Գլխավոր » Analitika, Regions, Թուրքիա, Լրահոս, Վերլուծական, Վրաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

Թուրքն արդեն քաղաք է հասել. թուրքական տարրի ներկայությունը Ջավախքում այլևս նորություն չէ

Նոյեմբեր 23, 2016թ. 00:54

Ջավախքն էլ առաջվանը չէ. հազարավոր փակ տներ, հարյուրավոր դատարկ փողոցներ: Եվ ոչ ոք այստեղ ահագնացող արտագաղթը կանգնեցնելու փորձ չի անում: Երբ զգանք, որ մեր թիկունքն այլևս դատարկ է՝ շատ ուշ կլինի:

Սիրիայում հրթիռների կրակի տակ այսօր կորցնում ենք սիրիահայ գաղթօջախը, իսկ հայաթափվող Ջավախքը վաղը կորցնելու ենք առանց կրակոցների: Սիրիահայ գաղութի երբեմնի փառքի վերադարձը այնքան անհավանական է, որքան օտարության մեջ ձեռք բերած բարեկեցիկ կյանքից ջավախքցու հրաժարվելն ու հայրական տուն վերադառնալը: Իսկ հարազատ օջախները մինչև վերջին շունչը չլքող, վճռական ջավախքցի տարեցների հույսը չի մարում՝ զավակները թոռների հետ մի օր ետ կգան: Սակայն, փակ դռների փականների ժանգը էլ ավելի է կարծրանում: Անհնար է չնկատել հայաթափման հրեշավոր ծրագրի իրագործումն այստեղ սոցիալ-տնտեսական ճգնաժամի ֆոնին. նրա տարեց տարի ամայացող քաղաքների ու գյուղերի տխուր տեսարանը, որն ամբողջանում է նրա սրտով անցնող Բաքու-Թբիլիս-Կարս երկաթգիծով: Ջավախքի տարածքում երկաթգծի ընթացող շինարարական աշխատանքներում կարծեք, թե արտառոց բան չկա, քանի որ դրանց երբեմն ներգրավվում է նաև տեղի աշխատուժը, սակայն վաստակած գումարն, ավա՜ղ, շատ հայ երիտասարդների համար դառնում է հայրենի հողն ընտանիքով լքելու ճանապարհածախս: Իրականում չարիքն ավելի խորքային է, որի մասին մոտ մեկ դար առաջ իր հարցազրույցում ասել է բրիտանացի գործակալ Լոուրենս Արաբացին. <Հայերը չպետք է ունենան Հայաստանը, բուն երկիրը>, www.oratert.do.am/news/ayd_antaneli_hayery’_loowrens_arabaci/2013-06-01-128

Թուրք-վրացական սահմանը սկսվում է Ախալքալաքի Կարծախ գյուղով: Վերջին տասնամյակում վրաց իշխանավորների թեթև ձեռքով անհամեմատ մեծացել է թուրքական և ադրբեջանական արտադրության տնտեսական ապրանքների, գյուղմթերքի ու պարենամթերքի իրացման ծավալները Ջավախքում: Սա դեռ չարյաց փոքրագույնն է: Թուրքական տարրի ներկայությունը մտահոգում է նաև վրացիներն. պետք չէ մոռանալ ամիսներ առաջ Բաթումիում բացված թուրքական դպրոցի շուրջ բարձրավցած աղմուկը:  Իսկ Ջավախքի կորուստն անդառնալի է. հայերի տասնամյակներով փակ տներն այսօր գնում են թուրքերը (սրանց պետք չէ շփոթել մցխեթցի թուրքերի հետ): Այսօր ջավախքցու տան տերը դառնում է թուրքը, և անհնար է չլսել դժգոհությունն ավագների՝ <թուրքը քաղաք է հասել ու տնավորվել>: Այսօր թուրքը անարգելք ելումուտ է անում երբեմնի հայաշատ Ջավախքում, իսկ ջավախքցին չի հիշում, թե վերջին անգամ, երբ է այստեղ թուրք տեսել:

<Եղբայրական> Վրաստանի հետ <սերտ> հարաբերությունների արդյունքում Հայաստանից այս էլ արդեն քանի՞ տարի է գյուղմթերք, պարենամթերք ու տնտեսական ապրանքներ Ջավախք չի արտահանվում, հայկական շուկան, բառի բուն իմաստով, դուրս է մղվել այստեղից՝ տեղը զիջելով թուրքական ու ադրբեջանական ապրանքներին:

Հայաթափման ծրագիրը սկսվել է մատաղ սերնդից, որին քիչ-քիչ հեռացնում են արմատներից ու մայրենիից. դպրոցներում <Հայոց պատմություն> առարկան շաբաթը մեկ անգամ է դասավանդվում, իսկ <Հայոց լեզու> և <Հայ գրականություն> առարկաները միասին՝ շաբաթը հինգ դասաժամ: Շատ դպրոցների տնօրեններ ու մանկավաժներ ազգությամբ վրացի են, հայկական դպրոցներում գերիշխում է վրացերենի ու վրացականի շունչը: Յուրաքանչյուր առարկայի դասաժամի կեսն անցկացնում են վրացերեն, կեսը՝ հայերեն լեզվով: Համացանցում դպրոցահասակ հայ երեխաների շփման մեջ նկատելի վրացերենի առավելությունը: Իսկ ՀՀ Սփյուռքի նախարարության և ՀՀ Կրթության նախարարության պատկան մարմինները մեկ տասնամյակից ավելի է՝ չեն կարողանում հաղթահարել հայերեն գրականության մուտքի արգելքը Ջավախք: Ինչո՞ւ: Թող հարցի պատասխանը ՀՀ կառավարությունն ու ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարները տան:

Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին հայտնի դարձավ, որ Ջավախքի Նինոծմինդա քաղաքի հիվանդանոցի սեփականատերը Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան է, իսկ գործադիր տնօրենը ադրբեջանցի Էլդար Ալիևն է: Սա հանրությանը հայտնի դարձավ այն ժամանակ, երբ բուժհաստատության հայազգի աշխատակիցները փորձել էին աջակցություն ցուցաբերել Արցախում մարտնչող հայ զինվորներին ու ազատամարտիկներին, ինչն, անշուշտ, առաջացրել էր հիվանդանոցի ազերի վերադասի դժգոհությունը և հայազգի բուժաշխատակիցներին աշխատանքից ազատելու նրա սպառնալիքը չէր ուշացել:

Թուրքական տարրի ներկայությունը Ջավախքում այլևս նորություն չէ, օրինակները բազմաթիվ են: Ջավախքցին այլևս իր գլխի տեր չէ. ինքը չի որոշում՝ իրեն ինչ է հարկավոր, նրա խոսքը կշիռ չունի, նրա միայն ձայնն է պետք ընտրությունների ժամանակ:

Մենք ուշքի ենք գալիս այն ժամանակ, երբ դանակը ոսկորին է հասնում: Եթե այսպես՝ հարևանցիորեն, Հայաստանի իշխանավորները շարունակեն Վրաստանի ղեկավարների հետ <սիրախաղ> անել դիվանագիտության փոխարեն, ապա ևս մի քանի տասնամյակ և Ջավախքն առանց կրակոցի կհանձնենք թուրքերին, իսկ վրացիները նրանց համար խնդիր չեն:

Ջեմմա Բաղդադյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Analitika, Regions, Թուրքիա, Լրահոս, Վերլուծական, Վրաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն