Գլխավոր » Society, Առողջապահություն, Լրահոս, Հասարակություն

Երեվանի ռադիոակտիվ ֆոնն ավելի բարձր է, քան ԱԷԿ-ինը

Նոյեմբեր 2, 2016թ. 12:58

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը տարածաշրջանում ատոմային էլեկտրակայան շահագործող միակ երկիրն է եւ այդ առումով միջուկային-ճառագայթային որոշակի ռիսկերի է ենթարկվում, դեռ 12 տարի առաջ ԱՄՆ էներգետիկայի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման վարչության աջակցությամբ եւ հովանավորությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ստեղծվեց միջուկային տարածաշրջանային անվտանգության կենտրոն: Այն մինչ օրս եզակի է անգամ ԱՊՀ երկրների տարածքում եւ այդ երկրներից Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի համար եւս համապատասխան որակավորմամբ ուսուցման հարթակ է ծառայում:
Ինչպես նշում է պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր ՈՍՏԱՆԻԿ ՄԱՐՈՒԽՅԱՆԸ` ժամանակին կենտրոնի կազմակերպած դասընթացներին եւ վարժանքներին ցանկություն են հայտնել մասնակցելու նաեւ վրացիները, բայց հետագայում անհասկանալի պատճառներով հրաժարվել են այդ հնարավորությունից:
Փոխարենը, ռեկտորը Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը հիանալի առիթ է համարում կենտրոնի գործունեության շրջանակներն ընդլայնելու, այդ երկիրը նույնպես իրենց կազմակերպած միջոցառումներին ու նախաձեռնություններին ներգրավելու առումով:
Այն հարցին ի պատասխան, թե ինչ նպատակ է հետապնդում միջուկային տարածաշրջանային անվտանգության կենտրոնը` Ոստանիկ Մարուխյանը նշեց, որ նախեւառաջ այնտեղ իրականացվում են համապատասխան ուսուցման դասընթացներ եւ պրակտիկ վարժանքներ ինչպես լսարանային, այնպես էլ դաշտային պայմաններում` համապատասխան մասնագետներին եւ իրավասու անձանց միջուկային-ճառագայթային վթարների հետ կապված արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշելու, վտանգը հնարավորինս շուտ չեզոքացնելու եւ բնակչությանը համապատասխան օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:
Իսկ նման գործառույթ, պարզվում է, ունեն գրեթե բոլոր նախարարությունները, ինչպես նաեւ միջուկային օբյեկտների շահագործման հետ կապված կամ ռադիոակտիվ իզոտոպներ օգտագործող բոլոր կառույցները. «Կենտրոնի դասընթացներին եւ վարժանքներին, բացի ներհամալսարանական անձնակազմից` դասախոսներից, աշխատակիցներից, ուսանողներից եւ ասպիրանտներից, մասնակցում են նաեւ գրեթե բոլոր նախարարութունների աշխատակիցները` տարեկան երկու-երեք անգամ, մոտ մեկ շաբաթ տեւողությամբ:
12 տարվա ընթացքում կենտրոնում հասցրել են համապատասխան որակավորում ստանալ տարեկան մոտ 60 արտահամալսարանականներ: Այսինքն` նախարարությունների եւ որոշ կազմակերպությունների այդքան աշխատակից ամեն տարի իրազեկվել եւ անհրաժեշտ հմտություններ է ձեռք բերել միջուկային վթարների դեպքում դրանք արձանագրելու, վտանգին արձագանքելու եւ մարդկանց համապատասխան օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու մասին»:
Ինչպես տեղեկացնում է պոլիտեխնիկական համալսարանի էներգետիկայի եւ էլեկտրատեխնիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ ԱՐԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ` արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին օրենքը հստակ սահմանում է, թե ատոմային կայանում միջուկային-ռադիացիոն վթարների դեպքում բնակչության պաշտպանությունն իրականացնելու համար որ նախարարություններն ինչ գործառույթներ պետք է իրականացնեն:
Այդ օրենքի, ինչպես նաեւ տարբեր վարժանքների ամփոփված արդյունքների հիման վրա վերջին անգամ 2012թ. կառավարությունը որոշում է ընդունել, որով ավելի է հստակեցվել նախարարությունների դերը նման իրավիճակներում, եւ նրանց ուսուցումն իրականացվում է այդ որոշման կետերի համաձայն: Օրինակ, առողջապահության նախարարության պարտավորություններից մեկը ազգաբնակչությանը յոդի հաբեր բաժանելն է, որը պետք է օպերատիվ իրականացվի: Արտակարգ իրավիճակների նախարարության դերը նման իրավիճակներում բնակչությանը վտանգավոր գոտուց տարհանելն է: Իսկ ահա գյուղատնտեսության նախարարության գործառույթը գյուղատնտեսական նշանակության հողատարածքները ճառագայթման հնարավոր վտանգներից զերծ պահելն է` անհրաժեշտ միջոցառումների իրականացմամբ:
Այդպես բոլոր նախարարություններն իրենց դերակատարումն ունեն միջուկային վթարների դեպքում, որոնց մասին պարտավոր են ոչ միայն իրազեկված լինել, այլեւ համապատասխան հմտությունների եւ գիտելիքների տիրապետել:
Անցած տարվա օգոստոսին ԱՄՆ էներգետիկայի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման վարչության աջակցությամբ հայաստանյան կենտրոնը ձեռք բերեց գերժամանակակից եւ թանկարժեք «ՍՊԱՐԿՍ սիստեմ» սարքավորումը` երկու օրինակով, ինչի շնորհիվ այժմ հնարավոր է չափել որեւէ տեղանքի ռադիոակտիվ ֆոնը եւ առկայության դեպքում տեղորոշել առավել մեծ չափաբաժնով ճառագայթմամբ տարածքը, ինչպես նաեւ նույնականացնել այն, այսինքն` հստակ ճանաչել ռադիոակտիվ նյութը:
Ինչպես նշում են մասնագետները` այդ սարքավորումը մոբիլ տեղակայանք է, այն հնարավոր է տեղադրել մեքենայում, մոտորանավակում կամ ուղղաթիռի մեջ եւ ավելի արագ ու արդյունավետ իրականացնել համապատասխան տեղանքի ուսումնասիրությունը: Սարքը զգայուն է եւ անգամ աննշան ռադիոակտիվ ֆոնն ի վիճակի է գրանցել եւ տեղորոշել:
Սարքն արդեն փորձարկվել է, եւ պոլիտեխնիկական համալսարանի աշխատակիցները հետաքրքիր բացահայտումներ են կատարել` մասնավորապես կապված Երեւանի ռադիոակտիվ ֆոնի հետ:
Ջերմաէներգետիկայի եւ շրջակա միջավայրի պաշտպանության ամբիոնի վարիչ ՄԵՐԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ հավաստմամբ` իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքներով` Երեւանում ռադիոակտիվ ֆոնը կրկնակի բարձր է, քան Մեծամորի ԱԷԿ-ի տարածքում. չնայած դրան, այն նորմայի մեջ է, խուճապի մատնվելու որեւէ առիթ չկա:
Ամբիոնի վարիչը դա բնականոն է համարում` նշելով, որ սովորաբար մեգապոլիսներում ռադիոակտիվ ֆոնը միշտ ավելի բարձր է լինում` պայմանավորված մի քանի հանգամանքով. «Ընդհանրապես խոշոր քաղաքներին բնորոշ է ռադիոակտիվ բարձր ֆոն ունենալը: Դա պայմանավորված է շինանյութերի մեծ քանակի առկայությամբ. շինանյութը կլանում է ռադիոակտիվ նյութերը եւ պարփակում իր մեջ: Այդ տեսանկյունից առավել զգայուն են տուֆը, գրանիտը, մարմարը, որոնք ուժեղ կլանիչներ են: Հաշվի առնելով, որ Երեւանում տուֆակերտ շինությունները բավական շատ են, քաղաքի ռադիոակտիվությունը պետք է նախ դրանով պայմանավորել:
Քաղաքներում նման ֆոն է ապահովում նաեւ թունելների, մետրոյի կայարանների, կամուրջների առկայությունը, քանի որ երկրի փորված շերտերում ռադիոակտիվ նյութ համարվող ռադոն է պարունակվում»:
Ի դեպ, «ՍՊԱՐԿՍ սիստեմ» սարքավորումը համեմատաբար բարձր ռադիոակտիվ ֆոն է գրանցել նաեւ մեր գերեզմանատների մոտ: Մասնագետները դա բացատրում են քաղաքի այդ տարածքներում բավականաչափ գրանիտի եւ մարմարի առկայությամբ: Պակաս ռադիոակտիվ չեն նաեւ ախտորոշիչ կենտրոնների եւ հիվանդանոցների տարածքները, որտեղ ճառագայթային ախտորոշման սարքավորումներ են օգտագործվում:
ԱՄՆ-ի նվիրաբերած սարքավորումն առայժմ ուսումնավարժանքների համար է կիրառվում, սակայն հետագայում չի բացառվում, որ կենտրոնի կողմից արդեն գիտական աշխատանքներ իրականացվեն, օրինակ, համապատասխան տեղանքների ռադիոակտիվ ֆոնը քարտեզագրելու համար: Դա հնարավորություն կտա վերահսկել այդ ֆոնը եւ թույլ չտալ, որ այն չափաբաժնից ավելին լինի:

 

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Առողջապահություն, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն