Գլխավոր » Culture-Hogevor, Interview, Գիտություն, Լրահոս, Կրթություն, Հասարակություն, Մշակույթ

Փորձում ենք փրկել մեր եզակի ձայնադարանը

Հունվար 20, 2017թ. 23:18
Արթուր Իսպիրյան

Զրուցում ենք երգիչ, երգահան ԱՐԹՈՒՐ ԻՍՊԻՐՅԱՆԻ հետ

Մշակույթի նախարարությունը նախաձեռնել է երաժշտագիտական գրադարանի երաժշտական պահոցի թվայնացման և տեղափոխման աշխատանքները, որում որպես այդ աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի անդամ նեգրավված եք նաև դուք: Ի՞նչ ծավալի պահոցի մասին է խոսքը և ի՞նչ հեղինակների ստեղծագործություններ են այդտեղ պահպանվել:
-Գրադարանի երաժշտական նյութերը մինչ օրս պահպանվում են ձայնապնակների վրա, որոնք նվագարկելու համակարգը որպես այդպիսին դեռ 1980-ականներից է շրջանառությունից դուրս եկել: Խոսքը նվագարկիչների մասին է: Եվ փաստորեն այսօր այդ արժեքավոր արխիվը չի օգտոգործվում: Ավելին ենթարկվելով ժամանակի ու արտաքին գործոնների ազդեցությանը` ձայնապնակները քայքայվում և ոչնչանում են, իսկ դրանց վրա ձայնագրված նյութերը փաստորեն անհետ կորչում են: Հատկապես հայ հեղինաների ստեղծագործությունների նման կորուստն անթույլատրելի է մեզ համար: Դրանք նախախորհրդային և խորհրդային տարիների մեր երաժշտական արվեստի լավագույն նմուշներն են, որոնք հարկավոր է պահպանել ու փոխանցել մեր սերունդներին, որոնցով հարկավոր է կրթել այսօրվա երաժշտագետներին ու արվեստագետներին և ընդհանրապես մեր հասարակությանը` թույլ չտալով, որ ցարծարվեստ գործերը դրանց տեղը գրավեն: Իսկ այսօր մենք այդ տխուր գործընթացի ականատեսն ենք: Հասարակության հետընթացն ի վերջո նաև դրա հետևանք է:
Ինչ վերաբերում է պահոցի մեծությանը, ասեմ, որ խորհրդային տարիներին Հայաստանի երաժշտագիտական գրադարանը Սանկտ- Պետերբուրգի գրադարանից հետո երկրորդն էր իր պահոցի մեծությամբ: Այնտեղ պահպանվում է 265 հազար անուն գրականություն, դրանց մեջ նաև բավականին եզակի, բացառիկ օրինակներ ու ձեռագրեր կան և 16 հազար 300 ձայնապնակ: Մենք իհարկե բոլոր այդ ձայնապնակները դեռ չենք թվայնացնի ու վերականգնի, դրա համար բավականին հսկայական ռեսուրսներ ու ժամանակ է հարկավոր: Առայժմ կբավարարվենք հայկական բաժնում պահպավող ձայնադարանը թվայնացնելով` մոտ 5000 ձայնապնակ: Դրանց մեջ նույնպես կան բացառիկ գործեր, որոնք այսօր ուրիշ որևէ տեղ հնարավոր չէ գտնել ու լսել: Օրինակ եթե հիմա որևէ մեկը ցանկանա լսել Մարտուն Այդինյանի ստեղծագործությունները, դժվար թե որևէ տեղ դրանք գտնի: Այդ գործերը հիմնականում պահպանվել են երաժշտագիտական թանգարում և այն էլ ձայնապնակի ձևաչափով կրիչի վրա, ինչը գրեթե գոյություն չունենալու հաշիվ է: Իսկ երբ այն թվայնացվի, արդեն հնարավոր կլինի հեշտությամբ հանրայնացնել:
Արխիվում անգամ Կոմիտասի շատ հին կատարումներն են պահպանվել, որոնք շուտափույթ հարկավոր է թվայնացնել ու թույլ չտալ, որ մոռացության մատնվեն:
Շատ հայ ստեղծագործողներ ենք ունեցել, որոնց անուններն այսօրվա հասարակությանը հայտնի չեն, մինչդեռ նրանք հայկական երաժշտարվեստի կարկառուն ներկայացուցիչներ են` Մակար Եկմալյան, Արտեմի Այվազյան, ո՞ր մեկը թվարկեմ, անվերջ են: Նրանց գործերը ևս ամփոփված են արխիվում:
Զարմանալի է, որ խորհրդային տարիներից այդքան մեծ ժառանգություն ստացանք, ու անկախության տարիներին չենք գնահատում այն, անտարբերության ենք մատնել: Մեզ այսօր ավելի շատ հետաքրքրում են ցածրարժեք ձևաչափերը, եթերն աղբով է լցված: Ես չեմ մեղադրում մեր երիտասարդներին, քանի որ հեռուստաալիքները միացնելով` նրանք այդ զզվանք առաջացնող աղբն են տեսնում, որոնցով էլ ձևավորվում է նրանց մտածելակերպը, աշխարհընկալումը: Դա է տրվում նրանց, այլ ոչ թե այն արժեքները, որոնցով խորհրդային սերունդ է դաստիարակվել ու այն սերունդը, որը բարեբախտաբար դեռ այսօր շարունակում է արվեստ արարել: Բայց ի՞նչ ենք ունենալու մենք վաղը, այսօրվա սերունդից ի՞նչ ենք պահաջելու…

Իսպիրյան2

-Որքա՞ն ժամանակ է զբաղվում եք թվայնացման գործընթացով և ո՞ր փուլում է այն այժմ:
-Արդեն մեկ ամիս է և այդ ընթացքում հասցրել ենք ընտրել և առանձնացնել հայկական ստեղծագործություններով ձայնապնակները: Այժմ մեզ ազատ և մաքուր տեղ է հարկավոր դրանք տեղավորելու և աստիճանաբար թվայնացման ենթարկելու համար: Թանգարանում ազատ տեղ չկա, այնտեղ անգամ շարժվելու խնդիր, կա քանի որ արխիվը անփութորեն ցրված է այստեղ-այնտեղ: Պատկերացնո՞ւմ եք 50 տարի շարունակ այդ գրքերն ու ձայնապնակները հավաքվել ու կուտակվել են: Հիմա ինչպիսի՞ մեծ արխիվ է հավաքվել, որը տեղադրված է սահմանափակ տարողությամբ վայրում: Ընդ որում այնտեղ շատ անմխիթար վիճակ է, պահոցային հատվածի վերևի մասով անցնող կոյուղագիծը կոտրվել է և դրա ամբողջ պարունակությունը լցվել է նյութերի վրա: Ու տարիներ շարունակ դրանք շարունակում են այդ վիճակում մնալ: Մշակույթի նախկին նախարարները բազմիցս այցելել են թանգարան, տեսել այնտեղի անմխիթար վիճակը, խոտումներ տվել և անվերադարձ հեռացել: Եվ միայն Արմեն Ամիրյանն է, որ վերջապես հասկացավ ու գնահատեց այդ արխիվի արժեքը և ձեռնամուխ եղավ այն փրկելու գործին:
-Արթուր, ժամանակին նախաձեռնվեց նաև ՙՀայֆիլմում՚ պահպանվող մեր կինոդարանի թվայնացումը: Թվում էր` շատ լավ նախաձեռնություն է և հայկական ֆիլմերն այդկերպ հնարավոր կլինի փրկել ոչնչացումից, բայց երբ գործընթացն ավարտվեց, պարզվեց, որ աշխատանքն անորակ է արվել, ինչից մեր կինոնկարները ոչ թե շահել, այլ տուժել են: Նման մտահոգություններ չկա՞ն ձայնադարանի թվայնացման առնչությամբ:
-Ֆիլմի թվայնացման գործընթացը բավականին բարդ է և դրա համար շատ լուրջ մասնագեներ են հակավոր, որոնք Հայաստանում չկան: Աշխարհում անգամ այդպիսի մասնագետները հատուկենտ են: Իսկ նրանց հրավիրելը շատ թանկ հաճույք է: Չնայած դրան սկզբնական շրջանում հայկական ֆիլմերի թվայնացման համար մասնագետներ հրավիրվեցին Անգլիայից: Նրանք թվայնացրեցին ՙՏղամարդիկ՚ ֆիլմը, որը բավականին հաջող է: Բայց հետո հավանաբար գումարային խնդիրների պատճառով անգլիացիներն այլևս չշարունակեցին այդ գործը: Ստիպված գործին լծվեցին մերոնք, ովքեր ամենևին մասնագետ չէին և միայն ինչ-որ ժամանակահատված հետևել էին անգլիացիների աշխատանքին: Արդյունքում ունեցանք այն, ինչ ունենք:
Իսկ ահա ձայնադարանի թվայնացման որակն ավելի շատ կախված է սարքավորումից: Եթե ֆիլմում մասնագետները պետք է կարողանան ճշտությամբ վերարտադրել բնապատկերների, դերասանների հագուստի գույները, դրանց նրբերանգները` տվյալ ժամանակաշրջանին համապատասխան, ապա երաժշտության մեջ այդ խնդիրը չկա: Առաջին փուլում սարքավորման միջոցով ձայնապնակների երաժշտությունը թվայնացվում է, ասինքն վերափոխվում է այլ ձևաչափի: Այս փուլում շատ կարևոր է սարքի որակը, որպեսզի թվայնացումն էլ անթերի արվի: Որից հետո թվայնացված երաժշտության մեջ առկա խոտաններն են մաքրվում: Գտեք, որ ձայնապնակների վրա երաշխտությունն այն մաքրությունը չունի, ինչ թվային կրիչների վրա կարող է ունենալ: Ուստի այդ թերությունները հարկավոր է մաքրել: Այս դեպքում արդեն գործի են անցնում մասնագետները: Իսկ մենք այդ ոլորտում մասնագետներ ունենք: Այդ մարդիկ քաջածանոթ են ձայնապնակների հետ աշխատանքին, քանի որ ժամանակին` ԽՍՀՄ տարիներին առնչվել են դրանց հետ և չեմ կասկածում, որ վարպերոտերն կանեն իրենց աշխատանքը: Ես ինքս էլ այդ մասնագետներից մեկն եմ, և հիմա այն, ինչ անում եմ, ինձ հոգեհարազատ աշխատանք է: Մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվում այդ աշխատանքին, քանի որ գիտեմ` բավականին արժեքավոր նյութերի հետ գործ ունենք:

Իսպիրյան4

-Թվայնացումից հետո գործերը հանրայնացվելո՞ւ են արդյոք, քանի որ դուք նշեցիք` մեր հատկապես երիտասարդ սերունդը արվեստի այդ գոծերը լսելու հնարավորություն չունի իր համար մատչելի տարբերակով, ինչպիսին օրինակ հեռուստատեսությունը կամ ռադիոն են:
-Առայժմ դրանք ունկնդրելու և դրանցից օգտվելուհնարավորություն կունենան գրադարանից օգտվողները: Անպայման չէ, որ նրանք մասնագետներ լինեն: Բայց իհարկե լավ կլիներ, որ ռադիոյի, հեռուստատեսության, անգամ դպրոցների ու մասնագիտական դպրոցների, բուհերի հետ համագործակցությամբ այդ ստեղծագործությունները լսելու հնարավորություն տրվի մեր հասարակությանը, պատանիներին ու երիտասարդներին` ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում: Դա առանձին ծրագիր է, որը կապ չունի թվայնացման հետ:
-Ի՞նչ ժամանակաշրջանի ծրագիր է ձայնադարանի թվայնացումը:
-Կարելի է հաշվել: 5 հազար ալբոմ է` յուրաքաանչյուրը 40-60 րոպե տևողությամբ, գումարած մեխանիկական աշխատանքը, այդ ամենը մոտ մեկ ժամ եմ հաշվում և դրան էլ ավելացրած 100 ժամ` հանգստի համար: Եթե այդ թվերը բազմապատկեք աշխատանքային օրերի ու ժամերի քանակով, մոտավորապես կստանաք երեք տարի: Այդքան ժամանակ կպահանջվի միայն հայկական ստեղծագործությունները թվայնացնելու համար: Եթե երկու կամ երեք սարքավորում հնարավոր լիներ ձեռք բերել և միաժամանակ աշխատեցնել, այդ ժամանակահատվածը կկրճատվեր, բայց մենք դեռևս մեկ սարքավորում ձեռք բերելու մտադություն ունենք:
Այսինքն սարքը դեռևս չկա՞: Որքան գումար է անհրաժեշտ այն ձեռք բերելու համար:
-Շուտով կարծում եմ մշակույթի նախարարությունն այն կպատվիրի: Այնքան էլ թանկ չէ, մեկ նախարարի ընտանիքի` Դուբայում 10 օր հանգստանալու գին է:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Culture-Hogevor, Interview, Գիտություն, Լրահոս, Կրթություն, Հասարակություն, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն