Գլխավոր » NKR, Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան

Մենք մեր հարևաններին լավ ենք ճանաչում, իրար ճանաչելով հանդերձ՝ ուժը լինելու է մեր հիմնական հենարանը

Դեկտեմբեր 5, 2016թ. 22:32
Արտակ Զաքարյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ մոտ ժամանակները պատերազմ չի սկսի Արցախում, այլ կսպասի, որ Հայաստանը դատարկվի բնակչությունից, որից հետո կվերականգնի պատմական արդարությունը և կվերադառնա իր «պատմական հողերը»:

 

Արտակ Զաքարյանն ի պատասխան Ալիևի հայտարարության հիշեցրեց ապրիլյան պատերազմի օրերը,երբ հայկական կողմը ցույց տվեց, որ ռազմական ճանապարհը ևս ճանապարհ չէ, և մնում է միայն մեկ բան. Ադրբեջանը ցանկանում է, թե չի ցանկանում, պետք է մոտենա բանակցությունների սեղանին և խոսի Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքից, դրա միջոցով նաև Լեռնային Ղարաբաղի անկախ պետականության կարգավիճակի ճանաչման մասին:

«Եթե Ալիևը որևէ պարագայում ցանկանում է որպես զբոսաշրջիկ , թեկուզ մեկ անգամ լինել Երևանում, ապա դա որոշակի գործընթացով պետք է լինի՝ Ադրբեջանը պետք է նստի բանակցային սեղանի շուրջ՝ հարգելով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը և դրանով ապահովելով Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը»,- ասաց նա:

Ալիևը նաև հայտարարել էր, որ միջազգային իրավունքի սկզբունքներն արդեն իրենց նշանակությունը կորցրել են, հիմա որոշիչը ուժի կիրառումն է: Սրա վերաբերյալ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նշեց, որ 20 տարուց ավելի է՝ Ադրբեջանը ուժի կիրառումը երբեք չի բացառել, այդ պատճառով էլ ուժի և ուժի չկիրառման սկզբունքը կարևորագույններից է այն երեք սկզբունքներից, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնում է որպես խնդրի կարգավորման նախապայման:

Ըստ Արտակ Զաքարյանի՝ Ալիևը ապրիլին նաև հանդիպեց Հայաստանի Զինված ուժերի և պաշտպանական բանակի պատնեշին, հիմա էլ փորձում է դրա համար բացատրություններ տալ իր հանրությանը:

«Հիմա Ալիևի համար ոչ նախանձելի իրավիճակ է, և դրանից կա միայն մեկ ելք՝ սեփական ժողովրդին բացատրել, թե որքանով է անհրաժեշտ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացումը. այն միակ ճանապարհն է այսօր տարածաշրջանին խաղաղության: Ինչ վերաբերում է ուժի կիրառմանն ու ժամանակակից աշխարհում ուժի կիրառման մասին խոսելուն, ապա կյանքը ցույց է տվել, որ մենք դրան պատրաստ ենք, մենք դրան միշտ պատրաստ ենք լինելու՝ անկախ ամեն ինչից, անկախ նրանից թե ինչպիսի հարաբերություններ կլինեն Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև: Մենք մեր հարևաններին լավ ենք ճանաչում, իրար ճանաչելով հանդերձ՝ ուժը լինելու է մեր հիմնական հենարանը»,- ասաց նա:

tert.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել NKR, Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն