Գլխավոր » TOP, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Ընդդիմադիր դաշտը <<վարագույրից>> այն կողմ

Նոյեմբեր 23, 2016թ. 17:43
Specialist of political technologies Karen Kocharyan speaks about the internal political developments before the parliamentary elections, in De Facto press club

Հարցազրույց քաղտեխնոլոգ ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ

-Ընդդիմադիր դաշտում նախընտրական վերադասավորումները սպասվածից շուտ են սկսվել, չնայած ընդդիմադիրները չափազանց զգուշավոր են ու չեն ուզում դեռ հրապարակավ խոսել, թե ո՞վ, ո՞ւմ հետ է պատրաստվում դաշինք կապել, բայց ակնհայտ է, որ <<վարագույրից>> այն կողմ ակտիվ գործընթացներ են ընթանում: Ինչպե՞ս կգնահատեք այս իրավիճակը:
– Բնականաբար, այսօր յուրաքանչյուրը դիրքավորվում է, յուրաքանչյուրն ուզում է ավելի լավ դիրք ընդունել, որպեսզի կարողանա հայտնվել նոր խորհրդարանում: Կարծում եմ, բոլորն էլ հասկանում են` բացի այն, որ քաղաքական դաշտը բաժանված է իշխանական-ընդդիմադիր ճամբարների, ընդդիմադիր դաշտն էլ իր մեջ է բաժանված մի քանի հատվածների: Նախ, բաժանումը դրսևորվում է աշխարհաքաղաքական վեկտորի` ռուսամետության ու արևմտամետության շուրջ: Բացի այդ, ընդդիմադիր դաշտի մի հատվածում առավել արմատականներն են, մյուսում` առավել փափուկ դիրքորոշում ունեցողները: Այս ամենից ելնելով` քաղաքական դաշտում վարագույրից այն կողմ, իրոք դիրքավորման ակտիվ գործընթաց է: Ասեմ, որ դաշինքների ստեղծման հարցում ևս դեր կխաղա աշխարհաքաղաքական վեկտորը` արևմտամետությունն ու ռուսամետությունը:
-Իսկ գոնե տեսանելի՞ է, թե ո՞վ, ո՞ւմ հետ կմիավորվի:
-Անուններ չեմ կարող ասել, կմիանան` կերևա: Կասեմ միայն հետևյալը, ռուսամետ հատվածն ուզում է դաշինքային փոքր բևեռ ստեղծել: Ի դեպ, կարծում եմ, որ ռուսական թևը միաբևեռ չի լինելու, ինչպես և միաբևեռ չեն լինի արևմտամետները: Ու սա այս ընտրությունների յուրահատկությունը կլինի, այսինքն` աշխարհաքաղաքական տարբեր բևեռներ իրենք իրենց ներսում միատարր չեն լինի և յուրաքանչյուրն իր հերթին տարբեր դաշինքներով կներկայանա ընտրական պայքարի:
Նախընտրական դաշինքների անցյալի փորձը հուսադրող չէ, դրանք հիմնականում ձախողվել են, այդ մասին են փաստում ՀԱԿ-ի, <<Ժառանգության>> խորհրդարանական խմբակցությունների ներկայիս պառակտված վիճակը: Չնայած սրան ընդդիմությունը կրկին նպատակ ունի նույն ՙգետը՚ երկրորդ անգամ մտնել` ստեղծելով նախընտրական դաշինքներ: Ինչո՞ւ:
-Այո, փորձը ցույց է տալիս, որ բոլոր դաշինքները, ընդ որում, ոչ միայն ընդդիմադիր, նաև իշխանական, փլվել են: Հիշենք` և ՙՄիասնություն՚ դաշինքը փլվեց, և ՙՀանրապետություն՚-ը: Իսկ թե ինչո՞ւ են նորից ուզում միավորվել, խնդիրն այն է, որ տվյալ իրավիճակում այսօր չկա մի ուժ, որը կարողանա առանց դաշինք ստեղծելու միայնակ հաղթահարել 5 տոկոսի շեմը:
-Պատճառը վստահության դեֆիցի՞տն է:
-Իհարկե, որևէ քաղաքական ուժ, թե’ ընդդիմությունը, թե’ իշխանությունն այսօր չեն վայելում հասարակության վստահությունը: Դրա համար բոլորն էլ գիտակցում են, որ ստիպված են դաշինքով մասնակցել առաջիկա ընտրություններին: Հակառակ դեպքում առավել մեծ կլինի ձախողելու հավանականությունը:
-Բայց ցանկանալը մի բան է, իրականություն դարձնելը` այլ: Ի վիճակի է՞ ընդդիմությունը, այսպես ասեմ` դաշինքավորվել: Ի վերջո, նաև անցյալից է հայտնի` նման իրավիճակներում գրեթե միշտ կանգնում են <<մեկ կաթսայում մի քանի գլուխ>> տեղավորելու բարդ խնդրի առաջ:
-Համաձայն եմ, որ ի հայտ են գալիս հայտնի ամբիցիաները: Հետևաբար, այն քաղաքական ուժը կամ անձը, ով ավելի քիչ ամբիցիաներ կդրսևորի, այսինքն` ավելի առողջ կգտնվի, զերծ կմնա հիվանդագին ամբիցաներից, նա էլ ավելի լուրջ հաջողության կհասնի` գոնե ընտրությունների փուլում: Իսկ թե հետո ի՞նչ կլինի այդ դաշինքների հետ` ցույց կտա ժամանակը:
-Նկատելի է նաև, որ որոշ ընդդիմադիրներ փորձում են հրաժարվել իրենց նախկին գործելաոճից, օրինակ ՀԱԿ-ը, որը մշտապես նախընտրել է դաշինքում լոկոմոտիվի դեր ունենալ, հիմա կոչ է անում ստեղծել այլընտրանքային բևեռ, որտեղ չի լինի լիդեր կուսակցություն:
-Ես կարծում եմ, որ ՀԱԿ-ում կան բավականին փորձառու քաղաքական գործիչներ, որոնք ադեկվատ են գնահատում իրենց ներկայիս դերն ու ուժերը: Իհարկե ժամանակին` 2008-ի, նաև 2012-ի ընտրություններին նրանք ունեցել են բարձր վարկանիշ, ու բնականաբար, ձգտել են լիդեր լինել դաշինքում: Հիմա դարձյալ ճիշտ են գնահատում իրենց ուժերը ու հասկանում են, որ ի տարբերություն անցած տարիների, այսօր չունեն բարձր վարկանիշ, դրա համար էլ խոսում են ստեղծվելիք դաշինքում հավասար իրավունքների հաստատման մասին:
Չնայած կարծում եմ, որ այդ հավասար ասվածը կտևի մինչև նախընտրական ցուցակների կազմման պահը: Երբ կսկսեն կազմվել ցուցակները ու կքննարկվի հարցը, թե ո՞վ կլինի առաջինը, երկրորդն ու երրորդը, ո՞վ կլինի տասնյակում, ո՞վ տասնյակից դուրս կմնա, այ, այստեղ արդեն կարող են իհայտ գալլուրջ խնդիրներ: Հենց այդ փուլում էլ թրևս գլուխ կբարձրացնի լիդերության խնդիրը:
-Սրա նախադեպը ևս կա. հիշենք, թե 2012-ին ինչպիսի ներքին լարվածության պատճառ դարձավ ՀԱԿ ցուցակի կազմումը, այն հանգեցրեց ներկոնգրեսական վեճի:
-Համաձայն չեմ, քանի որ 2012-ին ՀԱԿ-ում խնդիրները հիմնականում ցուցակի հետ չէին կապված, ցուցակի դերը չնչին էր, հիշո՞ւմ եք, <<Հանրապետություն>> կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, չնայած ցուցակի երկրորդ, թե երրորդ տեղում էր, բայց մինչ ընտրությունները հայտարարեց, որ ընտրություններից հետո դուրս է գալու ՀԱԿ-ից: Այսինքն` ՀԱԿ-ում առաջացած տարաձայնությունների հիմնական պատճառը ոչ թե ցուցակն էր, այն աշխարհաքաղաքական էր: Մի հատվածը ուներ արևմտամետ կողմնորոշում, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը ռուսամետ էր: Ահա սա եղավ ՀԱԿ դաշինքի քանդման հիմնական պատճառը: Եվ ես կարծում եմ, որ հիմա ևս դաշինքները կստեղծվեն աշխարհաքաղաքական վեկտորի սկզբունքով:
-<<Ժառանգություն>>-ը ևս, կարծես, ուզում է հրաժարվել նախկին գործելաոճից. Զարուհի Փոստանջյանի խոսքով, նոր օրակարգ են ուզում ձևավորել, հետաքրքիր է, որ այս անգամ հրաժարվելու են ՀՀԿ-ին տապալելու, Բաղրամյան 26-ի վրա գրոհելու սևեռուն մտքից:
-Միանգամից ասեմ, որ այս ընտրություններում <<Ժառանգություն>>-ը չի լինելու: Այս կուսակցությունը շատ ավելի շուտ քանդվեց, քան կարելի էր ենթադրել: Կարծում եմ, <<Ժառանգության>> մի հատվածը կմիանա <<Ազատ դեմոկրատներ>>-ին, իսկ մյուս հատվածը`  չգիտեմ, թե ի՞նչ կանի:
Այսինքն` <<Ժառանգության>> ո՞ր թևը կլինի այդ լքվածն ու միայնակը:
-Դա կլինի անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանը: Իսկ մնացածները տարբեր կուսակցություններում իրենց տեղը կգտնեն: Ինչ վերաբերում է օրակարգ փոխելուն, եթե Ժառանգությունը 2012-ին իրոք նպատակ ուներ , Զարուհի Փոստանջյանի խոսքով ասած` Բաղրամյան 26-ի վրա հարձակվելը, ապա Րաաֆֆի Հովհաննիսյանը չէր գնար Ծիծառնակաբերդում աղոթելու: Ավելին ասել չեմ ուզում` No qoment:
Դաշինքների ստեղծման հարցում առավել ակտիվ է քաղաքական դաշտի լիբերալ հատվածը: Ինչո՞ւ են պասսիվ մյուս քաղաքական հոսանքները:
-Գիտեք, վաղուց արդեն Հայաստանում չկա քաղաքական գաղափարախոսություն, հետևաբար չենք կարող խոսել պահպանողականներից, սոցիալիստներից, լիբերալներից: Տեսեք, ՀՀԿ-ն համարվում է պահպանողական ուժ, բայց այսօր նրանում շատ են լիբերալները, ԲՀԿ-ն ավելի շատ սոցիալիստական բնույթ ունի իր պահվածքով, բայց կարծես թե այլ բան է գրված նրանց ծրագրում, ՕԵԿ-ը պետք է լիներ լիբերալ, բայց մի պահ եղավ արևմտամետ, հետո դարձավ ռուսամետ, հետո անունը փոխեց, ու հիմա չգիտենք, թե ի՞նչ գաղափարախոսության կրող ուժ է: ՀԱԿ-ն էլ թեպետ իրեն համարում է լիբերալ ուժ, բայց այսօր այնտեղ գրեթե լիբերալներ չկան:
Այնպես որ, և իշխանական, և ընդդիմադիր դաշտերում այսօր ամեն ինչ այնքան է իրար խառնվել, որ հնարավոր չէ ինչ-որ բան ասել գաղափարախոսության մասին: Ես կասեի` գաղափարախոսությունից խոսելն ուղղակի ծիծաղելի է:
Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն