Գլխավոր » Politics, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Սփյուռքի մասնակցությունը ընտրություններին պետք է լինի դիտորդական ձևաչափով

Հունվար 11, 2017թ. 13:20

Հարցազրույց «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն ՎԱՐԴԱՆ ՄԱՐԱՇԼՅԱՆԻ հետ

Հայաստանյան նախորդ համապետական ընտրությունների ժամանակ երբեք այսքան շատ չի խոսվել ու չի կարևորվել տարբեր ձևաչափերով սփյուռքի մեր հայրենակիցների մասնակցությունը քաղաքական գործընթացներին, որքան այսօր: Որպես սփյուռքյան տարբեր գաղթօջախների հետ աշխատող անձ ինչո՞վ կբացատրեք այս հանգամանքը. այն ներսի՞ց, թե՞ դրսից ձևավորված պահանջ է:

-Ինձ թվում է այդ պահանջը երկու կողմից էլ ձևավորվել է: 2016-ը մեր երկրի համար շատ բարդ տարի էր, տեղի ունեցան չորս լուրջ իրադարձություններ. ապրիլյան պատերազմը, հուլիսյան դեպքերը, վերջինս ցույց տվեց, որ երկրում առկա վատ երևույթների հանդեպ հասարակության մեջ անհանդուրժողականության չափաբաժին այնքան է մեծացել, որ անգամ կարող են լինել պայքարի այդ ձևը նախընտրող մարդիկ:

Մյուս կարևոր ու լուրջ փոփոխությունը ես համարում եմ նոր վարչապետի նշանակումն ու կառավարության կազմը նոր դեմքերով համալրելը: Սա որոշակի դրական սպասելիքներ է ներարկել մեր հասարակության մեջ: Չորրորդը Հալեպում գրանցված լարվածության աճն էր, այն իր վրա սևեռեց ողջ հայության ուշադրությունը, հասկացանք, որ պետք է կարողանալ նման մարտահրավերին ճիշտ արձագանքել:

Սփյուռքը բազամաշերտ է, նրա զգալի հատվածը, մինչ թվարկածս դեպքերը, անտարբեր է եղել Հայաստանի նկատմամբ: Բայց այդ իրադարձություններից հետո շատ բան է փոխվել: Այսօր սփյուռքը հետաքրքրված է Հայաստանով, ու այդ շրջանակի մեջ մտնում է նաև նրա քաղաքական հետաքրքրվածությունը: Մեր հիմնադրամի հիմնական առաքելությունն է հայրենադարձության կազմակերպումը, այսինքն՝ օգնել այն մարդկանց, ովքեր ցանկանում են տեղափոխվել Հայաստան: Մեր կարևորագույն նպատակն է սփյուռքը կապել Հայաստանի հետ: Անել այնպես, որ սփյուռքահայը դառնա Հայաստանում ծավալվող տարբեր գործընթացների մասնակիցը, որ նա Հայաստան գալ ոչ թե ծնունդի, թաղման կամ հարսանիքի մասնակցելու, կենացներ խմելու և քյաբաբ ուտելու, գա ոչ թե որպես զբոսաշրջիկ, այլ ամեն հայի համար Հայաստանը լինի այն պետությունը, որի հետ ինքը կապված կլինի տարբեր ծրագրերով: Մեր նպատակն է հայաստանակենտրոն մտածողությունը դարձնել բոլորիս միավորող ուժը:

Սփյուռքը մշտապես Հայաստանում բարեգործական ծրագրերի մասնակից է եղել, բայց այսօր նաև անհրաժեշտություն է առաջացել սփյուռքին ներգրավել ներհայաստանյան հասարակական, սոցիալական, տնտեսական կյանքի, ծրագրերի մեջ: Եթե նկատել եք Հայաստան եկած մեր հայրենակիցներից շատերը դառնում են այս կամ այն ոլորտի առաջատարներ, որովհետև նրանք գալիս են նոր գաղափարներով, ծրագրեով, համարձակ մտքերով, գալիս են դրական լիցքերով ու պատրաստ են այստեղ կյանքի կոչել իրենց երազանքները: Իրենք դառնում են Հայաստանը մեծ աշխարհին կապող օղակ: Մեզ պետք է, որ այս ամենը մեծ թափ ստանա, քանի որ դա շատ կարևոր է երկրի թե՛ հասարակական կյանքի, թե՛ տնտեսության զարգացման համար: Այս ամենով հանդերձ գտնում ենք, որ ներհայաստանյան քաղաքական գործընթացներին սփյուռքի մասնակցությունը նույնպես պետք է դառնա մշակույթի մի մասը:

Հայաստանում կան ուժեր, որոնք սփյուռքի ներգրավումը ներհայաստանյան քաղաքականության մեջ տեսնում են Վերին պալատի ստեղծմամբ: Բայց կան նաև սրանում լուրջ վտանգ տեսնողներ: Դո՞ւք ինչպես եք պատկերացնում սփյուռքի մասնակցությունը քաղաքական կյանքին:

-Գիտեք, Վերին պալատի ստեղծումը շատ բարդ հարց է: Այն տեսականորեն հետաքրքիր գաղափար է, բայց անկեղծ ասած, գործնականում ես լավ չեմ պատկերացնում դրա կազմակերպումը: Տեսեք, Հայաստանում ու Արցախում ապրում է 3 մլն մարդ, սփյուռքում՝ 7 միլիոն, հայերն ապրում են 100 երկրներում, ուր կան 30 000 հայկական կազմակերպություններ, որոնցում ընդգրկված է 7 միլիոնի ընդամենը 20 տոկոսը, 80 տոկոսն ընդհանրապես չիմասնակցում համայնքային կյանքին: Հիմա, ո՞նց ենք ընտրելու Վերին պալատի պատգամավորներին: Ինչպե՞ս ենք խուսափելու դրա հետ կապված վտանգներից, չէ՞ որ այդ մարդիկ ամեն դեպքում ապրում են այլ երկրնեում, և իրենց վրա կրում են այլ երկրների ազդեցությունը: Երրորդ, նրանք որքանո՞վ են պատկերացնում ներհայաստանյան խնդիրները, հինգերորդ, ինչպե՞ս կատարել ընտրությունը, որ տվյալ անձը հանկարծ ներքաշված չլինի տարբեր կոռուպցիոն ռիսկերի մեջ, մի խոսքով, զերծ լինի տարբեր՝ տնտեսական, քաղաքական կաշկանդումներից ու կարողանա արդար, արդյունավետ գործունեություն իրականցնել Հայաստանում որպես պատգամավոր: Կրկնում եմ, ես սա չեմ պատկերացնում և ունեմ մտավախություն, որ այդ գործընթացը կարող է լուրջ բախումների հանգեցնել հենց համայնքների միջև: Այս պահին մենք դեռ պատրաստ չենք Վերին պալատի գաղափարի իրականացմանը, այն դեռ վաղ է: Չնայած հարցը պետք է քննարկման առարկա դարձնել:  Բայց առաջարկում եմ չկենտրոնանալ վտանգների վրա, այլ խոսել հնարավորություններից: Հետևաբար, այսօր իմ կարծիքով սփյուռքի մասնակցությունը ընտրություններին պետք է լինի դիտորդական ձևաչափի շրջանակներում: Սա շատ կարևոր է նաև սփյուռքի համար, նրանք հեռու են գտնվում Հայաստանից, ու երբեմն չեն կարողանում հասկանալ, թե իրականում այստեղ ի՞նչ է տեղի ունեցել:

Հաճակ սոցցանցերի միջոցով փոխանցվում է իրականության հետ կապ չունեցող տեղեկատվություն, ինչը աշխարհասփյուռ հայության մեջ բացասական տրամադրություններ է ստեղծում մեր երկրի հանդեպ, դառնում նեգատիվ արձագանքների պատճառ: Չե՞ք կարծում որ նաև այս առուոմվ մեր հայրենակիցների որպես դիտորդ մասնակցությունը, իրոք, իր դրական ազդեցությունը կունենա:

-Անշուշտ, նրանք Հայաստանի մասին խոսում են կամ շատ սև՝ խիստ բացասական երանգներով, քան իրականությունն է, կամ շատ վարդագույն, այսինքն՝ շատ դրական: Երկու դեպքում էլ ծայրահեղության հետ գործ ունենք: Եթե նրանք որպես դիտորդ գան ու մասնակցեն ընտրական գործընթացներին, իրենց աչքով տեսնեն ամենը, ապա ամեն ինչ իրենց համար պարզ կլինի: Այդ դեպում նրանք իրավիճակը ճիշտ կպատկերացնեն, կհասկանան խնդիրներն ու նաև կգնահատեն դրական քայլերը:

Մենք ուզում ենք, որ դիտորդությունը դառնա քաղաքական մշակույթի մի մաս, որ յուրաքանչյուր ընտրության ժամանակ՝ լինի համապետական, թե ՏԻՄ սփյուռքի մեր հայրենակիցները ցանկության դեպքում գան ու դիտորդական առաքելություն իրականացնեն:  Շատ կարևոր է, որ սպասվող ընտրությունները լինեն հնարավորինս ազատ ու արդար, ուրախալի է, որ այդ մասին խոսում է ոչ միայն ընդդիմությունը, այլև իշխանությունը: Ժամանակը մեզ համար սուղ է, մենք պետք է արագ ու արդյունավետորեն զարգացնենք մեր երկիրը, այն դարձնենք առավել արդար, ամեն ինչ անենք, որ և՛ պետական համակարգում, և՛ բիզնեսում տեղ գտնեն բանիմաց գործից հասկացող մարդիկ: Մենք պետք է վերականգնենք վստահությունը պետության, իշխանության հանդեպ:

Այս հարցում շատ կարևոր դեր ունեն ընտրական գործընթացները, իսկ սրանում մեծ է սփյուռքի դիտորդական դերակատարումը:

Սփյուռքի հայտնիները՝ Սերժ Թանկյանիի և Արսինե Խանջյանի գլխավորությամբ ևս հայտարարել են խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու մասին։ Համագործակցելու ե՞ք նրանց հետ:

-Մենք կապի մեջ ենք և իրենց և այլ խմբերի հետ, հանդիպել ենք, զրուցել: Դեռ գործնական փուլը չի սկսվել, բայց արդեն ժամանակն է: Նրանց առաջարկը ես դրական եմ համարում: Իրենք շատ հայրենասեր մարդիկ են, նախկինում միայն սևեռված էին Հայոց ցեղասպանության խնդիրների վրա, հետո սկսեցին հեռվից հետևել ներհայաստանյան քաղաքական իրողություններին: Հիմա արդեն ուզում են անձամբ գալ ու մասնակցել՝ որպես դիտորդներ:

Սակայն ես պետք է նշեմ նաև իմ մեկ այլ մտավախությունը կապված դիտորդական մասնակցության հետ: Բանն այն է, որ մեր հայրենակիցները, որոնք ուզում են գալ ու դառնալ դիտորդ շատ անգամ տոգորված են ռոմանտիկ, հեղափոխական տրամադրություններով, ունեն որոշակի նախատրամադրվածություն, հիմնականում ընդդմադիր են: Հիմա մեր նպատակն է անել այնպես, որ որպես դիտորդ ընտրություններին մասնակցել ցանկացողներն անցնեն համապատասխան վերապատրաստում, կրթվեն, ի վերջո դիտորդ լինելը միայն ցանկություն չէ, այն լուրջ նախապատրաստական աշխատանք է պահանջում: Դիտորդը պետք է հնարավորինս չեզոք պահվածք դրսևորի, միայն այդ դեպքում նա կարող է կատարել իր առաքելությունը: Հայաստանում կան կազմակերպություններ, որոնք զբաղված են դիտորդների վերապատրաստմամբ

Այսպիսով, ես կոչ եմ անում սփյուռքի մեր հայրենակիցներին գալ և մասնակցել ընտրություններին երկու կարգավիճակով ՝ առաջին, ՀՀ այն քաղաքացիները, որոնք արտերկրում են պետք է գան ու քվեարկեն: Մարդկանց պետք է հասցնել այն  մտածողությունը, որ չնայած այսօր իրենք այլ երկրներում են ապրում, բայց եթե ուզում են, որ մեր երկիրը ճիշտ ուղով զարգանա, ուրեմն պետք է գան ու մասնակցեն քվեարկությանը, որ հետո չասեն՝ իրենց փոխարեն ուրիշներն են ընտրել:

Մասնակցության երկրորդ ձևը դիտորդական առաքելության իրականացումն է. մեր այն հայրենակիցները, որոնք չունեն քվեարկելու իրավունք, թող ընտրություններին մասնակցեն որպես դիտորդներ: Բայց մինչ այդ նախ պետք է վերապատրաստվել, դիտորդի կարագավիճակ ստանալ:

Իսկ «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը, որը ոչ պետական, շահույթ չհետապնդող կազմակերպություն է ու, բնականաբար, քաղաքականության մեջ մտնելու նպատակ չունի, ընդամենը, կապող օղակ կդառնա՝ դիտորդական առաքելություն իրականացնել ցանկացող մեր հայրենակիցների ու վերապատրաստումն իրականացնող կազմակերպությունների միջև:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն