Գլխավոր » Interview, Society, Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն

Պետք է դադարենք ուրիշների մեջ մեղավորներ փնտրել

Հոկտեմբեր 31, 2016թ. 20:29

Հարցազրույց տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ հետ

-Օրերս ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարեց այս տարեվերջին սպասվող բյուջեի զգալի թերակատարման մասին: Ըստ նրա` վերջին ինն ամիսների կտրվածքով արդեն բյուջեի թերակատորւմը 40 մլդ դրամ է կազմում: Տարեվերջին կանխատեսվում է, որ այդ թիվը կհասնի 60 մլրդ-ի: Ի՞նչ ազդեցություն դա կունեն Հայաստանի տնտեսության վրա: Հասարակության մեջ մտահոգություն կա, որ դա կարող է անգամ աշխատավարձերի կամ սոցիալական ծրագրերով նախատեսված գումարների կրճատման հանգեցնել:
-Իհարկե բյուջեի նման ծավալով թերակատումը ազդեցություն կունենա երկրի տնտեսության վրա` որոշակի ծախսերի նվազեցման, խնայողությունների, անգամ տնտեսական ծրագրերի չեղարկման տեսքով: Բայց ես հակված եմ մտածելու, որ գոնե այնպիսի հոդվածների մասով, ինչպիսիք են կենսաթոշակները, աշխատավարձերը, սոցիալական առաջնահերթ ծրագրերը, ինչպես նաև պաշտպանության համակարգի հետ կապված ծախսերը, վտանգավոր զարգացումներ տեղի չեն ունենա: Սրանք խիստ կարևոր ծախսեր են, որոնք կրճատվելու դեպքում սոցիալական վիճակի խիստ վատթարացման կհանգեցնեն հանրապետությունում` իր բոլոր հնարավոր բացասական հետևանքներով: Իսկ դա երկիրը կարող է անկանխատեսելի ճգնաժամի առաջ կանգնեցնել: Ի վերջո, մեզ համար նաև շատ կարևոր է ապահովել երկրի ռազմական մշտական պատրաստվածությունը և դրա համար գումարներ խնայելն աններելի է: Համոզված եմ, որ այդ ոլորտները գոնե անձեռնմխելի կմնան: Մենք դրա համար ռեսուրսներ ունենք: Հայաստանի բյուջեով 2016թ. համար նախատեսված ծախսը կազմում է 1,4 տրլիոն դրամ: Ճիշտ է, մեր առանց այդ էլ վատ վիճակում գտնվող տնտեսության համար բյուջեի թերակատարումով նախատեսվող 60 մլրդ պակասը զգացնել կտա, սակայն ոչ այն աստիճանի, որ գոնե իմ թվարկած ոլորտները դրանից տուժեն:
Նախատեսվում է, որ կկրճատվեն բոլոր այն ծախսերը, որոնք մեր պետության համար այս պահին այնքան էլ առաջնային չեն: Միակ ազդեցությունը, որ բյուջեի թերակատարումը կարող է ունենալ թոշաների կամ աշխատավարձերի վրա, առաջիկա մեկ կամ երկու տարիներն դրանք բարձրացնելու մասին մտքից հրաժարվելն է:
-Բյուջեի այդ ծավալով թերակատարման պատճառների թվում նախարարը նշել է միջազգային շուկաներում հումքային ապրանքների գների նվազումը, ինչպես նաև Ռուսաստանի տնտեսության նկատմամբ կիրառված պատժամիջոցները, որի պայմաններում Հայաստանում ներդրումներն ու մասնավոր տրանսֆերտների հոսքը էապես նվազել են: Ստացվում է, որ մեր դժբախտության մեջ ինքներս որևէ մեղավորություն չունե՞նք:
-Այդ պատճառաբանությունները առնվազն հիմնավորված չեն: Ի՞նչ է նշանակում տրանֆերտների նվազումն էապես ազդել է մեր երկրի տնտեսական ցուցանիշների կամ բյուջեի վրա: Ուրեմն մենք նստած սպասում ենք ո՞վ է մեզ դրսից գումարներ ուղարկելու, որ ապրե՞նք: Այս հայտարարությունը պատիվ չի բերում մեզ:
Կամ միջազգային շուկայում հումքային ապրանքների գների նվազման նկատմամբ զգայուն լինելը խոսում է այն մասին, որ մենք իսկապես պատրաստ չենք արտաքին աշխարհից եկող մարտահրավերներին, քանի որ մեր թիկունքը շատ խոցելի է, երկրում ներքին արտադրությունն է կաղում, իշխում են կոռուպցիան, ամբողջ տնտեսական բլոկն անարդյունավետ է աշխատում և չենք կարողանում ինքներս մեզ պահել` հույսներս դնելով դրսից եկող գումարների վրա:
Ցավոք մեզանում չեն արվում փաստերի վրա հիմնված համապատասխան վերլուծություններ, գնահատականներ չկան, որպեսզի հասկանանք, թե ի վերջո ի՞նչը հանգեցրեց տնտեսության անկմանը, ՌԴ-ի տնտեսական վիճակը ի՞նչ դերակատարում ունեցավ դրանում և որքանո՞վ իրենց ազդեցությունն ունեցան մեզանում տեղի ունեցող արատավոր դրսևորումները, ինչպիսիք են կոռուպցիան, ստվերը, մենաշնորհները, պետական ապարատում տեղի ունեցող թալանը, գողությունը, արտագաղթը: Ուստի այսօր բերվող բոլոր պատճառաբանությունները և դիտարկումները ավելի շատ ենթադրությունների մակարդակում են:
Ամեն դեպքում լավ կլինի, որ դադարենք ուրիշների մեջ մեղավորներին փնտրել և փորձենք ինքներս մեր մեջ գտնել պատճառները: Այլապես ստացվում է, որ մենք ոչնչի համար պատասխանատու չենք:
-Երկիրը տնտեսական ծանր դրությունից դուրս բերելու, բյուջեի ծախսերը կրճատելու համար վարչապետի նախաձեռնած քայլերը որքանով կարող են արդյունավետ լինել:
-Դրանք մակերեսային ու կետային քայլեր են, մինչդեռ մեզ համակարգային, ճակատային փոփոխություններ են հարկավոր: Իհարկե այդ քայլերն էլ են հարկավոր գոնե թե նախնական շրջանում, բայց միայն դրանք սպասելի արդյունքների չեն բերի: Մեզ այսօր հարկավոր է պայքարել մենաշնորհների ու կոռուպիայի դեմ` գործուն քայլերով, այլ ոչ թե խոսքերով ու օրենքներ վերափոխելով, որոնք կարող են դե ֆակտո չգործել: Բոլորս էլ լավ գիտենք մենաշնորհային դիրք գրավող տնտեսավարողներին, կոռուպցայի խոշոր հայրերին, այդ մասին արդեն բոլոր հնարավոր և անհնար տեղեկատվական միջոցներով բարձրաձայնվել է և առանձին հետաքննություններ կատարելու կարիք չկա: Ուրեմն ինչո՞ւ չեն բռնում օրենքը շրջացողների ձեռքը և չեն պատժում նրանց, որպեսզի այլևս ոչ ոք չհամաձրակվի թալանել պետությունը, պետական մեխանիզմները ծառայեցնել իր շահերի համար:
-Կառավարությունը բյուջեի թերակատարումը չի պատրաստվում լրացնել տնտեսավարողներից գանձվող հարկերի հաշվին: Համենայն դեպս Վարդան Արամյանը հայտել է, որ առանց այն էլ քիչ եկամուտ ունեցող տնտեսավարողների հաշվին գերավճարներ ապահովելը կարող է երկրի տնտեսության համար պայթյունավտագ իրավիճակի հանգեցնել: Այդուհանդերձ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ շատ խոշոր տնտեսավարողներ, ովքեր խաղի կանոններով չեն խաղում և գործում են ստվերում, կարողանում են խուսափել հարկային պարտավորություններից: Մի՞թե հիմա լավագույն առիթը չէ նրանց հաշվին բյուջեն համալրելու համար:
-Կարծում եմ, որ նախարարը խոսել է նախևառաջ փոքր ու միջին ձեռնարկատերերի մասին, ովքեր արդեն շնչահեղձ են լինում հարկային պարտավորությունների տակ: Նրանց հիմա չի կարելի ձեռք տալ և մեծացնել ճնշումը: Փոխարենը բոլոր նրանց, ովքեր պարտավորություններ ունեն պետության նկատմամբ և խուսափում են դրանք կատարելուց, պետք է օրենքի դաշտ բերել և մյուսների հետ հավասար հնարավորություններ ստեղծել նաև նրանց համար` վերացնելով հովանավորչության դրսևորումները:
-Վերջերս որոշ շրջանակներից ահազանգեր հնչեցվեցին հավանական դեֆոլտի մասին: Որքանով են այդ մտավախություններն իրատեսական` այսօր երկրում տիրող տնտեսական իրավիճակի պայմաններում:
-Այս պահին նման ռիսկեր գրեթե չկան, չնայած հետագայում, եթե մեզանում ոչինչ չփոխվի, դրա հավանականությունը կարող է մեծանալ: Դեֆոլտ նշանակում է պարտավորությունների կատարման անկարողունակություն` ինչպես արտաքին, այնպես էլ ներքին: Արտաքինը վարկերի սպասարկումն է: Այս պահին Հայաստանը միջազգային ֆինանսական կազմակերությունների ու արտաքին երկրների նկատմամբ որևէ խոցելիություն չունի` պարտքերը մարելու առումով, պարտաճանաչ կատարում է իր պարտականությունները: Իհարկե, դա արվում է բազմաթիվ հրատապ ու կարևոր ծրագրերի հաշվին, որոնք ըստ էության չեն իրականացվում մեզանում, բայց մենք դրա կարիքն ունենք, այնուհանդերձ պարտքերը չեն կուտակվում: Ինչը կարող է շատ ավելի վատ հետևանքներ ունենալ: Ինչ վերաբերում է ներքին պարտավորություններին, ապա դրանք նույնպես պետությունը կարողանում է իրականացնել` վճարելով մարդկանց թոշակները, աշխատավարձերն ու նպաստները և տեսանելի ապագայոմ պետությունն իր այդ հնարավորությունները չի սպառի: Այնպես որ դեֆոլտի մասին խոսակցությունները հիմնավորված չեն:
-Որպես ամփոփում` ասել է թե բոլորս պետք է պատրաստ լինենք հերթական անգամ գոտիները ձգելո՞ւն` մոտ ապագայի նկատմամբ լավատեսական հույսերով:
-Ցավոք այդպես է ստացվում: Մեր հասարակությունը միշտ էլ ընմբռնող է եղել և հարկ եղած դեպքում պատրաստակամ ավելի ժուժկալ կյանքով ապրելու: Բայց մենք չենք հանդուրժում, երբ փորձում են նսեմացնել` այն, ինչ կատարվում է այսօր: Ի՞նչ է նշանակում գոտիները ձգել, այն դեպքում, երբ մի խումբ մարդիկ ուրիշների հաշվին, մյուսներին հարստահարելով ու թալանելով հարստանում են: Պետք է նաև նրանց պարտադրել ձգել գոտիները:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Interview, Society, Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն