Գլխավոր » NKR, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

Հայաստանի և Արցախի միավորմանն այլընտրանք չկա

Նոյեմբեր 25, 2016թ. 18:39

«Միասնություն» համազգային շարժումը կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում՝ «Արցախյան հիմնախնդիր. համազգային տեսլականներ» թեմայով:

Բացման խոսքով հանդես եկավ «Միասնություն» համազգային շարժման խորհրդի անդամ, քաղաքագետ Խաչիկ Գալստյանը, ով իր խոսքում մեկ անգամ ևս ընդգծեց՝ հայ ժողովրդի կենսական շահերի բավարարման տեսանկյունից՝ արցախյան հիմնահարցը եղել է և կա համար առաջինը: Այդ առաջնային հիմնահարցը չի կարող չլինել հանրային ու հասարակական լայն քննարկման թեմա:

«Մենք նպատակ ունենք ձևավորել համազգային միասնական տեսլական, որպեսզի յուրաքանչյուր հայի համար արցախյան հիմնահարցի լուծման տեսլականը հնարավորինս լինի միանշանակ: Այսօր, ցավոք, դա չունենք»,– ասաց Գալստյանը:

Ելույթով հանդես եկավ «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի նախագահ Արման Վարդանյանը, ով իր խոսքում շեշտեց, որ «Միասնություն» համազգային շարժման համար արցախյան հարցը առաջնահերթություն է:

«Երբ մենք խոսում ենք հայրենիքի մասին, մենք հավասարապես խոսում ենք թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի մասին: Այսօր ունենք երկու հայկական պետություն, բայց պետք է անենք ամեն ինչ, որ այդ պետությունները միավորվեն և մենք ունենանք մեկ միասնական Հայաստան: Ըստ իմ թիմակիցների և ըստ իս՝ Արցախը պետք է  Հայաստանի լիարժեք մաս կազմի և օգտվի այն արտոնություններից, իրավունքներից և միջազգային ակտերից, որոնցից օգտվում է Հայաստանը: Ամբողջ աշխարհը խոսում է քաղաքակրթությունից, առաջընթացից, բայց այսօր Արցախը դուրս է բոլոր գործընթացներից՝ թե’ կրթական, թե’ սոցիալական առումով»,- ասաց Արման Վարդանյանը՝ հավելելով, որ Արցախին աջակցությունը ոչ միայն դրամական օգնության տեսքով պետք է լինի, այլ նաև՝ քաղաքական:

Վերջինիս խոսքով՝ «Միասնություն»-ը այդ հարցի շուրջ մեծ մտահոգություն ունի և կարծում է, որ պետք է միահամուռ ուժերով անեն այնպես, որ Արցախը միավորվի Հայաստանի հետ: Ըստ նրա՝ Հայաստանի և Արցախի միավորմանն այլընտրանք չկա:

Քննարկմանը ներկա՝ քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանի խոսքով՝ արցախյան հիմնահարցը լրիվ տեղավորվում է հակագաղութատիրական պայքարի՝ 1960 թվականի դեկտեմբերի 14-ի՝ ՄԱԿ-ի հայտնի բանաձևի տրամաբանության շրջանակներում, ըստ որի, ԼՂ-ն իր անկախությունը հռչակել է նաև գաղութատիրական լծից ազատվելու նպատակով:

Ըստ նրա՝ ԼՂՀ-ը կարելի է միացնել Հայաստանին՝ մարզի կարգավիճակով, բայց միջազգային իրավունքի հարց կա, իսկ երկրորդ տարբերակով՝ կարող ենք դաշնային պետություն ստեղծել. պայմանագրով իրար են միանում: Այսպես կարող ենք ավելի հեշտ տեղավորվել միջազգային իրավունքի մեջ:

«Ես կարծում եմ՝ մեր պատմական ճակատագիրն այնպիսին է, որ մենք կունենանք Նախիջևանի, ինչպես նաև Ջավախքի հարց, քանի որ Վրաստանում հայաթափման և ուծացման գործը շատ արագ է ընթանում: Մենք Արցախի և Հայաստանի միավորման հարց կարող ենք ունենալ, բայց ֆեդերալ պետությունը շատ ավելի լավ տարբերակ է: Պայմանագիրը կնքում են և վերջ: Ինձ թվում է՝ միջազգային իրավունքի հետ կապված խնդիրներ չեն առաջանա, բայց մի պարագայում. եթե համապատասխան ուժ ունենանք»,- ասաց Շիրինյանը:

Ըստ քաղաքագետի՝ սա սկզբունքային հարց չէ, այլ իրադրության թելադրանք, բայց ինքը Հայաստանը պատկերացնում է դաշնային ապագայի մեջ:

 

Արա Պապյան«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի կարծիքով՝ հակամարտությունը կարող է լուծվել միայն Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգման սկզբունքի վրա: Այսինքն՝ միջազգային իրավունքն ինչպես է տեսել Հայաստան-Ադրբեջան սահմանը՝ Ազգերի լիգայի համապատասխան որոշումների համաձայն:

«Հարցը կարող է նաև ռազմական լուծում ունենալ, սակայն գոնե այս պահին՝ չենք կարող Ադրբեջանին ջախջախել վերջնականապես, ինքն էլ մեզ չի կարող ջախջախել: Տարբերակներից մեկն Ադրբեջանի թուլացումն է՝ ներսից»,- ասաց Պապյանը:

Քաղաքագետը վերհիշեց նաև, որ բազմիցս երկրի բարձագույն ղեկավարությունը վերահաստատել է տարածքների վերադարձի պատրաստակամությունը, ուղղակի Ադրբեջանն ինքը չի համաձայնվել: Իսպառ պետք է բացառել նման մոտեցումները՝ մեր հասարակական, քաղաքական քննարկումներում:

Արա Պապյանը նկատում է նաև, որ ստեղծված իրավիճակն Ադրբեջանն ընկալում է ոչ թե որպես Ղարաբաղի հակամարտություն, այլ՝ հայ-թյուրքական:

«Միակ գործնական խնդիրն այն է, որ պետք է աշխատել Ադրբեջանի թուլացման վրա, հատկապես հիմա՝ դրա նախադրյալները բավականին նպաստավոր են, այսինքն՝ նավթի գնի անկումը և բյուջեի փոքրացումը, ազգային փոքրամասնությունների նկատմամբ ճնշումները՝ Ադրբեջանին հնարավորություն չեն տալիս տարբեր երկրների էլիտաներին պարզապես փողով առնել և բերանները փակել: Խնդիրը բավականին սուր է, մյուս կողմից՝ բացի Հայաստանից, այլ երկրներ ևս սկսել են այդ ուղղությամբ ակտիվանալ, ինչը կարող է մեզ օգնել»,- իր խոսքն ամփոփեց Արա Պապյանը:

 

Քննարկմանը ներկա՝ քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանն ընդգծեց, որ արցախյան հիմնախնդիրն ավելի շատ վերաբերում է Հայաստանին, քանի որ այն իրականում Հայաստանի երկարաժամկետ անվտանգության հարց է:

Ըստ քաղաքագետի՝ խնդիրն այս հարցում այն է, որ մեր պաշտոնյաները չկա հարցի փորձագիտական ընկալում,  չեն տիրապետում այս հարցի ամենակարևոր բաղադրիչներին: Արմեն Այվազյանը ողջունելի է համարում կազմակերպված քննարկումը, քանի որ քաղաքական հայտ ներկայացրած «Միասնություն» շարժումը փորձում է ամենասկզբից լսել փորձագետների կարծիքը:

«Արցախի միավորումը իրավաքաղաքական առումով Հայաստանին ամենանպատակահարմար մոտեցումն է: Այս հարցերը պետք է քննարկվեն պետական մակարդակով ստեղծված հանձնաժողովներում:

Այս հակամարտության մեջ հաղթելու է այն կողմը, որը կլինի ավելի ուժեղ, իր պետականաշինության գործում ավելի առաջ կանցնի, կունենա ավելի ուժեղ բանակ, կունենա մարդաշատ պետություն, կունենա ծաղկող տնտեսություն: Ահա այստեղ է, որ մենք ճիշտ ուղով չենք ընթանում. արտագաղթը Հայաստանից շարունակվում է, տնտեսությունը բացարձակապես  բարգավաճելու նշաններ ցույց չի տալիս, սոցիալական բևեռացումը և այլն, ահա այստեղ է Արցախի հարցի իրական լուծումը, մնացած բնագավառները ածանցյալ են»,- ասաց Այվազյանը:

Ըստ նրա՝ սա երկարաժամկետ հակամարտություն է, այս հակամարտությունը չի լուծվելու առաջիկա տարիներին, եթե նույնիսկ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարություններն ինչ-որ համաձայնության գան:

«Հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի, որ սա առաջիկա հարյուրամյակի խնդիր է, մինչև որ թշնամին չջախջախվի: Թշնամին պետք է ջախջախվի,  ամենահավանական տարբերակը ռազմադաշտում է: Արցախի խնդրի լուծման այլ ճանապարհ՝ գոյություն չունի»:

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել NKR, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն