լրագրողների, հասարակական գործիչների, մտավորականների հանդեպ հետապնդումների, բռնությունների, անգամ սպանությունների խնդրի լուծումից հրաժարվելը ստեղծում է անպատժելիության մտնոլորտ, ինչ իր հերթին հանգեցնում է անհանդուրժողականության անկառավարելի տարածմանը:

Այսօր մենք մերժեցինք Թուրքիայի խնդրի հրատապ քննարկումը: Հավատացեք, մենք պարարտ հող ստեղծեցինք նորանոր բռնությունների, նորանոր հարձակումների, նորանոր ձեռբակալությունների և նորանոր հետապնդումների համար: Եվ տա Աստված, ես սխալվեմ: Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունը պարտավոր է պահպանել ստանձնած պարտականությունները, և իշխանական կարծիքից տարբերվող կարծիք ունեցող լրագրողների, պատգամավորների, ցանկացած այլ մարդկանց լռեցնելը բացարձակապես անընդունելի է:

ԵԽԽՎ-ում ՀՀ  պատվիրակության  անդամ Նաիրա Կարապետյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Regions, Թուրքիա, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն