Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն

Հարկեր պետք չէ վճարել, բայց գրանցվե՛ք

Հունվար 21, 2017թ. 00:45
հարկ

Զրուցում ենք Վերակառուցման զարգացման եվրոպական բանկի գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ

-Ազգային ժողովի կողմից ընդունված և հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային նոր փաթեթով նախատեսվում է հարկային պարտավորություններից ազատել մի շարք ոլորտներում գործունեություն ծավալող ինքնազբաղված ձեռնարկատերերին, ովքեր չունեն վարձու աշխատողներ և գործում են մեկ վայրում: Դրանց թվին են պատկանում կոշիկի և կաշվե գալանտերիայի ու համանման այլ արտադրատեսակների՝ հագուստի, գորգերի, գորգագործական արտադրատեսակների, կահույքի նորոգման, համակարգչային և կենցաղային տեխնիկայի նորոգման և սպասարկման, ժամացույցների ու երաժշտական գործիքների նորոգման, ինչպես նաև, նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման, լեզուների ուսուցման դասընթացների և այլ ոլորտներում գործունեություն ծավալող ինքնազբաղված անձինք: Այս ոլորտներից որոշները, օրինակ կոշիկի, ժամացույցների նորոգումը, կարծեմ նախկինում էլ չէին հարկվում, ուրեմն ո՞րն է օրենքի իմաստը:
-Խոսքն այն ոլորտների մասին է, որոնցում անձինք մինչ օրս գործունեություն էին ծավալում` առանց որևէ կազմակերպութուն գրանցելու: Նրանք հարկերից ազատվելու որոշ հնարավորություններ, այո, ունեին: Դրանցից մեկը ընտանեկան բիզնես հիմնելն էր: Եթե նրանք իրենց բիզնեսի մեջ ներգրավում էին ընտանիքի ևս մեկ-երկու անդամի, ապա հնարավորություն ունեին ազատվել հարկեր վճարելուցլ Իսկ ովքեր ընտանեկան բիզնեսի հնարավորություն չունեին, հիմնականում գործում էին ընդհատակ` ստվերում: Նրանք ընդհանրապես չէին գրացվում: Օրենքի իմասն այն է, որ այդ չգրանցված ձեռնարկատերերն այսուհետ կարող են գրացվել և չվախենալ, որ մի օր կարող են քաղաքապետարանից, թաղապետարանից կամ հարկայինից հսկիչներ թակել իր դուռը և իրեն մեղադրել ապօրինի ձեռնարկատիրության մեջ: Իսկ նրանք, ովքեր որպես կազմակեպություն կամ անհատ ձեռներեց ընտանեկան բիզնես են հիմնել և օգտվում են բիզնեսի այդ տեսակի ընձեռած հնարավորություններից, այժմ կարող են ընդհանրապես չառնչվել հարկային մարմմնի հետ: Որքան էլ նրանք գործում էին պարզեցված հարկերի դաշտում, սակայն որոշակի ժամանակը մեկ պարտավորված էին հաշվարկներ ներկայացնել հարկային մարմին: Իսկ նոր օրենքով նրանք արդեն ազատվել են այդ պարտավորությունից:
-Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ժամանակվանից սկսած քննակվում է մասնավորապես ժամացույցների և կոշիկների նորոգման ոլորտներում աշխատողներին և կրկնուսույցներին հարկային դաշտ բերելու խնդիրը: Կարելի՞ է համարել, որ ի վերջո Կարեն Կարապետյանի օրոք ինքնազբաղված անձանց մտահոգությունները փարատվեցին:
-Գիտեք, հարկային դաշտ բերելը դեռ չի նշանակում այդ ձեռնարկատերերին հարկել, նրանցից որոշակի գումարներ ուղղել պետական բյուջե: Դա նաև այդ աշխատողներին ստվերից հանելու և պարզապես նրանց զբաղվածության կարգավիճակի մասին տեղեկություն ունենալու հնարավորություն է: Շատ անգամ, երբ նման կազմակերպությունները ցանկանում են, օրինակ, հայաստանցիների զբաղվածության մասին ուսումնասիրություն անել կամ պարզել, թե քանի ընտանքի կա, որը կարողանում է իր եկամուտն ապահովել  նման ծառայություններ կատարելով, դա հնարավոր չի լինում, քանի որ ձեռնարկատերերի մի զանգված գործում է ստվերում, և հստակ վիճակագրական տվյալներ գոյություն չունեն: Դա խանգարում է երկրի ճիշտ սոցիալական պատկերը գնահատել և ունենալ ստույգ տնտեսական ցուցանիշներ:
Հույս ունենք, որ այս օրենքի շնորհիվ այդ խնդիրը հնարավոր կլինի լուծել, քանի որ մարդիկ արդեն առանց մտավախության կկարողանան գրանցել իրենց գործունեությունը` վստահ լինելով, որ դրա համար ոչ ոք գումար չի պահանջի` պետական բյուջե վճարելու նպատակով:
Օրենքով սահմանված է նաև, որ այդ ձեռնարկատերերի տարեկան շրջանառությունը չպետք է գերազանցի 9 մլն-ի սահմանը: Եթե նրանք գործ չեն ունենալու հարկային մարմինների հետ և հարկեր չեն վճարելու, ինչպե՞ս է վերահսկվելու շահույթը:
-Կարծում եմ, այդ ձեռնարկատերերը ՀԴՄ կտրոններ կունենան, որոնց շնորհիվ հնարավոր լինի վերահսկել նրանց շրջանառությունը:
-Որքանո՞վ եք իրատեսական համարում անվերահսկելիության պայմաններում այդ կտրոնների գործածումը:
-Քիչ իրատեսական է: Այդուհանդերձ, նաև իրատեսական չէ, որ նման ծառայություններ մատուցող անձը կկարողանա տարեկան 9 մլն-ից ավելի շրջանառություն ունենալ: Նման բան բացառվում է: Ի վերջո, հարկային մարմինները նրանց չեն էլ պահելու իրենց ուշադրության կենտրոնում: Այս դեպքում, շատ ավելի կարևոր է, որ այդ ձեռնարկատերերը կարողանան ազատ աշխատել և իրենց ապրուստը վաստակել` վստահ լինելով, որ որևէ օրենք չեն խախտում:
Այլ հարց է, որ ժամանակի ընթացքում նման ինքնազբաղված անձինք այնքան կզարգանան, այնքան կմեծացնեն իրենց շրջանառությունը, որ կկարողանան իրենց բիզնեսի մեջ ներգրավել նաև այլ անձանց` որպես աշխատողների: Կընդլայնվեն, կդառնան կազմակերպություն և այդ ժամանակ արդեն կսկսեն աշխատել հարկային համապատասխան դաշտում: Արդեն նրանց գործունեությունը կդառնա ՓՄՁ բիզնես: Սովորաբար, շատ բիզնեսներ հենց այդպես էլ սկսվում են` ինքնազբաղվածությունից մինչև փոքր կամ միջին բիզնես:
Կարելի՞ է ասել, որ այս օրենքը նոր կառավարության որդեգրած քաղաքականության հետևանք է: Ի վերջո, վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարություն գալով` հենց սկզբից կարևորեց Հայաստանում փոքր ու միջին բիզնեսի և ընդհանրապես գործարարությունը զարգացնելուն միտված ծրագրերը:
-Միանշանակ, այս նախագիծն ուղղակիորեն բխում է նոր կառավարության սկզբունքներից: Այս նախաձեռնությունը կյանքի կոչվեց պետեկամուտների նոր նախագահի կողմից, բնականաբար, վարչապետի հանձնարարականով և ուղղորդմամբ, քանի որ իսկապես Կարեն Կարապետյանը կարևորում է մեր երկրում բիզնեսի զարգացմանը միտված ծրագրերի ու հնարավորությունների ստեղծումը: Փաստորեն, սա ինքնազբաղված մարդկանց ընռեռված լավ հնարավորություն է, որպեսզի նրանք օրենքի շրջանակներում կարողանան ոչ միայն սեփական փոքր գործով զբաղվել, այլև ընդլայնել այն:
– Հետագայում նախատեսվո՞ւմ են նման արտոնություններ բիզնեսի ավելի լայն շերտերի, օրինակ ՓՄՁ-ների համար:
-Այսօր գործարար դաշտի համար մեզանում բավականին արտոնյալ ռեժիմներ կան, ինչպիսին օրինակ՝ ընտանեկան բիզնեսին ընձռված հնարավորություններ են: Արդեն արտոնություններ սահմանվեցին ինքնազբաղված անձանց համար: Գիտեք, որ նաև ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող նորաստեղծ ընկերությունները առաջիկա 3-5 տարիներին ազատվում են հարկային պարտավորություններից: Այսինքն, կառավարությունը ընդառաջում է բիզնես ոլորտին, արձագանքում նրանց մտահոգություններին և նաև երկրի առաջնահերթությունները կարևորելով` նման հնարավորություններ է ստեղծում ընկերությունների համար ավելի հեշտ պայմաններում աշխատելու և ավելի արագ ոտքի կանգնելու, զարգանալու նկատառումով: Բայց պետք է նկատի ունենալ, որ Հայաստանը տնտեսապես դժվարին վիճակում գտնվող երկիր է և չի կարող նման շատ շռայլություններ թույլ տալ: Անգամ միջազգային կազմակերպությունները նման երկրների համար չեն խրախուսում հարկային լայն արտոնությունները` նշելով, որ այդ երկրների համար հարկերի հավաքագրումը կարևոր գործոն է` տնտեսությունը քիչ, թե շատ կայուն վիճակում պահելու համար:

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն