Գլխավոր » Politics, TOP, Լրահոս, Վերլուծական, Տնտեսություն

Հակակոռուպցիոն խորհրդից դեպի անկախ մարմնի ստեղծում

Նոյեմբեր 7, 2016թ. 18:39

Հովիկ Աբրահամյանի կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարը հայտարարեց իր քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկն ու ձեռնամուխ եղավ հակակոռուպցիոն պայքարի խորհրդի ստեղծմանը: Սակայն այս նախաձեռնությունը, կարելի է ասել մնաց անկատար: Որքան էլ Աբրահամյանը վստահեցնում էր, թե այդ պայքարում իրենք և’ կամք ունեն, և’ վճռականություն, խոսում էր հետևողական լինելու մասին, որքան էլ հորդորում էր քաղաքական ուժերին, քաղաքացիական հատվածին համախմբվել այդ ձևաչափի շուրջ, միևնույն է վստահության պակասն այնքան բարձր էր, որ դա տեղի չունեցավ: Խորհրդարանական ընդդիմությունը, բացի ԲՀԿ-ից, մերժեց կառավարության հայտը առաջարկներ ներկայացնելու մասին ու չընդգրկվեցին հիշյալ խորհրդում: Նույնպիսի կոշտ կեցվածք ընդունեց նաև քաղաքացիական հասարակությունը: Թե’ մեկի, թե’ մյուսի պատճառաբանությունը նույնն էր՝ հակակոռուպցիոն հանձնաժողովի ղեկավար կազմը, որում ընդգրկված էին նախարարներ Գագիկ Բեգլարյանն ու Գագիկ Խաչատրյանը, հավատ չի ներշնչում, նման կազմով հնարավոր չէ պայքարել կոռուպցիայի դեմ. առաջարկեցին փոխել այն` ներգրավելով հանրության համար վստահելի անձանց:
Եվ ահա, այնտեղ, որտեղ նախորդ կառավարության <<խոպը>> դեմ առավ ու գործը մնաց կիսատ, այդտեղից էլ սկսեց նոր վարչապետը: Իսկ դա նախ կառույցի հանդեպ վստահության սերմանման գործընթացն է: Վստահություն չներշնչող անձինք այլևս պատոնանկ են արված, կնշանակի խորհրդի կազմի ձևավորման հարցում կառավարությունը պատրաստվում է սկսել սպիտակ էջից:
Ի դեպ, նոր վարչապետը դեռ մի բան էլ առաջ գնաց. նախօրեին Կարեն Կարապետյանի արած հայտարարությունը, որում շեշտվեց կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմավորման, սկզբունքների, ինչպես նաև կազմի վերանայման խնդիրը, վկայեց շատ կարևորի մասին` կառավարության նպատակն է ձևավորել հակակոռուպցիոն անկախ մարմին:
Իսկ մինչ այդ վարչապետը արդարադատության նախարարին հանձնարարեց կազմակերպել հանդիպումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ընդդիմության և բոլոր շահագրգիռ կողմերի հետ` վերջիններից ընդունելով նոր առաջարկներ:
ԲՀԿ-ն ոտքը կախ է գցում, իսկ <<Լուսավոր Հայաստանը>> պատրաստ է համագործակցել

Երբ նախորդ կառավարությունը հայտարարեց հակակառուպցիոն խորհրդի ստեղծման մասին ու առաջարկեց քաղաքական ուժերին համագործակցել այդ ձևաչափում, ԲՀԿ-ն խորհրդարանական ընդդիմադիրներից առաջինն ու միակն էր, որ շտապեց միանալ Աբրահամյանի ձևավորած հակակոռուպցիոն խորհրդի աշխատանքներին: Եթե խորհրդի կազմը մյուսներին վստահություն չներշնչեց, ապա ԲՀԿ-ին հակառակը` այն վստահելի թվաց:

Մինչդեռ այսօր նույն քաղաքական ուժը նման բարյացակամություն չի դրսևորում Կարեն Կարապետյանի կառավարության նախաձեռնությունների հանդեպ: Սա, ի դեպ, պարզ երևաց դեռ բյուջեի նախածագծի շուրջ խորհրդարանական քննարկումների ժամանակ: Հիմա էլ հակակոռուպցիան խորհրդի վերակազմավորման հարցում ԲՀԿ-ն, ինչպես ասում են` ոտքը մի քիչ կախ է գցում:

<<Նախ  պետք է ճշտենք, թե այդ կառույցը ի՞նչ սկզբունքներով է ձևավորվելու, որո՞նք կլինեն մոտեցումները, հետո նոր կեզրակացնենք: Ամեն ինչ պետք է լինի օրենքով, ոչ թե գործի ցանկությունը, այլ օրենքի ուժը, ու կառույցն էլ պետք է զերծ պահել կառավարությունների փոփոխությունների ազդեցությունից: Երբ սահմանվեն կառույցի գործառույթները, դրանից հետո մենք կքննարկենք ու որոշում կկայացնենք՚. մեզ հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ: Նախկին վարչապետի առաջարկները ԲՀԿ-ն <<եթե>>-ներով չէր ընդունում, հակառակը, կառավարության նախաձեռնություններին սիրով ընդառաջ էր գնում: Իսկ այսօր խորհրդի վերաձևավորման աշխատանքների իրենց մասնակցությունը Մելքումյանն ինքնանապատակ չի համարում:

Այնուհանդերձ, ԲՀԿ-ականի խոսքով`  որպես կառուցողական ուժ իրենք  պատրաաստ են ընդունել վարչապետի առաջարկը` հանդիպել,  քննարկել ու ներկայացնելով այն 10 առաջարկները, որոնք դեռ փետրվար ամսին դրել էին նախորդ կառավարության սեղանին:

<<Լուսավոր Հայաստան>>-ի ղեկավար Էդմոն Մարությանը ևս ի սկզբանե անվստահություն էր հայտնել Աբրահամյանի ձևավորած խորհրդին ու հրաժարվել մասնակցել դրա աշխատանքներին: ԼՀ կուսակցության խորհրդի անդամ ԳԵՎՈՐԳ ԳՈՐԳԻՍՅԱՆԸ երեկ մեզ կրկին հիշեցրեց, որ իրենք դեմ են եղել նախկին խորհրդին, քանի որ դրա կազմում ներգրավված էին հիմնականում ՀՀԿ-ականներ, որոնք իրենց կուսակցական պատկանելությամբ կաշկանդված կլինեին, հետևաբար` անկարող,  վերահսկելու իրենց կուսակցական գործընկերների աշխատանքը:

Իսկ այսօր ԼՀ-ի առաջարկն է` օրենքով ամրագրել, որ հակակոռուպցիոն խորհրդի անդամը պետք է լինի անկուսակցական: <<Եթե օրենքը մնա այնպիսին ինչպիսին կա, ու եթե այսօր ընդամենը վարչապետի բարի կամքի դրսևորմամբ հնարավոր լինի ունենալ ժողովրդի վստահությունը վայելող նոր կազմ, ուր կլինեն ամենավստահելիները, միևնույն է,  երաշխավորված չենք, որ  2017-ի  ընտրություններից հետո  այդ կազմը չի ցրվի ու նորից չեն գա այն կուսակցականները, որոնք կշարունակեն ծառայել կոռումպացված օլիգարխներին>>,-իր կուսակցության մտահոգությունը ներկայացրեց Գորգիսյանը:

Այսպիսով`  <<Լուսավոր Հայաստան>>-ն ակնկալում է խնդրի համակարգված, հիմնարար լուծում, այն է` խորհրդի կազմի ձևավորումը կարգավորել օրենքով և սահմանել հստակ սահմանափակումներ:

Սրանով հանդերձ <լուսավորական> Գորգիսյանը նկատեց. <<Մենք շատ ուրախ ենք, որ նոր վարչապետը մեր առաջարկները սկսում է կյանքի կոչել, ու պատրաստ  մեր առաջարկների փաթեթով հանդիպել նոր կառավարության հետ` արդարադատության նախարարից հրավեր ստանալուն պես>>:

 

    Քաղսեկտորի լավատեսն ու վատատեսը

Քաղաքացիական հասարակության հատվածում կարծիքներն ընդգծված տարբեր են: Ինչպես միշտ այստեղ կան անհույս վատատեսներ, որոնց համար ցանկացած դրական քայլ մշտապես մերժելի է: Նման անհուսությամբ, մասնավորաբար, տառապում է Գյումրիի <<Ասպարեզ>>ակումբի ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ, ով իրեն բնորոշ վատատեսությամբ կարծում է, որ այս կառավարությունը ևս չի հաջողելու: Այնպես որ դժվար է նաև ակնկալել, որ այսպիսիք ցանկություն կունենան մասնակցելու սպասվող քննարկմանը:

Բարեբախտաբար, քաղսեկտորում միայն ՙսև՚ գույնը չէ, որ իշխում է, կան նաև կառուցողական մոտեցում դրսևորող կազմակերպություններ: Դրանցից է ՙԻրավաբանների հայկական ասոցիացիա՚ հկ-ն, որի նախագահ ԿԱՐԵՆ ԶԱԴՈՅԱՆԸ լինելով Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի համակարգող, մեզ հետ զրույցում ողջունեց կառավարության ղեկավարի հայտարարությունը: Զադոյանին ոգևորել է այն, որ  վարչապետը մտադիր է ստեղծել հակակոռուպցիոն անկախ մարմին.<<Դա ուրվագծվեց վարչապետի հայտարարության մեջ, ինչը ես շատ  կարևոր քայլ եմ համարում Հայաստանի համար>>:

Հիշեցնենք, որ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան  Կոռուպցիայի դեմ պայքարի երկու` ունիվերսալ և կանխարգելիչ մոդելներ էր առաջարկել կառավարությանը:  Դրանք մեկ ամիս առաջ արդեն իսկ քննարկվել են վարչապետ Կարապետյանի գլխավարությամբ անցկացրած  խորհրդի նիստում, վերջինիս կողմից արդարադատության նախարարին տրվել էր  հանձնարարական` ուսումնասիրել երկու մոդելների ուժեղ, թույլ կողմերը, ռիսկերն ու կարծիք ներկայացնել կառավարությանը: Այժմ արդեն Կարեն Զադոյանը համոզվել է, որ կառավարությունն առավելապես հակված է կանխարգելիչ մոդելի ստեղծմանը. <<Այն իր մեջ կներառի կանխարգելիչ գործառույթներ, իսկ նախաքննական մարմնի գործառութները կիրականացվի Հատուկ քննչական ծառայությունը>>:

Ստացվում է, եթե կառավարությունն ունի անկախ մարմին ստեղծելու նպատակադրում, ապա ներկայիս խորհրդի գործունեությունը կարող է լինել  ժամանակավոր.ՙՄենք պետք է ձգտենք անկախ մարմին ունենալ: Հենց, որ դա ստեղծվեց, այլևս վարչապետին կից նման խորհուրդների գոյության անհրաժետություն չի լինի: Կարծում եմ այս խորհորդը, այո, կլինի ժամանակավոր՚:

Իսկ մինչ անկախ մարմինի ձևավորումը կառավարությունը, Կարեն Զադոյանի կարծիքով, նպատակահարամար կհամարի ակտիվացնել հակակոռուպցիոն խորհուրդի ֆունկցիոնալ գործառույթները, դրանում ավելի ուժեղացնել քաղհասարակության ու ընդդմադիր կուսակցությունների ներկայացվածությունը, կրճատել բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությունը: Բնականաբար, նման քայլերի արդյունքում և’ խորհուրդը հասարակական վստահություն կշահի, և նրա կատարած գործը կլինի առավել արդյունավետ:

Մեր դիտարկմանը, թե ինչպե՞ս է գնահատում հասարակական հատվածի որոշ ներկայացուցիչների անհավատությունը, ի վերջո, ամեն ինչ մերժելով դրական արդյունքի հասնել չենք կարող, Զադոյանը նկատեց, որ իր տարբերություն այդպիսիներին իրենք կարևորում են կառավարության հետ երկխոսությունն ու համագործակցությունը: Ու որդեգրել ան այսպիսի գործելաոճն`  ոչ միայն մատնացույց անել խնդիրները, այլև լուծումներ առաջարկել, Քանի որ համոզված են կոռուպցիայի դեմ պայքարում նոր հեծանիվ հորինելու կարիք չկա.<< Ի վերջո , ոչ իշխանությունը, ոչ էլ քաղհասարակությունը միայնակ չեն կարող պայքարել  կոռուպցիայի դեմ, այդ պայքարը չի կարող լինել առանձին- առանձին: Այստեղ պետք մեկտեղել ջանքերը որպեսզի ունենանք արդյունք: Ու քանի որ մենք մտահոգված ենք և ուզում ենք ունենալ իրավական պետություն, առավել պաշտպանված հասարակություն օրենքների գերակայություն, պետք է աշխատենք կառավարության հետ>>:

Ահա, թե ո՞րն է լավատեսի ու վատատեսի տարբերությունը:

 

Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, TOP, Լրահոս, Վերլուծական, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն