Գլխավոր » TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Տեղեկատվական անվտանգություն, Քաղաքականություն

Ադրբեջանի հատուկ ծառայությունների «հայաորսը»շարունակվում է

Դեկտեմբեր 16, 2016թ. 15:23

Հարցազրույց տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ

Ադրբեջանական լրատվամիջոցներին հարցազրույցներ տալու, դրանցում Հայաստանը խիստ քննադատելու, իսկ Ադրբեջանը որպես խաղաղասեր երկիր ներկայացելու գարշելի սովորությունը սկսվեց տխրահռչակ ռեժիսոր Տիգրան Խզմալյանից, հետո նրան միացավ ոչ պակաս տխրահռչակ Աշոտ Բլեյանը: Կարո՞ղ ենք ասել, որ այսօրվա` այսպես կոչված, <<հայ-ադրբեջանական խաղաղության հարթակին>> զինվորագրվելու հիմքերը դրվել են դեռ տարիներ առաջ:
-Կարծում եմ, որ մարդն ինքն է որոշում, թե ո՞ր երկրի լրատվամիջոցին է հարցազրույց տալիս: Եթե ուզում ես ապրել ժողովրդավարական երկրում, ապա պետք է ազատ լինես հարցազրույց տալու նաև ադրբեջանական մամուլին: Երևի այդ մարդիկ մտածում էին, որ նման սկանդալային հարցազրույցներով կարող են ավելի շատ բարձրաձայնել հայաստանյան խնդիրների մասին: Ամեն դեպքում, դա տվյալ անձի խղճի ու խելքի հարցն է:
Իսկ այս խնդիրն առավել լուրջ իհայտ եկավ վերջերս, երբ Ադրբեջանը որոշեց ինքը ստեղծել <<հայ-ադրբեջանական խաղաղության հարթակ>>: Հիշենք, որ խաղաղարար նպատակներ հետապնդող հարթակներ գոյություն ունեին դեռ տարիներ առաջ, բայց դրանք անցկացվում էին միջազգային դոնոր կառույցների հովանու ներքո, վերջիններս փորձում էին հայերի ու ադրբեջանցիների միջև երկխոսություն սկսել` երրորդ երկրի հովանավորության տակ: Բայց 2012-ին, Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո, Ադրբեջանը կասեցրեց այդ հարթակների գործունեությունը: Հետո մի շարք ադրբեջանցիներ ձերբակալվեցին ու դատվեցին որպես Հայաստանի լրտեսներ, երկխոսության գործընթացը զրոյացվեց: Եվ Բաքվում որոշեցին սկսել երկխոսության իրենց տարբերակը:
-Ու այսօր Ադրբեջանի հատուկ ծառայությունները զբաղված են «հայաորսով», փնտրում, գտնում են մարդկանց, որոնք պատրաստ են հայհոյել սեփական երկրի հասցեին ու Արցախի մասին տալ ադրբեջանահաճ մեկնաբանություններ:
-Այո: Նախ գտան մի երկու տականքի, որոնք փաստացի դավաճաններ են: Հետո ադրբեջանցիներն անցան մեկ այլ տակտիկայի, այն է` խեղաթյուրել մարդկանց խոսքը: Այսինքն` հայերից հարցազրույցներ են վերցնում ու ամբողջությամբ խեղաթյուրում ասվածը: Սա նշանակում է` մարդկանց օգտագործում են: Այս դեպքում արդեն հարցազրույց տալը դուրս է խոսքի ազատության շրջանակներից: Եվ փաստացի այս ամենը կատարվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործողությունների շրջանակներում:
-Հիմա տեսնենք, թե ովքե՞ր են ադրբեջանական հատուկ ծառայությունների ցանցում կամա կամ ակամա հայտնվածները. նախ խոսենք Հայաստանում կատարած բազմաթիվ խարդախությունների հեղինակ Վահան Մարտիրոսյանի մասին:
– Այս մարդու Ադրբեջանում ծավալած գործողություններն ապացուցում են, որ նա այդ գործը չի անում ստիպված, չի անում ճարահատյալ վիճակում, հակառակը, նա մեծ էնտուզիազմով է զբաղվում հակահայկական գործունեությամբ: Նրան մեծ գումարներ են տվել ու նա լավ աշխատում է ադրբեջանցիների համար, հաճույքով օգտագործվում է Հայաստանի դեմ իրականացվող տեղեկատվական քարոզչական գործողությունների մեջ: Երբ ադրբեջանցիները գերի էին վերցրել հայ զինվորների ու ստիպում էին ադրբեջանահաճ հայտարություններ անել, հիշո՞ւմ եք, նրանք դեմքից հստակ երևում էր, որ այդ մարդիկ գտնվում են խիստ ճնշված վիճակում, ուղղակի տարբեր միջոցներով նրանց պարտադրել էին դա անել: Իսկ Վահան Մարտիրոսյանի պարագան այլ է, սա շատ ոգևորված է աշխատում ադրբեջանցիների համար: Այստեղ մենք գործ ունենք դավաճանության կոնկրետ փաստի հետ:
Ի՞նչ կասեք գերմանաբնակ Վահե Ավետյանի մասին. ձեր ֆեյսբուքյան էջում գրել էիք, թե տաս տարի սոցիալական ցանցերով առնչվել եք նրա հետ ու կարող եք անգամ գիրք գրել նրա անձի «տրանֆորմացիայի» մասին:
-Վահե Ավետյանի պարագան տարբերվում է Մարտիրոսյանից, սա բոլորովին այլ դեպք է: Նա իրեն ներկայացնում է որպես <<ճիշտ Հանրապետական>>, քանի որ, իր ասելով, եղել է ՀՀԿ կուսակցության հիմնադրման ակունքներում, իրեն է տրվել ՀՀԿ N 2 կուսակցական թերթիկը: Հետո գնացել է Շվեդիա, ու այնտեղից ներկայացել որպես վտարանդի գրող, որին իբրև թե հետապնդում են Հայաստանում, ուզում են գնդակահարել, դրա համար ինքը փախել է: Իհարկե նման բան չկա, այս տարիներին նա շատ հանգիստ, մի քանի անգամ եղել է Հայաստանում: Այս մարդն ունի սեփական անձի հաստատման խնդիր, շատ է ուզում ներկայանալ որպես իրավիճակ փոխող:
Նա մասնակցել է միջազգային մակարդակով կազմակերպված խաղաղասիրական բազմաթիվ միջոցառումների և միշտ փորձում է երևալ օրիգինալ, լինել բոլորից տարբերվող, իր անձը չափազանց գերագնահատող մարդ է: Ինձ թվում է նրա մոտ կա որպես Մեսիա ներկայանալու մեծ ցանկություն, մարդ, ով գալիս է կաղապարներ կոտրելու:
Վահե Ավետյանը փորձեց Բաքու գնալով հայ ազգայնականների դեմ ինչ-որ շարժում իրականացնել, կոտրել կարծրատիպերը, բայց շատ արագ հասկացավ, որ Բաքվում իրեն օգտագործում են, հասկացավ, որ սցենարն իր ուզած ընթացքով չի գնում ու ադրբեջանցիներից նեղացավ: Ես չեմ կարծում, որ Վահե Ավետյանն ապագայում կարող է ադրբեջանցիների ձեռքին լուրջ գործիք կամ դերակատար դառնալ: Ավետյանը գումար չի սպասում Ադրբեջանից, նա ընդամենը փրկիչի դեր էր ուզում ստանձնել: Այս առումով, Ավետյանին ընդհանրապես չի կարելի համեմատել դավաճան Վահան Մարտիրոսյանի հետ:
-Այսինքն, կարո՞ղ ենք ակնկալել, որ Ավետյանն, ի վերջո, կսթափվի ու հետքայլ կանի:
-Կարծում եմ, հետքայլ կանի այն առումով, որ չի ցանկանա շարունակել իր շփումը Ադրբեջանի իշխանության հետ, քանի որ ինչպես ասացի` հասկացավ, որ օգտագործվում է: Բայց չեմ կարծում, որ կդադարեցնի իր <<օրիգինալ>> ոճով խաղաղարար հայտարությունները հնչեցնելը:
-Խաղաղարար լինել սրանք հասկանում են ադրբեջանական քարոզչություն տարածելը, հողերը հանձնելու կամ այսպես կոչված, Խոջալուի ցեղասպանության մասին խոսելը: Հայաստանյան լրատվական դաշտին անհայտ և միայն Բաքվում իբրև «լրագրող» բացահայտված Սյուզան Ջաղինյանն այսօր հաքին.ազ-ում զբաղված է հենց այս գործով:
Սա մի այլ երևույթ է, Ջաղինյանն ուղղակի անհեթեթություն է, նրան ընդամենը գլխաքանակի համար են վերցրել: Այսօր ադրբեջանական հատուկ ծառայությունները զբաղված են որքան հնարավոր է շատ մարդիկ գտնել, նրանց խոսքերը խեղաթյուրել ու հակահայկան քարոզչությունը նրանց անունից իրականացնելու գործով: Քանի որ իրենց նպատակը, այսպես կոչված, «հայ-ադրբեջանական խաղաղության հարթակ» ձևավորելն է:
Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները նաև գրեցին են, թե Բաքվի նախաձեռնած <<խաղաղության հարթակին>> միանալու ցանկություն է հայտնել Արցախից գրող, քաղաքացիական ակտիվիստ Լուսինե Ներսիսյանը: Փաստորեն, ադրբեջանական հատուկ գործակալների ձեռքերը հասան նաև Արցա՞խ:
– Այո, նաև Արցախ հասան ու մարդկանց հերթով փորձում են «փչացնել»: Դա կատարվել է այսպես. Վահան Մարտիրոսյանը ֆեյսբուքով խոսել է այդ աղջկա հետ, մի երկու խոսք փոխանակել ու ձայնագրել նրան իբրև ապացույց այն բանի, թե Լուսինե Ներսիսյանն ադրբեջանական լրատվամիջոց հաքին.ազ-ին հարցազրույց է տվել: Ու հետո Լուսինեի անունից մի երկու էջանոց հարցազրույց է հայտնվում այդ կայքում: Այս աղջիկը, ժողովրդի խոսքով ասած` հայտնվել է <<էշ նահատակի>> վիճակում: Այսօր այս իրավիճակում կհայտնվեն բոլոր նրանք, ովքեր ուզում են ադրբեջանական լրատվամիջոցներին հարցազրույց տալ: Ադրբեջանցիների հետ ոչ մի կապի մեջ չպետք է մտնել, բավական է հետները երկու բառ խոսես ու վերջ, իրենց ուզած տեքստն են սարքում: Լուսինեն դարձել է չիմացության զոհ ու հայտնվել ադրբեջանացիների ցանցում:
Փաստորեն, ադրբեջանական կողմի «որսորդի» դերում հանդես եկողը Վահան Մարտիրոսյան կոչվածն է, որին հաջողվում է մարդկանց ճակատագրի հետ խաղալ:
-Վահան Մարտիրոսյան անձ որպես այդպիսին այսօր գոյություն չունի, նա ադրբեջանական ինչ-որ գաղտնի գործակալի մանկլավիկ է: Մարտիրոսյանն այսօր ինքնուրույն ոչինչ չի անում` ոչ խոսում է, ոչ գրում է, նրան ամեն ինչ թելադրում են: Պետք է հասկանանք, որ գործ ունենք մի փուչիկի հետ, որը մեծ հաճույքով իր ծառայություններն է մատուցում Ադրբեջանի ազգային անվտանգությանը:
Ադրբեջանական ցանցում հայտնվածների շարքում էր նաև Նորայր Մինասյանը, Արմեն Վիրաբյանը: Այս մարդիկ այլ շփման մեջ են եղել ադրբեջանցիների հետ, նրանք ուղղակի հաքին.ազ-ի զոհերն են, հարցազրույցներ են տվել ադրբեջանական լրատվամիջոցներին, հետո պարզել են, որ իրենցից բոլորվին այլ բան են ակնկալում: Բայց խնդիրն այն է, որ ադրբեջանցիների համար բավական է հարցազրույց տալը, նկարներ փոխանակելը, մնացածն արդեն իրենք ամբողջությամբ սարքում են ` խեղաթյուրելով: Այդ փոքր շփումը ադրբեջանցիներին թույլ է տալիս հարցազրույցներ տված հայերին ինչ-որ կերպ ներքաշել իրենց «խաղի» մեջ ու օգտագործել: Եթե նախկինում խոսքի ազատությունը կարևորելով հայերը ադրբեջանական զլմ-ին հարցազրույցներ տալը նորմալ էին համարում, քանի որ ադրբեջանցիներն էլ պահպանում էին խաղի կանոնները` հարցազրույցում ոչ մի բառ չէին փոխում, հիմա ամեն ինչ այլ է, այսօր ադրբեջանական կողմի հետ նման շփման մեջ մտնելը, նրանց հարցազրույցներ տալը շատ վտանգավոր է: Ադրբեջանում կատարվում է լրատվության հետ որևէ կապ չունեցող երևույթ:
Ադրբեջանական ԶԼՄ-ները ոգևորված գրում են, թե օտարերկրյա քաղաքագետներին, իրավապաշտպաններին և լրագրողներին սկսել են խիստ հետաքրքրել Հայաստանից փախածների նպատակը` հայ-ադրբեջանական խաղարարար հարթակի ստեղծումը: Գոհունակություն հայտնածների շարքում, ըստ ադրբեջանականզլմ-ի նաև ռուսաստանցի հայտնի լրագրող Դմիտրի Կիսելյովն է, որն իբր թե պատրաստակամություն է հայտնել աջակցել դրան: Կա՞ նման իրավիճակ, թե՞ սա էլ ադրբեջանական հերթական կեծիքն է:
-Ադրբեջանցիներն աշխատում են այս կերպ. բռնում են օտարազգի որևէ քաղաքագետի, լրագրողի ու հարց տալիս` ինչպե՞ս կմեկնաբանեք ՙխաղաղարար հարթակի՚ ստեղծման գաղափարը: Դե, նրանք էլ ասում են` լավ է, որ երկխոսել եք ուզում: Այս սովորական մտքերը ադրբեջանական մամուլը ներկայացնում է այլ կերպ, իբրև թե օտարերկրացի քաղաքագետները ողջունում են Հայաստանից փախածների քայլերը: Սա ուղղակի մանիպույացիա է: Իսկ Կիսիլյովի մասին ես կարդացել եմ ադրբեջանական լրատվամիջոցներում, սակայն դեռ նրա կողմից հերքումը չեմ տեսել:
-Ինչպե՞ս վարվել, ինչպե՞ս պայքարել այս երևույթի դեմ, ի՞նչ անել ադրբեջանական քարոզչամեքենայի ծողակում չհայտնվելու համար. կարծիք կա, թե պետք է անտեսել դավաճաններին, մոռանալ ու առհասարակ չանդրադառանալ այս թեմաներին: Սա ճի՞շտ մեթոդ է:
-Անտեսելը, մոռանալն իհարկե այնքան էլ ճիշտ չէ, բայց մյուս կողմից նրանց վրա պետք չէ սևեռվել ու նրանց ամեն մի քայլը դարձնել քննարկման առարկա: Փաստ է, որ այդ մարդկանց մասին խոսելով մենք լուծում ենք Ադրբեջանի խնդիրը` նրանց տեսակետները տեղափոխում ու շրջանառում ենք հայաստանյան դաշտում: Այստեղ շատ կարևոր է որ ճիշտ աշխատեն մեր լրատվամիջոցներ, լրագրողները չպետք է վերցնեն ու կայքերում ուղղակի հրապարակեն հաքին.ազ-ի տեղեկությունները որպես լուր` առանց մեկնաբանության, առանց վերլուծության: Դա դառնում է պարզապես քարոզչական նյութի վերահրապարակում ու տարածում: Իսկ այսօր հաքին.ազ-ը լրատվամիջոց չէ, այն ադրբեջանական քարոզչական թերթիկ է, այնտեղ գրվածը փաստ չէ, այլ կարծիք, իսկ կարծիքը չի կարելի ուղղակի վերցնել և տեղադրել մեր կայքերում` դառնալով այդ կարծիքի տարածողը:
Մեր լրատվամիջոցները պետք է լուսաբանեն միայ արտառոց դեպքերը, այն էլ անպայման դրան սեփական մեկնաբանությունը տալով:
Մենք նաև լուրջ բաց ունենք, բանն այն էմ որ հայաստանյան լրատվական դաշտում եզակի են այն լրագրողները, որոնք աշխատում են ադրբեջանականի թեմաների վրա ու աշխատում են միջազգային փորձագետների հետ, մինչդեռ Ադրբեջանում նման լրագրողների մեծ բանակ կա: Մեծ թվով լրագրողներ աշխատում են հենց Հայաստանի վրա, նրանք կապերի մեջ են միջազգային փորձագետների հետ, որոնցից անդադար կարծիքներ են հարցնում: Այս հարցում մենք հետ ենք մնում ադրբեջանցիներից:
Մյուս կողմից, ադրբեջանական կողմում աշխատում են ոչ թե լրատվամիջոցներ, այլ հատուկ ծառայությունների գործակալներ: Ես չեն կարծում, որ մեր լրատվամիջոցները պետք է պայքարեն ադրբեջանկան հատուկ ծառայությունների այսօրվա քայլերի դեմ: Այստեղ լուրջ գործ ունի անելու Հայաստանի ԱԳՆ-ն և ԱԱԾ-ն: Սա իրենց լուծելու խնդիրն է:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Տեղեկատվական անվտանգություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն