Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Մշակույթ

Ամենադժվար պահը զոհվածների մայրերի աչքերի մեջ նայելն էր. Կայացավ «Արցախյան պատերազմի եզդի նվիրյալները» ֆիլմի պրեմիերան

Նոյեմբեր 19, 2016թ. 22:08

Նոյեմբերի 16-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ ռեժիսոր Նաիրի Հոխիկյանի՝ «Արցախյան պատերազմի եզդի նվիրյալները» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի գաղափարը պատկանում է Սայիդ Ավդալյանին, սցենարի հեղինակն է Արուսյակ Հոխիկյանը: 1 ժամ 14 րոպե տևողությամբ ֆիլմի նկարահանման աշխատանքները տևել են ավելի քան 6 ամիս՝ ընդգրկելով ՀՀ և ԼՂՀ սահմանամերձ և պատերազմական գոտիները:

«Ֆիլմի գաղափարը ծնվել է մոտ մեկ տարի առաջ: Այն նկարահանելու առաջարկ ստացա 2016-ի սկզբին, սակայն միս ու արյուն ստացավ ապրիլյան պատերազմից հետո: Այստեղ ներառված են զոհված եզդիների դիմանկարային ակնարկները: Եզդի նահատակների հարազատներից բացի, խոսել են այնպիսի հեղինակություններ, ինչպիսիք են Արցախի հերոսներ Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), Վիտալի Բալասանյանը, ԼՂՀ Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արք. Մարտիրոսյանը, Շուշիի ազատագրման հայտնի մասնակից Վլադիմիր Կասյանը, Արցախի ՊԲ բարձրաստիճան զինվորականներ, եզդի ազատամարտիկներ: Առաջին անգամ հանրությանը ներկայացվում է մի աշխատանք, որտեղ ամբողջացվել են դեռևս 19-րդ դարից մինչև ցեղասպանություն, 1988թ. արցախյան շարժման առաջին օրերից մինչև 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմ տեղի ունեցած առանցքային իրադարձություններն ու եզդի ժողովրդի հերոսական քայլերը, եզդի ազատամարտիկների ներդրումը՝ հանուն հայկական հողի ազատագրման: Օգտագործվել են ինչպես մեր նկարահանած կադրերը, հարցազրույցները, այնպես էլ՝ փաստական նկարահանումներ արցախյան առաջին պատերազմից»,-Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց ռեժիսոր Նաիրի Հոխիկյանը:

 

Փաստավավերագրական ֆիլմի նկարահանումներից առաջ ստեղծագործական խումբը համագործակցել ու խորհրդակցել է ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարությունների, Երկրապահ կամավորականների միության, բազմաթիվ հետազոտողների և պատմաբանների հետ: Բոլոր տվյալներն ամիսներ շարունակ հավաքել և ամբողջացրել է ֆիլմի գաղափարի հեղինակ և պրոդյուսեր, ազգությամբ եզդի Սայիդ Ավդալյանը: Նկարահանումներն անցկացվել են բոլոր այն վայրերում, որտեղ կռվել և զոհվել է եզդի ազատամարտիկներից յուրաքանչյուրը:

«Նախ, բավական երկար ժամանակ աշխատեցինք Արցախի սահմանամերձ շրջաններում, այն բնակավայրերում, որտեղ ոտք են դրել եզդի ազատամարտիկները՝ սկսած Շուշիից, ավարտած՝ Թալիշով ու Ջրականով: Նկարահանել ենք նույնիսկ կոնկրետ դիրքեր, որտեղ եղել են մարտական թեժ գործողություններ, որի հետևանքով զոհվել են եզդիներ. օրինակ՝ հերոսական արարքներով աչքի ընկած Թեմուր Զեյդինովը, Համլետ Հաջոյանը, Բորիս Օզմանյանը, Քյարամ Սլոյանը և այլոք: Արցախում անգնահատելի աջակցություն ցույց տրվեց ԼՂՀ Նախագահի աշխատակազմի կողմից, մեծ էր նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի օգնությունը, ով հնարավոր բոլոր միջոցները տրամադրեց մեզ ֆիլմի հաջող նկարահանման համար: Նույնկերպ, ԼՂՀ Մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանն անձամբ կազմակերպեց, որպեսզի իր ղեկավարած գերատեսչությունը լիազորությունների շրջանակում ներդրում ունենա ֆիլմի նկարահանումների գործում, ԼՂՀ Պաշտպանության բանակը սահմանային հատվածներում, դիրքերում, առաջնագծում կազմակերպեց նկարահանումները, տրամադրեց համապատասխան տրանսպորտ: Մի խոսքով, Արցախում տևական ու բավական մանրամասն նկարահանումներ եղան: Նաև ՀՀ արևելյան սահմանին՝ Տավուշի մարզում, Ճամբարակում: Ասեմ, որ սահմանային նկարահանումներից բացի եղանք նաև բոլոր զոհված եզդիների տներում, հանդիպեցինք և խոսեցինք ընտանքիների անդամների հետ»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Ազգությամբ հայ ռեժիսոր Նաիրի Հոխիկյանը խոստովանեց՝ նախկինում եզդիների հետ շփվելու շատ առիթներ չի ունեցել: Նկարահանման ընթացքում իր համար բազում բացահայտումներ է արել: Նկարահանման առավել դժվար հատվածն էլ որդեկորույս մայրերին աչքերին նայելն էր.

«Ընդհանուր տպավորություններ ունեցել եմ եզդիների մասին, բայց որ այսքան հարուստ և հին պատմություն ունեն, որ այսքան հերոսական անցյալ ունեն, չգիտեի: Ինձ համար բացահայտում էր իմանալ, որ եզդիների արմատները գալիս են դեռևս Բաբելոնից: Դրանք լրացուցիչ ակնածանք են ավելացնում այդ ժողովրդի նկատմամբ: Ինչ վերաբերում է նկարահանման ամենատպավորիչ ու բարդ դրվագներին, ապա ինձ համար ամենադժվար պահը զոհվածների մայրերի աչքերի մեջ նայելն էր: Այնքան ցավ ու տառապանք կար, որ, անկեղծ ասած, ամեն անգամ հայացքս փախցնում էի նրանցից: Ի վերջո, հայերս գիտենք՝ ինչ է այդ տառապանքը, կորուստը, և մեր սեփական մաշկի վրա ենք զգում դա… Տպավորիչ էր նաև այն, որ նկարահանումների ժամանակ եղա սահմանային այնպիսի վայրերում, որտեղ երբևէ չէի եղել, նույնիսկ քիչ մարդկանց ոտք է հասել: Հասնել այնտեղ, տեսնել այդ վայրերը՝ լրացուցիչ համոզմունք են տալիս, որ երբեք, ոչ մի դեպքում չի կարելի ոչինչ զիջել թշնամուն: Ամենակարևորը՝ իզուր չեն զոհվել մեր տղաները, ու վաղը նոր սերունդն էլ պետք է պատրաստ լինի զոհվելու հանուն հայրենի հողի՝ թեկուզ մեկ թիզ կտորը պաշտպանելու»:

Հարցին, ինչո՞ւ է շեշտվում «Արցախյան պատերազմի եզդի նվիրյալները», երբ խոսքը վերաբերում է նաև Հայաստանի սահմանին զոհված եզդիներին, պատասխանեց.

«Ինքս՝ որպես հայ, որպես հայ ազատագրական պայքարին ծանոթ մարդ, կողմ չեմ, որ տարբերակում դրվի՝ Արցախ-Հայաստան: Ինձ համար Արցախը Հայաստանի մի մասն է, հերթական մարզը, իսկ հայ-ադրբեջանական պատերազմը սկսվեց հենց Արցախի համար: Նույնիսկ Նոյեմբերյանում տեղի ունեցող մարտական գործողությունների պատճառն Արցախն է, հետևաբար, երբ ասում ենք «Արցախյան պատերազմ», նկատի ունենք ամբողջ ռազմադաշտը»:

«Արցախյան պատերազմի եզդի նվիրյալներն» այժմ երկլեզու է՝ հայերեն և եզդերեն: Դիտարկմանը, թե արդյոք ստեղծագործական կազմը նախատեսում է ֆիլմը ներկայացնել որևէ միջազգային կինոփառատոնի,  ռեժիսորը նկատեց.

«Նախ ասեմ, որ հայերեն տարբերակը, բնականաբար, նախատեսված է Հայաստանում և հայալեզու լրատվամիջոցներում ներկայացնելու համար, իսկ եզդերեն տարբերակը սփռվելու է եզդիական արբանյակային հեռուստաընկերություններով: Ինչ վերաբերում է փառատոններին, անձամբ ես կարծում եմ, որ որպես վավերագրական ֆիլմ, համապատասխանում է միջազգային փառատոնների չափանիշներին, բայց հարցին առավել հստակ միայն պրոդյուսերը կարող է պատասխանել»:

Ֆիլմի պրեմիերային ներկա հանդիսատեսի գերակշիռ մասը զոհված եզդիների մտերիմներն ու ընտանիքի անդամներն էին: Ի դեպ, 28 տարվա ընթացքում հայ-ադրբեջանական պատերազմում զոհվել է 45 եզդի: Բացի զոհվածների հարազատներից ներկա էին նաև արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Արա Պապյանը, ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ, Հայաստանի եզդիների հոգևոր առաջնորդ Հասան Հասանյանը և այլք:

«Ցավոք, ֆիլմի ստեղծագործական կազմի հրավերին չարձագանքեցին պետական գերատեսչությունները: Հուսով եմ, որ ֆիլմը ազդեցիկ եղավ մեր հյուրերի համար: Հնչեցին շնորհավորանքներ, կարևորվեց  փաստը, որ աշխատանքը կարևոր էր և անհրաժեշտ՝ ներկայացնելու մեր երկրի ազատագրման համար իրականացրած գործը, որը հայերից բացի արել են նաև Հայաստանի ազգային փոքրամասնությունները»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Նաիրի Հոխիկյանը:

 

Առաջիկայում հեռուստադիտողը ևս կկարողանա ծանոթանալ եզդի զոհված ազատամարտիկների կենսագրությանն ու անցած մարտական ուղուն: Ֆիլմը շուտով կցուցադրվի հայաստանյան մի քանի հեռուստաալիքների եթերում, նաև հասանելի կլինի համացանցում:

aysor.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն