Գլխավոր » TOP, Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Լապշինի արտահանձման մասին որոշումը բխում է Բելառուսի տնտեսական շահերից  

Հունվար 21, 2017թ. 17:01
Հայք կենտրոն. ասուլիս՝ ի պաշտպանություն բլոգեր-ճանապարհորդ Լապշինի

<<Հայք>> վերլուծական կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ ի պաշտպանություն բլոգեր-ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինի:

Ասուլիսին հրավիրված էի Փաստաբանների պալատի անդամներ Արա Ղազարյանը, Սիմոն Բաբայանը, քաղաքագետ Լևոն Շիրինյանը, Հանրային խորհրդի մամուլի խոսնակ Անի Գասպարյանը:

Փաստաբան Սիմոն Բաբայանը այսպես ներկայացրեց խնդրի էությունը: Ալեքսանդր Լապշինը, որը  Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի քաղաքացի է ու հայտնի է որպես բլոգեր-զբոսաշրջիկ, կարելի է ասել՝ իրականացրել է իր մասնագիտական գործունեությունը:  2011 և 2012 թթ. նա այցելել է Արցախի Հանրապետություն  և իր տպավորությունները հրապարակել բլոգում, որտեղ նշել է, թե հարկ է ճանաչել Լեռանային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Ինչն էլ բացասաբար է ընդունվում Անդրբեջանի կողմից: Արդյունքում՝ Լապշինը հայտնվում է Ադրբեջանի տխրահռչակ <<սև ցուցակում>>: Իսկ 2016թ-ին այցելելով Բելառուս՝ ձերբակալվում է, այն պատճառաբանությամբ, թե Ադրբեջանը հայտարարել է հետախուզություն. նրա Արցախ կատարած այցը որակվում է  որպես ապօրինի սահմանահատում, իսկ վերջինիս հայտարարարությունները՝ որպես սահմանադրական կարգի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ  ուղղված գործողություններ՝ հանցակազմի հատկանիշներով:

Հայտնի է, որ  Բելառուսի դատախազությունը կայացրել է  որոշում Լապշինի արտահանձնման վերաբերյալ, այդ կերպ բավարարելով  Ադրբեջանի խնդրանքը:

Փաստաբան Սիմոն Բաբայանն արտահանձնումը համարում է ոչ իրավաչափ քայլ. <<Գոյություն ունի օրենք, ըստ որի, տվյալ անձը չի կարող իր քաղաքական հայացքների համար ենթարկվել հետապնդման: Բացի այդ, կան նաև լոկալ իրավական խնդիրներ, մասնավորապես, այն հարցը, թե արդյոք Ղարաբաղ մուտք գործելը Ադրբեջանի քրեական  օրենսդրության տեսանկյունից որակվո՞ւմ է որպես հանցագործություն, թե՞ ոչ: Իրենց օրենսգրքի պահանջի համաձայն հանցագործություն  կդիտվեր այն, որ Լապշինը հատեր Ադրբեջանի կողմից  պահպանվող սահմանը, մինչդեռ այս դեպքում հատվել է Անդրբեջանի կողմից չպահպանվող  տարածքը, ինչն ակնհայտ է, որ հանցագործություն չի կարող համարվել: Ի վերջո,  ԼՂՀ-ն երբեք չի կարող համարվել ադրբեջանական տարածք>>:

Հայ փաստաբաններն այն համոզման են, որ այս գործն իրավական տեսանկյունից խնդրահարույց է:

Փաստաբան Արա Ղազարյանը նկատում է, որ Լապշինը դատապարտվում է ազատ խոսքի համար: <<Եթե մի անձ կարծիք կամ քննադատական խոսք է ասում, ապա սա չի կարող համարվել քայլ տվյալ երկրի սահմանադրական կարգի դեմ, սա ոտնձգություն չէ: Քննադական խոսքը չպետք է հետապնդվի կամ դիտվի որպես հանցագործություն>>:

Փաստաբանի դիտարկմամբ, Լապշինի հետապնդման հիմքում ընկած է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածը, որը համազոր է Թուրքիայի 301 հոդվածին: <<Եթե  Անդրբեջանը շարունակի օգտագործել այդ հոդվածը, ապա այդ երկիրը  դուրս կգա աշխարհակարգի դեմ>>: Այս իմաստով, Ա. Ղազարյանի  կանխատեսմամբ.<<Այս գործի առանցքը դառնալու է ազատ խոսքի իրավունքի ոտնահարումը, որը լիովին հիմք է տալիս Լապշինի փաստաբաններին դիմելու ՄԱԿ-ի համապատասխան մարմիններ՝ մասնավորապես, Մարդու իրավունքների կոմիտե և խնդրել կանխել արտահանձնումը, քանի որ Ադրբեջանում  Լապշինը ենթարկվելու է  անմարդկային խոշտանգումների>>, – համոզված է փաստաբանը: Ապա հավելեց՝ պետք է հաշվի առնվի այն փաստը, որ Լապշինը ենթարկվել է հետապնդման ոչ թե որոշակի հանցագործություն կատարելու համար, այլ հայերի նկատմամբ բարյացակամություն ցուցաբերելու համար: <<Ամբողջ իրողությունը  ցույց է տալիս, որ հետապնդումը իրավաչափ չէ, այլ քաղաքական հիմք է պարունակում>>:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը Լապշինի դեմ իրականացվողը վերլուծեց քաղաքական տեսանկյունից, նկատելով, թե խնդիրը խորքային է.<<Բելառոսն ավտորիտար պետություն է, որտեղ առանց երկրի նախագահի իմացության ոչինչ տեղի չի ունենում: Իսկ տվյալ պարագայում, պարզ է, որ Բելառուսի և Ադրբեջանի միջև կայացած համաձայնության  հիմքում ընկած են տնտեսական հետաքրքրությունները՝ նավթային շահերը, զենքի վաճառքը: Սա նկատի ունենալով՝ հայկական կողմը պարտավոր է  ուշադիր վերլուծել ստեղծված իրականությունը>>:

Այն, ինչ կատարվում է Ադրբեջանի կողմից, ըստ Լևոն Շիրինյանի,  քաղաքական իմաստով ռասիզմի դրսևորում է, սա նաև ֆաշիզմ է ու պանթուրքիզմ: Քաղաքագետը հիշեցրեց 1960 թվականի ՄԱԿ-ի կողմից ընդունված՝ Անկախություն ստացած գաղութացված պետությունների և ժողովուրդների ազատության մասին կոնվենցիան, համաձայն որի վերջիններիս անկախության, ինքնորոշման դեմ ուղղված քայլերի դեպքում կարող են կիրառվել պատժամիջոցներ: Հետևաբար, Արցախն ունենալով անկախ պետականություն՝ կարող է որոշակի քայլերի միջոցով հասնել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման:

Հանրային խորհրդի մամուլի խոսնակ Անի Գասպարյանը ներկայացրեց Բելառուսի նախագահին՝ խորհրդի կողմից  ուղղարված նամակի բովանդակությունը, որը պարունակում է հետևյալ հիմնական երկու կետերը. առաջին՝ Լապշինի արտահանձնումը՝ ազատության, ազատ տեղաշարժի, խոսքի ազատության սահմանափակման կոպտագույն խախտում է գլոբալ առումով, երկրորդ՝ Ղարաբաղի խնդիրը, միայն Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը չէ,  այն տարածաշրջանի անվտանգության առումով ունի մեծ նշանակություն:

Հանրային խորհրդի նամակում նշվել է նաև այն 600 անձանց անունները, ովքեր ևս այս տարիների ընթացքում հայտնվել են Ադրբեջանի հայտնի <<սև  ցուցակում>>, ինչպես նաև, հինգ բելառուսցիների անունները: Համոզմունք է հայտնվել նաև, որ Լուկաշենկոն ողջախոհություն կդրսևորի և կհրաժարվի Լապշինի արտահանձման որոշումից:

Նշենք, որ Փաստաբանների պալատը կազմավորել է համապատասխան մասնագիտական խումբ, որը ներկայացրել է իր իրավական կարծիքը կատարվածի վերաբերալ՝ ինչպես Բելոռուսի, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության փաստաբանների պալատին:

 

 

                                                                                                                            Արփինե Հախվերդյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն