«Սերժ Սարգսյանը ԱԺ-ում Վերին պալատ ստեղծելու առաջարկն ընդառաջել, լսել, ողջունել է». Արթուր Ալեքսանյան

«Միացյալ հայեր» նախաձեռնությունն առաջարկում է Ազգային ժողովում Վերին պալատ ստեղծել։ Այդ նախաձեռնության անդամներն են Հրանտ Թոխատյանը, Արամ Ավետիսյանը, Արթուր Ալեքսանյանը և Ազատ Արշակյանը։

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արթուր Ալեքսանյանը նշեց, որ իրենց նախաձեռնության հիմնական նպատակն ազգի համախմբումը, հզորացումն է. «Այդ նպատակի համար ենք առաջարկել, որ Ազգային ժողովում ստեղծվի Վերին պալատ, որտեղ համամասնորեն պետք է լինեն ոչ հայաստանաբնակ համայնքներից պատգամավորներ։ Այսինքն՝ մենք առաջարկում ենք, որ աշխարհում սփյուռքահայերի համայնքներում ստեղծվեն հզոր ուժեր, որտեղ հնարավոր կլինի ընտրել պատգամավորներ»։

Ըստ նրա՝ ժամանակն է՝ սկսել սփյուռքի, համայնքների մասին էլ մտածել, որպեսզի կրթօջախները, մշակույթի կենտրոնները, համայնքները կարողանան այնպես կազմակերպել, որ հայապահպանությունը հզոր լինի. «Այսօրվա դրությամբ հայապահպանության խնդիրը կա սփյուռքում։  Մենք քաղաքական կազմակերպություն չենք, այլ հասարակական կազմակերպություն։ Համախոհներ շատ ունենք։ Սփյուռքահայությունը մեզ հետ է, նա ողջունեց մեր այս գաղափարը, պատրաստ են մեզ ամեն ինչով օգնել»։

Ա. Ալեքսանյանը նաև նշեց, որ հանդիպել են նախագահ Սերժ Սարգսյանի հետ. «Նա ընդառաջեց, լսեց, ողջունեց, բայց ասաց՝ եթե դուք նախաձեռնել եք, դա ձեր գործն է, եթե ստացվեց, կողջունենք, լավ կլինի, լավ չլինի, ձեր խնդիրն է»։

168.am