Գլխավոր » Culture-Hogevor, TOP, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հասարակություն, Մշակույթ

Հայկական սերիալները թուրքականի կրկնօրինակումն են

Նոյեմբեր 1, 2016թ. 21:12
serial

Վերջերս անդրադառնալով ATV հեռուստաընկերությամբ հեռարձակվող ՙԿայարան՚ հեռուստանովելին` նշել ենք, որ այն թուրքական ՙՍև սեր՚` ՙԿարա սևդա՚ սերիալի բացահայտ կրկնօրինակումն է` սյուժետային գծերով, բովանդակությամբ, տեսարաններով և անգամ դերասանների երկխոսությամբ: Ավելին` բնօրինակն ու դրա վատ կնկնօրինակած տարբերակը համեմատելու դեպքում կարելի է նկատել, որ անգամ դերասաններն են ընտրված միմյանց նմանությամբ: Այդ մասին է վկայում սոցիալական ցանցերում տեղադրված` երկու սերիալների նույն դրվագների հայելանման արտացոլումը փաստող տեսաշարը: Եվ փաստորեն այն, որ հայկական և թուրքական սերիալների նմանությունը զուտ զուգադիպություն չէ և հայկականը թուրքական տարբերակի վատ պլագիատն է, անհերքելի է:
Ցավոք, հեռուստադիտողին իբրև հայկական մատուցվող այդ հեռուստապատումը միակը չէ, որն ամբողջությամբ ստեղծվել է թուրքական սերիալների սցենարներով և բեմադրությամբ: Պարզվում է, ՙհայկական՚ արտադրության սերիալների զգալի մասը կապկված է հենց թուրքական բնօրինակներից: Օրինակ, ժամանակին ՙՇանթ՚ հեռուստաընկերությամբ հեռարձակվող և իբրև սեփական արտադրանք ներկայացվող ՙԱնծանոթը՚ սերիալը իրականում թուրքական արտադրության ՙԷզել՚ հեռուստանովելի պատճենումն է, իսկ նույն հեռուստաընկերությամբ ցուցադրված ՙԿոտրված սրտեր՚ նովելը 2008թ. թուրքական հեռուստաալքիներից մեկի թողարկած ՙԱրգելված սեր՚ հեռուստապատման կրկնօրինակումն է:
Իհարկե, հեռուստատեսության ոլորտում գաղափարները, ֆորմատները, պատրաստի նախագծերը կամ դրանք ադապտացնելու իրավունքները անընդհատ գնվում ու վաճառվում են, և դրանում դատապարտելի որևէ բան չկա, համենայն դեպս օրենքը դա չի արգելում: Սակայն ինչպես ապրանքի, այնպես էլ հեռուստասերիալի դեպքում պետք է նշվի իրական արտադրողի անունը, դրա կրկնօրինակ, ռեմեյկը ստեղծելու թույլտվությունը: Մինչդեռ մեզանուն ցուցադրվող թուրքական սերիալների սցենարների ու բեմադրության հիման վրա ստեղծված օճառային օպերաների ազդագրերում ոչինչ չի ասվում այն մասին, թե ում է պատկանում տվյալ ձևաչափը կամ գաղափարը: Իսկ թուրքական հեռուստաարտադրանքը գողունի պատճենելն ու սեփականելը գրագողություն է համարվում և դատապարտելի է օրենքով: Անգամ եթե մի կողմ դնենք օրենքի դեմ մեղանչելու հանգամանքը, ապա հայերիս համար թուրքականը տեղականի անվան տակ հեռուստադիտողին հրամցնելը և նրանց ստեղծածը գրպանելով` ինքնահաստատվելն արդեն սեփական` եթե ոչ ազգային արժանապատվության խնդիր է:
Բեմադրիչ, դերասան ՎԻԳԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ թուրքական հեռուստաարտադրանքի պատճենումը օրենքի բացակայության հետևանք է համարում` ասելով, որ մեզանում գրագողությունը օրենքով չի կարգավորվում, հետևաբար ով ինչ ցանկանա` կանի և դրա համար որևէ պատասխանատվություն չի կրի. ՙՄենք չենք կարող մեղադրել մարդկանց կամ հեռուստաընկերություններին սերիալներն առանց թույլտվության կրկնօրինակելու համար. օրենքը նրանց չի արգելում այստեղից- այնտեղից սյուժեներ, սցենարներ վերցնել և հրամցնել տեղականի անվան տակ: Իհարկե, եթե ուրիշի սցենարն ու բեմադրությունն օգտագործում ես, քոնն ես ստեղծում, սակայն չես մատնանշում սկզբնաղբյուրը, ուրեմն գողություն ես անում: Բայց այդ ձևակերպումն օրենքը մեզանում չի տալիս: Այսինքն` մենք ոլորտում օրենսդրական բաց ունենք: Անգամ մեր հեղինակային իրավունքների կոմիտեն է հասարակական կազմակերպության մակարդակով, որը իրավասություններ չունի: Սա է խնդիրը:
Մնում է հարցը քննարկել բարոյականության մակարդակում, ինչը որևէ պատասխանատվություն չի նախատեսում: Կարո՞ղ ենք արդյոք մենք այսօր թուրքական սերիալները պատճենելու համար որևէ մեկին բարոյական պատասխանատվության ենթարկել: Իհարկե` ոչ: Ինչպեսև չենք կարող արժանապատվության զգացողություն արթնացնել մեկի մոտ, ով թուրքական հագուստ է գնում և հագնում, թուրքական սերիալներն է տեղայնացնում, սեփական բիզնեսը զարգացնում է` տուրք տալով թուրքականին: Բարոյականությունը, սեփական արժանապատվությունը այսօր բավականին հազվագյուտ հանդիպող երևույթ է: Իսկ այդպիսի մարդկանիցից բարոյականություն մի սպասեք՚:
Վիգեն Ստեփանյանը ընդունում է, որ այսօր թուրքական սերիալներն աշխարհում մեծ համբավ են ձեռք բերել և բավականին պահանջարկ ունեն: Ուստի շատերն են օգտվում թուրքական օճառային հեռուստանովելների սցենարներից, տեղայնացնում են դրանք, նկարահանում դրանց ռիմեյկերը: Այնպես որ դրանցից օգտվելու գայթակղությունը շատ մեծ է, սակայն այս դեպքում ազգային արժանապատվությունը պետք է որ ավելի ազդեցիկ լիներ և անգամ եթե հեռուստաընկերությունները ամբողջովին տեղական արտադրանք ստեղծելու պաշարներ չունեն, ապա գոնե թե այլ երկրների հեռուստաարտադրանքը պատճենեն` նշելով իհարկե դրանց օտար ծագման մասին. ՙԹուրքական հեռուստաընկերությունները մեծ ներդրումներ են անում սերիալներ նկարելու համար, ահա ինչու դրանք այդքան պոպուլյար են դարձել աշխարհում: Իհակե գումարներ շատ են ծախսվում, բայց սերիալներ նկարահանելը նաև բավականին շահութաբեր է, և ներդրումներն արդարացվոմ են: Իսկ մերոնք ֆինանսական հնարավորություններ չունենալով` փորձում են ուրիշինն օգտագործելով եկամուտներ ստանալ, իրենք առանձնապես մեծ ջանքեր չեն թափում: Ի վերջո նոր գաղափար, միտք չի ստեղծվում, նոր սյուժե մտածելու և զրոյից սցենար գրելու անհրաժեշտություն չի լինում: Ուրիշինը վերցնելն ու օգտագործելն ավելի շահութաբեր է, քան սեփականը ստեղծելը: Բայց մեր դեպքում թուրքականն օգտագործելը իսկապես անբարոյականություն է՚:
Վիգեն Ստեփանյանը վտանգավոր է համարում նաև կամայականորեն ընտրված սցենարներով սերիալների ցուցադրումը, քանի որ որպես կանոն դրանք միմիայն բացասական երևույթներ են քարոզում` դավաճանություն, հանցագործություն, սուտ ու կեղծիք, անբարոյականություն: Եվ եթե հաշվի առնենք, որ մեզանում սերիալները բավականին մեծ լսարան ունեն` ըստ հեռուստաալիքների ներկայացրած ռեյտինգի և որ դրանք դիտում են անգամ երեխաները, ապա սերիալները վերածվում են ազգի, հասարակության գիտակցությունը, վարքն ու կենսակերպը դեպի բացասականը փոխող հզոր գործիքի: Ահա ինչու ռեժիսորը կարևոր է համարում այդ ոլորտի նկատմամբ պետական մոտեցումը, որի դեպքում հեռուստանովելների հեղինակների առաջ պայման կդրվի դրանք ստեղծել ազգային գաղափարախոսության հենքի վրա, որակյալ սցենարով ու ռեժիսուրայով: Այդ դեպքում Վիգեն Ստեփանյանը համաձայն է ինքն էլ նկարահանվել նման նովելներում:
Ռեժիսոր ՆԻԿՈԼԱՅ ԾԱՏՈՒՐՅԱՆԸ ևս քննդատատում է հայկական հեռուստաշուկան թուրքական կապկած սերիալներով հեղեղելու երևույթը` ասելով, որ դա աններելի է մեզ համար: Ճիշտ այնպես, ինչպես այսօր մենք պայքարում ենք Հայաստան ներկրվող թուրքական ապրանքների, հատկապես սննդամթերքի դեմ, այդպես էլ պետք է պայքարենք թուրքական սցենարով ու գաղափարախոսությամբ ստեղծված սերիալների դեմ:
ՙԵս ինքս տեղյակ չեմ, որ մեզ ցուցադրվող սերիալներն իրականում թուրքականից են վերցված, քանի որ թուրքական սերիալներ չեմ դիտում: Իսկ հայկական էլ դիտում եմ ինչ- որ գործ անելիս` երբեմն-երբեմն հայացքս ձգելով հեռուստաէկրանին, քանի որ դրանցում իմ ուսանողներն են խաղում: Բացի դա, սերիալ նկարահանող հեռուստաընկերություններից որևէ մեկը չի նշում, թե ինչ սկզբնաղբյուրի հիման վրա են իրենց հեռուստանովելը նկարել: Դրանք ընկալվում են իբրև տեղական: այնպես որ վստահ եմ` հեռուստադիտողները տեղյակ չեն, որ իրենց դիտած սերիալների հիմքում թուրքական թեմաներն ու գաղափարներն են: Դա իհարկե շատ վատ է: Նախ վատ է, որ մերոնք իրենց թեմաները թողել և թուրքականին են նմանակում, վատ է, որ այդ մասին լռում են` սերիալները ներկայացնում են իրենց արտադրանքի անվան տակ՚,- ասում է ռեժիսորը:
Այն հարցին, թե ինչո՞ւ են հայկական հեռուստաընկերությունները թուրքական սերիալների սցենարները նախընտրում տեղական սցենարներից` Նիկոլայ Ծատուրյանն ասաց, որ հիմնական խնդիրը ֆինանսական ռեսուրսների բացակայությունն է: Քանի որ մեր սերիալները նկարահավնում են բավականին փոքր բյուջեով, իսկ պրոֆեսիոնալ մասնագետներն իրենց աշխատանքի համար բարձր վարձատրություն են պահանջում, ուստի հեռուստանովելներ նկարող ընկերությունները նախընտորում են պրոֆեսիոնալ սցենարիստին կամ ռեժիսորին դիմելու փոխարեն պարզապես տեղայնացնել արդեն նկարահանված օտար սերիալի սցենարը: Այդպես և մեծ գումարներ չեն վատնվում և հեռուստաընկերությունը կարողանում է շուկայում մրցունակ մնալ:
Քանի որ հեռուստաընկերությունների բարձր վարկանիշն այսօր ապահովվում է սերիալների շնորհիվ, նրանք միմյանց հետ փորձում են մրցակցել պղպջակային օպերաներ նկարահանելով: Եվ արդեն իսկ ստեղծված սերիալների հիման վրա հայկականը նկարահանելը շուկայում պահանջարկը պահպանելու ամենախնայող և իրատեսական միջոցն է. ՙՍերիալ նկարելը բավականին թանկարժեք հաճույք է, իսկ մեզ մոտ դրանք չնչին բյուջեով են ստեղծում: Հայաստանում առաջին սերիալը պետք է ես նկարեի: Համենայն դեպս ի սկզբանե այդպես էր նախատեսված: Այն ժամանակ չորս պլոտային սերիաների համար 10 հազար դոլար էր ներդրվելու, բայց դա բավականին քիչ գումար է: Այնինչ այսօրվա սերիալներն ավելի քիչ բյուջեով են ստեղծվում: Բնական է, որ այդ պայմաններում պրոֆեսիոնալիզմի մասին խոսք չի կարող լինել: Բյուջեն քիչ է, հետևաբար հրավիրվում են ոչ մասնագետներ, որոնք մեզանում բավականին շատ են: Գաղտնիք չէ, որ Հայաստանում այդ առումով ՙֆայլաբազար է՚` ում մտքով ինչ անցնում է, անում են` առանց հաշիվ տալու, թե իրենք որքանով են պրոֆեսիոնալ տվյալ մասնագիտության, արհեստի, արվեստի մեջ: Դրա համար էլ այսպիսի իրավիճակ է ստեղծվել և անգամ պատրաստի սցենարների դեպքում մեր կապկած տարբերակները բնօրինակից շատ ավելի վատն են ստացվում: Ես դեմ չեմ սերիալին, եթե այն պրոֆեսիոնալ մակարդակով է ստեղծված և մարդու մոտ լուսավոր զգացումներ է առաջացնում, այլոչ թե ընկճախտ ու արգեսիա, ինչն առկա է այսօր՚:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Culture-Hogevor, TOP, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հասարակություն, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն