Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Տնտեսություն

Ահավոր հաստությամբ բետոնե պատը մենք սկսել ենք ծակել՝ շնորհիվ վարչապետի. տնտեսագետ

Հունվար 13, 2017թ. 22:50
Կարեն Կարապետյան+

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ հանդիպեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, նպատակը՝ իր վարչապետական գործունեության 100-րդ օրվա ամփոփումն էր: Կառավարության ղեկավարը ներկայացրեց, թե իր ղեկավարած թիմն ի՞նչ է արել այս 100 օրում:
Կառավարության ղեկավարի ներկայացրած դիտարկումների շուրջ զրուցեցինք տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ հետ:
Վարչապետ Կարապետյանը նախ խոսեց կոռուպցիայի դեմ ուղղված կառավարության պայքարի մասին, ասաց, որ այդ ուղղությամբ իրենք հանդես են եկել մի շարք օրենսդրական նախաձեռնություններով: Իհարկե, սա այն հարցը չէ, որ 100 օրում հնարավոր լիներ շոշափելի առաջընթաց ապահովել, բայց գոնե նկատելի տեղաշարժեր պետք է, որ լինեն: Կա՞ն:
-Ես, բնականաբար, ինձ թույլ չեմ տա գերագնահատել կատարվածն ու ամպագոռգոռ բառեր օգտագործել ու ասել, թե կոռուոպցիոն ռիսկերի զսպման ուղղությամբ լուրջ հաջողություններ են գրանցվել: Բայց նաև չեմ կարող չասել, որ որոշակի զսպաշապիկ արդեն կա: Եթե համեմատենք նախորդ ժամանակաշրջանների հետ, երբ կոռուպցիոն երևույթները ուղղակի խեղդում էին մեզ, երբ բոլոր ոլորտներում կար թողտվություն, ապա այսօր պատկերն այլ է: Թեպետ մենք դեռ չենք հասել ցանկալիին, բայց այն, որ այսօր ցանկացած անձ, ում մտքով անցկացնում է մտնել կոռուպցիոն գործարքների մեջ, նախ սկսում է մտածել՝ արդյոք դրանից չի՞ տուժի, չի՞ հայտնվի առավել մեծ վտանգների առաջ, այն, որ երեք ամիսների ընթացքում մեզանում արդեն իսկ արմատավորվում է նոր մտածողություն, այն, որ ոմանք խիստ անհանգստացած են այդ պայքարից, ես սրանից եզրահանգում եմ, որ կա դրական ընթացք: Հիմա, մնում է, որ այդ գործընթացը լինի շարունակական և կոռուպցիայի դեմ պայքարը դրսևորվի առավել կոնկրետ քայլերով, ու նվազագույնի հասցվեն ռիսկերը, այդ ժամանակ ես կհամարեմ, որ մենք լուրջ նվաճում ենք գրանցել:
Կոռոպցիայի դեմ պայքարը հեշտ գործ չէ, կոռուպցիան նման է մի մեծ ՙայսբերգի՚, որի չերևացող, թաքնված մասն առավել հսկայական հատված է կազմում, քան երևացողը: Հետևաբար, դրա բացահայտումը չի կարող լինել հեշտ և այդ ուղղությամբ հաջողության հասնելն էլ ենթադրում է բավականին բարդ գործընթաց: Հանրագումարի բերելով այս հզոր ՙայսբերգի՚ դեմ վարչապետ Կարապետյանի ու իր թիմի պայքարը, ոչ միայն ես, այլև շատ մասնագետներ հույս ունեն, որ կոռուպցիոն գործարքների զսպման հարցում այսօր,այո, կա դրական առաջընթաց:
-Վարչապետը խոսեց մաքսային, հարկային վարչարարությունից, ընդգծեց, թե հատուկ ուշադրություն են դարձրել հարկային ստուգումների վրա, որպեսզի գործարարները չտուժեն երկարատև ստուգումներից, անդրադարձավ նաև մաքսազերծումներին: Այս ոլորտում կատարվածն ինչպե՞ս կգնահատեք:
-Գնահատականս իհարկե դրական է, բայց այստեղ ևս դեռ չենք հասել ցանկալի ու մեծ հաջողության: Եվ դա ունի իր պատճառները. սա այն ոլորտն է, որի թիկունքում թաքնված են ուժեղ սուբյեկտներ: Այդքան հեշտ չէ կանխել մաքսանենգությունը, հարկային պարտավորությունների չկատարումը կամ թերկատարումը: Ընդ որում, այստեղ շատ կարևոր դեր ունի պատժամիջոցների կիրառումը: Մենք հաջողություններ չենք ունենա, քանի դեռ բոլոր խախտումներ իրականացնողները չեն ենթարկվել համարժեք պատասխանատվության, քանի դեռ նրանց դեմ չեն կիրառվում պատժամիջոցներ: Այնպես որ, միայն զսպիչ մեծանիզմների կիրառումը կարող է տալ դրական արդյունքներ:
-Կարապետյանը նախաձեռնեց գազի ու էլեկտրաէներգիայի սակագների իջեցումը. ասուլիսում նա հիշեցրեց, որ այս հարցում ևս դժգոհողներ եղան, ասելով, թե գների նվազեցումը, մասնավորաբար, էլեկտրաէներգիայի գնի դեպքում, չնչին չափով է կատարվել: 
– Գազի և էլեկտաէնեգիայի գների այդ փոքր պակասեցումը գուցև չնչին համարվի, բայց նկատենք, որ սոցիալապես անապահով խմբերի համար այն մոտ 15 տոկոսով նվազել է: Պետք է նաև հաշվի առնել այն հանգամանքը, որ տասնամյակներ շարունակ եկած-գնացած կառավարություններն այս հարցում վարել են կոշտ քաղաքականություն՝ ի վնաս քաղաքացու: Մինչդեռ Կարեն Կարապետյանը ձեռնարկեց հստակ, գործնական քայլ. թեկուզ էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման չափը քիչ է, բայց նրա համարձակ նախաձեռնությունը մեզ համար համարում եմ ձեռքբերում: Ես այսպես կբնութագրեմ՝ ահավոր հաստությամբ բետոնե պատը մենք սկսել ենք ծակել՝ շնորհիվ վարչապետի քայլերի:
-Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք  ականատես ենք լինում նաև գործնական քայլերի Իրան-Հայաստան հարբերություններում՝ խոսքս Իրանի հետ ազատ տնտեսական գոտու ձևավորման մասին է: Ի՞նչ ակնկալիքներ ունեք:
-Ակնկալիքներս մեծ են: Մեր հարևան Իրանը ծանր, լուրջ, հարուստ երկիր է, ցանկացած այլ երկիր կերազեր նման հարևան ունենալ: Առավել ևս, երբ Իրանը մեզ դիտում է բարակամ երկիր և բոլորովին դեմ չէ, որ Հայաստանը կարողանա առավել զարգացնել, խորացնել իր հետ համագործակցությունը, կապերը բոլոր ոլորտներում, մեծացնել ապրանքաշրջանառությունը: Նախկինում Հայաստանը օբյելկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով թելադրված ունեցել է փոքր-ինչ վախվորած կեցվածք: Ռուսական ազդեցությամբ պայմանավորված մեր քայլերում եղել ենք շատ զգուշավոր, որպեսզի մեր հյուսիսային գործընկերոջ մոտ խանդի տեսարաններ չստեղծենք: Եվ հենց սա է պատճառը, որ Իրանի հետ մեր կապերը երկար ժամանակ մնացին մակերեսային ու չխորացան: Այսօր, բարեբախտաբար, այլ իրավիճակ է: Իսկ տնտեսական գոտու ստեղծումը առավել նպաստելու է երկու հարևան, բարեկամ երկրների միջև կապերի խորացմանը: Հետևաբար, ես հույս ունեմ, որ այստեղ ևս մենք շատ շուտով ականատես ենք լինելու դրական ընթացքի:
<<Յուրաքանչյուր մարդ պետք է իմանա ի՞նչ է ուզում ունենալ իր քաղաքում, իր գյուղում>>. մարզերի հետ աշխատանքը վարչապետ Կարապետյանը բոլորովին նոր հարթություն տեղափոխեց, այդ մասին են վկայում նրա կատարած այցերը շրջաններ, նրա զրույցը մարզերի բնակիչների հետ: Ամենուր նա՝ իր խոսքով ասած՝ ՙՙժողովրդին թասիբի է գցում՚՚ ծրագրեր ներկայացնելու համար: Արդյունքը չի ուշացել, մի շարք հետաքրքիր ծրագրեր արդեն իսկ նրա սեղանին են:
-Իհարկե՝ լավ է, որ մեր ժողովուրդը ծրագրեր է ներկայացնում կառավարությանը, բայց այստեղ շատ կարևոր է, որ դրանք արդյունավետորեն ուղղորդվեն պետության կողմից: Երբեք չկասկածեք, որ հայ մարդն անգործ է, չունի գաղափարներ, առաջարկներ, մտահաղացումներ: Ոչ, այդպես չէ, պարզապես, երբ նա տեսնում է, որ պետությունն իր կողքին չէ, որ ինքն անվերջ տանջվում է, բայց համարժեք եկամուտ չի ստանում՝ պարտադրված թողնում, հեռանում է իր ծննդավայրից, իր երկրից: Այսօր վարչապետը հորդորում է մեր մարզերի բնակիչներին կազմել բիզնես ծրագրեր՝ օգտագործելով մեր մարզերի ներուժն ու հնարավորությունը: Նման հանձնարարական տալն ինքնին նշանակում է մարդուն կոնկրետ գործի դնել ու նրանից պահանջել արդյունք, պահանջել եկամուտ ստեղծել ու վաստակել արժանապատիվ կյանք: Բայց միայն սեղանին դրված ծրագրերի մասին խոսելը դեռ աշխատանքի մի փոքր մասն է, սրան պետք է հաջորդեն կոնկրետ քայլեր, հակառակ դեպքում հնչածը կմնա որպես հրովարտակ: Այնպես որ, իրական արդյունքներ կլինենք այն ժամանակ, երբ ծրագրեր ներկայացրած հայ մարդը օրինական ու նկատելի եկամուտներ կստանա:
Կառավարությունը գնաց բավական համարձակ քայլի՝ օպտիմալացնելով ուռճացված պետական ապարատը. մոտ 3000 մարդ կրճատվել է,  օպտիմալացման արդյունքում 5 մլրդ 359 մլն դրամ է տնտեսվել: Այնուհանդերձ, վարչապետի այս քայլը ևս զերծ չմնաց քննադատություններից. ճի՞շտ էր այս որոշումը:
-Համարում եմ շատ ճիշտ որոշում՝ անգամ ուշացած: Պետական կառավարման համակարագի ծախսերը գերազանցում են մեր պետբյուջեի 20 տոկոսը: Դա չտեսնված, չլսված երևույթ է, դա գիշատիչային մոտեցում է սեփական բյուջեի հանդեպ: Մեր նման աղքատ երկրում պետական համակարգի պահպանման ծախսերը 7 տոկոսից բարձր լինելու իրավունք չունեն: Չնայած օպտիմալացման արդյունքում մի քանի միլիարդ է խնայվել, դա դեռ շատ քիչ է, փոքր քայլ է: Այնպես որ, ես կառավարությանն առաջարկում եմ այս գործընթացը շարունակել ու ավելի խորացնել:
Իսկ ի՞նչ կասեք նորաստեղծ ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի մասին, որի բացումը տեղի ունեցավ նախօրեին: Գործադիրի ղեկավարը նկատեց, թե ձևավորվել է պրոֆեսիոնալների թիմ՝ հայրենասեր, պարկեշտ մասնագետներ են հավաքվել կենտրոնում, ինչի ստեղծումը նա համարեց տնտեսության զարգացմանը նպաստող կարևոր քայլերից մեկը:
-Ես այդ կենտրոնի ստեղծումը մեծագույն հայտնագործություն չեմ համարում այն առումով, որ իրեն հարգող երկրրներում դեռ անհիշելի ժամանակներից են գործում նման կենտրոններ, ուր հավաքված է տվյալ երկրի ուղեղը, մշակում են հնարավոր ծրագրեր, որոնք երկրին կբերեն սոցիալ-տնտեսական մեծ հաջողություններ: Եթե 25 տարի անց, այսքան ուշացումով, այդուհանդերձ տեղի ունեցավ նման կենտրոնի բացումը, ես ողջունում եմ: Բայց ոչինչ չեմ կարող ասել նրանում հավաքված թիմի մասին, արդյո՞ք այնտեղ հավաքված են հանրապետության ՙահարկու՚, հզոր մասնագետները, որոնք եկել են ՙմոլորակը ՙպայթեցնելու՚: Ուզում եմ հարցնել, իսկ մինչ այդ ո՞ւր էին այդ հզորները: Ամեն դեպքում, եթե հավաքվել են նման մարդիկ, ուրեմն թող նախ մի կողմ նետեն սեփական փողկապները, հրաժարվեն ՙպադավատներից՚ ու անկեղծորեն նվիրվեն երկրին, այդ ժամանակ միայն ես կհամոզվեմ, որ գործ են անում:
Ա. ՍԱՀԱԿՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն