Գլխավոր » NKR, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ադրբեջանը 2017-ին պետք է ճանաչի Արցախի անկախությունը. այլ ճանապարհ չկա

Դեկտեմբեր 27, 2016թ. 10:05
Դավիթ Բաբայան

Հարցազրույց Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հետ
-Քառօրյա պատերազմից հետո ակնկալվում էր, որ միջազգային հանրությունը Ադրբեջանի նկատմամբ պետք է կոշտացներ իր գնահատականները, նաև նրա հանդեպ կիրառեր սթափեցնող պատժամիջոցներ: Դուք ևս հույս էիք հայտնել, թե Արևմուտքը, որն իր վրա զգաց ահաբեկչության վտանգը պետք է, որ հետայսու ավելի լավ հասկանա արցախահայությանը, որն ամեն օր շփվում է ահաբեկիչ Ադրբեջանի հետ: Մինչդեռ անցնող տարում մենք այդպես էլ փոփոխության ականատես չեղանք:
-Մենք, իրոք, սպասում էինք, որ միջազգային հանրությունը հստակ արձագանքելու է ֆաշիստական ահաբեկչական պետության պահվածքին: Չնայած արձագանք եղավ, բայց ոչ այնպիսին, ինչպիսին պետք է լիներ նման երկրի հանդեպ: Իսկ համապատասխան արձագանքի բացակայությունը հանգեցնում է ավելի վատ երևույթների: Տեսանք, թե ահաբեկչական ինչպիսի դեպքեր տեղի ունեցան Եվրոպայում, թե ի՞նչ է կատարվում Մերձավոր Արևելքում, ու դեռ ավելի վատի ականատես ենք լինելու: Մտածել, թե այդ ամենն ուղղակիորեն կապ չունի Ադրբեջանի հետ՝ սխալ է: Այսօր աշխարհում տեղի ունեցող ահաբեկչական գործողությունները սերտորեն կապված եմ մեկմեկու հետ, չնկատել սա հնարավոր չէ: Ադրբեջանի իրականացրած ագրեսիային համապատասախան արձագանքի բացակայությունը հանգեցրեց նրան, որ Ադրբեջանն ակտիվորեն ահաբեկիչներ է ուղղարկում Սիրիա, Իրաք, Իրան, որոնք այնտեղից կրկին վեադառնում են Ադրբեջան. դրա ականատեսը եղանք քառօրյա պատերազմի ժամանակ:
Եթե միջազգային հանրությունը շարունակի իր աչքկապոցին՝ ավելի վատ երևույթների ականատես ենք լինելու, դա առաջին հերթին վտանգավոր է լինելու այն պետությունների համար, որոնք պետք է իրականում դառնան Ադրբեջանին սանձահարողներ:
-Այս ամենով հանդերձ ինչպե՞ս եք գնահատում Մինսկի խմբի աշխատանքն անցնող տարում, կարելի՞ է այն համարել արդյունավետ:
-2016-ը ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում եղավ թերևս ամենաբարդ ժամանակահատվածը, այն բարդ էր նաև ԵԱՀԿ Մինսկ խմբի եռանախագահողների համար: Եղավ մի շրջան, երբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով առհասարակ տապալվեց բանակցային գործընթացը: Մինսկի խումբն արել է հնարավորը իրավիճակի շտկման ու տածաշրջանում խաղաղության, կայունության վերականգման համար: Անշուշտ նրանց քայլը գնահատելի է: Համանախագահներից այլ բան սպասել դժվար է, մանավանդ, երբ Ադրեբեջանը վարում է աննորմալ քաղաքականություն: Այս իրավիճակում առավել քան հրամայական է դառնում խաղաղության, կայունության պահպանման հարցը, ու սա շատ լավ են գիտակցում համանախագահները:
Առհասարակ, կարգավորման գործընթացը մենք պետք է դիտարկենք երկու ուղղությամբ. մեկը բուն գործընթացն է, այստեղ անիրատեսական է ակնկալել շուտափույթ զարագացումներ կամ նկատելի բեկում, քանի որ Ադրբեջանը չի հրաժարվում իր նվաճողական քաղաքականությունից, մյուսը՝ խաղաղության ու կայունության պահպանումն է, առանց որի հնարավոր չէ հասնել համապարփակ կարգավորման: Այսինքն՝ եկող տարիներին հիմնական շեշտը դրվելու է հենց սրա վրա, այլ տարբերակ չկա: Հարավային Կովկասում լայնածավալ պատերազմի բռնկումը կամա, թե ակամա հակամարտության կողմ է դարձնելու գերտերություններին, իսկ դա չի բխում նրանց շահերից: Հետևաբար, բոլորը կաշխատեն խաղաղության պահպանման ուղղությամբ:
Այս տարի ավելի շատ խոսվեց բանակցային ձեւաչափի խեղաթյուրված լինելու մասին, ու շեշտվեց, որ Արցախը շարունակում է չհամարվել բանակցային կողմ, ինչպես նաև՝ գործընթացը տեղից չի շարժվում, քանի որ կողմերի մոտեցումները տրամագծորեն հակառակ են մեկմեկու:
-Քառօրյա պատերազմը ապացուցեց, թե ովքե՞ր են իրական կողմերը: Ստեղծվել է անհեթեթ իրավիճակ. կողմերից մեկը՝ Ադրբեջանը, պատերազմ սանձազերծողն էր, իսկ մյուսը՝ Արցախը, որը տարածաշրջանում խաղաղության պահպանման կողմնակիցն է՝ բանակցությունների լիարժեք կողմ չէ: Սա ապացուցում է, որ նման իրավիճակում անիրատեսական է բանակցային բուն գործընթացում բեկում ակնկալելը: Դրա համար առաջին հերթին պետք է վերականգնել բանակցային լրաժեք ձևաչափ: Կայունության ու խաղաղության պահպանման հարցումԱրցախը եղել ու կմնա որպես կողմ, ինչն ընդունում են բոլորը: Հետևաբար, այս հարցում եկող տարում հնարավոր է պահպանել կողմերի մասնակցությունն ու քայլեր կատարել հրադադարի պահպանման ուղղությամբ:
Ինչ վերաբերում է կողմերի մոտեցումների տրամագծորեն հակառակ լինելուն, ապա գիտեք, որ Ադրբեջանն ամեն օր հայտարարում է, թե ստատուս քվոն պետք է փոխվի: Դրա տակ իրենք հասկանում են տարածքների վերադարձ ու Խորհրդային Ադրբեջանի սահմանային իրավիճակի հաստատում: Այսինքն՝ Ադրբեջանն ուզում է պահպանել իր կարծր դիրքորոշումը, մնալ նույն հայատյացը, բայց փոխել պատերազմի հետևանքը, որը գծել է նոր սահմաններ ու նոր իրավիճակ: Նման բան չի կարող լինում: Եթե Ադրբեջանն ուզում է, որ առաջընթաց լինի, պետք է հրաժարվի իր ֆաշիստական մոտեցուներից, ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը: Այլ տարբերակ չունեն:
Օրերս Կոնստանտին Զատուլինը Երևանում հայտարարեց, թե Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, դա անհնարին է, իսկ խոսակցություններն այն մասին, թե խախտվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ նա համարեց ադրբեջանական պրոպագանդայի արդյունք: Պարզվում է՝ նման կերպ մտածողները քիչ չեն, մինդեռ այս իրատեսությունը դեռ չի արտահայտվում Մինսկի խմբի կողմից:
-Այսօր շատերն են գտնում, որ ժամանակն է առերեսվել իրականության հետ, իսկ դա այն է, որ Արցախը երբեք չի կարող լինելԱդրբեջանի մաս: Թե ինչո՞ւ դա չի արտահայտվում Մինսկի խումբի կողմից, պատճառն բանակցային այս <ժանրն> է, ինչը նրանց թույլ չի տալիս հանդես գալ իրատեսության դիրքերից, այլ ստիպում է մնալ միջնորդի շրջանակում, ինչին նրանք կոչված են: Իսկ դա նշանակում է՝ պահպանել չեզոքություն, ավելի ճիշտ՝ անորոշություն:
Զատուլինի նման սթափ մտածողներ կան ոչ միայն ռուսական շրջանակներում, այլ արևմուտքում: Եվրոպայի բաձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ, պատգամավորներ ՝ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Չեխիայից ու այլ երկրներից լինելով Արցախում հաճախ են ասել՝ Արցախից է սկսվում Եվրոպան: Այդպես են մտածում նաև աշխարհի տարբեր երկրներից Արցախ եկած հայտնի գիտնականներ, մշակութային ու քաղաքական գործիչներ: Նրանք բոլորն, ի դեպ, հայտնվել են հարևան երկրի սև ցուցակներում: Ժամանակն է, որ Ալիևը սեփական սև մտքերը փակի իր ստեղծած սև ցուցակում ու տարածաշրջանն ազատիր իր ռևանշիստական ձգտումներից:
-Դրա փոխարեն Ալիևի միտքը մի վերջին անգամ փայլատակեց անցնող տարում ու նա հանդես եկավ առաջարկով՝ միակ զիջումը լինելու է Արցախի Հանրապետությանը ինքնավար մարզի կարգավիճակ տալը՝ Ադրբեջանի կազմում:
-Մենք մեր անկեղծ երախտագիտությունն ենք հայտնում Ալիևին, նույնիսկ չենք կարող նկարագրել մեր ՙհիացմունքը՚ ասվածի առնչությամբ: Վերջապես հարցի կարգավորումն սկսում է ՙնշմարվել՚: Այլ կերպ, քան սարկազմով հնարվորնչէ պատասխանել նրա անիրատեսությանը: Ալիևին խորհուրդ կտամ, եթե այդչափ ժողովրդավար է, թող մտածի Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների մասին ու ինքնավարություն տրամադրի թալիշներին, լեզգիներին, ավարցիներին, թաթերին, ժողովուրդներ որոնք 80 տարի հալածվում են բռնապետական երկրի կողմից: Իսկ Արցախն արդեն ունեցել է ինքնավար մարզի կարգավիճակ՝ Ադրբեջանի կազմում, ու պետք չէ մոռանալ, որ Արցախի վրա, չունենալով իրավական որևէ իրավասություն, Ադրբեջանը՝ առանց ԽՍՀՄ իշխանությունների հետ համաձայնության, վերացրել է Արցակի ինքնավար մարզ լինելու կարգավիճակը :Այսքանից հետո այսօր խոսել ինքնավարության տրամադրման մասին, մեղմ ասած՝ ծիծաղելի է: Այ, եթե Ադրբեջանն ուզենա Արցախի Հանրապետության կազմում ունենալ ինքնավարություն՝ մենք կարող ենք մտածել այդ մասին:
Լևոն Տեր-Պետրոսյանի՝ <<հողերը տանք պրծնենք>> տրամաբանության վրա խարսխված չարաբաստիկ ելույթից հետո, հակադարձ պատասխանով նախօրեին հանդես եկավ Սեյրան Օհանյանը: Արցախի շուրջ ծավալվող այս բանավեճը հուշում է, որ այս նախընտրական տարում հայաստանյան քաղաքական ուժերի օրակարգում իր ծանրակշիռ տեղը կունենա արցախյան հիմնահարցը, և քաղաքական ուժերը ստիպված կլինեն բեցել խաղաքարտերը՝ ժողովրդին ներկացնելով խնդրի լուծման իրենց պատկերացումը:
-Արցախյան հիմնախնդիրը միշտ էլ եղել է հայաստանյան քաղաքական օրակարգում: Ես դրական եմ համարում այն, որ այս նախընտրական տարում տարբեր քաղաքական գործիչներ արցախյան հարցի հետ կապված կներկայացնեն իրենց տեսակետները: Սա լավ առիթ կլինի, որ ժողովուրդն իմանա, թե ո՞վ, ի՞նչ կարծիք ունի հայոց պետականության առաջ ծառացած կարևորագույն խնդիրի վերաբերյալ: Հայությունն ունի 4 համազգային խնդիր՝ ադրբեջանաղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը, Ցեղասպանության ճանաչումը, հայ ինքնության պահպանումը սփյուռքում ու Սևանա լճի փրկությունը: Եթե այլ հարցերում հայերս կարող ենք տարբեր կարծիքներ ունենալ, ապա այս 4 հարցերում մեր մոտեցումները պետք է լինե միասնական ու որևէ տարաձայնություն չպետք է լինի:

Տեր- Պետրոսյանն հնչեցրեց իր կարծիքը ու մեզ համար վերստին պարզ դարձան նրա շեշտադրումները. Հայաստանի ու Արցախի հանդեպ Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքականությունը մատուցել այդչափ ոչ իրատեսորեն, ես համարում եմ շատ վտանագավոր քայլ: Նա անգամ ռացիոնալ քաղաքական գործիչ համարեց Ալիևին, մի մարդու, որի անմիջական հրամանով գլխատվեցին մեր զինվորները ու հայասպանները բարձր պարգևների արժանացան: Ինչպե՞ս կարելի է Թուրքիային համարել Հայստանի համար ոչ վտանգավոր երկիր, այն դեպքում, երբ վերջինս աշխարհով մեկ պայքարում է անցած դարասկզբի իր ձեռքով իրականացրած Հայոց ցաղասպանության ճանաչման դեմ: Թուրքիան երբևէ չի դադարել օգնել Ադրբեջանին, թե ռազմապես, թե նյութապես, թե բարոյապես, թուրք բարձրաստիճան գեներալներն այսօր ադրեբեջանական բանակում են ծառայում: Եվ այն, որ առ այսօր Թուրքիան չի հարձակվել Հայաստանի վրա՝ զսպող ուժը հայ-ռուսական ամուր դաշինքն է: 700 տարի չունենալով պետականություն մեր ժողովրդի մեջ ձևավորվել է զոհի բարդույթը, Արցախյան շարժում էր, որ թույլ տվեց հայությունը վերականգնել հավատը սեփական ուժերի հանդեպ:

Հետևաբար, մենք իրավունք չունենք իրատես չլինել, իրավունք չունենք տառապել զոհի բարդույթով և չգիտակցել, որ Արցախյան հիմնախնդրի կարգավորումից է կախված հայոց պետականության ապագան: Մենք իրավուք չունենք սխալվելու: Հուսով եմ, որ եկող տարում մենք ավելի շատ իրատեսության ու սթափության ականատես կլինենք:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել NKR, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն