Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն

Ի՞նչ պետք է անենք, որպեսզի և´ տնտեսության աճ ունենանք, և´ ներդրողների ներգրավվում, և´ երկարաժամկետ զարգացում. վարչապետ

Հունվար 12, 2017թ. 18:08
Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը: Վարչապետը, ողջունելով ներկաներին և կարևորելով Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծումը, նշել է, որ կենտրոնի գաղափարն այն առանցքային թիրախներից մեկն է, որը ներգրավված է եղել կառավարության ծրագրում: Իր գործունեությամբ այն պետք է ուղենշի մեր տնտեսության զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ կենտրոնը ձևավորվում է հանրություն-մասնավոր հատված գործընկերության սկզբունքով և կլինի այն հարթակը, որտեղ կարող են մասնավորի մասնակցությամբ խոսել բարեփոխումների, ռազմավարությունների մասին: Վարչապետն ընդգծել է նաև, որ այս կենտրոնում ֆիքսվելու են տնտեսության զարգացման ծրագրերը, ձևավորվելու է այն գրադիենտը, թե ինչպես պետք է զարգանա մեր երկիրը: «Պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ մենք ակնկալում  ենք իրականում հասկանալ, թե ինչ պետք է անենք, որպեսզի և´ տնտեսության աճ ունենանք, և´ ներդրողների ներգրավվում, և´ երկարաժամկետ զարգացում, և´ մեր պոտենցիալի արդյունավետ օգտագործում: Հոգաբարձուների խորհրդում մասնավոր հատվածի ներկայացուցիչներն ավելի շատ են, քան պետական հատվածինը, և մենք ակնկալում ենք ու շատ ուրախ կլինենք, եթե սփյուռքի, արտերկրի լավագույն մասնագետները, այն մարդիկ, ովքեր անտարբեր չեն և կուզենան մասնակցել կենտրոնի աշխատանքներին, ներգրավվեն այս հարթակում»,-ասել է գործադիրի ղեկավարը: Կարեն Կարապետյանը նշել է նաև, որ կենտրոնում ձևավորված թիմը պրոֆեսիոնալ է:

«Այս կենտրոնի ղեկավարը լինելու է իմ  խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանը, և ես շատ մեծ հույսեր եմ կապում այս թիմի հետ: Մենք բաց ենք կառուցողական համագործակցության համար»,- ասել է վարչապետը և կենտրոնին մաղթել  բարի երթ,  հաջողություններ, ամբիցիոզ ծրագրեր:

Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն, վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանն էլ նշել է, որ կենտրոնի առջև մեծ խնդիր է դրված և կարվի առավելագույնը՝ իրենց վստահված գործառույթները պատշաճ իրականացնելու համար. «Կան մարտահրավերներ, որոնց լուծումը պահանջում է ստեղծագործ մտքի և պատասխանատվության համադրում, իսկ որոշ մարտահրավերների լուծումը երկարաժամկետ և մեծ աշխատանք չի պահանջում: Ընդամենը պետք է լինել համակարգված, կազմակերպված և գնալ առաջ: Կլինեն խնդիրներ, որոնք ավելի մեծ հետազոտություն և նախապատրաստում կպահանջեն: Համոզված եմ, որ կենտրոնի թիմը և մեր գործընկերները, որոնցից շատերն այսօր այստեղ են, միասին կկարողանանք ստանալ մեր աշխատանքի դրական արդյունքը»:

Նա տեղեկացրել է, որ կենտրոնի ֆինանսավորումն իրականացվել է պետական բյուջեից, միջազգային հաստատությունների, դոնորների միջոցներից և մասնավոր հատվածի նվիրատվություններից: Ի դեպ, առաջին մասնավոր նվիրատվությունը կատարել է վարչապետ Կարեն Կարապետյանը: ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի նպատակն է՝ խթանել Հայաստանում առանցքային բարեփոխումների իրականացումը և նպաստել արտահանման ծավալի աճին, երկարաժամկետ օտարերկրյա ներդրումների ներգրավմանը: Ուշադրության կենտրոնում են լինելու հանրային կառավարման, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության և վերամշակման, կրթության, հարկային և մաքսային վարչարարության ոլորտները, ինչպես նաև այլ բնագավառներ՝ ըստ անհրաժեշտության: Կենտրոնի գործունեությունը ղեկավարելու է Հոգաբարձուների խորհուրդը, որը բաղկացած է լինելու ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի ներկայացուցիչներից:

ՀՀ կառավարություն

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն