Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Տնտեսություն

Կառավարությունը, կարծում եմ, ճիշտ քայլեր է իրականացնում

Դեկտեմբեր 22, 2016թ. 19:16

Հարցազրույց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ հետ
-Լրանում է վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման 100-րդ օրը, ավանդույթի համաձայն վերլուծենք այս ընթացքում արածն ո չարածը: Քանի որ վարչապետը տարբեր ոլորտների առնչությամբ լուրջ խոստումներ տվեց` ակնկալիքներն էլ, բնականաբար, մեծ են: Տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններով, ըստ ձեզ, ի՞նչ աշխատանքներ են կատարվել:
-Առհասարակ 100 օրը կառավարության աշխատանքի գնահատաման տեսանկյունից շատ քիչ ժամանակահատված է, և ճիշտ կլիներ նախնական գնահատականներ հնչեցնել գոնե կես տարի անց: Բայց քանի որ, ինչպես ասացիք, մեզանում արդեն ավանդույթ է ձևավորվել, կասեմ հետևյալը: Մենք այս ամիսների ընթացքում տեսնում ենք կառավարության կողմից տնտեսական քաղաքականության` դրամավարկային, հարկաբյուջետային քաղաքականության, էնեգակիրների գներ, կոռուպցիայի դեմ պայքարի հարցում որոշակի աշխատանքներ: Նախ, դրամավարկային քաղաքականության մասին ասեմ հետևյալը. չնայած նոր վարչապետի պաշտոնավարման ժամանակ վերաֆինանսավորման տոկոսադրույքն էապես իջել է, բայց դեռ խնդիրներ կան այստեղ, Կենտրոնական բանկը դեռ անելիք ունի: ԿԲ-ի մասին օրենքն էլ պետք է փոփոխվի ու համապատասխանեցվի նոր սահամանադրությամբ հռչակված դրույթներին:
Հարկաբյուջետային քաղաքականության մեջ ևս լուրջ աշխատանքներ են տարվում: Բայց դրա հետ մեկտեղ պետք է զգալիորեն մեծացվի կարգավորիչ ու խթանիչ դերը, այդ ուղղությամբ ես նկատում եմ կատավող կոնկրետ աշխատանքներ, ինչն ուղղված է մրցունակության բարձրացմանը, պատրաստի արտադրանքի արտահանման խթանմանը:
-Ի դեպ, պետեկամուտների կոմիտեն հրապարակեց, որ եկամուտների հավաքագրամ հետ կապված լուրջ խնդիր կա, դրանք թերակատավում են:
-Կարծում եմ դա ընթացիկ, անցումային խնդիր է ու կկարգավորվի: Հարկաբյուջետային քաղաքականությունը դեռ փոփոխման կարիք ունի, որպեսզի այն, իրոք, դառնա խթանիչ, հատկապես, պատրաստի արտադրանքի ստեղծման ու արտահանման խթանման հարցում: Մենք արտահանման աճն էականորեն մեծացնելու խնդիր ունենք:
Երրորդ կարևոր քայլը, ինչպես ասացի, էներգակիրների` մասնավորաբար գազի գների էական նվազեցումն է: Այստեղ հստակ փոխվել են գնագոյացման սկզբունքները: Իրոք, գնային լուրջ փոփոխություն արվեց, եթե նախկինում առաջնայինը մատակարարի ծախսերի փակման հարցերն էին, ապա այսօր լուծվեց կարևորագույն խնդիր` նոր գները ոչ միայն արդարացված են սոցիալական առումով, այլև կունենան խթանիչ դեր:

Տեսեք, 2016-ի հունվարին, մասնավորաբար, ջերմոցներն ու վերամշակող ձեռնարկությունները 1 խմ-ի համար վճարում էին 156 դրամ, իսկ այժմ կվճարեն 100 դրամ: Սա լուրջ խթան է ոլորտի զարգացման համար: Մանավանդ, երբ այդ ոլորտն ունի արտահանման մեծ ներուժ, կնշանակի գազի գների նվազմամբ լրջագույն հիմնախնդիր է լուծվում:
Ջերմոցների արտադրանքի ինքնարժեքի 30 տոկոսը կազմում են էներգակիների օգտագործման ծախսերը: Եթե մեզ մոտ էներգակիրների գները 1/3-ով իջնում են, կնշանակի 10 տոկոսով կնվազի ապրանքի գինը: Սա լուրջ խթան է մրցունակության բարձրացմանը:
-Կկարողանա՞ կառավարությունը երկար պահել գազի ցածր գինը. նկատենք, որ ընդդիմադիր շրջանակները սա ընդամենը նախընտրական քայլ որակեցին:
-Եկեք տնտեսագիտությանը լուրջ վերաբերվենք: Ես բացառում եմ, որ դա ընդամենը նախընտրական քայլ է, ինչո՞ւ, որովհետև գների կտրուկ փոփոխությունը ուղղակիորեն կհարվածի տնտեսությանը: Ոչ մի լուրջ կուսակցություն չի կարող գնալ նման քայլի: Այնպես որ, ես ընտրություններից հետո գազի գների էական փոփոխությունը բացառում եմ:
Գործադիրի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո Կարեն Կարապետյանը հայտարարեց կառավարման մշակույթի փոփոխության մասին, շեշտելով` առանց ստվերի, առանց բոլոր ոլորտներում կոռուպցիայի դեմ պայքարի երկիրը զարգացնելու ճանապարհ չի տեսնում: Խոսքից բացի ի՞նչ քայլեր կատարվեցին այս ամիսներին: Կարծում եք, ժողովուրդն իր վրա զգա՞ց կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ազդակները:
-Կոռուպցիայի դեմ հակազդեցության առումով իսկապես զգացվում է, որ լուրջ աշխատանք է կատարվում: Բայց նաև իմ խորհուրդն է` իրականցնել հակակոռուպցիոն փորձաքննություն, հատկապես, տնտեսական հատվածի օրենսդրության մեջ, որպեսզի, օրինակ` վարկերի, տենդեռների, պետպատվերի օգտագործման հարցում սուբյեկտիվ գործոնի ազդեցությունը հասցվի նվազագույնի:
Հայաստանը 167 երկրների ցանկում, կոռուպցիայի ընկալման ցուցանիշով, այսօր գրավում է 95-րդ տեղը: Սա, իհարկե, բարձր ցուցանիշ չէ: Իմ գնահատմամբ, դա հանգեցնում է ապրանքների գների մոտ 10 տոկոս թանկացման: Հետևաբար, մենք մեր առաջ որպես կարևորագույն խնդիր պետք դնենք գոնե 60 մաքուր երկրների ցանկում հայտնվելը: Այդ դեպքում մեր ապրանքների գները, մոտավորապես, 5 տոկոսով կէժանանան:
Ինչ վերաբերում է կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքարի ազդակները զգալուն, ապա բոլոր ոլորտներում կատարվում են քայլեր, իսկ ազդակներ ստանալու համար 100 օրը շատ կարճ ժամանակաշրջան է: Որպես մասնագետ ես այս պահին կարող եմ ասել հետևյալը` առ այսօր կատարված քայլերը դրական եմ գնահատում: Իսկ առավել նկատելի արդյունքների համար, եկեք ժամանակ տանք կառավարությանը` գոնե կես տարի: Աշխատանք շատ կա, բայց կարևորն այն է, որ ուղղությունը ճիշտ է ընտրված:
-Վարչապետի կարևոր թեզերից է` բիզնես միջավայրի բարելավում, գործադիրը պետք է բիզնեսի համար առավելագույն արդար, ազատ և հավասար դաշտ ստեղծի, խթանի ներդրումային ծրագրերին, արտահանմանը: Այստեղ ի՞նչ քայլեր են արվել:
-Մենք պետք է թանկ փողերի քաղաքականությունը կիրառենք միայն ճգնաժամային իրավիճակներում ու կարճաժամկետ: Եթե ներքին ներդրումները չենք ապահովում, ապա դժվար է էական արտաքին ներդրումներ սպասելը, եթե հիմնական արդյունք տվող ձեռնարկությունները ՓԲԸ-ներն են` դժվար է ներդրումներ իրականացնելը: Այստեղ կա օրենսդրության փոփոխման կարիք, մասնավորաբար, հարկային քաղաքականության փոփոխության անհրաժետություն կա, որպեսզի խթանվի ոչ թե հումքի, այլ պատրաստի արտադրանքի արտադրությունն ու արտահանումը: Դրանով հանդերձ, արտահանման տեսանկյունից բյուջեյում բավականին լավ ցուցանիշ է կանխատեսված ` 15 տոկոս աճ: Կարծում եմ, որ այս ցուցանիշը մենք կկարողանանք գերազանցել, եթե հիմնական ուղղություններով լուրջ աշխատանք կատարենք: Պետք է հասկանանք, որ տնտեսական քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է, և պետք չէ կողքից դիտել` իբրև ռազմավար: Ես տեսնում եմ կառավարության կոնկրետ քայլերը արտահանման խթանման ուղղությամբ: Այնպես որ քայլերը կատարվել են, սպասենք արդյունքներին:
-Հակամենաշնորհային քաղաքականության առումո՞վ ինչ կասեք, բավարա՞ր է արվածը:
-Դժվարությունները մեզանում պայմանավորված են փոքր երկիր լինելու հանգամանքով: Բայց դրա հետ մեկտեղ կոնկրետ քայլեր են արվել ներկրողների համար հավասար պայմանների ստեղծման, արտահանողներին աջակցություն ցույց տալու ուղղությամբ: Ես սա դրական եմ գնահատում: Նկատենք, որ նման հարցերը շատ արագ չեն լուծվում:
-Վարչապետ Կարապետյանի բացառիկ ուշադրության կենտրոնում է գիտության զարգացումը, առանձնապես կարևորում է կառավարություն-գիտությունների ակադեմիա նոր հարաբեությունների ստեղծումը, վարչապետի խոսքով ասած` պետք էհասնել նրան, որ գիտնականն արժանավայել ապրի, որ գիտնականը հավելյալ արժեք ստեղծի ՀՆԱ-ի մեջ, և ունենա ինքն իրեն գնահատելու հայտանիշներ:
-Սրանք, իհարկե, շատ կարևոր են: Կարևոր է նաև գիտության ֆինանսավորումը, կա նվազագույն շեմ, երկրի համար դա, մոտավորապես, ՀՆԱ-ի մեկ տոկոսն է: Մեզ մոտ այժմ այն կազմում է մոտ 24 մլն դոլար, մինչդեռ պետք է փուլային քյլերով հասնել 100 մլն դոլարի: Այսինքն, գիտության մեջ արդյունքներ ունենալու համար անհրաժեշտ է համապատասխան ֆինանսավորում: Պետությունն ինքը պետք է հնարավորինս խթանի գիտության զարգացմանը, իհարկե, գիտնականները պետք է առաջ քաշեն հստակ խնդիրներ, բայց մեծ դեր ունի պետական պատվերը, այսինքն` պետությունը պետք է ձևավորի այդ խնդիրներն ու դնի գիտնականի առաջ: Մեր ռազմաարդյունաբերական համալիրի, տնտեսության զարգացման հարցում գիտության գործոնը շատ մեծ է և այստեղ առաջնային է պետության ակտիվ դերը: Կարծում եմ, այս հարցում իր կարևոր դերը կարող է ունենալ նաև վարչապետի կողմից ստեղծվող Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը:
Ինձ համար շատ կարևոր է, որ կառավարությունը, հատկապես, վարչապետը շատ վճռական է տրամադրված տնտեսության առաջ ծառացած այս խնդիրների լուծման հարցում: Իր ծրագերի իրականացման համար վարչապետն ի սկզբանե լուրջ ուշադրություն դարձրեց կադրերի պատրաստման վրա, առանձնահատուկ կարևորելով մասնագիտական ունակություններն ու պետական մտածելակերպը: Դա երևում է վարչապետի ձևավորած թիմի աշխատաոճից: Այս ամիսներին նկատելիորեն բարձրացել է գործադիրի աշխատանքի օպերատիվությունը, ճկունությունը: Նկատելի է վարչապետի կաբինետի հրապարակային աշխատաոճը: Այս ամենը գնահատելով մենք էլ պետք է հնարավորինս աջակցենք նրան, որպեսզի համատեղ ուժերով այս հարցերին լուծում տանք:

Արմինե Սիմոնյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն