Գլխավոր » TOP, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Մեզ քաղաքական սերնդափոխություն է պետք, նոր խորհրդարանում պետք է ներկայացված լինեն հայրենիքին նվիրված մարդիկ

Նոյեմբեր 22, 2016թ. 17:35

Հարցազրույց քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ հետ

<<Քաղաքական կուսակցությունների մասին>> գործող օրենքով քաղաքական ուժին գրանցվելու համար 200 անդամն էլ բավարար է, մինչդեռ օրենքի նոր նախագծով համախոհ-հիմնադիրների թիվը հասցվել է 1000-ի: Գուցե այս կերպ փորձ է արվում կուսակցականախեղդ եղած դաշտը փոքրացնե՞լ` դժվարացնելով նորերի ստեղծումը:
-Կարծում եմ, փորձ է արվում տնտեսական, քաղաքական օլիգարխիայի վրա հեշտացնել վերահսկողությունը, քանի որ նորերը քաղաքական օլիգոպոլիաներ են լինելու: Ամեն հայ ուզում է իր կուսակցությունը ստեղծել, խորհրդարանական համակարգը հնարավորություն տալիս է, որ ամեն մի հայ իր կուսակցությունը ստեղծի, դրա համար փորձ է արվում նման կերպ խոշորացնել  քաղաքական դաշտը: Հակառակ դեպքում  դժվար է տիրապետել քաղաքական դաշտին: Կուսակցական համակարգը պետք է խոշորացնել, որպեսզի քաղաքական դաշտում գործընթացները լինեն հնարավորինս տեսանելի, դրանով իսկ նաև կառավարելի:  Սա է, կարծում եմ, նոր օրենքում նման կետի ամրագրման նպատակը:

Մեծ կուսակցություններն այլևս հայտնի են, հետևաբար, խնդիր է առաջանում վերահսկելի դարձնել, ինչպես ֆրանսիացիներն են ասում` <<շնիկ>> կուսակցությունները:

Կուսակցությունները մեզանում կան ու մնում են այն միակ խողովակը, որը ոչ միայն քաղաքականությամբ զբաղվելու հնարավորություն է, այլև տնտեսական գործունեություն իրականացնելու հարմար քաղաքական <<տանիք>>: Ահա թե ինչու սեփական կուսակցություն <<բացելը>> մեզանում կա ու մնում է սրճարան բացելու պես պահանջված մի բան:
– Որպես քաղաքագետի այս հարցին իմ պատասխանը հետևյալն է. նման նպատակներով ստեղծվածները կուսակցություններ չեն, դրանք որոշակի շահերի շուրջ ձևավորված խմբեր են: Սրանք նաև ինչ-որ ծառայություններ մատուցելու դիմաց ինչ-որ ակնկալիքներ ունեցող խմբեր են: Դրա համար սրանք պետք է կպնեն դաշտում հայտնի խոշորներից մեկին կամ մյուսին, քանի որ առանձին ոչինչ անել չեն կարող: Այսպիսիններին կարելի է կոչել և <<շնիկ>> կուսակցություններ, և խոշոր քաղաքական ուժերին սպասարկող անձնակազմեր:
Դեռ անցած տարվանից հաջորդաբար ստեղծված ու քաղաքական դաշտ իջածները <<շնիկ>> կուսակցություններ ե՞ն:
-Իհարկե: Տեսեք, դաշտում խորոշորներն են` Հանրապետականը, ԲՀԿ-ն, Դաշնակցությունը: Ուրիշ չկա: ՀԱԿ-ից, կարելի է ասել, բան չի մնացել: Իսկ մանրերին մնում է խմբավորվել մեկմեկու հետ, քանի որ առանձին-առանձին նրանք ոչինչ չեն կարող անել:
Նորաստեղծներից`<<Լուսավոր Հայաստան>>-ի ղեկավարը համակրանք վայելող գործիչ է, այդ կուսակցությունում կան անձինք, որոնց ես ճանաչում եմ, նրանք մտավորականներ են, նաև քաղաքական առումով հասուն, կրթված անձինք են և ինձ համար վստահելի մարդիկ: Բայց թե որպես քաղաքական գործիչներ որքա՞ն է նրանց հեղինակությունն ու վստահությունը ժողովրդի մոտ` այսօր դժվար է ասել: Լավ կլինի, որ այս կուսակցությունն իր որոշակի տեղն ունենա քաղաքական դաշտում: Նաև լավ կլինի, որ իր տեղն ունեն <<Ժառանգությունը>>` թեկուզ իր մի քանի հոգով: Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանի <<Համախմբում>>-ին, սա օլիգարխիկ կուսակցություն է, սրան ես համարում եմ ԲՀԿ-ի մի թևը:   <<Քաղաքացիական պայմանագիր>> կուսակցությունում հայտնի դեմքեր չկան, միայն մեկ դեմք է հանրությանը հայտնի` Նիկոլ Փաշինյանը: Նա խարիզմատիկ կերպար է, գուցե այս հանգամանքը գրավի հասարակության որոշակի շերտերին` ասենք, կանանց, աղջիկներին դառնալու նրա համակիրը:

Վերջերս էլ դաշտ է իջել ոչ թե կուսակցություն, այլ իրեն հասարակական- քաղաքական շարժում հռչակած <<Միասնությունը>>: 
-Այո, փորձում է ակտիվանալ նորաստեղծ <<Միասնություն>> շարժումը, որի համակարգող խորհրդի անդամ է քաղաքագետ Խաչիկ Գալստյանը: Համախոհներին չեմ ճանաչում, բայց Գալստյանին ճանաչելով որպես մտավորական մարդ կարող եմ մի բան հաստատ ասել, եթե շարժումն իր տեղը ճիշտ որոշի, ապա կարող է դառնալ մեր երկրի ներկայանալի ու արժեքավոր քաղաքական ուժը:
-ՕԵԿ-ին կամ անվանափոխված <<Հայկական վերածնունդ>>-ին մոռացաք: Այսօր այլ կերպ հնարավոր չէ նկարագրել այս կուսակցության ներսում տեղի ունեցող գործընթացները, քան` ՙպայթյունավտանգ՚, նրան միացած որոշ ուժերի ներկայացուցիչներ հրապարակավ հայտարարում են, թե Արթուր Բաղդասարյանի գործելաոճն իրենց դուր չի գալիս ու նպատակ ունեն լքել ճաքվող <<նավը>>:
-Բանն այն է, որ ՕԵԿ-ի հանդեպ ոչ մի վստահություն չկա ժողովրդի մոտ, չնայած անվանափոխ եղավ ու կոչվեց <<Հայկական վերածնունդ>>: Իսկ նրան կցվածները տեսնելով, որ այդ ուժից հեռանկար չկա, բնականաբար, պետք է հեռանան:
Բայց որոշ կուսակցություններում կան մարդիկ, որոնք այս տարիներին աճել են որպես պառլամենտականներ: ՕԵԿ-ից այդպիսին ես համարում եմ Մհեր Շահգելդյանին ու կափսոսամ, որ նա չլինի եկող խորհրդարանում: ՀԱԿ-ից էլ այդպիսին Արամ Մանուկյանն է: Նրանք քաղաքական գործիչներ են, ու չնայած իրենց կուսակցությունները լավ վիճակում չեն, բայց լավ կլինի, որ գոնե իրենք լինեն խորհրդարանում:
Իսկ առհասարակ ես քաղաքական սերնդափոխության կողմնակից եմ, և այդ առումով, ներկայիս խորհրդարանականների զգալի մասը չպետք է լինի ձևավորվելիք խորհրդարանում:
Առաջիկա ամիսներին քաղաքական դաշտի պատկերն առավել կհստականա, այնպես որ, մեր այս վերլուծությունը խիստ նախնական է, ձնագնդին կարող է մեծ արագություն հավաքել հունվարից հետո: Նոր տարուն դեռ կհանգստանան, կուտեն-կխմեն, և հունվարից հետո միայն կսկսվի վերադասավորումների մեծ շրջանը: Իսկ հիմա ամեն ինչ դեռ գտնվում է նախնական խմորումների փուլում: Ինչպես մայրն է աղջկան պարի ուղարկում, որ տղաները տեսնեն, տնտղեն կհավանե՞ն, թե՞ ոչ, նույն իրավիճակն է այսօր մեր քաղաքական դաշտում:
Այս օրերին քաղաքական հետաքրքիր փոփոխություններ եղան Մոլդովայում, Բուլղարիայում` իշխանության եկան սոցիալիստները, հնարավո՞ր է, որ <<սոցիալիստականացման>> ալիքը նաև մեզ հասնի, մանավանդ, որ այդ բևեռը մեզանում գրեթե ամբողջությամբ բացակայում է:
-Մոլդովայում ու Բուլղարիայում իշխանության եկածներին ես սոցիալիստներ չեմ համարում, նրանք իրականում ռուսամետ ուժեր են, որոնք իշխանության եկան սոցիալիզմի անվան տակ: Մանավանդ Մոլդովայում, մեծ պայքար է եղել ռուսական ու արևմտյան գործակայլական ցանցերի միջև:
Այո, հնարավոր է, որ այդ ալիքը նաև հասնի Հայաստան, բայց դա կլինի մեզ համար վատթարագույնը, ինչո՞ւ, որովհետև այդ ուժերը կարող են հեշտությամբ հանձնել Արցախը:
Իսկ առհասարակ ես կցանկանայի, որ Հայստանում ակտիվանային իրական սոցիալիստական ուժերը: Այո, մեր քաղաքական դաշտում բացակայում է սոցիալիստական կամ ընկերվարական թևը, աշխատավորությունը Ազգային ժողովում ներկայացված չէ և ոչ մի անձով: Ներկայիս խորհրդարանական կուսակցությունները, Մարքսի բառերով ասած, խոշոր բուրժուազիային սպասարկողներ են, ընդորում առևտրական բուժուազիային, որը մեծ հաշվով հայրենիքի համար ոչինչ չարժե:
Կուզենայի, որ ակտիվանար Դաշնակցությունը, դիմում եմ ՀՅԴ շարքերին` առանձնանալ ու որպես սոցիալիստական ուժ, բևեռ սեփական անկախ քաղաքականությամբ մասնակցել սպասվող խորհրդարանական ընտրություններին: Նաև պետք է ակտիվանա Արամ Սարգսյանի Դեմոկարտական կուսակցությունը: Լավ կինի, որ Դաշնակցությունը դառնա սոցիալիստական ուժերին համախմբողն ու առաջնորդողը: Եթե դա եղավ` վտանգ չի լինի մեր երկրի համար:
-Մի բան ակնհայտ է, որ մեր քաղաքական կուսակցություններն իրապես քաղաքականանալու, զտվելու, առողջանալու, նոր դեմքերով թարմանալու կարիք ունեն, որպեսզի նաև ի զորու լինեն իրենցից արժանիներին, փորձառուներին ուղղարկել խորհրդարան, դրանով իսկ թարմացնելով նաև օրենսդիրի հնացած դեմքը:
-Համաձայն եմ, բացի մեկից` մեզ փորձ ունեցող քաղաքական գործիչներ պետք չեն: Փորձառությունն ինքնին լավ բան է, բայց Հայաստանում քաղաքական փորձը ճահճային փորձ է, քանի որ Հայաստանում քաղաքական փորձառություն ունենալը նշանակում է` փորձառու լինել կողոպուտի մեջ: Դրա համար նման փորձառությունը մեզ հարկավոր չէ, նրանց փորձը մեզ փորձանք կբերի:
Պետք է լինի քաղաքական սերնդափոխություն և նոր խորհրդարանում ներկայացված պետք է լինեն քաղաքական, գաղափարական, հայրենիքին նվիրված, անկախության գաղափարով ապրող ու պարտադիր միջին տարիքի, շեշտում եմ` անփորձ մարդիկ: Իսկ փորձ` նրանք կարճ ժամանակում, արագ ձեռք կբերեն:
Խոսքս եզրափակեմ ամերիկացի տեսաբան Դանիել Բելի մտքով` մշակույթն ու գաղափարախոսությունը տեղափոխություն ու փոփոխություն չեն կարող առաջացնել, բայց դրանք գալիքի մեծ հեղաշրջումներն են նախապատարաստում:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն