Գլխավոր » TOP, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

Հալեպում արձանագրվող տեղաշարժի քաղաքական բաժինը

Դեկտեմբեր 4, 2016թ. 22:51

Հավանաբար առաջին անգամ է, որ Հալեպի շուրջ ընթացող մարտերում արձանագրվում են գետնի վրա նկատելի տեղաշարժեր: Կառավարական ուժերը արձանագրում են հստակ առավելություն եւ իրենց վերահսկողության տակ են առնում Հալեպի այն շրջանները, որոնք  գտնվում էին առավելաբար կրոնական անվան տակ կռվող տարբեր, բազմատեսակ զինյալ խմբավորումների տիրապետության տակ:

Մինչ այս արձանագրված տեղաշարժը, թեժ մարտերը, ռուսական կործանիչների աշխույժ ներգրավումը եւ կառավարական ուժերի թափանցման փորձերը չէին հաջողում գետնի վրա դիրքերի գրավման տեղաշարժեր ապահովել: Հայկական թաղամասերից որոշ հատվածներ գտնվում էին շփման գծերի անմիջական շրջակայքում եւ այդ սահմանագիծը փաստորեն մնում էր անշարժ, քարացած պահելով նաեւ երկկողմանիրեն զինվորական դիրքերը:

Հիմա կացությունը փոխվել է. ավելի ճիշտ փոփոխության ընթացք է ծայր առել, որ զինվորական բացատրությանն առընթեր ունի նաեւ իր քաղաքական տրամաբանություն: Սիրիական կառավարական ուժեր-Իրանի զինվորական ներկայություն, գումարած լիբանանյան Հեզբոլլայի ցուցադրական մասնակցություն եւ այս բոլորի վրա ավելացող ռուսական կործանիչներ` ամիսներ շարունակ Հալեպի պարագային չէին կարողացել գետնի վրա տեղաշարժ ապահովել մինչեւ օրեր առաջ արձանագրվածը:

Զինվորական ուժերի այս հանրագումարային պատկերը տրամաբանորեն պիտի հաջողեր նահանջի մատնել ահաբեկչական խմբավորումները, եւ նրանց հետ նաեւ երկրորդ պլանի վրա կռվող հակակառավարական ուժերը, ճանաչված իբրեւ ընդդիմադիր ուժ տարազով:

Փաստորեն գոյություն ուներ ուղղակի-անուղղակի հովանավորչություն, աջակցություն եւ պաշտպանություն զինյալ խմբավորումներին: Այն երկվությունը, թե զինյալ խմբավորումները չեզոքացնելով պիտի նպաստած լինեին Սիրիայի նախագահով մարմնավորված վարչակարգին, պատճառ էր հիմնական քաղաքական համաձայնությունների ուշացման, ձգձգման եւ դրան առընթեր զինվորական գործողությունների սահմանափակման:

Միայն որոշ ժամանակի համար կայացած քաղաքական համաձայնությունը  գերտերությունների միջեւ կարող էր հանգել տեղաշարժային այս արդյունքին: Այլապես, նախորդ ամիսներին երկարող ստատուս քվոն կամ գրավում-նահանջ պարանաձգությունը պիտի շարունակվեր:

Երեւույթները մտածել են տալիս, որ իրար հակակշռող զսպիչ գոտիների ընդհանուր դաշտում արձանագրվում էին զինվորաքաղաքական գործողություններ եւ ընդհանուր միջգերտերութենական վերահսկողությունը պահպանվում էր: Այս տեղաշարժը նախանշում է բարձր մակարդակի վրա համաձայնեցված վերահսկողության տակ ռուս-իրանյան դաշինքի զինվորաքաղաքական գործողությունների արդյունավետությունը: Եւ այնպես չէ, որ միայն ռուս-թուրքական կարճաժամկետ մերձեցման արդյունքն է, որ Անկարան ավելի կրավորական դիտեց ռուսական կործանիչների կամ իրանյան ռազմական միջամտությունների իբրեւ արդյունք Հալեպի որոշ հատվածի ազատագրումը ահաբեկչական խմբավորումներից: Առանց Վաշինգտոնի լուռ համաձայնության դժվար թե իրականանար տեղաշարժը, կամ Հալեպի ռազմավարական հատվածը ռուս-իրանյան գործոնի ճանապարհով կառավարական ուժերի վերահսկողության տակ առնվելը:

Ինչ վերաբերում է ռուս-թուրք կարճաժամկետ մերձեցմանը, ապա գեթ դեկլարատիվ մակարդակի վրա արդեն իսկ երեւում է սուր հակասություն: Թուրքիայի նախագահը սիրիական պատերազմին իր ներկայությունը պայմանավորում է Ասադի վարչակարգի հեռացման նպատակով: Բնական է նաեւ, որ դեպի Մոսկվա շրջադարձ կատարած, ներողություն խնդրած-չխնդրած, Սոչիում ռուսական ձայները շատ արագ լսող Անկարան այս բոլորը նաեւ գործադրում էր սպառնական ուղերձներ ուղղելու համար ընդհանրապես Արեւմուտքին: Հիմա նաեւ Հալեպի ազատագրումը կրավորական դիտող Անկարան ներգործուն դեր է փորձում ստանձնել այս անգամ Դամասկոսում իշխանափոխություն իրականացնելու Արեւմուտքի պահանջը իր սեփականը համարելով:

Անկարայի այս խաղերը արդյունավորվելու շատ տեղ չունեն փաստորեն: Անկարան ինքը հայտնվել է այլոց խաղի կանոններին հետեւելու, իբրեւ խաղաթուղթ օգտագործվելու տվյալ պահին զինվորաքաղաքական գործողություն իրականացնելու համար: Մնացյալը զուտ դեկլարատիվ շանտաժներ են, որոնք առարկայացում չեն գտնում հաճախ:

Իսկ թե ինչ պատճառով ի հայտ եկավ ամերկյան կողմի այս «կրավորական» կեցվածքը, թերեւս նույնպես լայն անդրադարձի նյութ է: Կարելի է այս երեւույթը կապել նոր նախագահի ընտրության հետ: Ամերիկյան արտաքին քաղաքականության վերաբերյալ նորընտիր նախագահ Թրամփի արտահայտություններին արդեն ծանոթ ենք: Եւ գուցե Սիրիայում դրսեւորած դիրքորոշման փոփոխության մեջ արտահայտվել է սկսում ամերիկյան նոր քաղաքականությունը: Շատ ժամանակ չի մնացել այս ենթադրության ճշմարիտ կամ սխալ լինելու մեջ համոզվելու համար:

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն