Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն

Չի բացառվում, որ բարեգործության անվան տակ մարդկանց են շորթում

Հոկտեմբեր 31, 2016թ. 20:52

Մեզանում վաղուցվանից սովորական է դարձել, երբ տարբեր մարդկանց համար օգնության հանգանակություն հավաքելու պատրվակով զանգահարում են քաղաքացիների բնակարաններ և խնդրում որոշակի գումար փոխանցել ծանր հիվանդությամբ տառապող այսինչ երեխայի կամ վիրավորված զինվորի բուժման համար: Ի դեպ, մարդկանցից գումար վերցնելու նպատակով բարեսիրական մղումներով առաջնորդվող ինչ- որ երիտասարդ աղջիկներ հենց փողոցներում են մոտենում անցորդներին և նրանց մոտ խղճահարություն առաջացնելով` առաջարկում գումար հանգանակել նման նպատակներով: Հատկապես վերջին մեկ-երկու տարիների ընթացքում այդ միջոցներով գումար հավաքողների թիվը զգալիորեն աճել է` զանգահարում կամ մարդկանց են մոտենում ամենատարբեր պատրվակներով, տարբեր անձինք և ամեն անգամ նոր հնարքներ բանեցնելով: Հատկապես մարդկանց բնակարաններ զանգահարողները տարեցտարի կատարելագործում են մարդկանց խիղճը շարժելու և ձեռքը սեփական գրպանը տանելուն մղելու մեթոդները: Օրինակ, վերջին շրջանում հիվանդ երեխաներին օգնելու առաջարկով փորձում են իբրև իրենց հրապարակած մանկական ամսագրերը վաճառել` հավաստիացնելով, թե հավաքված ամբողջ հասույթը կամ դրա որոշակի տոկոսը ծախսվելու է բարեսիրական նպատակներով:

Ի դեպ, շատերը կուլ են տալիս խայծը և ինչ- որ գումար փոխանցում տվյալ զարգահարողների ներկայացուցիչներին, ովքեր չեն զլանում և այցելում են վճարելու պատրաստակամություն հայտնած քաղաքացիների բնակարաններ: Սակայն որևէ մեկը չի փորձում պարզել, թե ովքե՞ր են այդ հանգանակությունը կազմակերպողները և արդյո՞ք իրենց բարիք կամքով նվիրաբերված գումարներն այն նպատակներով են ծախսվում, ինչում իրենց հավատացրել են: Ի վերջո, չի բացառվում, որ այդպիսի բարեսիրական հանգանակությունները պարզապես ինչ-որ անձանց համար ՙբիզնես՚ ծավալելու միջոց են, այլ կերպ ասած` նրանք խաբեությամբ մարդկանցից գումարներ են շորթում` բարեգործության անվան տակ:
Ի վերջո, նաև հետաքրքիր է, թե որքանո՞վ է օրենքն արտոնում նման նախաձեռնությունները և ովքե՞ր կարող են այդպիսի գործունեությամբ զբաղվել, որպեսզի մարդիկ ակամա խաբեբաների զոհ չդառնան:
Իրավաբան ՄԵՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հավաստիացմամբ` օրենքը չի կարգավորում այդ դաշտը, և այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ցանկացած մեկը կարող է որևէ կազմակերպություն հիմնել կամ նույնիսկ առանց իրավաբանական գրանցման մարդկանցից գումարներ հավաքել` հիվանդներին, կարիքավորներին օգնելու պատճառաբանությամբ: Եվ այդպիսի պայմաններում առանց լուրջ հետաքննություն իրականացնելու հնարավոր չէ պարզել` իրականում տվյալ մարդը բարեգործակա՞ն մղումներով է այդ գործունեությունը ծավալում, թե այդ ճանապահով պարզապես փորձում է գումարներ շորթել քաղաքացիներից. ՙՕրենքը չի սահմանում` ցանկացած մարդ իրավուքն ունի՞ օգնութուն հավաքել երրորդ անձանց համար, թե դրանով միայն արտոնագրված կազմակերպությունը կարող է զբաղվել: Բարեգործության մասին օրենքը միայն սահմանում է, որ այդպիսի գործունեությամբ կարող է զբաղվել իրավաբանական կարգավիճակ ունեցող անձը կամ կազմակերպությունը: Բայց թե որտեղ պետք է այդ կազմակերպությունը գրանցված լինի, ինչպե՞ս պետք է վերահսկվի նրա գործունեությունը, որպեսզի ֆինանսական հոսքերն արդյունավետ և նպատակային ծախսվեն, այս մասին օրենքը լռում է՚
Իրավաբանի հավաստիացմամբ` հեռախոսազանգերով, փողոցում կամ անգամ սոցիալական ցանցերոմ բարեգործության անվան տակ գործունեություն ծավալողները պարտավոր են հաշվետու լինել պետական կառույցներին, հանրությանը, որպեսզի նրանց իրականացրած ցանկացած ծրագիր թափանցիկ լինի հանրության այն շերտերի համար, որոնք ներգրավվում են այդ ծրագրերում իբրև դոնորներ: Այլապես ոչ ոք երաշխավորված չէ, որ իրեն կարող են քաղաքակիրթ ձևով շորթել: Ի դեպ, այդպիս դեպքեր մեկ անգամ չէ, որ բացահայտվել են: Այնպես որ նախադեպերն առկա են: Բայց պատկերացնո՞ւմ եք` որքան ռեսուրս է հարկավոր ծախսել նման մարդկանց իրական մղումները բացահայտելու համար: Ամեն մարդ չէ, որ կարող է այդ ռեսուրսները` ժամանակը, հնարավորությունները տրամադրել, որպեսզի դիմի իրավապահ մարմիններին: Իսկ առանց լուրջ հիմքերի` իրավապահները գործին ընթացք չեն տա և չեն զբաղվի դրա հետաքննությամբ:
Բացի դա, շատ կարևոր է, որ կազմակերպությունը նման գործունեությամբ զբաղվելու հատուկ թույլտվություն ձեռք բերի, որպեսզի պատահական մարդիկ հնարավորություն չունենան բարեգործության անվան տակ բիզնես անելու: Այս խնդիրը վերջին մի քանի տարիներին է ի հայտ եկել, թերևս դա է պատճառը, որ կառավարությունն առայժմ պատշաճ ուշադրության չի արժանացրել այն: Բայց ժամանակն է, որ թեկուզ որևէ առանձին կառույցի կողմից ոլորտը կարգավորող օրենսդրական փաթեթ մշակվի և ներկայացվի կառավարությանը, քանի որ նման երևույթները մեզանում ավելի ու ավելի են հաճախակիանում: Հետևաբար վերահսկողություն սահմանելը հրատապ է դարձել:
Մերի Խաչատրյանը նաև նշում է, որ մասնավորապես մարդկանց բնակարաններ զանգահարելով` բարեգործ ներկայացողները իրենց շահի համար օգտագործում են քաղաքացու անձնական տվյալները` առանց նրա իմացության և համաձայնության: Դա ևս օրենսդրական բացի հետևանք է. ՙՕրենքի բացերից մեկն էլ այն է, որ մարդկանց անձնական տվյալների պաշտպանությունը որևէ կերպ չի կարգավորվում: Այսինքն, ցանկացած մեկը կարող է օգտագործել քաղաքացիների հեռախոսահամարների բազան` առանց նրանց թույլտվության և անհանգստացնել տարատեսակ առաջարկներ ու տեղեկատվություն պարունակող հեռախոսազանգերով: Ճիշտ է, անհատական տվյալների ազատության մասին օրենքը նշում է, որ հեռախոսով տրամարդվող ցանկացած գովազդ, տեղեկատվություն պետք է հասանելի լինի բաժանորդին, եթե նա է դա ցանկանում և դիմում է դրանք տրամադրող ու տարածող կամ համապատասխան տվյալներ ունեցող կազմակերպություններին: Բայց նույն օրենքը որևէ պատիժ չի սահմանում այն դեպքերի համար, երբ մարդուն իր կամքին ու ցանկությանը հակառակ են այդպիսի տեղեկատվություն ուղարկում կամ տրամադրում:
Եթե ես ցանկանում եմ սոցիալապես անապահով ընտանիքներին կամ հիվանդ երեխաներին օգնել, սոցիալական ցանցի կամ այլ միջոցներով խնդրում եմ ինձ փոխանցել ֆինանսական օգնության կարիք ունեցողների տվյալները: Մարդն ինքը պետք է օգնի` իր նախաձենությամբ ու ցանկությամբ և ոչ թե զանգահարեն իրեն և տարբեր հոգեբանական մեթոդներ ու ազդեցություններ կիրառելով պարտադրեն, որ նա մասնակցի հանգանակությանը՚:
Արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ ՇՈՒՇԱՆ ԴՈՅԴՈՅԱՆԸ մարդկանց անձնական տվյալների օգտագործմամբ նրանց տարբեր գովազդային կամ այլ առաջարկներով հեռախոսային հաղորդագրություններ ուղարկելը կամ հեռախոսազանգերը անվանում է անցանկալի հաղորդագրություններ` ասելով, որ մինչ օրս օրենքը նման դեպքերի համար որևէ վարչական պատասխանատվություն չի նախատեսում: Բայց անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն օրենքի նախագիծ է պատրաստել, որը նախ սահմանում է, թե ինչ է անցանկալի հաղորդագրրությունը և դրա համար համապատասխան պատասխանատվություն է սահմանում. ՙԵթե առանց մարդու համաձայնության նրան անցանկալի հաղորդագրություն են ուղարկում, օրինակ գովազդային բովանդակությամբ հաղորդագրություն է ուղարկվում կամ զանգահարում են նրան և տարատեսակ առաջարկներով, այդ թվում ֆինանսական օգնության առաջարկով ներկայանում` օրենքի նախագիծը նման դեպքերի համար վարչական պատասխանատվություն է նախատեսում: Երբ այս նախագիծն օրենքի ուժ ստանա, կդադարեն նաև մարդկանց բնակարաններ անհարկի զանգահարելու միջոցով հանգանակությանը միանալու առաջարկները:
Հուսով եմ, որ գոնե մինչև տարեվերջ նախագիծը կկարողանանք կյանքի կոչել, որից հետո հանգանակություն հավաքող կամ գովազդներ տարածող մի քանի ընկերությունների կամ անհատների վարչական պատասխանատվության ենթարկելու շնորհիվ այդ երևույթները ինչպես որ արմատավորվել են մեզանում, այդպես էլ աստիճանաբար կսկեն վերանալ՚:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն