Գլխավոր » TOP, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ինչպիսի՞ն կլինի ԱՄՆ նոր նախագահի տարածաշրջանային քաղաքականությունը

Նոյեմբեր 10, 2016թ. 12:27

ԱՄՆ նոր նախագահի առաջ նոր պահանջ պետք է ձևակերպել`, դա Արցախի և Հայաստանի անվտանգության հարցն է
Երեկ աշխարհն ուշի-ուշով հետևեց ամերիկյան ընտրությունների ընթացքին, շատերի համար անսպասելի էր հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակը, մանավանդ, որ նախնական հարցումների համաձայն կանխատեսվում էր, որ հաղթանակը դեմակրատ Հիլարի Քլինթոնինն էր լինելու:
Իսկ հայերիս, բնականաբար, հետաքրքրում են, թե ի՞նչ ուղությամբ կզարգանան Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները, արդյո՞ք ԱՄՆ նոր նախագահն տարածաշրջանային քաղաքականության մեջ փոփոխություններ կբերի:

Թեմայի շուրջ զրուցեցինք «Թաֆթս» համալսարանի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հետ

Դեռ երկար կվերլուծվեն ամերիկյան այս ընտրությունները, որոնց արդյունքները շատերի համար անսպասելի էին: Չե՞ք կարծում, որ նման արդյունքերի արձանագրումը առաջին հերթին Ամերիկայի ժողովրդի բողոքի արտահայտումն էր գործող համակարգի դեմ, բողոք` Վաշինգտոնի ներքին և արտաքին քաղաքականության դեմ, ու քանի որ Քլինթոնն ընկալվում է որպես դրանում իր մեղքի բաժինն ունեցած գործիչ` ժողովուրդն իր «այո»-ն ասաց այդ համակարգը քննադատող գործարարին:
-Դոնալդ Թրամփի հաղթանակն, իրոք, անականխատեսելի էր, բոլոր կանխատեսումները, հարցումները թույլ էին տալիս ասել, որ Թրամփի հաղթանակը անհավանական է, առաջադեմ լրատվամիջոցները Քլինթոնի հաղթանակը նույնիսկ 95 տոկոս էին համարում: Նման ընթացքն անսպասալի էր դեմակրատների համար, կկարծում եմ` նաև հանրապետականների ու հենց Թրամփի համար:
Թրամփի նախընտրական շտաբը պրոֆեսիոնալ աշխատանք է կատարել, դա պարզ դարձավ, երբ հայտնի դարձան առանձին նահանգներում քվեարկության պատկերը. կային նահանգներ, ուր դեմոկրատները կարծում էին, թե հաղթելու են, բայց ձայների մեծամասնություն ստացավ Թրամփը: Վերջինս շատ գրագետ քաղաքականություն վարեց ընտրողների հետ, հնարավորինս շատ հանդիպումներ կազմակերպեց, մինչդեռ Քլինթոնը դա չէր անում:
Դառնալով ձեր հարցին ասեմ, որ կարևոր դեր ունեցան Թրամփի մեսիջներն ուղղված ժողովրդին: Նա ասում էր` Վաշինգտոնը փչացել է, չի աշխատում, մայրաքաղաքը ուշադրություն չի դարձնում իր ժողովրդի խնդիրների վրա, աշխատատեղեր չեն ստեղծվում: Եվ ժողովուրդը դժգոհ լինելով Վաշինգտոնի քաղաքականությունից` Թրամփի խոսքերը ընկալեց: Նա նաև ասում էր, որ Օբաման չկարողացավ լինել լավ նախագահ, իսկ վերջին շրջանում իր գործերը մի կողմ թողած զբաղվեց Քլինթոնի նախընտրական արշավով: Եվ իրոք, Օբաման անձամբ էր Քլինթոնի համար նախընտրական հանդիպումներ կազմակերպում:
– Քլինթոնը տարիների քաղաքական գործիչ է ու նրա հայացքները բոլորին են հայտնի, դրանով իսկ նա կանխատեսելի էր` նաև մեզ համար, մինչդեռ Թրամփն ամբողջությամբ անկանխատեսելի է, քանի որ հայտնի գործարարի քաղաքական հայացքներն անհայտ են: Ու հիմա անգամ դժվար է կանխատեսել, թե ինչպիսի՞ն կարող է լինել նրա տարածաշրջանային քաղաքականությունը:
-Ճիշտ եք նկատում, Թրամփը համակարգի մարդ չէ, ես կասեի` նա եղել է համակարգից դուրս մարդ: Սա առաջին ու բացառիկ դեպքն է ԱՄՆ պատմության մեջ, որ նախագահի պաշտոնում ընտրվում է մի մարդ, որը երբևէ քաղաքական, պետական պաշտոն չի զբաղեցրել, չի եղել նաև բարձրաստիճան զինվորական: Ու այսօր համակարգի հետ առնչություն չունեցած մարդը ղեկավարելու է այդ համակարգը: Սա նշանակում է, որ որոշակի շտկումներ կմտնեն այդ համակարգի քաղաքականության մեջ: Մենք իսկապես շատ քիչ բան գիտենք Թրամփի մոտեցումների մասին արտաքին քաղաքական հարցերում, որովհետև նա իր ելույթներում սովորաբար դրանց չի էլ անդրադարձել:
-Բայց նա խոսեց Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին, ասելով` ռուսների հետ լավ հարաբերություններ է ունենալու. ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների մեղմացումը շահեկան կլնի Հայաստանի համար, այն մեզ ավելի հեշտ մանևրելու հնարավություն կտալ, մյուս կողմից` կնպաստի Թուրքիայի դերի նվազեցմանը տարածաշրջանում:
– Թրամփը շատ հպանցիկ անդրադարձավ Ռուսաստանի և Չինաստանի հետ ԱՄՆ հարաբերություններին ու նշեց, որ պետք է ընկերություն անել Ռուսաստանի հետ, ոչ թե գնալ հակադրման ճանապարհով: Սա կարևոր հայտարարություն էր, եթե Թրամփը հետևողական լինի այս հարցում, ապա ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների լարվածությունը ոչ միայն կթուլանա մեր տարածաշրջանում, այլև հնարավոր կլինի նստել, բանակցել նաև այլ հարցերի, այդ թվում Սիրիայի շուրջ և գալ ընդհանուր հայտարարի: Պատահական չէ, որ օտարերկրյա պետությունների ղեկավարներից առաջինը Պուտինն էր, որ շնորհավորեց Թրամփի ընտրությունը:
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նախընտրական փուլում Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ այն գործընկեր-պետությունները, որոնք իրենց գործընկերոջ պես չեն պահում, նրանց հետ չպետք է բարեկամների պես լինել, այլ պետք է լինի համապատասխան վերաբերմունք: Ակնհայտ է, որ նա նման «գործընկերների» շարքում տեսնում է Թուրքիային ու Սաուդյան Արաբիային: ԱՄՆ նման քաղաքականությունն անշուշտ կհանգեցնի Թուրքիայի դերի նվազեցմանը տարածաշրջանում:
Ի դեպ, Հայ-թուրքական հարաբերությունների հարցում Թրամփի մոտեցումները պարզ չեն, մինչդեռ Քլինթոնի դեպքում հստակ էր, մենք գիտեինք, որ եթե նա ընտրվի անպայման կվերադառնար այդ հարցին, կփորձեր կրկին օրակարգ բերել իր չավարտած գործը, քանի որ նա եղել է հայ- թուրքական հարաբերությունների բարելավման կնքահայրն ու ճարտարապետը:
-Ի դեպ, ասվում է, թե Թրամփն ունի այսպիսի մի սովորություն, իր համար անընդունելի համաձայնագրերը, փաստաթղթերը պատռել ու մի կողմ նետել, այդ առումով, թերևս քլինթոնյան նախաձեռնությունը վերջնականապես կհայտնվի աղբարկղում:
-Այդ արձանագրություններն այլևս կենսունակ չեն, դրանք չեն արտացոլում այն Հայաստանի ու նաև Թուրքիայի շահերը, որոնք կային 2009-ին, երբ ստորագրվում էր այդ փաստաթուղթը: Հետևաբար, այն նաև դուրս կմղվի թուրք-ամերիկյան օրակարգից և այլևս վերադարձ չի լինի այդ արձանագրություններին: Այլ բան է, որ կարող են նոր ձևաչափեր գտնվել ու միգուցե նոր փաստաթղթեր դրվեն շրջանառության մեջ:
-Գրեթե ոչինչ հնարավոր չէ կանխատեսել մեզ համար կարևոր մյուս հարցի` արցախյան խնդրում Թրամփի քաղաքականության վերաբերյալ: Քանի որ հայկական հարցերի հետ կապված նա առհասարակ ոչինչ չխոսեց նախընտրական փուլում:
-Տարիներ առաջ` միջոցառումներից մեկի ժամանակ, ես մոտեցա Թրամփին ու հարցրի` ի՞նչ կասեք Ղարաբաղյան հարցի մասին, նա պատասխանեց` իսկ դա ի՞նչ է: Եթե այն ժամանակ Թրամփն անտեղյակ էր Ղարաբաղից, ապա հիմա պարտավոր է լինել տեղեկացված:
Այստեղ կա մի կարևոր հանգամանք. ԱՄՆ-ն ունի համակարգված պետական համակարգ, այսինքն` նոր նախագահները նոր շեշտադրումներ կմտցնեն արտաքին քաղաքականության մեջ, բայց միայնակ չեն կարող որոշել արտաքին քաղաքականության ընթացքը, հետևաբար, նոր նախագահի գալով Պետդեպարտամենտն իր տեսլականներում, ծրագրերում փոփոխություն չի անի: Ես չեմ կարծում, որ Արցախյան հիմնախնդրով զբաղվող Մինսկի խմբի ձևաչափը Թրամփը փորձի ինչ-որ փոփոխության ենթարկել, նրան ուղղակի կապացուցեն, որ ՄԽ-ն լավ աշխատող մեխանիզմն է, այն բացառիկ հարթակներից է, որտեղ ռուսների հետ ամերիկացիները կարողանում են նորմալ հարաբերվել: Եվ ես կարծում եմ, որ ամեն ինչ կմնա այնպես, ինչպես կա:
Թրամփը կկատարի? իր հետընտրական ելույթում հնչեցրած խոստումը՝ «արդար կլինենք բոլոր երկրների,  ազգերի հանդեպ, ձգտելու ենք ոչ թե հակամարտության այլ գործընկերության»: Սա հույսեր է ներշնչում, որ ԱՄՆ-ը, ի վերջո, կհրաժարվի` երկրների վարչակարգեր տապալող, այլ երկրներում մայդաններ, գունավոր հեղափոխություններ ներկրող, սեփական արժեհամակարգը մյուսներին պարտադրող ամերիկյան մերժելի քաղաքականությունից:

-Հնարավոր է, որ դա լինի: Ինչո՞ւ, որովհետև Թրամփը մշտապես քննադատել է Քլինթոնին` ասելով, որ նա ստեղծեց մերձավորարևելյան փակուղին, ինչի հետևանքով ստեղծվեց ԻՊ-ը, որ Քլինթոնի մեղքով ամեն ինչ տապալվեց Արևելքում, նա Քլինթոնին մեղադրում էր Լիբիայում կատարվածի համար: Բայց այս քննադատություններով հանդերձ Թրամփը դեռ չի ներկայացրել, թե ինքն ինչպիսի՞ արտաքին քաղաքականություն է իրականացնելու: Մեզ մնում է նրա խոսքերից ինչ-որ բաներ ենթադրել: Մասնավորաբար, իր հետընտրական խոսքում նա ասաց հետևյալ միտքը, որ իրենք պետք է առաջ մղեն ԱՄՆ պետության շահերը, բայց այն պետություններն ու ազգերը, որոնք կուզենան ԱՄՆ-ի հետ համագործակցել, իրենք այդ երկրների հետ հավասար պայմաններում կկառուցենք փոխշահավետ հարաբերություններ: Նման խոսքերը դրական հույսեր են ներշնչում:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռ. Միլսը նշեց, թե անկախ նրանից ո՞վ է ընտրվում ԱՄՆ նախագահ, ԱՄՆ արտաքին քաղաքականությանը վերաբերող ծրագրերն 80 տոկոսով անփոփոխ են մնում, իսկ 20 տոկոսը պայմանավորված է այս կամ այն հարցերի նկատմամբ տվյալ նախագահի մոտեցմամբ: Սա նշանակում է, որ այդ 20 տոկոսի ուղղությամբ Հայաստանը, ամերիկահայ համայնքը լուրջ աշխատանք ունի անելու, ո՞րն է լինելու մեր առաջանահերթ անելիքը:
-Այդ 20 տոկոսը լուրջ աշխատանք է պահանջում, մեր դիվանագիտական կառույցները, հայկական համայքը, մեր լոբբիստական կառույցները պետք է սա հստակ գիտակցեն: Ամերիկահայ համայքը չաջակցեց թեկնածուներից ոչ մեկին, և դա սխալ որոշում էր, կարող էին թեկուզ աջակցել Քլինթոնին ու ցույց տալ, որ հայերը ազդեցություն ունեն ընտրական գործընթացների վրա: Սակայն այսօր ամերիկահայերը պետք է իրենց պետության ղեկավարության առաջ նոր պահանջ ձևակերպեն, իսկ դա Արցախի և Հայաստանի Հանրապետությունների անվտանգության հարցն է, որում պետք է ԱՄՆ-ը առավել հետևողական լինի: Անվտանգության հարցը պետք է դարձնել օրակարգային:
Բացի այդ, մեր համայքի ու հայ լոբբիստների ուշադրուոթյան կենտրոնում պետք է լինի 907 բանաձևը, նրանք ԱՄՆ իշխանությանը պետք է պարտադրեն հետևել դրա կատարմանը, ինչը Ադրբեջանը պարբերաբար խախտում է: Իսկ այդ բանաձևով դեռ 1992-ին որոշվել է, որ ԱՄՆ կառավարությունը որևէ օգնություն չի տրամադրի Ադրբեջանին, որը կարող է օգտագործվել Հայաստանի ու Արցախի ժողովրդի դեմ: Սա ԱՄՆ գործող փոխնախագահ Ջո Բադենի և գործող պետքարտուղար Ջոն Քերիի նախաձեռնությունն էր: Սակայն 2011-ի սեպտեմբերի դեպքերից հետո ԱՄՆ նախագահը սենատին ու կենգրեսին խնդրեց իրեն հնարավորություն տալ շրջանցել 907 բանաձևը ու Ադրբեջանին տրամադրել ռազմական օգնություն` կրթական ծրագրերի տեսքով, որպեսզի Ադրբեջանը կարողանա իրականացնել իր սահմանների պաշտպանությունը, խոսքը Կասպից ծովի մասին էր, և ԱՄՆ-ի հետ միասին Աֆղանաստանում իրականացնի հակաահաբեկչական գործողություններ: Մինչդեռ այս տարվա ապրիլյան պատերազմի օրերին ահա թե ի՞նչ պարզվեց. Արցախի Հանրապետության Թալիշ գյուղում ոչնչացվեցին ադրբեջանցի երկու պրոֆեսիոնալ դիվերսանտներ, որոնք կրթություն էին ստացել ԱՄՆ առաջատար ռազմահետախուզական ակադեմիաներում: Ստացվեց, որ Ալիևը խաբում է Պենտագոնին, վերջինս էլ ստիպված խախտում է օրենքը, և ոչ ոք հետևողական չէ, որ

ԱՄՆ սենատն ու կոնգրեսը պատժեն Ալիևին ու Պետնտագոնին, և այլևս Ադրբեջանին չտարամադրեն ոչ մի օգնություն:
Այս ուղղությամբ հայկական համայքը պետք է լուրջ և հետևողականորեն աշխատանք իրականացնի:
Նախընտրական փուլում անվերջ պտտվեց տեղեկատվություն, թե Թրամփը դրական վերաբերմունք ունի Ադրբեջանի նկատմամբ: Գուցե սա ադրբեջանական քարոզություն էր, բայց փաստ է, որ նա բիզնես հետաքրքություններ ունի Ադրբեջանում: Բիզնեսն իր տարերքը համարող Թրամփը կարո՞ղ է տրվել խավիարական դիվանագիտությանը, նավթը կարո՞ղ է նրա արտաքին քաղաքակնության մեջ որոշիչ դեր ունենալ:
-Որպեսզի չհաղթի «խավիարական քաղաքականությունը», մենք պետք է զգոն լինենք ու չթողնենք, որ մեր թշնամին առավել կարողանա ակտիվացնել իր հարաբերությունները ԱՄՆ հետ:
Շատ կարևոր հարց է, թե ի՞նչ բիզնես հետաքրքրություններ ունի Բաքվում Դոնալդ Թրամփը: Այն, ինչ ասվում է` իրականում ուռճացված է: Իհարկե` Trump Tower Baku հյուրանոցը կառուցվել է մի քանի տարի առաջ, սակայն դրա բացման արարողությանը Թրամփը չի մասնակցել` դստերն էր ուղարկել: Եվ հետո, Թրամփը Ադրբեջանում որևէ ներդրում չի արել, պարզապես այդ հյուրանոցն իր անունն է օգտագործել, ինչի դիմաց նա տարեկսան 2,5 մլն դոլար է ստացել: Իսկ հյուրանոցի սեփականատերը Ադրբեջանի տրանսպորտի նախարարի որդին է, որը նաև ունի լոբբիստական կառույց Վաշինգտոնում ու այդ ուղղությամբ ակտիվ աշխատում է: Սրա դեմ է, որ պետք է պայքարենք, պետք է առավել խորացնելու մեր կապերը ԱՄՆ-ի հետ ու անեն ինչ անել, որ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները չխորանան ու չանցեն Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների որակից ու մակարդակից:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն