Գլխավոր » TOP, Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

Բաքուն իր շանտաժով չի կարող ստիպել Հայաստանին ու Արցախին հետ կանգնել ընտրած ճանապարհից

Նոյեմբեր 18, 2016թ. 20:54

 

Հարցազրույց ՀՀԿ պատգամավոր ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԻ հետ

 

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Ռուսաստանն այսօր» գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում  հայտարարեց, թե հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև «թեժ գծի» ստեղծման օգտին՝ ինչը հնարավորություն կտա օպերատիվ արձագանքել շփման գծում տեղի ունեցող իրադարձություններին: Սա նշանակում է, որ Ադրբեջանին հաջողվե±ց տապալել Վիենայում, ապա Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված  համաձայնությունը վերահսկողական մեխանիզմների տեղադրման հարցում , և նախագահը մի նո±ր առաջարկ է հնչեցնում:

-Հայաստանի  նախագահի  առաջարկությունը շարունակությունն է մեր երկրի   , դեռ տարիներ առաջ որդեգրած քաղաքականության: Սա ենթադրում է հավատարմություն խնդրի կարգավորման քաղաքական ուղուն: Իսկ սրա համար անհրաժեշտ է, որ լինի բանակցային գործընթաց, որպեսզի կողմերը կարողանան մոտեցնել իրենց դիրքորոշումները և կարողանան փոխզիջումների վրա հիմնված հանգել  քաղաքական կարգավորման: Ցավոք, ադրբեջանական կողմը տևական ժամանակ է, որ շարունակում է բանակցային գործընթացը օգտագործել բոլորովին այլ քաղաքական նպատակների համար: Այսինքն` մի կողմից մասնակցում է բանակցային գործընթացին, բայց մյուս կողմից, փորձում շանտաժի ենթարկել միջնորդ պետություններին, միջազգային այլ դերակատարների, և իրականում պատրաստվում ռազմական ճանապարհով հասնել խնդրի կարագավորմանը: Սա այլ բան չէ, քան  բանակցային գործընթացի տորպետահարում:

Ի դեպ, ՀՀ նախագահի կողմից հնչեցված առաջարկը կիրառվել է  հակամարտության   տարբեր փուլերում, անգամ արցախյան պատերազմի  թեժ տարիներին: Երբ անհրաժեշտություն է եղել ճշտել հրադադարի ռեժիմի խախտման կամ շփման գծում տեղի ունեցած ինչ-որ իրադարձության  մանրամասներ, ապա Արցախի պաշտպանական բանակի ու Ադրբեջանի զինված ուժերի  ղեկավարությունը`   որոշակի տեղեկատվություն են փոխանակել: Այսինքն, նախագահ Սարգսյանի առաջարկությունը մեծ հաշվով տեղավորվում է ՀՀ  ընդհանուր քաղաքական դիրքորոշման ծիրում, այն է` փորձել կառուցողական ներգրավմամբ հասնել իրավիճակի, եթե ոչ ամբողջական հանգուցալուծման, ապա կուտակված բացասական, պայթյունավտանգ  էներգիայի լիցքաթափման: Եվ միջազգային միջնորդներին հայտնի է Հայաստանի նման  դիրքորշումը: Ավելին`  բոլորի համար ակնհայտ է, որ Ադրբեջանն է տորպետահարում բանակցային գործընթացը:

Տեսեք, Ալիևը մասնակցեց  Վիեննայում, ապա Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումներին, համաձայնություն տվեց որոշակի պայմանավորվածությունների, ինչպիսին է վստահության մեխանիզմների ձևավորումը,  ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչի լիազորությունների ընդալայնումը, բայց վերադառնալով Բաքու ու հետ  կանգնեց իր պայմանավորվածություններից: Ինչո±ւ է դա այդպես, որովհետև  Ադրբեջանը փորձում է այդ կերպ իր դժգոհությունը արտահայտել բանակցային գործընթացից ու շանտաժի ենթարկել միջազգային հանրությանը: Սա արդյոք արդյունավե±տ ճանապարհ է, անշուշտ` ոչ:

Հայաստանի  քաղաքականության հիմքում տարիներ շարունակ դրված է եղել մի հստակ  նպատակակետ` հասնել հիմնախնդրի խաղաղ կարգավորման` խուսափելով մարդկային կորուստներից: Հետևաբար, Հայաստանի նախագահի ` <<թեժ գծի> առաջարկության հետևում նաև հումանիտար մտահղացում կա, խուսափել  հնարավոր էսկալացիայից, որն ինքնին կարող է կողմերի համար ծանր կորուստների պատճառ դառնալ: Բայց ինչպես ասում են` տանգո պարելու համար երկու կողմների ցանկությունն է պետք: Սա միայն Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների  քաղաքական ղեկավարների մտահղացումներով պայմանավորված չէ: Ցավոք, Ադրբեջանը նույն նպատակը  չի ունեցել, ինչի ականատեսը եղանք ապրիլյան դեպքերի ժամանակ: Այսօր Ադրբեջանում իշխում է մի վարչակարգ, ուր սեփական զինվորների կյանքը երկրի քաղաքական  ռազամական ղեկավարության համար ոչ մի արժեք չունի: Մենք ունենք մի հարևան, ուր գործում է աշխարհի ամենահակասական, բռի վարչակարգերից մեկը, ուր արտաքին թշնամու կերպարը` ի  դեմս Հայաստանի ու հայության, օգտագործվում է ներքին տարատեսակ խնդիրներից հասարակության  ուշադրությունը շեղելու և վերջապես, ալիևների դինաստիայի իշխանությունը պահպանելու համար: Թե սա ի±նչ արժեք ունի Ադրբեջանի ժողովրդի համար` թող իրենք մտածեն: Բայց մտահոգիչն այն է, որ ալիևյան քաղաքականությունն ապակայունացնում է տարածաշրջանը:

-Կիսելյովին տված հարցազրույցներում ակնհայտ երևում է  երկու երկրների` Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների տրամագծորեն հակադիր մոտեցումները. Ալիևը, ավելի վաղ տված իր այդ հարցազրույցում շրջանառեց, այսպես կոչված, ինքնավար հանրապետության կարագավիճակ տալու գաղափարը, այն համարելով Բաքվի կողմից միակ փոխզիջում: Մինչդեռ Հայաստանի նախագահը ընդգծեց Արցախի ինքնորոշման իրավունքի կարևորությունը,  խոսեց կարգավորման հիմնարար սկզբունքներից, հիշեցրեց, որ կողմերը մի քանի անգամ մոտ են եղել հակամարտության կարգավորման շուրջ համաձայնագրի ստորագրմանը, ապա շեշտեց` հայկական կողմը մինչ օրս էլ պատրաստ է վերադառնալ նման փաստաթղթի: Ինչի± մասին էր ակնարկում Հայաստանի ղեկավարը, մանդրիդյան սկզբունքների±:

-Նախ, այն, ինչ Կիսելյովի հետ հարցազրույցում ասել էր Ալիև կրտսերը` <<ինքնավար հանրապետության կարագավիճակի>> մասին, իրականությունից չափազանց հեռու միտք էր: Դա այլ բան չէր, քան կասկածի տակ դնել բանակցային գործընթացի նպատակահարմարությունը, դա ողղակի նշանակում էր գնդակահարել բանակցային գործընթացը: Ինչպե±ս կարող է Ադրբեջանի իշխանությունը դե ֆակտո իր անկախությունը նվաճած, անկախության բոլոր ատրիբուտներով օժտված Արցախի Հանրապետությանը որպես փոխզիջում ներկայացնել  ինքնավարություն տալը: Չէ± որ հակամարտության պատճառն էլ հենց այն է, որ Արցախի բնակչությունը Խորհրդային Ադրբեջանի կազմում ինքնավարություն ունենալով չի կարողացել իր սեփական իղձերն ի կատար ածել, ու եղել է մշտական վտանգի տակ: Այնպես որ, Ալիևի ասածը անլուրջ հայտարարություն էր: Ինչ վերաբերում է Հայաստանի մոտեցումներին, ապա նախագահ Սարգսյանը հիշատակեց բանակցությունների վերջին, այդպես ասած, ակորդը: Իսկապես բանակցային գործընթացում  տպավորություն է ստեղծվել, որ հակամարտության կողմերը մոտ են ոչ թե հակամարտության կարգավորմանը, այլ կարգավորման սկզբունքերի շուրջ համաձայնության կայացմանը: Իսկ որպես առաջին քայլ, սրան պետք է հետևեր խաղաղության մեծ պայմանագրի ստորագրումը, ապա  պայմանագրի դրույթների իրականացումը: Օգտվելով առիթից ուզում են հատուկ շեշտել հետևյալի մասին. երբ խոսում ենք հակամարտության կարգավորման քաղաքական ճանապարհի մասին, մեր հանրությունը դա ընկալում է այսպես, որ երկու նախագահները կարող են  հանդիպել, իրենց ստորագրությունը դնել որևէ փաստաթղթի տակ ու դրա հիման վրա հակամարտությունը կարող է կարգավորվել: Բայց իրականությունն այլ է,  նախ հակամարտության կողմերը պետք է համաձայնության գան կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ: Դրանցից մի քանիսը հրապարակվել է միջնորդների կողմից, բայց դա, շեշտում եմ` այն տեքստը չէ, որի շուրջ, կամ որն  ամբողոջությամբ համաձայնեցվել է: Հետևաբար, պարտավոր ենք արձանագրել, որ նույնիսկ հակամարտության կողմերի միջև կարագավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ համաձայնության  կայացման պարագայում այն երկարաժամկետ գործընթացի` ընդամենը առաջին, բայց հուսադրող քայլը կարող է լինել: Չմոռանանք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարագավորման գործընթացում ևս, ինչպես ցույց տվեց կյանքը, չնայած բանակցեցին, ստորագրեցին, բայց այն, մինչ իրականություն դառնալը երկար ճանապարհ պետք է անցներ:

ՀՀ-ն մշտապես և իր հրապարակային հայտարություններում  և միջնորդների հետ շփումներում եղել է ազնիվ: Բոլորի համար ակնհայտ է, որ Հայաստանը պատրաստակամ է գնալ խնդրի խաղաղ կարգավորման: Բայց դա ենթադրում է նաև հակառակ կողմի համարժեք պահվածք: Մինչդեռ ապրիլյան իրադարձություններից հետո բոլոր միջնորդների ու մեզ համար պարզ էր, որ ԼՂ խնդրի կարգավորման շուրջ չի կարող որևէ լուրջ քննարկում տեղի ունենալ քանի դեռ մեր թշնամին չի ապացուցել իր հավատարմությունը խնդրի կարգավորման քաղաքական հեռանկարներին: Իմ կարծիքով, մենք կանգնած ենք ավելի վտանգավոր խնդրի առաջ. մի կողմից, ալիևների դինաստիան երկրի ներսում հակահայկականությունը հասցրել է բարձրակետի, դարձնելով  պետական քաղաքականության անկյունաքար, մյուս կողմից, նպատակ ունի ռազմական ճանապարհով հասնել խնդրի կարգավորման: Սա ինքնին իրավիճակը դարձնում է առավել պայթյունավտանգ: Եվ մենք այս իրողության  հետ պետք է հաշվի  նստենք: Սա նաև  նվազեցնում է հայկական կողմերի վստահությունը, որ Ադրբեջանն առհասարակ ցանկություն ունի բանակցային  ճանապարհով հասնել խնդրի կարգավորման: Ու որպես այլընտրանք, ցավոք, մնում են երկուսը, կա’մ այն, ինչ այսօր ունենք` խարխուլ ստատուս քվո, կա’մ  լայնամասշտաբ ռազմական գործողություններ:  Ադրբեջանի իշխանությունը երբևէ ինքնուրուն չի կարող հանգել նման որոշման: Չնայած ես չեն թերագնահատում մեր հակառակորդի ուժը, որն էապես բարելավել է իր զինուժի վիճակը, ի վերջո, հակահայկական քարոզչությամբ սնված նոր սորունդ է կրթել, բայց այդ ամենով հանդերձ Ադրբեջանի իշխանությունը քաջ գիտակցում է, որ ռազմական լայնածավալ հարձակման դեպքում Բաքուն շատ մեծ գին է  վճարելու, ես կասեի` ավելի մեծ գին, քան կարող են ենթադրել Բաքվում, կամ նրա ռազմաքաղաքական հովանավորները:

Պատերազմը որևէ կողմին չի կարող կորուստներից զերծ պահել, դա ամենից անցանկալի սցենարն է: Բայց միևնույն  ժամանակ, եթե կան միջնորդներ,  որոնք մտածում են, թե միայն այն պատճառով, որ կողմերից մեկը օգտագործում է շանտաժի լեզուն, կամ ցանակում է ստանալ ամեն ինչ միանգամից, ու ինչպես ասում են` վերցնել երկու ձեռքով, պետք է քաջ  գիտակցեն, որ պետերազմում <<փլավ չեն բաժանում>> ու ցանակացած  լայնամասշտաբ պատերազմ երբևէ կանխատեսելի արդյունք չի ունեցել: Երբ Հիտլերը հարձակվում էր Ռուսաստանի վրա վստահ էր, որ  հաղթելու է, Նապոլեոնը ևս, երբ արշավում էր Ռուսաստանի վրա` վստահ էր, որ գաղթելու է, ճապոնական զորքերը, երբ սկսեցին հարձակումը Կորեայի վրա` նույնպիսի վստահություն ունեին: Մինչդեռ,  պատերազմը երբեք արդյունքների տեսանկյունից, կանխատեսելի չի կարող լինել: Մեր պարագայում կանխատեսելի է միայնմեկ բան,  եթե Բաքուն սեփական կամքով կամ իրեն հովանավորյալ երկրների թելադրանքով գնա լայնամասշտաբ պատերազմական գործողությունների վերսկսման, ապա հայկական կողմերին չի մնա այլ բան, քան անհամաչափ հյակահարված տալ ադրբեջանական կողմին, որից վերջինս ստիպված լինի տարիներով  վերականգնել պատճառված վնասները: Սա, իհարկե,  ամենաանցանկալի սցենարն էր, որ ես ասացի: Բայց բոլորը պետք է լավ իմանան, որ Բաքուն իր պատերազմ վերսկսելու շանտաժով չի կարող ստիպել Հայաստանի ու Արցախի  Հանրապետություններին, չի կորղ ստիպել հայ ժողովրդին հետ կանգնել այն ճանապարհից, որով ընդհանում ենք:

ախագահը հիշյալ հարցազրույցում խոսեց «Իսկանդեր» հրթիռային համակարգի տեղակայման մասին, այն համարելով տարածաշրջանում ռազմական իրավիճակը հավասարակշռելուն ուղղված քայլ , ու տվեց դիպուկ բնորոշում` «Իսկանդերը»   հակաթույն է: Մինչդեռ,  որոշ վերլուծաբաններ այն կարծիին են , թե «Իսկանդերների»  մուտքը Հայաստան առավել սրելու է իրավիճակը, քանի որ Բաքուն կփորձի առավել հզոր ռազմատեխնիկա ձեռք բերել, ինչը կհանգեցնի տարածաշրջանում պայթյունավտանգ իրավիճակի ստեղծմանը:

 -Այն, որ մեր տարածաշրջանում  Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությամբ և պատերազմական  սպառնալիքների քաղաքականությամբ պայմանավորված կա մեծ լարվածության օջախ` իրողություն է: Բայց այդ իրավիճակի պատճառն այն է, որ  Ադրբեջանը տարիներ շարունակ մոտ 30 անգամ ավելացրել է իր պետական ռազմական բյուջեն, ԵԱՀԿ գործող նորմերից մի քանի անգամ գերազանցում են նրա սպառազինության ծավալները:  Ու այս ամենը Ալիևն արել է միջազգային հանրության <<փակ աչքերի>> կամ նկատել չտալու քաղաքականության  պարագայում:  Ներողություն, հայկական կողմին ի?նչ այլընտրանք է մնում, քան ձեռնարկել բոլոր հնարավոր ու անհնարին միջոցները Ադրբեջանի զինված ուժերի նկատմամբ ռազմական հավասարակշռություն ապահովելու համար:  Իսկ << Իսկանդեր>>  համակարգով մեր զինուժի համալրումը այդ գործողություններից մեկն է: Ես ռազմական մասնագետ չեմ, բայց վստահ եմ, որ  Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների  զինուժի զինանոցում  միայն <<Իսկանդերներ>> չկան, այլ կան բավարար զինատեսակներ, կա սպառազինության այնպիսի  ծավալ, որը լայնամասշտաբ ռազմական գործողությունների պարագայում կարող են ադրբեջանական կողմին ստիպել թվաբանական նոր վարժություններ կատարել` հաշվարկելու իր տարածքային կորուստները: Եվ սա խնդրում եմ թող չընկալվի որպես հերթապահ հայտարարություն, կարծում եմ, այս ամենի մասին տեղյակ են և’ միջնորդ երկրները, և Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Ասածիցս կարող է նաև հարց առաջանալ, եթե մեր զինված ուժերում կան  սարսափազդու զինտեսակներ, ինչո±ւ  չօգտագործվեցին ապրիլյան պատերազմի ընթացքում: Բանն այն է, որ  մի բան էին ապրիլյան դեպքերը, բոլորովին մեկ այլ բան` լայնածավալ գործողությունները շփման գծի ողջ երկայնքով:

Մենք կողմ չենք պատերազմական լայնածավալ գործողությունների  իրականցման, ու ասել ենք, որ մենք պատերազմ չենք ցանկանում: Բայց նաև հավելել ենք, որ չենք էլ վախենում պատերազմից: Մեր հայորդիների արյան ու մեր բոլորի կյանքի գնով ազատագրվածը, այն, ինչը մեզ համար սուրբ է, մենք պատրաստ ենք մինչև վերջ պաշտպանել:

Ալիևն ապացուցել է, որ ինքը որպես խաղատներ այցելելու մեծ սիրահար նաև արցախյան կարգավորման հարցում է սիրում փոքրիկ, իր կարծիքով` հաշվարկված ռիսկերի գնալ, այնպես որ, մենք չգիտենք, թե ի±նչ նոր արկածախնդրության կարող է  գնալ ադրբեջանական կողմը: Բայց իմ համոզմունքն է,  եթե Ադրբեջանը մեկ անգամ  ևս գնա իրավիճակի մասշտաբային սրման, ինչպես դա արեց ապրիլյան պատերազմի ժամանակ, ապա պետք է միջնորդ երկրներին, այդ թվում` Ռուսաստանին տեղյակ պահել մեր մտադրության մասին ու անցնել մեծամասշտաբ հակահարձակման, այնպիսի վնաս պատճառել հակառակորդին, որ նաև ևս մի քանի տասնամյակ զբաղված լինի այդ հետևանքների վերցմամբ, քանի որ այլևս այսպես շարունակել չի կարելի:

-<<Հայթուրքական սահմանի բացումը կարող է տեղի ունենալ միայն Երևանի և Անկարայի երկկողմ ցանկության դեպքում՝ առանց նախապայմանների>>, հայտարարեց Սարգսյանը` ընդգծելով, թե ցանկանում է բաց տեսնել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը։ Ի դեպ, հնարավոր համարո±ւմ եք, որ այսուհետ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում կնքահոր դերը ԱՄՆ-ից փոխանցվի Ռուսաստանին:  

-Իմ  կարծիքով սա ընդամենը քաղաքական մեկնաբանությունների ժանրից է: Իրականում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե հիմնական ուժային կենտրոնները`  ԱՄՆ-ը, ՌԴ-ն, եվրոպական ընտանիքը կողմ լինեն այդ զարգացումներին: Եվ, ըստ իս, հայ-թուրքական գործընթացը սկզբնական փուլում` մինչ արձանագրությունների ստորագրումը, նման հաջողությամբ չէր ընթանա, եթե չլինեին բոլոր ուժային կենտոնների համաժամանակյա աջակցությունը, ներգրավածությունը:

Գործընթացը կարող է սկսվել, եթե  այս կամ այն կերպ վերանայվի Թուրքիայի ներկայիս իշխանության, մասնավորաբար, նախագահ  Էրդողանի մոտեցումներն այդ հարցում: Այդ դեպքում Հայաստանը միայն շնորհակալ կլինի բոլոր այն ուժային կենտրոններին, այդ թվում և Ռուսաստանին, որը կկարողանա ճնշում գործադրել Թուրքիայի վրա ու ստիպել նրան հավատարմություն դրսևորել այն  հանձնառությանը, որ նա ստաձնեց Ցյուրիխում` ստորագրված արձանագրություններով: Իսկ դա նշանակում է` ապաշրջափակել  Հայաստանը, որ միջազգային իրավունքի խախտմամբ կատարում է Թուրքիան, և հաստատել պարզ դիվանագիտական հարաբերություններ:  Եթե ԱՄՆ-ին ևս հաջողվի ստիպել Թուրքիային, ապա դրա արդյունքում կշահի ողջ տարածաշրջանը:

Ցավոք, դատելով այսօր Թուրքիայում տեղի ունեցող գործընթացներից , ես հեռու եմ այն մտքից, որ նախագահ Էրդողանի իշխանությունն այսօր պատրաստ է գնալ նման քայլի:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն