Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

Բացվել է «Ստորջրյա աշխարհի գաղտնիքները» խորագրով բացառիկ լուսանկարչական ցուցահանդես

Հունվար 20, 2017թ. 14:23
Ցուցահանդես 4

Թեքեյան Կենտրոնում բացվել է բացառիկ ցուցադրություն՝ մոսկվաբնակ հայ նեյրովիրաբույժ, ջրասուզակ եւ լուսանկարիչ Սերգեյ Գասպարյանի հեղինակած , որն իրականություն է դարձել «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի եւ Photo.Podium.com ինտերնետային ռեսուրսի համագործակցությամբ: Ցուցահանդեսում ներկայացված վաթսունվեց աշխատանքներն իրենց պատկերներով եւ գեղարվեստական անվանումներով վկայում են հեղինակի բազմակողմ զարգացության մասին:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Երեւանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի՝ Մշակույթի բաժնի վարիչ Իրինա Կասացկայան, արվեստագետներ, արվեստասերներ:

Ողջունելով ներկաներին, «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը մասնավորապես նշեց. «Սերգեյ Գասպարյանն այն հեղինակներից է, ում աշխատանքները պատիվ կբերեն աշխարհի ցանկացած ցուցասրահի: Հպարտ եմ, որ այս լուսանկարների հեղինակը մեր հայրենակիցն է եւ նաեւ հավատացած եմ, որ շուտով նա Հայաստանում մասնակից կդառնա այլ հետաքրքիր ծրագրերի»:

Փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանի խոսքով, նմանօրինակ ձեռնարկի կազմակերպումն ուշագրավ է նաեւ այն առումով, որ ՀՀ մշակույթի նախարարությունը մտադիր է Հայաստանում զարգացնել ջրին առնչվող մշակույթի ներկայացման մեթոդները եւ առաջիկայում նախատեսում է Սեւանա լճում ստորջրյա թանգարան բացել, ինչը կնպաստի ներքին զբոսաշրջության զարգացմանը:

«Հուսով եմ, որ առիթ կունենանք այդ կապակցությամբ Սերգեյ Գասպարյանին Հայաստանում տեսնելու, եւ հաջորդ ցուցահանդեսներն արդեն հարստացած կլինեն հայաստանյան պատկերներով»:

Իրինա Կասացկայան, շնորհավորելով հեղինակին եւ ցուցահանդեսի կազմակերպիչներին, ցանկություն հայտնեց, որպիսի այս յուրօրինակ ու տպավորիչ ցուցադրությունը լինի շարունակական եւ ներկայացվի այլ քաղաքներում, ինչին հնարավորինս կօժանդակի Երեւանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնը:

Ցուցահանդեսի համադրող, Photo.Podium.com ինտերնետային ռեսուրսի հայաստանյան ներկայացուցիչ, լուսանկարիչ Արմեն Ենգոյանը, ներկայացնելով հեղինակին, հավելեց. «Նա սկսեց լուսանկարել իր կյանքի դժվար պահին եւ այլեւս չդադարեց. շատ է ճամփորդում, նկարում է ու ամեն նկարին լիրիկական մոտեցում է ցույց տալիս: Հատկանշական են լուսանկարների անվանումները, որոնք խոսում են նրա երեւակայության, կատակասիրության, աշխարհի մարդ լինելու մասին»:

Հ.Գ.՝ Սերգեյ Գասպարյանը ծնվել է 1953թ. Մոսկվայում, բժիշկների ընտանիքում: Կրթությամբ եւ մասնագիտությամբ նեյրովիրաբույժ է, բժշկական գիտությունների դոկտոր: 35 տարի աշխատում է Ռուսաստանի առաջատար եւ համաշխարհային ճանաչում ունեցող ՌԲԳԱ-ի Ն.Ն.Բուրդենկոյի անվան նեյրովիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես վիրահատության բլոկի բաժնի պետ:

Ամբողջ ազատ ժամանակը նվիրում է լուսանկարչությանը. լինելով նաեւ փորձառու ջրասուզակ, կարողանում է պատկերել ծովերի եւ օվկիանոսների ստորջրյա հրաշալիքները: Ռուսաստանի պրոֆեսիոնալ նկարիչների ստեղծագործական միության (լուսանկարչության բաժին) անդամ է, մոսկովյան ժամանակակից լուսանկարչական ոլորտի ակտիվ մասնակից: Մասնակցել է մի շարք միջազգային ցուցահանդեսների Երեւանում, Գյումրիում, Թբիլիսիում, Մոսկվայում, Ս.Պետերբուրգում, Մինսկում. արժանացել է մրցանակային տեղերի:

«Ստորջրյա աշխարհի գաղտնիքները» լուսանկարչական ցուցահանդեսը Թեքեյան Կենտրոնում բաց կլինի մինչեւ ս.թ. փետրվարի 7- ը /մուտքն ազատ է/:

ցուցահանդես 3

ցուցահանդես 2ցուցահանդես 1

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն