Գլխավոր » TOP, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ

Կարևորն այն է, որ ապօրինի հարստացման դեմ պայքարը հավասարաչափ տարածվի բոլորի վրա

Նոյեմբեր 22, 2016թ. 17:21
Արա Ղազարյան

Օրերս գործադիրը հավանություն տվեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու վերաբերյալ որոշման նախագծին, համաձայն որի` քրեականացվում է ապօրինի հարստացումը։ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կառավարությանը ներկայացրած նախագծով առաջարկեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում նախատեսել ապօրինի հարստացման հանցակազմը, այսպիսով` քրեական օրենսգրքում ավելանում է նոր հոդված` 310․1-ը` ՙԱպօրինի հարստացման՚ մասին:

Թեմայի շուրջ զրուցեցինք փաստաբան ԱՐԱ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ
Տնտեսական հանցագորությունները կանխելու, կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով կառավարությունն օրերս հավանություն տվեց մի նախագծի, ըստ որի, եթե հայտարարագիր ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյանի կամ նրա ընտանիքի անդամների կարողությունը մեկ տարում անցնի հինգ միլիոն դրամի շեմը ու եթե նրանք չկարողանա հիմնավորել, թե իրենց օրինական եկամուտն ինչպե՞ս ավելացավ հինգ միլիոնով, կենթարկվեն քրեական պատասխանատվության: Ի՞նչ կասեք այս մեթոդի կիրառման մասին:
– Անմեղության կանխավարկածը քրեական դատավարության հիմնարար սկզբունքն է համարվում, համաձայն որի, դատաքննչական մարմիններն իրավունք չունեն ապացուցման պարտականությունը դնել մեղադրյալի վրա՝ պահանջել, որ նա ապացուցի իր անմեղությունը։ Բայց այս նախագծով ապացուցման բեռն ընկնում է հենց մեղադրյալի վրա: Այսինքն` եթե տեսնում են, որ քո հաշվի վրա կա ավելի գումար, քան քո եկամուտներն են, ուրեմն, դու պետք է ապացուցես, որ այդ գումարն օրինական է, հակառակ դեպքում, փաստի ուժով, այն փաստի, որ քո հաշվեհամարի վրա կա այդ գումարը, կապացուցվի դրա անօրինական լինելը, ինչը համարվում է հանցագործություն: Սա շատ կարևոր հանգամանք է:
Այն, որ ապացուցման բեռն ընկնում է մեղադրյալի վրա մասամբ համարվում է շեղում հանցավորության դեմ պայքարի ընդհանուր կանոնից: Բայց վերջին տարիներին տարբեր երկրներ, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդունում են այս մոտեցումը, նկատելով, որ առանձնահատուկ հանգամանքների դեպքում կարելի է ապացուցման բեռը դնել մեղադրյալի վրա:
Այս նախագծով Հայաստանը վերցնում է աշխարհի լավագույն փորձը և ընդունում ՄԻԵԴ-ի դիրքորոշումը: Առաջարկված նախագծում ամրագրվածը հարիր է միջազգային զարգացող իրավունքին և համապատասխանում է ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքին: Չնայած, ինչպես ասացի, այս մոտեցումը դեմ է քրեական դատավարության հիմնարար սկզբունքին` անմեղության կանխավարկածին, բայց հանցավորության դեմ պայքարն այսօր ողջ աշխարհում այլ ուղղությամբ է գնում, որովհետև պարզ է դարձել, որ ապացուցման բեռը միայն մեղադրանքի կողմի` դատախազի վրա թողնելով մենք չենք կարող բացահայտել լատենտային կամ թաքնված հանցագործությունները:
-Ողջամիտ է՞ հինգ միլիոն դրամը որպես շեմ սահմանելը:
-Շեմ սահմանելը դրական քայլ է, այն որոշակիություն է ապահովում: Շեմի փոխարեն կարելի էր սկզբունք սահմանել, չնայած այդ դեպքում էլ կվիճարկեին, թե շատ անորոշ է ու մարդու իրավունքների խախտում է: Մինչդեռ շեմ սահմանելը որոշակիություն է և կիրառողի համար, և ցանկացած քաղաքացու համար, մարդը կիմանա, եթե այդ շեմն անցավ, ապա կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության:
Շեմը բարձր է, թե ցածր, համապատասխանո՞ւմ է մեր իրականությանը, թե՞ ոչ. ես պետք է ասեմ, որ բավական ցածր շեմ են վերցրել: Մտովի պատկերացրեք, թե մեր բարձրաստիճան պաշտոնյաները քանի~ միլիոն դրամ ունեն, և դա փաստ է: Եթե շեմը սահմանեին շատ բարձր, ասենք` 100 մլն դրամ, այն կլիներ ոչ ողջամիտ, որովհետև դրա տակ բազմաթիվ մարդիկ կազատվեին պատասխանատվությունից: Այնպես որ, լավ է, որ շեմը ցածր է վերցված, նշանակում է ավելի շատ մարդիկ կհայտնվեն պատասխանատվության դաշտում:
Բայց մյուս կողմից էլ, 5 միլիոն դրամը մեր հարուստների համար, ինչպես ասում են` փող չէ, կնշանակի շատ-շատերն ինքնըստինքյան կթիրախավորվեն որպես հանցագործներ, եթե իհարկե չկարողանան ապացուցել իրենց փողերի օրինական լինելը:
-Սա արդեն քրեական քաղաքականության հարց է. պետությունը որոշել է այդ ուղղությամբ գնալ և իրականացնել հենց ա’յս քաղաքակնությունը: Մեկ օրինակ բերեմ մեր հարևան երկրից` Վրաստանից: Այնտեղ օրենք ընդունվեց, համաձայն որի, այն անձը, որն իրեն օրենքով գող է համարում, այսինքն, այդ ՙտիտուլն՚ ունի, զուտ այդ փաստի ուժով ինքն արդեն իսկ հանցագործ է դառնում: Այդ մարդը կարող է ոչ մի հանցագործություն կատարած չլինի, բայց եթե ընդունում է, որ ինքն օրենքով գող է, վերջ` ուրեմն արդեն իսկ հանցագործ է: Վրաստանն այս կերպ պայքարեց հանցագործության դեմ և ունեցավ բավականին դրական արդյունքներ: Մենք էլ պայքարի մեր ճանապարհն ենք ընտրել:
Շեմը բարձր կլինի, թե ցածր, սա էական չէ, այստեղ կարևորը կամքն է, որպեսզի երբ այս նախագիծը դառնա օրենքը` հստակ կիրառվի, ոչ թե կիրառվի ընտրովի, այլ բոլորի նկատմամբ: Սա է կարևորը:
Փոխկապակցված անձանց շրջանակը` պաշտոնատար անձի ընտանիքի անդամներ, խնամի-բարեկամ, մինչև ո՞ւր կարող է ձգվել: Մանավանդ որ, այստեղ կա մեկ այլ հանգամանք. ապօրինի հարստացած անձը կարող է իր կապիտալը գրանցել ոչ թե շատ մոտ ազգականի, այլ ոչ փոխկապակցված անձանց անունով և այդ կերպ խուսափել քրեական պատասխանատվությունից:
-Սովորաբար փոխկապակցված անձանց շրջանակի մեջ մտնում են շատ մտերիմ մարդիկ` ամուսինը, կինը, որդին, բայց մեզ մոտ փոխկապակցված անձանց շրջանակը, կարծում եմ, շատ ավելի լայն է: Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, իհարկե, հնարավոր է, որ փորձեն այդ կերպ խուսափել պատասխանատվությունից: Բայց չպետք է մոռանալ, որ նման երևույթների բացահայտման համար բազմաթիվ գործիքներ կան, դա և օպերատիվ հետախուզական միջոցառումներն են, և քրեատավարական, և’ ոստիկանական ու նաև գաղտնի միջոցները: Այնպես որ, գործիքներն այնքան շատ են, որ բացահայտելն ամենևին բարդ գործ չէ:
Գործադիրն առաջարկում է ապօրինի հարստացման համար սահմանել ազատազրկում` 3-ից 6 տարի ժամկետով: Կարծիք կա, թե պաշժաչափը ցած է սահմանված, ու նաև տարբերությունն է մեծ, ինչն իր մեջ կոռուպցիոն ռիսկ է պարունակում:
-Ընդհանրապես, մեր բոլոր հոդվածների վերաբերյալ առկա է այս հարցադրումը քանի որ մեզանում պատժաչափերի ամպլիտուդը շատ բարձր է: Այն, ինչ ասացիք, տեղավորվում է այդ նույն բանավեճի տրամաբանության մեջ: Խնդիրն այն է, որ մեզ մոտ պատժաչափերը պետք է շատ ավելի խստացվեն ու առավել կոնկրետացվեն, և ամպլիտուդներն էլ մեծ չլինեն, որպեսզի պատիժ նշանակելիս հայեցողության խնդիր չառաջանա:
Այնուհանդերձ` 3-ից 6 տարվա սահմանումը, ըստ իս, ողջամիտ ժամկետ է: Սկսենք ցածրից, տեսնենք կարողանում ե՞նք դա կիրառել, թե՞ ոչ: Իսկ հետո միշտ էլ կարելի է պաշժաչափերը վերանայել:
-Օրենքի հետադարձ ուժ չունենալը վիճելի հարցերից մեկն է, քանի որ այդ դեպքում ստացվում է պատասխանատվությունից դուրս են մնում նախկինում կատարված հանցագործությունները: Մինչդեռ, Հայաստանի ներկայիս ծանր տնտեսական վիճակը հետևանք է նախ և առաջ նախկինում իրականացված կոռուպցիոն դեպքերի:
-Օրենքին հետադարձ ուժ տալը, ընդհանրապես, միշտ վտանգավոր է: Բայց որոշ օրենքների տրվում է հետադարձ ուժ, իհարկե` քիչ, ասենք, կես տարուց մինչև մեկ տարի: Ես կուզենայի, որ հետադարձ ուժը գործեր, բայց մեզ մոտ այդ հանցագործությունները` կոռուպցիան, ապօրինի հարստացման դեպքերը եղել են վաղուց, ոչ թե միայն մեկ կամ երկու տարվա պատմություն ունեն, այլ
կատարվել են 10, 20 տարի առաջ: Եթե մեկ կամ երկու տարվա պատմություն ունենային, միգուցե կարելի էր ՙԱպօրինի հարստացման՚ օրենքին տալ հետադարձ ուժ: Մյուս կողմից էլ, եթե մենք ուզում ենք կոռուպցիան ամբողջությամբ ամրատախիլ անել, ուրեմն պետք է այս օրենքին տալ հենց 20 տարվա հետադարձ ուժ: Բայց սա էլ կվնասի իրավական անվտանգությանը:
Այնպես որ, հետադարձ ուժը գուցե այս օրենքի դեպքում միտք չունի կիրառել: Այս պահին առավել կարևոր է, թե ուժի մեջ մտնելուն պես կարող ե՞նք օրենքն իսկապես ամբողջությամբ կիրառել:
Սա շատ կարևոր օրենքը է, ես անգամ կասեի` այն բավականին ուշացած է, վաղուց պետք է գրաված լիներ: Ինչպես ասում են`լավ է ուշ, քան երբեք. մեր պետությունն այսօր է որոշել փոփոխություն կատարել քրեական քաղաքականության մեջ, և դա իհարկե ողջունելի է:

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն