Գլխավոր » Politics, Լրահոս, Քաղաքականություն

Հույս ունեմ, որ Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքական դաշտ օգուտ կբերի մեր երկրին

Դեկտեմբեր 21, 2016թ. 12:59

Հարցազրույց ՀՀԿ ԱԺ խորհրդարանական խմբակցության պատգամավոր ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԻ հետ
Երկար տարիներ Արցախի և Հայաստանի պաշտպանական գերատեսչությունները ղեկավարած Սեյրան Օհանյանը վերջապես հանդես եկավ քաղաքականություն վերադառնալու և ընտրական գործընթացներին մասնակցելու հայտարարությամբ. ոմանց համար այն սպասելի, ոմանց համար անակնկալ որոշում էր: Դուք ինչպե՞ս այն ընդունեցիք` լինելով Սեյրան Օհանյանի հետ երկար տարիներ աշխատած Աժ պատգամավոր:
-Այն օրից, երբ մամուլում շրջանառվեց ընտրական գործընթացներին Սեյրան Օհանյանի մասնակցության մասին,  կարծում էի, թե այն ընդամենը լուր է: Բայց երբ երեկ կարդացի նրա տարածած հայտարարությունը, այլևս հստակ է, որ պարոն Օհանյանը որոշել է քաղաքականություն վերադառնալ: Իհարկե, յուրաքանչյուր մարդու ու գործիչի սահմանադրական իրավունքն է որևէ կառույցով` կուսակցություն, թե դաշինք, քաղաքական դաշտ մտնելը: Բայց հատկապես, Սեյրան Օհանյանի պարագայում, հաշվի առնելով, նրա անցած ճանապարհը,  գեներալ լինելը, հայ բանակին մատուցած նրա ավանդը, անկեղծ ասած, ես չէի ուզենա, որ Օհանյանը մտներ քաղաքականություն:
Դեռ պարզ չէ, թե Սեյրան Օհանյանն ի՞նչ ձևաչափով է մասնակցելու Ազգային ժողովի ընտրություններին, բայց փաստը է, որ այդ մասին ինքն արդեն որոշում կայացրել է ու երևի մոտակա ժամանակներում անձամբ կտեղեկացնի` իր մուտքը կլինի դաշինքո՞վ, թե՞ որևէ կուսակցությամբ:
Ամեն դեպքում ինձ համար անսպասելի էր նրա կայացրած որոշումը:
-Ինչո՞վ է պայմանավորված այդ անսպասելիությունը, գուցե այն կարծրատիպով, թե պաշտպանության համակարգում աշխատած գեներալները քաղաքական գործունեությամբ երբևէ չպե՞տք է զբաղվեն:
– Սահմանադրությունը որևէ սահմանափակում չի դնում, ու ամեն ոք ազատ է իր որոշումներում: Անսպասելիությունը թերևս պայմանավորված է այս տարիներին Սեյրան Օհանյանի՝ հասարակության մեջ ձևավորված իմիջով, իր կերպարով, ինչը նա ստեղծվել էր շնորհին իր աշխատաոճի, հասարակության մեջ ունեցած  դերակատարման: Ես` լինելով ՊՆ գերիների ու անհետ կորածների հանձնաժողովի անդամ, այս տարիներին ավելի մոտիկից եմ շփվել ու աշխատել Սեյրան Օհանյանի հետ, քանի որ այդ աշխատանքներն անձամբ ղեկավարում էր հենց ինքը` նախկին նախարարը, ու բարձր եմ գնահատում նրա կերպարը: Համենայնդեպս, Օհանյանը դեռ չի հստակեցրել իր տեղ քաղաքական դաշտում, պարզ չէ, թե ի՞նչ ուժերի հետ և ի՞նչ ձևաչափով, ի՞նչ օրակարգով է հանդես գալու: Կարծում եմ, իր կողմից հնչող հայտարարություններից հետո այդ պատկերն ավելի հստակ կուրվագծվի:
Մենք այսօր ապրում ու արարում ենք անցումային մի նոր ժամանակահատվածում: Քաղաքական մի նոր մշակույթ ենք ձևավորում, նոր` խորհրդարանական համակարգ, ուր խորհրդարանի պատասխանատվությունը պետք է կրկնապատկվի, քանի որ այն լինելու է առաջին մանդատով ընտրվող մեր միակ կառույցը: Ազգային ժողովը շատ ավելի մեծ գործառութներ, իրավասություններ, լիազարություններ է ունենալու: Դա նշանակում է, որ կրկնակի մեծանում է յուրաքանչյուր քաղաքական ուժի ու պատգամավորության թեկնածուի պատասխանատվությունը: Իհարկե, կրկնակի անգամ մեծանում է նաև մրցակցությունը: Բայց սրա հետ մեկտեղ մրցակից քաղաքական ուժերն ու թեկնածուները պետք է լավ հասկանան, որ այլևս չեն կարող խորհրդարանում չաշխատել: Խորհրդարանն հետայսու պետք լինի առավել կազմակերպված, առավել աշխատող կառույց, ուր ձևավորվելու, մշակվելու է երկրի հիմնական քաղաքական օրակարգը: Սա նշանակում է, որ քաղաքական ուժերը պետք է իրենց ներսում «գույքագրեն» սեփական ուժերը, որպեսզի կարողանան ամենից գրագետներին, ամենալավ աշխատողներին տանել խորհրդարան:
Դառնալով հարցին ասեմ. գեներալը ևս քաղաքական գործիչ է և կարող է աշխատել խորհրդանում ու, եթե գալիս է այդ նպատակով, իհարկե` ընդունելի է: Անկախ նրանից՝ պատգամավորը գեներա՞լ է, թե՞ մեկ այլ մասնագիտության տեր մարդ, նա պետք է տիրապետի օրենսդրական աշխատանքին: Շատ կուզենամ, որ ձևավորվելիք խորհրդարանը լինի պրոֆեսիոնալներով հագեցած կառույց, որպեսզի և’ ներսում իր օրինաստեղծ աշխատանքով, և’ միջազգային կառույցների հետ համագործակցության դաշտում կարողանա ապացուցել, որ Հայաստանի Հանրապետությունն ունի ուժեղ, աշխատող ու գործուն խորհրդարան:
Ի դեպ, Օհանյանն իր տարածած հայտարարության մեջ հստակ շեշտում է այդ հանգամանքը, որ նոր համակարգով պայմանավորված յուրաքանչյուր ուժ՝ քաղաքացի, կուսակցություն, իրավունք ունի և պարտավոր է իր ներուժը ծառայեցնել այդ զարգացումներին: Եվ նկատում` իր նպատակն է սեփական թիմով Հայաստանում նոր որակի քաղաքական ու տնտեսական համակարգ ձևավորել, նոր մշակույթ բերել:
-Իհարկե, դա ողջունելի է: Բայց նկատենք, որ բոլոր հին ու նոր ձևավորվող քաղաքական ուժերն այսօր շատ հաճախ են օգտագործում այդ բառակապակցությունը, թե գալիս են քաղաքական նոր մշակույթ բերելու: Բայց գործնականում հասարակությունը դրա արդյունքները հազվադեպ է տեսնում: Կուսակցություն ստեղծելը, դաշինքներ կազմելը շատ հեշտ է, մինչդեռ այդ ճանապարհը պետք է  արժանապատվորեն անցնել, պետք է կարողանալ ձևավորել մի ուժ, որը կվաստակի ժողովրդի վստահությունը, կարդարացնի ակնկալիքներն ու սպասելիքները: Իսկ սա շատ դժվար է: Եթե ցանկացած անձ իր վրա վերցնում է նման պատասխանատվություն, ուրեմն, պետք է կարողանա այն կյանքի կոչել: Այդ առումով, ես կարծում եմ, որ հայտարարությունը բավական համարձակ է, ին չ-որ տեղ նաև հավակնոտ:
Տեր-Պետրոսյանի տխրահռչակ ելույթից հետո պարզ դարձավ, որ քաղաքական ուժերը պարտավոր են իրենց ծրագրերում ոչ թե միաբերան խոսել միայն կոռուպցիայի, մենաշնորհների վերացման մասին, այլ առաջին հերթին բացեն սեփական քարտերը արցախյան խնդրի հարցում. օրինակ, ՀԱԿ-ը, պարզեցինք` հող տվող ուժ է, իսկ ինչպիսի՞ն են մյուսները, դեռ հայտնի չէ: Սակայն այն, որ դաշտ է իջնում արցախյան ազատամարտի մասնակից գեներալն ու նախկին ՊՆ նախարարը, չե՞ք կարծում, որ այդ կարևոր հարցում նա շահող դիրքերում է ու դրանով իսկ իր թիմով Օհանյանը կարող է ՀՀԿ լուրջ մրցակիցը լինել:
-Հետաքրքիր հարցադրում արեցիք: Այո, ՀՀԿ ծրագրում ամենից նուրբ ու ամենամեծ կարևորություն ունեցող թեման Արցախն է, մենք Հայաստանի կյանքը, հետագա զարգացումն առանց արցախյան խնդրի լուծման չենք պատկերացնում: Ու եթե այդ թեմայի շուրջ քաղաքական ուժերը քիչ են խոսում, կնշանակի քիչ էլ պատկերացնում են, թե ինչպիսի՞ն պետք է լինեն լուծումները:
Հստակ է, որ ՀՀԿ-ն ու ՀՀԿ ղեկավարը բոլոր միջազգային հարթակներում, ամենաբարձր ատյաններում զբաղվել ու զբաղված է այդ հարցով: Խնդիրը դժվար լուծելի է, առավել ևս, երբ ունենք անկանխատեսելի քաղաքականությամբ, երբեմն ագրեսիվ պահվածքով աչքի ընկնող հարևան, դրանով պայմանավորված հաճախ դժվար է նաև կանխատեսել, թե հետագայում մենք ի՞նչ ուղով կընթանանք: Բայց այսօր քաղաքական դաշտում ՀՀԿ-ն այն բացառիկ ուժն է, որի ծրագրերում Արցախի հարցում շեշտադրումները շատ հստակ են: Ցավոք, ՀՀԿ-ից բացի ես դաշտում մեկ այլ ուժը չեմ տեսնում:
Այո, լինելով ՊՆ նախարար, տիրապետելով բանակի խնդիրներին, այնուամենայնիվ, արտաքին քաղաքականության հարցում ես չեմ կարծում, որ մեծ է եղել Սեյրան Օհանյանի դերակատարությունը: Այնպես որ, Արցախի հարցում մենք դեռ պետք է շատ հստակ լսենք Օհանյանի մեսիջները, որոնք պետք է արտահայտվեն իր ծրագրերում:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին մրցակից լինելուն, այդտեղ որևէ մտահոգություն չեմ տեսնում, ես այնքան կուզենամ, որ Արցախի հարցում բոլորի գաղափարները լինեն պայծառ և իրատեսական, ու միմիայն օգուտ բերեն Արցախին և Հայաստանին: Բայց ես այսօր դեռ նման ուժ չեմ տեսնում, քանի որ նրանց ծրագրերում չկան արցախյան խնդրին առնչվող հստակ լուծումներ:
Թերևս պետք է սպասել նաև պարոն Օհանյանի կողմից ներկայացվելիք ծրագրերին, որից հետո միայն կարելի է խոսել մրցակից կամ այլընտրանք լինելու մասին:
Սեյրան Օհանյանն իր հայտարարության մեջ դրական մեսիջներ է ուղղում, նկատելով, թե դեմ է քաղաքական ծայրահեղությանը, փոխադարձ թշնամանքին, ատելությանը, այսինքն, գալիս է մի գործիչ, որը դեմ է ընդդիմության` տարիներ շարունակ ձևավորած հայհոյախոս կերպարին, գալիս է ընդդիմության մի նոր որակ:
-Երկար տարիներ աշխատելով Օհանյանի հետ, տեսնելով նրա մարդկային որակները, իր ղեկավար տեսակը, ես այսօր միայն կարող եմ ողջունել նրա այս հայտարարությունը: Այո, Սեյրան Օհանյանը երբեք հանդես չի եկել պոպուլիստական հայտարարություններով, երբեք ծայրահեղ մոտեցումներ չի ցուցաբերել, նա աչքի է ընկել իր հավասարակշված ու իմաստուն լուծումներով, ինչն ի դեպ, հատուկ է բանակի ղեկավարին: Հետևաբար, ես հույս ունեմ, որ իր մուտքը քաղաքական դաշտ ոչ միայն օգուտ կբերի մեր երկրին, այլև նա երբեք հանդես չի գա այնպիսի առաջարկներով ու լուծումներով, որոնք կարող են խժդժության կամ բացասական զարգացումների պատճառ դառնալ: Ես կարծում եմ, որ Օհանյանը մշտապես հավատարիմ կմնա իր տեսակին: Եվ իրոք, հանձին նրա, հուսով եմ, որ մենք կտեսնենք առողջ ու նոր ընդդիմություն, որն իր կառուցողական աշխատանքով միայն կօգնի երկրին, կարծում եմ, որ այդպես կլինի:

Ամեն դեպքում, զերծ մնալով քաղաքական կանխատեսումներից, սպասենք նրա հաջորդ քայլերին ու մեկնաբանություններին:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն