Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական

Լենինականն ապրում էր սովորական կյանքով… և հանկարծ….

Դեկտեմբեր 7, 2016թ. 22:50

Էլի չորեքշաբթի…

Իրականում մենք բոլորս մեր հոգու մի մեծ մասնիկ թողեցինք այնտեղ, և արդեն 28 տարի է, ինչ բաժանել ենք մեր կյանքը «մինչև և հետո»-ի։

Սովորական առավոտ, տատիկի տուն, ես ու քույրիկս միասին նստած, ես ճակատագրի հեգնանքով կարդում եմ հենց երկրաշարժների մասին աշխարհագրությանս դասը և ընթացքում խոսում քրոջս հետ, տատիկս կինո է նայում։ Մամաս աշխատանքի է գնացել, պապաս Գորկի քաղաքում բարձրագույն դպրոցի դասերի է։ Իսկ Լենինականն ապրում էր սովորական կյանքով..

Եվ հանկարծ տան պատերը սկսում են թեքվել, պատուհանը պոկվում, փշրվում և ընկնում հենց մեր կողքին, տունը տակնուվրա լինում, տատիկս փորձում է հասնել մեզ, ամբողջ կահույքը շուռ է եկել, խանգարում է արագ վազել.. Մենք վազում ենք բակ, որտեղ գետինը բարձրանում է, բակի լապտերը աչքիս առաջ պառկում և նորից ուղղվում։ Հետո վազում ենք ավելի անվտանգ տեղ՝ թատրոնի դիմացի բաց տարածք։ Փլատակներ, փոշի, լաց, հառաչանք.. Վիրավոր, կեղտոտ, արյունոտ, արցունքոտ, հառաչող..

Եկան պապիկս ու տատիկս՝ մեզ գտնելու.. Գնացինք հորաքրոջս գտնելու.. Պապիկիս մեքենայի վրա բժշկական խաչ կար.. Հույս, խնդրանք, պահանջ և կրկին հառաչանք էր մեքենային մոտեցող մարդկանց աչքերում.. Ես ու քույրիկս լուռ նստել էինք մեքենայի մեջ, ես գրկել էի փոքրիկ քույրիկիս, ու մենք երկուսով լուռ հետևում էինք, թե ինչպես են բժիշկ տատիկս ու պապիկս փորձում հանգստացնել նրանց.. Խելակորույս վազող մարդիկ, խառը խոսակցություններ՝ գտել են, մնացել է, չկա, տեսել ե՞ս, խաբար ե՞ս.. Մենք՝ երեխաներս, անմիջապես և մեկընդմիշտ մեծացանք։

Խոսակցությունների բովանդակությունը սարսափելի էր։
Հայրիկիս ընկերը վազելով մոտեցավ տատիկիս ու ասաց. «Թամարային տեսել եմ, դպրոցի մոտ էր, գալիս է»։ Իսկ ես չէի էլ մտածել, որ մամաս կարող էր չգալ։ Եկավ մամաս՝ պապիկիս հետ, առանց վերարկու, մեզ գրկեց ու լաց եղավ։ Պապիկս, ով մեծ պաշտոնյա էր, լուռ էր.. Եկավ մորաքրոջս աղջիկը և պատմեց ինձ, որ դպրոցը, մեր մասնաշենքը, չկա.. Զարմացած հարցրեցի՝ ո՞նց թե, դաս չկա, չե՞մ գնալու.. Եկան մերոնք բոլորը..

Չեմ դադարի շնորհակալ լինել, Աստված, որ խնայեցիր հարազատներիս, բայց չեմ դադարի հարազատի պես կիսել քաղաքիս վիշտը:

Ժամեր անց սկսեց գալ օգնությունը, օգնեցին բոլորը, տառացիորեն բոլորը, ով կարողացավ։ Ում հնարավոր էր սեփական ուժերով օգնել, օգնեցին, հետո սկսվեց լռությունը, սպասողական լռությունը..

Գիշեր, խարույկներ, բոլորս միասին դրսում նստած, անվերջ ցնցումներ, թույլ, բայց անվերջ.. Մեր տունը հանրախանութի փլատակների կողքին էր, և այնտեղ մնացած մարդկանց ձայնը մինչ օրս ականջներումս է.. Հառաչանք..

Առավոտյան մի մարդ Երևանից հաց, երշիկեղեն և կաթնամթերք էր բաժանում մեր փողոցում։ Ես՝դպրոցական համազգեստով և կարմիր վղկապով աշակերտուհիս, ինչ-որ կոպեկներ տվեցի այդ մարդուն վերցրածս հացի ու կաթնամթերքի դիմաց։ Այս մարդը գրկեց ինձ և շատ երկար լաց եղավ.. Հիմա եմ հասկնում, թե ինչու..

Առավոտյան մեզ մոտ հասավ պապաս, շուրջ մեկ օր և գիշեր տարբեր ինքնաթիռներ և մեքենաներ փոխելով.. 36 տարեկան հայրս սպիտակ մազերով էր..

Հետո սկսվեց իմ «հետո»-ն՝ Երևան, նոր դպրոց, նոր դասարան, նոր կյանք..

Մենք բոլորս ունենք մեր «հետո»-ն։ Բայց մենք բոլորս այնտեղ ենք՝ մեր «մինչև»-ում։ Մի հրաշք քաղաքում, որ այնքան էր գեղեցիկ, որ բնությունը նախանձեց նրան։

Մենք պարտավոր ենք «հետո»-ի՝ ներկա Գյումրին դարձնել մեր «մինչև»-ի Գյումրի, բոլորս, միասին:

 

Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Կարապետյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն